Ի՞նչ է մկրտությունը
Աստվածաշնչի պատասխանը
Մկրտությունը ամբողջական ընկղմումն է ջրի մեջ։a Աստվածաշնչում մկրտության բազմաթիվ դեպքեր են արձանագրված (Գործեր 2։41)։ Դրանցից մեկը Հիսուսի մկրտությունն է, ով ընկղմվեց Հորդանան գետում (Մատթեոս 3։13, 16)։ Տարիներ անց էլ մի եթովպացի տղամարդ ճամփորդելիս «մտավ ջուրը» և մկրտվեց (Գործեր 8։36-40)։
Հիսուսը սովորեցրեց, որ մկրտությունը պահանջ է իր հետևորդների համար (Մատթեոս 28։19, 20)։ Պետրոս առաքյալը նույնպես հաստատեց այդ միտքը (1 Պետրոս 3։21)։
Այս հոդվածում՝
Ի՞նչ է մկրտությունը
Մկրտությունը տեսանելի խորհրդանիշ է, որով անհատը հանրորեն ցույց է տալիս, որ զղջացել է իր մեղքերի համար և խոստացել է Աստծուն անվերապահորեն կատարել նրա կամքը։ Դա ներառում է կյանքի բոլոր ոլորտներում Աստծուն և Հիսուսին հնազանդվելը։ Մկրտվելով՝ մարդը սկսում է քայլել մի ճանապարհով, որն առաջնորդում է հավիտենական կյանքի։
Ջրում ընկղմվելը շատ համապատասխան խորհրդանիշ է այն բանի, որ անհատը փոփոխություններ է կատարել իր կյանքում։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչը մկրտությունը համեմատում է թաղվելու հետ (Հռոմեացիներ 6։4; Կողոսացիներ 2։12)։ Ջրի տակ անցնելով՝ անհատը ցույց է տալիս, որ մահանում է իր նախկին ապրելակերպի հանդեպ։ Իսկ ջրից դուրս գալով՝ ցույց է տալիս, որ նոր կյանք է սկսում որպես Աստծուն նվիրված քրիստոնյա։
Աստվածաշունչն ի՞նչ է ասում նորածիններին մկրտելու կամ կնքելու վերաբերյալ
Աստվածաշնչում ոչ մի տեղ չի հանդիպում «կնունք» արտահայտությունը։b Այն նաև չի սովորեցնում, որ նորածինները պետք է մկրտվեն։
Մանուկների մկրտությունը համահունչ չէ Աստվածաշնչի ուսմունքներին։ Համաձայն Աստծու Խոսքի՝ մկրտվել ցանկացող անհատը պետք է որոշակի պահանջների համապատասխանի։ Օրինակ՝ նա պետք է հասկանա Աստվածաշնչի առնվազն հիմնական ուսմունքները և ապրի դրանց ներդաշնակ։ Նաև նախքան մկրտվելը նա պետք է զղջա իր մեղքերի համար և աղոթքով իր կյանքն Աստծուն նվիրի (Գործեր 2։38, 41; 8։12)։ Նորածինները չեն կարող անել այս ամենը։
Ի՞նչ է նշանակում մկրտվել Հոր, Որդու և սուրբ ոգու անունով
Հիսուսն իր հետևորդներին հետևյալ հանձնարարությունը տվեց. «Աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20)։ «Անունով» արտահայտությունը նշանակում է, որ մկրտվող անհատը գիտակցում և ընդունում է թե՛ Հոր, թե՛ Որդու ունեցած իշխանությունն ու դիրքը, ինչպես նաև Աստծու սուրբ ոգու դերը։ Պարզաբանենք օրինակով։ Պետրոս առաքյալն ի ծնե կաղ մարդուն ասաց. «Հիսուս Քրիստոսի՝ նազովրեցու անունով՝ վե՛ր կաց ու քայլի՛ր» (Գործեր 3։6)։ Պարզ է, որ Պետրոսը գիտակցում և ընդունում էր Քրիստոսի ունեցած իշխանությունը, քանի որ հրաշքով կատարված բուժումը վերագրեց նրան։
«Հայրը» Եհովաc Աստված է։ Լինելով Արարիչ, Կյանք տվող և Ամենակարող Աստված՝ Եհովան բացարձակ իշխանություն ունի (Ծննդոց 17։1; Հայտնություն 4։11)։
«Որդին» Հիսուս Քրիստոսն է, ով մեզ համար տվել է իր կյանքը (Հռոմեացիներ 6։23)։ Մենք փրկություն չենք ստանա, եթե չընդունենք ու չգնահատենք Հիսուսի առանցքային դերը՝ մարդկության առնչությամբ Աստծու նպատակի մեջ (Հովհաննես 14։6; 20։31; Գործեր 4։8-12)։
