Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Սաղմոսներից» (գիրք 3 և 4)
ԱՍՏԾՈՒՆ ուղղված աղոթքում սաղմոսերգուն հարց է տալիս. «Մի՞թէ գերեզմանումը կ’պատմեն քո ողորմութիւնը, եւ քո ճշմարտութիւնը կորստի մէջ» (Սաղմոս 88։11)։ Իհարկե ո՛չ։ Առանց կյանքի՝ մենք չենք կարող փառաբանել Եհովային։ Աստծուն փառաբանելը լավ պատճառ է, որ շարունակենք ապրել, իսկ կյանք ունենալը լավ պատճառ է, որ նրան փառաբանենք։
«Սաղմոսների» 3–րդ և 4–րդ գրքերը, որոնք պարունակում են 73–106-րդ սաղմոսները, բազում պատճառներ են մեզ տալիս՝ Արարչին գովաբանելու և նրա անունն օրհնելու։ Այդ երգերի շուրջ խորհրդածելը կօգնի խորացնել մեր գնահատանքն ‘Աստծու խոսքի’ համար և կմղի մեզ ավելի գեղեցիկ ու ավելի բովանդակալից խոսքերով մեծարել նրան (Եբրայեցիս 4։12)։ Սաղմոսների այս երկու ժողովածուներն անչափ հետաքրքիր են, բայց նախ քննենք 3–րդ գիրքը։
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԲԱՐԻ Է ՈՐ ՄՕՏԵՆԱՄ ԱՍՏՈՒԾՈՒՆ»
Երրորդ ժողովածուի առաջին 11 սաղմոսները կազմել են Ասափը կամ նրա տոհմակիցները։ 73–րդ սաղմոսում բացատրվում է, թե ինչպես է Ասափը զգուշանում սխալ մտածելակերպի ցավալի հետևանքներից։ Նա ճիշտ եզրահանգման է գալիս։ Ասափը երգում է. «Ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն» (Սաղմոս 73։28)։ 74–րդ սաղմոսը սգո երգ է՝ կապված Երուսաղեմի կործանման հետ։ 75–րդ, 76–րդ և 77–րդ սաղմոսներում Եհովան պատկերվում է որպես արդար Դատավոր, խեղճերի Փրկիչ և աղոթք Լսող։ 78–րդ սաղմոսը ամփոփում է Իսրայել ազգի անցյալը՝ Մովսեսից մինչև Դավիթը։ Հաջորդում սաղմոսերգուն սգում է տաճարի կործանումը։ 80–րդն աղոթք է՝ Աստծու ժողովրդի վերականգնման համար։ 81–րդը հորդորում է հնազանդ լինել Եհովային։ 82–րդ և 83–րդ սաղմոսները նույնպես աղոթքներ են, որտեղ սաղմոսերգուն խնդրում է Աստծուն, որ նա պատժի անիրավ դատավորներին և իր թշնամիներին։
«Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին»,— ասվում է Կորխի որդիների երգում (Սաղմոս 84։2)։ Սաղմոս 85–ը խնդրանք է՝ ուղղված Աստծուն, որ նա օրհնի աքսորից վերադարձածներին։ Այս երգում շեշտվում է այն միտքը, որ հոգևոր օրհնությունները շատ ավելի արժեքավոր են ֆիզիկական օրհնություններից։ 86–րդում Դավիթն Աստծուն խնդրում է պահել իր անձը և առաջնորդել իրեն։ Սաղմոս 87–ը երգ է Սիոնի և այնտեղ ծնվածների մասին, իսկ 88–րդը աղոթք է՝ ուղղված Եհովային։ 89–րդ սաղմոսում ընդգծվում է Եհովայի սիրառատ բարությունը, որ արտահայտված է Դավթի հետ նրա կնքած ուխտում։ Այս երգը կազմել է Եթանը, որը, հավանաբար, Սողոմոնի օրերի չորս իմաստուններից մեկն էր (Գ Թագաւորաց 4։31)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
73։9 — Ինչպե՞ս է, որ ամբարիշտներն «իրանց բերանը երկնքումն են դնում. բայց նորանց լեզուն երկրի մէջ է ման գալիս»։ Քանի որ ամբարիշտների համար ոչ մի նշանակություն չունեն երկնքում կամ երկրի վրա գտնվողները, նրանք առանց վախենալու ‘իրենց բերանով’ հայհոյում են Աստծուն։ Նրանք նաև ‘իրենց լեզվով’ զրպարտում են մարդկանց։
74։13, 14 — Ե՞րբ Եհովան ‘վիշապների գլուխները փշրեց ջրերի մեջ և ջարդեց Լևիաթանի գլուխները’։ ‘Եգիպտոսի Փարավոն թագավորը’ կոչվում է ‘մեծ վիշապ, որը պառկում է իր գետերում’ (Եզեկիէլ 29։3)։ Լևիաթանը կարող է խորհրդանշել Փարավոնի զորավոր մարդկանց (Սաղմոս 74։14, ՆԱ, ծնթ.)։ Նրանց գլուխները ջարդելը, հավանաբար, վերաբերում է փարավոնի և նրա բանակի ջախջախմանը, երբ Եհովան իսրայելացիներին ազատագրեց Եգիպտոսի գերությունից։
75։4, 5, 10 — Ի՞նչ է նշանակում «եղջիւր» բառը։ Կենդանու եղջյուրը հզոր զենք է։ Հետևաբար, «եղջիւր» բառը մատնանշում է իշխանություն, զորություն։ Եհովան բարձրացնում է իր ժողովրդի եղջյուրները, մինչդեռ ‘ամբարիշտների եղջյուրները նա փշրում է’։ Մեզ խորհուրդ է տրվում ‘չբարձրացնել մեր եղջյուրը դեպի բարձրը’, այսինքն՝ մենք չպետք է հպարտ և ամբարտավան լինենք։ Քանի որ Եհովան է բարձրացնողը, ուրեմն պետք է ընդունել, որ ժողովում տրված նշանակումները գալիս են նրանից (Սաղմոս 75։7)։
76։10 — Ինչպե՞ս կարող է «մարդկանց բարկութիւնը» փառք դառնալ Եհովայի համար։ Երբ Աստված թույլ է տալիս, որ մարդիկ իրենց բարկությունը թափեն մեզ՝ իր ծառաների վրա, ապա դրական արդյունքներ կարող են լինել։ Ցանկացած դժվարությունից, որին բախվում ենք, կարող ենք ինչ–որ բան սովորել։ Եհովան տառապանքը թույլատրում է միայն որոշակի չափով, այնքան, որ մենք կրթվենք (Ա Պետրոս 5։10, ՆԱ)։ ‘Ավելորդ [«Մնացած», ԱԱ] բարկությունը Աստված գոտու պես կապում է իր վրա’։ Իսկ եթե տառապում ենք մինչև մա՞հ։ Այս դեպքում ևս Եհովան կարող է փառք ստանալ, որովհետև շատ հնարավոր է, որ մարդիկ, տեսնելով մեր հավատարիմ տոկունությունը, սկսեն մեծարել Աստծուն։
78։24, 25 — Ինչո՞ւ էր իսրայելացիներին տրվող մանանան կոչվում «երկնքի ցորենը» և «հրեշտակների հաց»։ Այս արտահայտություններից և ոչ մեկը չի նշանակում, թե մանանան հրեշտակների կերակուրն էր։ Այն կոչվում է «երկնքի ցորենը», որովհետև երկնքից էր տրվում (Սաղմոս 105։40)։ Քանի որ հրեշտակները ապրում են երկնքում, «հրեշտակների հաց» արտահայտությունը կարող է պարզապես նշանակել, որ մանանան տրվում էր Աստծու կողմից, որը բնակվում է երկնքում (Սաղմոս 11։4)։ Բացի այդ, հնարավոր է, որ Եհովան հրեշտակների միջոցով է մանանան տվել իսրայելացիներին։
82։1, 6 — Ովքե՞ր են անվանվում «աստուածներ» և «Բարձրելոյ որդիք»։ Երկու արտահայտություններն էլ վերաբերում են Իսրայելի դատավորներին։ Դա տեղին է, քանի որ այդ մարդիկ ծառայում էին որպես Աստծու խոսնակներ և ներկայացուցիչներ (Յովհաննէս 10։33–36)։
