1 Կորնթացիներ
11 Ընդօրինակեք ինձ, ինչպես ես էլ՝ Քրիստոսին:+
2 Գովում եմ ձեզ, որովհետև միշտ հիշում եք իմ օրինակը և ամուր կառչած եք այն ամենին,* ինչ սովորեցրի ձեզ: 3 Սակայն ուզում եմ՝ իմանաք նաև, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է,+ կնոջ գլուխը տղամարդն է,+ իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված:+ 4 Ամեն տղամարդ, ով գլուխը ծածկած է աղոթում կամ մարգարեանում,* անպատվություն է բերում իր գլխին, 5 և ամեն կին, ով աղոթում կամ մարգարեանում+ է առանց գլուխը ծածկելու, անպատվություն է բերում իր գլխին, որովհետև դա նույնն է, թե նրա գլուխը սափրված լիներ:* 6 Իսկ եթե չի ծածկում գլուխը, ուրեմն թող կարճ կտրի իր մազերը, բայց քանի որ կնոջ համար ամոթ է մազերը կարճ կտրելը կամ գլուխը սափրելը, ուրեմն թող գլուխը ծածկի:
7 Տղամարդը չպետք է իր գլուխը ծածկի, որովհետև նա Աստծու պատկերն է+ ու փառք է բերում նրան, իսկ կինը տղամարդուն է փառք բերում: 8 Չէ՞ որ ոչ թե տղամարդը ստեղծվեց կնոջ մարմնից, այլ կինը ստեղծվեց տղամարդու մարմնից:+ 9 Ավելին՝ ոչ թե տղամարդը ստեղծվեց կնոջ համար, այլ կինը՝ տղամարդու համար:+ 10 Ահա թե ինչու կինը պետք է, ի նշան հնազանդության, ծածկի իր գլուխը. չէ՞ որ հրեշտակներն էլ են դա տեսնում:+
11 Բայցևայնպես, Տիրոջ հետևորդների մեջ այսպես է. կինն անկախ չէ տղամարդուց, տղամարդն էլ՝ կնոջից, 12 քանի որ կինը ստեղծվել է տղամարդու մարմնից,+ տղամարդն էլ ծնվում է կնոջից: Իսկ ամեն բան ստեղծողն Աստված է:+ 13 Ինքներդ դատեք. կնոջը վայե՞լ է առանց գլուխը ծածկելու աղոթել Աստծուն: 14 Չէ՞ որ բնական է, որ եթե տղամարդը երկար մազեր ունի, դա անպատվություն է նրա համար, 15 մինչդեռ կնոջ համար երկար մազեր ունենալը պատվաբեր է, որովհետև մազերը տրված են նրան որպես գլխի ծածկոց: 16 Բայց եթե որևէ մեկն ուզում է առարկել և մեկ այլ կարգի է կողմ, նրան ասեք, որ մենք ուրիշը չունենք, ոչ էլ Աստծու ժողովներն ունեն:
17 Այս հրահանգները տալու հետ մեկտեղ ես ձեզ չեմ գովում, որովհետև միասին հավաքվելով՝ դուք ավելի շատ վնասում եք իրար, քան օգուտ տալիս: 18 Նախ անդրադառնամ ինձ հասած այն լուրերին, որ ձեր հանդիպումների ժամանակ ձեր մեջ պառակտումներ են լինում: Ես ինչ-որ չափով հավատում եմ այդ լուրերին: 19 Ինչ խոսք, ձեր մեջ կլինի աղանդավորություն,+ որ այդպիսով նաև ակնհայտ լինի, թե ձեզնից ովքեր ունեն Աստծու հավանությունը:
20 Նաև երբ հավաքվում եք Տիրոջ ընթրիքի+ համար, պատշաճ վարմունք չեք ունենում: 21 Տիրոջ ընթրիքի ժամանակ ոմանք նախևառաջ իրենց բերած ընթրիքն են ուտում, այնպես որ ստացվում է, որ մեկը հարբած է լինում, մինչդեռ մյուսը՝ քաղցած: 22 Ի՞նչ է, տուն չունե՞ք, որ տանը ուտեք ու խմեք: Թե՞ հարգանք չունեք Աստծու ժողովի հանդեպ և ուզում եք ամաչեցնել չունևորներին: Ի՞նչ ասեմ ձեզ: Գովե՞մ: Դա գովելու բան չէ:
23 Ես ձեզ սովորեցրել եմ այն, ինչ Տիրոջից եմ ստացել. իր մատնվելու գիշերը+ Տեր Հիսուսը վերցրեց հացը, 24 շնորհակալություն հայտնելուց հետո մասերի բաժանեց ու ասաց. «Այս հացը խորհրդանշում է իմ մարմինը,+ որը տրվելու է ձեզ համար: Սա արեք ինձ հիշելու համար»:+ 25 Նմանապես, երբ Պասեքի ընթրիքն արդեն ավարտել էին, նա բաժակն+ էլ փոխանցեց նրանց ու ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը,+ որը վավերացվելու է իմ արյունով:+ Շարունակեք անել սա՝ հիշելով ինձ ամեն անգամ, երբ խմեք դրանից»:+ 26 Ամեն անգամ այս հացը ուտելով և այս բաժակից խմելով՝ դուք շարունակում եք հռչակել Տիրոջ մահը, մինչև որ նա գա:
27 Ուստի ով, արժանի չլինելով, ուտի այս հացը և խմի Տիրոջ բաժակից, անհարգալից վերաբերմունք դրսևորած կլինի Տիրոջ մարմնի և արյան նկատմամբ: 28 Թող մարդ նախ ինքնաքննություն անելով հավաստիանա, որ արժանի է,+ և հետո միայն ուտի հացը ու խմի բաժակից: 29 Նա, ով ուտում և խմում է առանց ըմբռնելու, թե ինչ կարևոր նշանակություն ունի այդ մարմինը, իր վրա դատապարտություն է բերում: 30 Զարմանալի չէ, որ ձեր մեջ շատերը թուլացած են ու հիվանդ, շատերն էլ մեռած են:*+ 31 Բայց եթե ինքնաքննություն անեինք, դատապարտության չէինք արժանանա: 32 Սակայն երբ արժանանում ենք Եհովայի* դատապարտությանը, նա խրատում է մեզ,+ որ աշխարհի հետ դատաստանի չենթարկվենք:+ 33 Այսպիսով, եղբայրնե՛րս, երբ հավաքվում եք այդ ընթրիքն ուտելու, սպասեք, մինչև բոլորը հավաքվեն: 34 Ով էլ որ քաղցած է, թող տանը ուտի, որ ձեր միասին հավաքվելը դատապարտության առիթ չլինի:+ Իսկ մնացած հարցերը կկարգավորեմ, երբ գամ: