Կարո՞ղ ես ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա
«Միացյալ Նահանգներում մենք բարեկեցիկ կյանքով էինք ապրում։ Սակայն անհանգստանում էինք, որ տիրող նյութապաշտական ոգին, ի վերջո, բացասական ազդեցություն կթողնի թե՛ մեզ վրա և թե՛ մեր երկու որդիների վրա։ Ես ու կինս նախկինում միսիոներներ ենք եղել, ուստի ուզում էինք նորից ապրել այն պարզ, բայցև ուրախ կյանքով, որ վայելում էինք միսիոներ եղած ժամանակ» (Ռալֆ)։
ՌԱԼՖՆ ու նրա կինը՝ Փամը, 1991թ.–ին նամակներ ուղարկեցին մի քանի մասնաճյուղեր՝ ցանկություն հայտնելով ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Մեքսիկայի մասնաճյուղից նրանց պատասխանեցին, որ իրենց երկրի անգլիախոս դաշտում անհապաղ քարոզիչներ են պետք։ Ինչպես նշվում էր նամակում, «արտերը սպիտակել էին հնձի համար» (Հովհ. 4։35)։ Ռալֆն ու Փամը, որ ունեին 8 և 12 տարեկան որդիներ, ընդունեցին հրավերը և պատրաստվեցին մեկնելու Մեքսիկա։
Հսկայական տարածք
Ռալֆը պատմում է. «Երբ դեռ չէինք մեկնել Միացյալ Նահանգներից, որոշ եղբայրներ և քույրեր լավագույն մղումներով մեզ ասում էին՝ «Արտասահմանում ապրելը շատ վտանգավոր է», «Ի՞նչ եք անելու, եթե հիվանդանաք», «Ի՞նչ կարիք կա տեղափոխվելու անգլիախոս դաշտ. նրանք չեն հետաքրքրվի ճշմարտությամբ»։ Բայց մենք վճռել էինք գնալ։ Ի վերջո, այդ որոշումը չէինք կայացրել պահի ազդեցության տակ։ Մի քանի տարի շարունակ մտածել էինք այդ մասին։ Երկարաժամկետ վարկեր չէինք վերցրել, ունեցած փողն էլ խնայել էինք։ Բացի այդ, ընտանիքով շատ էինք խոսել հավանական դժվարությունների մասին»։
Ռալֆը ընտանիքով եկավ Մեքսիկայի մասնաճյուղ։ Եղբայրները քարտեզի վրա ցույց տվեցին ամբողջ Մեքսիկան և նորեկներին ասացին. «Ահա՛ ձեր տարածքը»։ Ընտանիքը հաստատվեց Սան Միգել դե Ալենդե քաղաքում, որը գտնվում է Մեխիկոյից մոտ 240 կիլոմետր դեպի հյուսիս–արևմուտք։ Այս քաղաքում ապրում էին շատ օտարազգիներ։ Երեք տարի անց ձևավորվեց 19 քարոզչից բաղկացած ժողով։ Սա Մեքսիկայի առաջին անգլիախոս ժողովն էր։ Բայց դեռ շատ գործ կար անելու։
Մոտավոր հաշվարկներով՝ Մեքսիկայում ապրում է ԱՄՆ–ի մեկ միլիոն քաղաքացի։ Բացի դրանից, մեքսիկացի շատ մասնագետների և ուսանողների երկրորդ լեզուն անգլերենն է։ Ռալֆն ասում է. «Աղոթում էինք, որ քարոզիչները շատանան։ Մեր տանը միշտ ազատ ննջասենյակ էինք պահում այն եղբայրների և քույրերի համար, ովքեր գալիս էին, այսպես ասած, «լրտեսելու երկիրը»» (Թուոց 13։3)։
Նրանք պարզեցրին իրենց կյանքը՝ ծառայությունն ընդլայնելու նպատակով
Շուտով Մեքսիկա եկան այլ եղբայրներ և քույրեր, ովքեր ուզում էին ընդլայնել ծառայությունը։ Նրանց մեջ էին Բիլ և Քեթի ամուսինները (ԱՄՆ)։ Մինչ այդ նրանք արդեն 25 տարի ծառայել էին այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Բիլն ու Քեթին ուզում էին իսպաներեն սովորել, բայց մտափոխվեցին, երբ եկան Չապալա լճի ափին ընկած Ախիխիկ քաղաքը։ Շատ ամերիկացի թոշակառուներ այս քաղաքում են նախընտրում ապրել։ Բիլն ասում է. «Ախիխիկում մենք սկսեցինք փնտրել անգլիախոսների, ովքեր կուզեին իմանալ ճշմարտությունը»։ Ընդամենը երկու տարի անց կազմավորվեց Մեքսիկայի երկրորդ անգլիախոս ժողովը։ Բիլն ու Քեթին ցնծում էին ուրախությունից։