83։2 — Ի՞նչ է նշանակում ‘բարձրացնել գլուխը’։ Այս ժեստը նշանակում է զորություն դրսևորելու կամ որոշակի քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն՝ սովորաբար դիմադրելու, կռվելու կամ ճնշելու նպատակով։
Դասեր մեզ համար
73։2–5, 18–20, 25, 28. Մենք չպետք է նախանձենք ամբարիշտներին նրանց հաջողությունների համար և որդեգրենք նրանց անաստված ուղիները։ Ամբարիշտները ‘սահելու տեղում’ են գտնվում։ Անշուշտ, նրանք ‘կկործանվեն’։ Բացի այդ, քանի որ մարդկային անկատար իշխանությունը չի կարող վերացնել ամբարշտությունը, այդ չարիքն արմատախիլ անելու մեր ջանքերը ապարդյուն կլինեն։ Ասափի պես՝ մենք իմաստուն կլինենք, եթե ամբարշտության դեմ պայքարենք՝ ‘Աստծուն մոտենալով’ և հաճույք ստանալով նրա հետ ունեցած մտերիմ փոխհարաբերություններից։
73։3, 6, 8, 27. Մենք չպետք է լինենք պարծենկոտ, ամբարտավան, ‘ծաղրող’ (ԱԱ) և ‘չարություն’, կամ՝ խարդախություն անող, անգամ եթե թվում է, որ այդպես վարվելը ձեռնտու է։
73։15–17. Եթե մեր մտքում խառնաշփոթ է տիրում, պետք է զգուշանանք մեր անհանգիստ մտքերը հրապարակայնորեն արտահայտելուց։ Դա անելը միայն ու միայն կշփոթեցնի կամ կհիասթափեցնի ուրիշներին։ Մեզ հուզող հարցերի մասին պետք է խորհրդածենք հանգիստ վիճակում և դրանք լուծենք հավատակիցների օգնությամբ (Առակաց 18։1, ԱԱ, ծնթ.)։
73։21–24. Եթե ամբարիշտների թվացյալ բարեկեցության պատճառով անհատը ‘սրտի դառն ցավ’ է զգում, ապա դա նման է անմիտ կենդանու պես վարվելուն։ Այդպիսի արձագանքը իմպուլսիվ է՝ հիմնված զուտ զգացմունքների վրա։ Դրա փոխարեն՝ մենք պետք է առաջնորդվենք Եհովայի խորհրդով՝ լիովին վստահ, որ նա ‘մեր աջ ձեռքը կբռնի’ և նեցուկ կլինի։ Եհովան, բացի այդ, ‘փառքով կընդունի մեզ’, այսինքն՝ մտերիմ կլինի մեզ հետ։
77։6. Հոգևոր ճշմարտությունները մանրամասնորեն քննելը և դրանց շուրջ խորհրդածելը ժամանակ է պահանջում։ Անչափ կարևոր է երբեմն առանձնանալ և ուսումնասիրել այդ ճշմարտությունները։
79։9. Եհովան լսում է մեր աղոթքները, հատկապես երբ դրանք վերաբերում են նրա անվան սրբացմանը։
81։13, 16. Եհովայի ձայնին լսելը և նրա ճանապարհներով գնալը տանում է առատ օրհնությունների (Առակաց 10։22)։
82։2, 5. Անարդարության պատճառով ‘երկրի սյուները’ շարժվում են։ Անարդար գործերը խախտում են մարդկային հասարակության կայունությունը։
84։1–4, 10–12. Մենք կարող ենք հետևել սաղմոսերգուների օրինակին, որոնք բարձր էին գնահատում Եհովայի երկրպագության վայրը և գոհունակության զգացումով էին լցված իրենց ծառայողական առանձնաշնորհումների համար։
86։5. Եհովան պատրաստ է ներել։ Որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել նրան։ Աստված անպայման ողորմություն կդրսևորի զղջամիտ մեղավորի հանդեպ, եթե նրան ներելու թեկուզ մի փոքր հիմք գտնի։
87։5, 6. Երկրային Դրախտում ապրողները երբևէ կիմանա՞ն նրանց անունները, ովքեր երկնային կյանքի հարություն են ստացել։ Այս համարներից երևում է, որ հնարավոր է։