«Սուրբ ոգին» Աստծու գործուն ուժն է՝ զորությունը։d Աստված գործի է դրել իր սուրբ ոգին, որպեսզի արարի, կյանք տա, տեղեկություններ հաղորդի իր մարգարեներին և ուրիշներին, ինչպես նաև զորացնի նրանց, որ կատարեն իր կամքը (Ծննդոց 1։2; Հոբ 33։4; Հռոմեացիներ 15։18, 19)։ Աստված նաև օգտագործել է իր սուրբ ոգին, որպեսզի ներշնչի Աստվածաշունչը գրի առնողներին արձանագրել իր մտքերը (2 Պետրոս 1։21)։
Կրկնամկրտությունը մե՞ղք է
Հաճախ լինում է, որ անհատը որոշում է փոխել իր կրոնը։ Բայց ի՞նչ, եթե նա արդեն մկրտվել է իր նախկին եկեղեցում։ Մեղք գործած կլինի՞, եթե կրկին մկրտվի։ Ոմանք կարծում են, որ այդպես է՝ թերևս հիմնվելով Եփեսացիներ 4։5 համարի վրա։ Այնտեղ ասվում է. «Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն»։ Բայց իրականում այս համարը չի փաստում, որ անհատը չի կարող կրկին մկրտվել։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։
Համատեքստ։ Եփեսացիներ 4։5-ի համատեքստում Պողոս առաքյալը մատնանշում է, որ ճշմարիտ քրիստոնյաները հավատի ու համոզմունքների մեջ պետք է միասնական լինեն (Եփեսացիներ 4։5, 1-3, 16)։ Նման միասնություն հնարավոր է միայն, եթե հետևեն միևնույն Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, Աստվածաշնչի ուսմունքների վերաբերյալ ունենան նույն հավատը՝ հասկացողությունը, և համապատասխանեն մկրտության վերաբերյալ սուրբգրային միևնույն պահանջներին։
Պողոս առաքյալը հորդորեց ոմանց, ովքեր արդեն մկրտվել էին, կրկին մկրտվել, քանի որ նրանք այդ քայլն արել էին՝ լիարժեքորեն չհասկանալով քրիստոնեական ուսմունքները (Գործեր 19։1-5)։
Համապատասխան հիմք՝ մկրտության համար։ Աստծուն ընդունելի լինելու համար մկրտությունը պետք է հիմնված լինի աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքների վրա (1 Տիմոթեոս 2։3, 4)։ Աստծուն ընդունելի չէ անհատի այն մկրտությունը, որի հիմքում Աստվածաշնչին հակասող կրոնական ուսմունքներ են ընկած (Հովհաննես 4։23, 24)։ Հնարավոր է՝ նա անկեղծ հավատ ունի, սակայն «ճշգրիտ գիտելիքների համաձայն» չէ մկրտված (Հռոմեացիներ 10։2)։ Աստծու հավանությանն արժանանալու համար նա պետք է սովորի աստվածաշնչյան ճշմարտությունը, վարվի իր սովորածի համաձայն, նվիրի իր կյանքն Աստծուն և կրկին մկրտվի։ Այս պարագայում կրկին մկրտվելը մեղք չի համարվի, ընդհակառակը՝ ճիշտ քայլ կլինի։
Աստվածաշնչում արձանագրված մկրտության այլ տեսակներ
Ջրում ընկղմվելով Քրիստոսի հետևորդների մկրտությունից բացի՝ Աստվածաշնչում հիշատակվում են մկրտության տեսակներ, որոնք այլ նշանակություններ ունեն։ Ահա մի քանի օրինակ։
Հովհաննես Մկրտչի կատարած մկրտությունը։e Հրեաներն ու պրոզելիտները մկրտվում էին Հովհաննեսի կողմից՝ ի նշան այն բանի, որ զղջացել են Մովսիսական օրենքի դեմ գործած իրենց մեղքերի համար՝ Օրենք, որ Աստված էր տվել իսրայելացիներին Մովսեսի միջոցով։ Հովհաննեսի կատարած մկրտությունը մարդկանց պատրաստում էր ճանաչելու և ընդունելու Մեսիային՝ նազարեթցի Հիսուսին (Ղուկաս 1։13-17; 3։2, 3; Գործեր 19։4)։
Հիսուսի մկրտությունը։ Հիսուսի մկրտությունը, որը կատարեց Հովհաննես Մկրտիչը, յուրահատուկ էր։ Հիսուսը կատարյալ մարդ էր ու ոչ մի մեղք չէր գործել (1 Պետրոս 2։21, 22)։ Հետևաբար նրա մկրտությունը չէր ներառում զղջում կամ «խնդրանք.... Աստծուն՝ մաքուր խիղճ ունենալու համար» (1 Պետրոս 3։21)։ Դա խորհրդանիշն էր այն բանի, որ նա իր կյանքը նվիրել էր Աստծուն՝ կատարելու նրա կամքը որպես խոստացված Մեսիա՝ Քրիստոս։ Այն ներառում էր իր կյանքը մեզ համար զոհելը (Եբրայեցիներ 10։7-10)։