Քենը և Ջոանը (Կանադա) ուզում էին պարզեցնել իրենց կյանքը և ավելի շատ մասնակցել Թագավորության գործին։ Նրանք ևս տեղափոխվեցին Մեքսիկա։ Քենը պատմում է. «Ժամանակ էր պետք հարմարվելու այնպիսի պայմանների, երբ օրերով չի լինում տաք ջուր, էլեկտրականություն և հեռախոսակապ»։ Բայց նրանք չէին կորցնում ուրախությունը, որովհետև շարունակում էին ծառայել։ Քենը շուտով նշանակվեց ծառայող օգնական, իսկ երկու տարի անց՝ երեց։ Սկզբում նրանց աղջկա՝ Բրիտանիի համար դժվար էր, քանի որ անգլիական ժողովում պատանիներ քիչ կային։ Բայց երբ նա սկսեց մասնակցել Թագավորության սրահների շինարարությանը, երկրի տարբեր մասերից բազմաթիվ ընկերներ ձեռք բերեց։
Պատրիկն ու Ռոքսանը ԱՄՆ–ի Տեխաս նահանգից են։ Նրանց անչափ հետաքրքրեց այն լուրը, որ իրենցից ոչ շատ հեռու «միսիոներական» ծառայության դուռ է բացվել, և այդ վայրերում անգլերեն խոսող մարդիկ կան։ «Երբ հասանք Մոնտերեյ՝ Մեքսիկայի հյուսիս–արևելքում գտնվող մի քաղաք, զգացինք, որ Եհովան է մեզ առաջնորդել այնտեղ»,— ասում է Պատրիկը։ Ընդամենը հինգ օրվա ընթացքում նրանք կարողացել էին վաճառել իրենց տունը և, այսպես ասած, «անցնել Մակեդոնիա» (Գործ. 16։9)։ Մեքսիկայում ապրուստ վաստակելը հեշտ չէր, բայցևայնպես նրանք նվիրված էին իրենց գործին, և ընդամենը երկու տարվա ընթացքում Վկաների 17 հոգանոց փոքր խումբը մեծացավ ու դարձավ 40 հոգանոց ժողով։
Ջեֆն ու Դեբը նույնպես պարզեցրին իրենց կյանքը, որպեսզի ընդլայնեն ծառայությունը։ Այս ամուսնական զույգը ԱՄՆ–ում ընդարձակ տուն ուներ, բայց նրանք այն վաճառեցին ու տեղափոխվեցին ծովափնյա Կանկուն քաղաք (Մեքսիկայի արևելք) ու սկսեցին ապրել մի փոքրիկ բնակարանում։ ԱՄՆ–ում նրանց համաժողովները անցկացվում էին օդորակիչներ ունեցող դահլիճներում, ընդ որում՝ տնից ոչ հեռու, իսկ այժմ Ջեֆն ու Դեբը պետք է ութ ժամ ճանապարհ գնային, որպեսզի հասնեն բաց երկնքի տակ անգլերեն լեզվով անցկացվող մոտակա համաժողովի վայրը։ Նրանք շատ ուրախ էին տեսնել Կանկուն քաղաքի՝ մոտ 50 քարոզչից բաղկացած անգլիախոս ժողովի ծնունդը։
Որոշ մեքսիկացի եղբայրներ և քույրեր նույնպես ոտք դրեցին անգլիախոս դաշտ։ Օրինակ՝ երբ Ռուբենը և նրա ընտանիքի անդամները լսեցին, որ Սան Միգել դե Ալենդեում կազմավորվել է առաջին անգլիական ժողովը, և որ այդ ժողովի քարոզչական տարածքը ամբողջ Մեքսիկան է, անմիջապես որոշեցին իրենց լուման ներդնել քարոզչության գործում։ Դա նշանակում էր՝ սովորել անգլերեն, ծանոթանալ զանազան մշակույթների, ժողովի հանդիպումներին ներկա լինելու համար անցնել երկար տարածություններ՝ ամեն շաբաթ 800 կիլոմետր։ Ռուբենը պատմում է. «Մենք ուրախությամբ էինք քարոզում օտարախոսներին, որոնք, տարիներ շարունակ ապրելով Մեքսիկայում, երբեք բարի լուրը չէին լսել մայրենի լեզվով։ Ոմանք նույնիսկ արտասվում էին և իրենց խորին երախտագիտությունը հայտնում մեզ»։ Սան Միգել դե Ալենդե քաղաքի ժողովին օգնելուց հետո Ռուբենը և նրա ընտանիքի անդամները ռահվիրայական ծառայություն սկսեցին Գուանախուատո քաղաքում (Մեքսիկայի կենտրոնական մասում), որտեղ նպաստեցին անգլիական ժողովի կազմավորմանը, որն ուներ 30–ից ավելի քարոզիչ։ Այսօր նրանք ծառայում են Իրապուատո քաղաքի (գտնվում է Գուանախուատոյի մոտ) անգլիախոս խմբում։
Բարի լուրը հասնում է «անհասանելիներին»
Բացի օտարերկրացիներից՝ շատ մեքսիկացիներ ևս խոսում են անգլերեն։ Հաճախ դժվար է բարի լուրը քարոզել այդ մարդկանց, որովհետև նրանք ապրում են հարուստ թաղամասերում։ Երբ դռները թակում ես, բացում են ոչ թե տանտերերը, այլ սպասուհիները։ Իսկ եթե տանտերերն են բացում, շատ դեպքերում նրանք չեն ուզում լսել, որովհետև կարծում են, թե Եհովայի վկաները տեղի փոքր աղանդ է։ Բայց հետաքրքիր է, որ երբ նրանց այցելում է օտարերկրացի Վկա, նրանք հակված են լինում լսելու։
Քննենք Գլորիայի օրինակը։ Նա ապրում է Կերետարո քաղաքում (Մեքսիկայի կենտրոնական մասում)։ Գլորիան պատմում է. «Նախկինում իսպանախոս Վկաները մոտեցել են ինձ, բայց ես չեմ լսել նրանց։ Այնպես եղավ, որ ընտանիքիս անդամներն ու ընկերներս բախվեցին դժվարությունների։ Ես ընկա դեպրեսիայի մեջ ու սկսեցի Աստծուն աղաչել, որ ելք ցույց տա։ Կարճ ժամանակ անց մի անգլիախոս կին թակեց դուռս։ Նա հարցրեց, թե արդյոք մեր տանը կա մեկը, ով խոսում է անգլերեն։ Այդ կինը ինձ հետաքրքրեց, քանի որ օտարերկրացի էր, ուստի ասացի. «Այո՛, ես խոսում եմ անգլերեն»։ Մինչ նա ներկայացնում էր իր մատուցումը, մտածում էի. «Այս խելառ ամերիկացին ի՞նչ է անում մեր կողմերում»։ Բայց չէ՞ որ Աստծուն խնդրել էի, որ ինձ ելք ցույց տա։ Ուստի մտածեցի. «Գուցե այս օտարականը հենց Աստծու պատասխա՞նն է»։ Գլորիան համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել, արագորեն հոգևորապես աճեց ու մկրտվեց՝ չնայած ընտանիքի հակառակությանը։ Այսօր նա ծառայում է ընդհանուր ռահվիրա։ Նրա ամուսինն ու որդին նույնպես ծառայում են Եհովային։
Ովքեր ընդլայնում են ծառայությունը, օրհնվում են
Ճիշտ է, ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա, հեշտ չէ, բայց նման ծառայությունը բազմաթիվ օրհնություններ է բերում։ Հոդվածի սկզբում հիշատակված Ռալֆն ասում է. «Մենք Աստվածաշնչի ուսումնասիրություններ ենք անցկացրել Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ջամայկայից և Շվեդիայից ներգաղթածների հետ։ Ճշմարտությամբ հետաքրքրվել են նույնիսկ Գանայի ընտրախավին պատկանող անձինք։ Ուսումնասիրողներից ոմանք մկրտվել և դարձել են լիաժամ քարոզիչներ։ Անցած տարիների ընթացքում մեր ընտանիքը ականատես է եղել յոթ անգլիախոս ժողովների կազմավորմանը։ Մեր երկու որդիները նույնպես դարձան ռահվիրաներ, իսկ այժմ ծառայում են ԱՄՆ–ի Բեթելում»։