88։13, 14. Եթե տեսնում ենք, որ Եհովան չի պատասխանում մեզ հուզող հարցի վերաբերյալ մեր ասած աղոթքներին, ապա շատ հնարավոր է՝ դա նշան է այն բանի, որ նա ուզում է, որ մենք փաստենք նրա հանդեպ մեր նվիրվածության իսկությունը։
«ԳՈՀԱՑԷՔ ՆՈՐԱՆԻՑ ԵՒ ՕՐՀՆԵՑԷՔ ՆՈՐԱ ԱՆՈՒՆԸ»
Այժմ քննենք, թե «Սաղմոսների» 4–րդ գրքում Եհովային գովաբանելու ինչ պատճառներ կան։ 90–րդ սաղմոսում Մովսեսը ‘հավիտենության Թագավորի’ (ԷԹ) գոյությունը հակադրում է մարդու կյանքի վաղանցիկությանը (Ա Տիմոթէոս 1։17)։ Ինչպես գրված է Սաղմոս 91։2–ում, Մովսեսը Եհովային անվանում է «իմ ապաւէն եւ իմ ամրոց», այսինքն՝ նրա անվտանգությունն Ապահովող։ Հաջորդ մի քանի սաղմոսներում խոսվում է Աստծու գեղեցիկ հատկությունների, գերազանց մտքերի և սքանչելի գործերի մասին։ Երեք երգ սկսվում են ‘Տերն [այսինքն՝ Եհովան] է թագավոր’ արտահայտությամբ (Սաղմոս 93։1; 97։1; 99։1)։ Ասելով, որ Եհովան մեր Արարիչն է՝ սաղմոսերգուն մեզ կոչ է անում ‘գոհանալ նրանից և օրհնել նրա անունը’ (Սաղմոս 100։4)։
Իսկ ինչպե՞ս պետք է իր գործերը վարի Եհովայից վախեցող կառավարիչը։ 101–րդ սաղմոսը, որ կազմել է Դավիթ թագավորը, պատասխանում է այս հարցին։ Իսկ հաջորդ սաղմոսը մեզ ասում է, որ Եհովան «մտիկ է տալիս խեղճերի աղօթքին, եւ չէ անարգում նորանց աղօթքը» (Սաղմոս 102։17)։ Սաղմոս 103–ը մեր ուշադրությունը հրավիրում է Եհովայի սիրառատ բարության և ողորմության վրա։ Նկատի ունենալով Աստծու՝ երկրի վրա եղող բազմաթիվ ստեղծագործությունները՝ սաղմոսերգուն բացականչում է. «Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. նորանց բոլորն իմաստութիւնով ես արել» (Սաղմոս 104։24)։ Սաղմոսների չորրորդ ժողովածուի վերջին երկու երգերը մեծարում են Եհովային նրա չքնաղ գործերի համար (Սաղմոս 105։2, 5; 106։7, 22)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
91։1, 2 — Ի՞նչ է ‘Բարձրյալի ծածկոցը’, և ինչպե՞ս կարող ենք ‘բնակվել’ այնտեղ։ Դա փոխաբերական արտահայտություն է, որը նշանակում է հոգևոր ապահովություն և անվտանգություն, մի վիճակ, որտեղ անհատը պաշտպանված է հոգևոր վնաս կրելուց։ Այդ վիճակը ծածուկ է, քանի որ անհայտ է Աստծուն չապավինողների համար։ Մենք բնակվում ենք Եհովայի «ծածկոցի» տակ, եթե նրան նայում ենք որպես մեր ապավենի ու ամրոցի, գովաբանում ենք որպես տիեզերքի Գերիշխանի և եթե քարոզում ենք Թագավորության բարի լուրը։ Մենք մեզ հոգևորապես ապահով ենք զգում, քանի որ գիտենք, որ Եհովան միշտ պատրաստ է մեզ օգնելու (Սաղմոս 90։1, ՆԱ)։
92։12 — Ինչպե՞ս է արդարը արմավենու պես ‘բուսնում’, կամ՝ ‘ծաղկում’ (ԱԱ)։ Արմավենին հայտնի է իր բերքառատությամբ։ Արդար մարդը նման է արմավենու այն առումով, որ նա Եհովայի աչքում ուղիղ է և միշտ «բարի պտուղ» է բերում, որի մեջ մտնում են նաև բարի գործերը (Մատթէոս 7։17–20)։
Դասեր մեզ համար