Սուրբ ոգով մկրտություն։ Թե՛ Հովհաննես Մկրտիչը, թե՛ Հիսուս Քրիստոսը խոսել են սուրբ ոգու միջոցով մկրտության մասին (Մատթեոս 3։11; Ղուկաս 3։16; Գործեր 1։1-5)։ Այն տարբերվում է սուրբ ոգու անունով մկրտությունից (Մատթեոս 28:19)։ Ո՞րն է տարբերությունը։
Հիսուսի հետևորդներից սահմանափակ թվով մարդիկ են մկրտվում սուրբ ոգով։ Նրանք սուրբ ոգով օծված են, քանի որ ընտրված են՝ Քրիստոսի հետ ծառայելու երկնքում որպես թագավորակիցներ ու քահանաներ և իշխելու երկրային հասարակության վրաf (1 Պետրոս 1։3, 4; Հայտնություն 5։9, 10)։ Նրանց հպատակները կլինեն Հիսուսի այն միլիոնավոր հետևորդները, ովքեր երկրային դրախտում հավիտյան ապրելու հույս ունեն (Մատթեոս 5։5; Ղուկաս 23։43)։
Մկրտություն՝ Քրիստոս Հիսուսում և նրա մահվան մեջ։ Սուրբ ոգով մկրտված անհատները մկրտված են նաև «Քրիստոս Հիսուսում» (Հռոմեացիներ 6։3)։ Հետևաբար դա Քրիստոսի օծյալ հետևորդների մկրտությունն է, ովքեր նրա հետ թագավորելու են երկնքում։ Քրիստոս Հիսուսում մկրտվելով՝ նրանք դառնում են օծյալների ժողովի մի մասը, որի գլուխը Քրիստոսն է, իսկ մարմինը՝ իրենք (1 Կորնթացիներ 12։12, 13, 27; Կողոսացիներ 1։18)։
Օծյալ քրիստոնյաները մկրտված են նաև «[Հիսուսի] մահվան մեջ» (Հռոմեացիներ 6։3, 4)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ նրանք անձնազոհ կերպով հնազանդվում են Աստծուն, ինչպես նաև գիտակցում, որ երկրի վրա հավիտյան ապրելու հույս չունեն։ Նրանք դադարում են մկրտված լինել այս մկրտությամբ, երբ մահանում են ու երկնային հարություն ստանում որպես ոգեղեն էակներ (Հռոմեացիներ 6։5; 1 Կորնթացիներ 15։42-44)։
Կրակով մկրտություն։ Հովհաննես Մկրտիչն իր ունկնդիրներին ասաց. «Նա [Հիսուսը] սուրբ ոգով և կրակով կմկրտի ձեզ։ Նրա քամհարը իր ձեռքում է, և նա ամբողջովին կմաքրի իր կալը և իր ցորենը ամբարում կհավաքի, իսկ մղեղը կայրի անմար կրակով» (Մատթեոս 3։11, 12)։ Նկատեք, որ տարբերություն կա կրակով մկրտության և սուրբ ոգով մկրտության միջև։ Հովհաննեսն ի՞նչ էր ուզում բացատրել այս օրինակով։
Ցորենը ներկայացնում է նրանց, ովքեր կլսեն Հիսուսին ու կհնազանդվեն նրան։ Նրանք սուրբ ոգով մկրտվելու հնարավորություն կունենան։ Մղեղը ներկայացնում է նրանց, ովքեր չեն լսի Հիսուսին։ Նրանց վերջը կրակով մկրտությունը կլինի, ինչը անվերադարձ կործանում է խորհրդանշում (Մատթեոս 3։7-12; Ղուկաս 3։16, 17)։
a Համաձայն «Վայնի՝ Հին և Նոր Կտակարանների բառերի բացատրական բառարանի»՝ «մկրտություն» թարգմանված հունարեն բառը նշանակում է «ջուրը մտնելու, լիովին ընկղմվելու և ջրից դուրս գալու պրոցես» (Vine’s Expository Dictionary of Old and New Testament Words)։
b Կնունքը մի արարողություն է, որ կատարում են որոշ եկեղեցիներ։ Դրա ժամանակ նորածնին անուն են տալիս, այնուհետև «մկրտում»՝ նրա գլխին ջուր լցնելով կամ ցողելով։
c Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։
d Տես «Ի՞նչ է սուրբ ոգին» հոդվածը։
e Տես «Ո՞վ էր Հովհաննես Մկրտիչը» հոդվածը։
f Տես «Ովքե՞ր են գնում երկինք» հոդվածը։
g Աստվածաշնչում նաև օգտագործվում է «ընկղմումներ» արտահայտությունը ծիսական որոշ լվացումների առնչությամբ, ինչպիսին է սպասքը ջրի մեջ ընկղմելը (Եբրայեցիներ 9։10)։ Սա իհարկե լիովին տարբերվում է Հիսուսի ու նրա հետևորդների՝ ջրում ամբողջական ընկղմումից։