Ներկայումս Մեքսիկայում կան 88 անգլիախոս ժողովներ, ինչպես նաև բազմաթիվ խմբեր։ Ինչո՞վ է բացատրվում նման արագ աճը։ Մեքսիկայում ապրող շատ անգլիախոս մարդիկ նախկինում երբեք չեն հանդիպել Վկաներին։ Մյուսները դրականորեն են արձագանքել, որովհետև չի եղել հասակակիցների ճնշում, ինչը կարող էր լինել իրենց հայրենիքում։ Ոմանք էլ թոշակի են անցել ու, քանի որ հոգևորի համար ժամանակ են ունեցել, համաձայնվել են Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նաև, անգլիախոս քարոզիչների ավելի քան մեկ երրորդը ընդհանուր ռահվիրա է, հանգամանք, որը մյուս քարոզիչներին մղում է եռանդուն լինելու ծառայության մեջ և նպաստում է ժողովների աճին։
Օրհնություններ են սպասում նաև քեզ
Անկասկած, ավելի շատ մարդիկ դրականորեն կարձագանքեն բարի լուրին, եթե այն լսեն իրենց մայրենի լեզվով։ Ուստի ուրախալի է տեսնել, որ հոգևորապես տրամադրված բազմաթիվ եղբայրներ և քույրեր՝ երիտասարդ թե տարեց, ամուրի թե ամուսնացած, պատրաստ են տեղափոխվելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Ճիշտ է, նրանք գուցե ունենան դժվարություններ, բայց դրանք ոչինչ կլինեն՝ համեմատած այն ուրախության հետ, որ կզգան՝ գտնելով ճշմարտությանը ծարավ ազնվասիրտ մարդկանց։ Կարո՞ղ ես փոփոխություններ մտցնել քո կյանքում, որպեսզի տեղափոխվես այլ տարածք ձեր երկրում կամ մեկ ուրիշ երկիրa (Ղուկ. 14։28–30; 1 Կորնթ. 16։9)։ Եթե այո, ուրեմն վստահ եղիր՝ քեզ օրհնություններ են սպասում։
[ծանոթագրություն]
a Այս մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար տե՛ս «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գիրքը (էջ 111, 112)։
[շրջանակ 21–րդ էջի վրա]
Կենսուրախ թոշակառուները ուշադրություն են գրավում
Բերիլ անունով մի կին Մեծ Բրիտանիայից տեղափոխվեց Կանադա։ Այնտեղ նա աշխատեց մի քանի միջազգային ընկերությունների կառավարիչ։ Բերիլը նաև հմտացավ ձիավարության մեջ և նույնիսկ ընտրվեց 1980 թ. Օլիմպիադայի մասնակից։ Թոշակի անցնելուց հետո նա իր ամուսնու հետ հաստատվեց Չապալայում (Մեքսիկա)։ Նրանք հաճախ ռեստորաններում էին սնվում։ Բերիլը այնտեղ նկատում էր անգլիախոս թոշակառուների, որոնք կենսուրախ էին։ Նա մոտենում էր, ներկայանում ու հարցնում, թե ինչ են անում Մեքսիկայում։ Գրեթե միշտ պարզվում էր, որ այդ մարդիկ Եհովայի վկաներ են։ Բերիլն ու նրա ամուսինը մտածում էին, որ եթե երջանկությունը և կյանքի իմաստը կախված է Աստծուն ճանաչելուց, ապա իրենք էլ են ուզում ճանաչել նրան։ Մի քանի ամիս քրիստոնեական հանդիպումների հաճախելուց հետո Բերիլը ցանկացավ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա մկրտվեց և մի քանի տարի ծառայեց ընդհանուր ռահվիրա։