90։7, 8, 13, 14. Մեր սխալները միշտ վնաս են հասցնում ճշմարիտ Աստծու հետ մեր ունեցած փոխհարաբերություններին։ Ծածուկ մեղքերը չենք կարող թաքցնել նրանից։ Բայց եթե անկեղծորեն զղջանք և թողնենք սխալ ընթացքը, ապա Եհովան դարձյալ մեզ բարեհաճությամբ կնայի՝ ‘կշտացնելով մեզ իր ողորմությամբ’, կամ՝ սիրառատ բարությամբ։
90։10, 12. Քանի որ կյանքը կարճ է, մենք պետք է «համարենք [կամ՝ հաշվենք] մեր օրերը»։ Ինչպե՞ս։ ‘Իմաստուն սիրտ ընդունելով’, այսինքն՝ իմաստություն դրսևորելով այնպես, որ մեր կյանքի մնացած օրերը չանցնեն անիմաստ, այլ դրանք ապրենք Եհովային հաճելի ձևով։ Իսկ դրա համար հարկավոր է հոգևոր առաջնահերթություններ դնել և իմաստնորեն օգտագործել ժամանակը (Եփեսացիս 5։15, 16; Փիլիպպեցիս 1։10)։
90։17. Պատշաճ է աղոթել Եհովային, որ ‘հաստատի մեր ձեռքի գործը’ և օրհնի ծառայության մեջ կատարած ջանքերը։
92։14, 15. Տարեցները, լինելով Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրողներ և կանոնավորաբար շփվելով Եհովայի ժողովրդի հետ, շարունակում են «պարարտ եւ դալար» լինել, այսինքն՝ հոգևորապես կայտառ, և դրանով իսկ փաստում են, որ քրիստոնեական ժողովի արժեքավոր մաս են կազմում։
94։19. Ինչ անհանգիստ մտքեր էլ որ ունենանք, Աստվածաշնչում արձանագրված ‘մխիթարությունները’ կարդալը և դրանց շուրջ խորհրդածելը կսփոփի մեզ։
95։7, 8. Սուրբգրային խորհրդին ականջ դնելով, այն սրտանց ընդունելով և նրան հնազանդվելով՝ մենք կպաշտպանենք մեր սրտերը կարծրացումից։
106։36, 37. Այս համարներում կռապաշտությունը զուգակցվում է դևերին զոհաբերություններ մատուցելու հետ։ Սա ցույց է տալիս, որ կուռքեր ունեցող անհատը կարող է դիվային ազդեցության տակ ընկնել։ Աստվածաշունչը մեզ կոչ է անում. «Պահեցէք ձեր անձերը կուռքերիցը» (Ա Յովհաննէս 5։21)։
«Օրհնեցեք Յահին»
«Սաղմոսների» 4–րդ գրքի վերջին երեք երգերն ավարտվում են հետևյալ հորդորանքով. «Ալէլուիա», այսինքն՝ «Օրհնեցեք Յահին»։ Իսկ այս խոսքերով սկսվում է վերջին սաղմոսը (Սաղմոս 104։35, ծնթ.; 105։45; 106։1, 48)։ «Ալէլուիա» բառը սաղմոսների չորրորդ ժողովածուում բավական հաճախ է հանդիպում։
Անշուշտ, մենք ծանրակշիռ հիմքեր ունենք Եհովային փառաբանելու։ 73–106-րդ սաղմոսները խորհրդածելու բավականաչափ նյութ են տալիս՝ լցնելով մեր սիրտը երախտագիտության զգացումով մեր երկնային Հոր հանդեպ։ Երբ մտածում ենք այն ամենի մասին, որ նա արել է մեզ համար և դեռ կանի, մի՞թե չենք փափագում «օրհնել Յահին» մեր ամբողջ կարողությամբ։
[նկար 10-րդ էջի վրա]
Ասափի պես՝ մենք կարող ենք ամբարշտության դեմ պայքարել՝ ‘Աստծուն մոտենալով’
[նկար 11-րդ էջի վրա]
Փարավոնը ջախջախիչ պարտություն կրեց Կարմիր ծովում
[նկար 11-րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե ինչու է մանանան կոչվում «հրեշտակների հաց»
[նկար 13-րդ էջի վրա]
Ի՞նչն է օգնում ցրել անհանգիստ մտքերը