[շրջանակ 22–րդ էջի վրա]
«Նրանք օրհնություն են մեզ համար»
Այն եղբայրներն ու քույրերը, ովքեր տեղափոխվում են այնտեղ, որտեղ քարոզիչների խիստ կարիք կա, մեծ գնահատանքի են արժանանում տեղի Վկաների կողմից։ Կարիբյան ավազանի մասնաճյուղերից մեկը գրում է. «Եթե մեզ մոտ ծառայող այդ հարյուրավոր եղբայրներն ու քույրերը վերադառնան հայրենիք, ժողովների կայունությունը կխախտվի։ Նրանք օրհնություն են մեզ համար»։
Աստծու Խոսքում ասվում է, որ «աւետարանողները [«ավետարանող կանայք», ՆԱ] մեծ բազմութիւն են» (Սաղ. 68։11)։ Ուստի զարմանալի չէ, որ այլ տարածքներ տեղափոխվածների մեջ կան նաև շատ ամուրի քույրեր։ Այդ անձնազոհ քույրերը մեծ օգնություն են ցույց տալիս։ Արևելյան Եվրոպայի մասնաճյուղերից մեկը նշում է. «Մեր ժողովներից շատերում քույրերը մեծամասնություն են կազմում, հաճախ՝ քարոզիչների թվի մինչև 70 տոկոսը։ Քույրերի մեծ մասը նոր է ընդունել ճշմարտությունը, և դրսից եկած ամուրի ռահվիրա քույրերը անգնահատելի աջակցություն են ցույց տալիս՝ սովորեցնելով նորերին։ Նրանք իսկական պարգև են մեզ համար»։
Ի՞նչ են ասում այս քույրերը օտարերկրյա ծառայության մասին։ Անջելիկան, որ մոտ 35 տարեկան է, ասում է. «Դժվարություններ շատ են լինում։ Օրինակ՝ ծառայել եմ մի տարածքում, որտեղ ճանապարհները միշտ ցեխոտ էին, ու ես հազիվ էի կարողանում փոխել քայլերս։ Ամեն օր ականատես էի լինում մարդկային տառապանքի։ Բայց գոհունակություն էի զգում՝ հոգևորապես օգնելով մարդկանց։ Տեղի քույրերը շատ ուրախ էին, որ եկել էի իրենց օգնելու։ Անչափ հաճելի էր նրանցից լսել երախտագիտության խոսքեր։ Մի քույր, որ սկսել էր ռահվիրա ծառայել, այսպես արտահայտվեց. «Դու երկար ճանապարհ ես կտրել–անցել մեր երկրում ծառայելու համար։ Քո օրինակն է ինձ մղել դառնալու ընդհանուր ռահվիրա»։
Սու անունով մի ռահվիրա քույր, որը 50–նն անց է, ասում է. «Դժվարությունները անխուսափելի են, բայց դրանք չես համեմատի այն օրհնությունների հետ, որ ստանում ես։ Ծառայությունը շատ հետաքրքիր է անցնում։ Քանի որ երիտասարդ քույրերի հետ հաճախ եմ ծառայում, հնարավորություն ունեմ նրանց պատմելու, թե ինչ նոր բաներ եմ իմացել Աստվածաշնչից և մեր գրականությունից դժվարությունները հաղթահարելու վերաբերյալ։ Նրանք ինձ ասում են, որ իմ օրինակը՝ այն, թե ինչպես եմ երկար տարիներ հաղթահարել դժվարությունները՝ լինելով ամուրի ռահվիրա, օգնում է իրենց տեսնելու, որ իրենք նույնպես կարող են հաղթահարել կյանքի դժվարությունները։ Այս քույրերին օգնելը ինձ խոր բավականություն է պատճառում»։
[Քարտեզ 20–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
ՄԵՔՍԻԿԱ
Գուանախուատո
Իրապուատո
Չապալա
Ախիխիկ
Չապալա լիճ
Մոնտերեյ
Սան Միգել դե Ալենդե
Կերետարո
ՄԵԽԻԿՈ
Կանկուն
[նկար 23–րդ էջի վրա]
Ոմանք ուրախություն են ստանում՝ քարոզելով օտարախոսներին, ովքեր բարի լուրը լսում են առաջին անգամ