1 Թագավորներ
18 Որոշ ժամանակ անց՝ երրորդ տարում,+ Եհովան ասաց Եղիային. «Գնա Աքաաբի մոտ, որովհետև ես անձրև եմ ուղարկելու երկրի վրա»:+ 2 Եղիան էլ գնաց Աքաաբի մոտ: Սամարիայում սաստիկ սով էր:+
3 Աքաաբը կանչեց Աբդիային՝ պալատի վերակացուին: (Աբդիան Եհովայից շատ էր վախենում: 4 Դրա համար էլ, երբ Հեզաբելը+ կոտորում էր Եհովայի մարգարեներին, Աբդիան 100 մարգարեների 50-50 թաքցրեց քարայրերում և նրանց հացով ու ջրով ապահովեց): 5 Աքաաբն ասաց Աբդիային. «Արի անցնենք այս երկրի ջրի բոլոր աղբյուրների մոտով ու գետահովիտներով:* Գուցե բավականաչափ խոտ գտնենք, որ մեր ձիերն ու ջորիները չսատկեն, և մեր բոլոր անասունները չկոտորվեն»: 6 Այսպիսով՝ նրանք բաժանեցին երկիրը՝ որոշելով, թե ով ուր է գնալու: Աքաաբը մի ճանապարհով գնաց, իսկ Աբդիան՝ մեկ ուրիշ:
7 Երբ Աբդիան ճանապարհին էր, Եղիան նրան ընդառաջ գնաց: Աբդիան անմիջապես ճանաչեց նրան և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց ու հարցրեց. «Այդ դո՞ւ ես, տե՛ր իմ Եղիա»:+ 8 Նա էլ պատասխանեց. «Ե՛ս եմ: Գնա ու քո տիրոջն ասա. «Եղիան այստեղ է»»: 9 Բայց Աբդիան ասաց. «Ես ի՞նչ մեղք եմ գործել, որ ծառայիդ Աքաաբի ձեռքն ես տալիս, որ սպանի նրան: 10 Երդվում եմ քո Աստված Եհովայի գոյությամբ. չկա մի ազգ կամ թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի՝ քեզ փնտրելու: Երբ իմ տիրոջն ասում էին՝ «Նա այստեղ չէ», այդ թագավորությանը կամ ազգին նա երդվել էր տալիս, որ իրոք քեզ չեն գտել:+ 11 Իսկ հիմա դու ասում ես, թե՝ «Գնա ու քո տիրոջն ասա՝ Եղիան այստեղ է»: 12 Երբ ես հեռանամ քեզնից, Եհովայի ոգին քեզ կտանի+ մի տեղ, որի մասին չեմ իմանա, ու երբ հայտնեմ Աքաաբին, որ այստեղ ես, և նա քեզ չգտնի, հաստատ կսպանի ինձ, մինչդեռ քո ծառան փոքրուց վախենում է Եհովայից: 13 Մի՞թե քեզ՝ իմ տիրոջը, չեն հայտնել, թե ինչ արեցի, երբ Հեզաբելը սպանում էր Եհովայի մարգարեներին, թե ինչպես Եհովայի մարգարեներից 100-ին 50-50 թաքցրի քարայրերում և նրանց հացով ու ջրով ապահովեցի:+ 14 Իսկ հիմա դու ինձ ասում ես, թե՝ «Գնա ու քո տիրոջն ասա՝ Եղիան այստեղ է»: Նա հաստատ կսպանի ինձ»: 15 Սակայն Եղիան ասաց. «Երդվում եմ Զորքերի տեր Եհովայի գոյությամբ, նրա, ում ծառայում եմ.* այսօր ես կհանդիպեմ նրան»:
16 Ուստի Աբդիան գնաց Աքաաբին տեսնելու. նա ամեն բան հաղորդեց նրան, և Աքաաբը գնաց, որ հանդիպի Եղիային:
17 Եղիային տեսնելուն պես Աքաաբն ասաց. «Այդ դո՞ւ ես, Իսրայելին փորձանքի մեջ գցող»:
18 Եղիան պատասխանեց. «Իսրայելին ե՛ս չեմ գցել փորձանքի մեջ, այլ դու և քո հոր տունը, որովհետև թողել եք Եհովայի պատվիրաններն ու Բահաղներին եք պաշտում:+ 19 Հիմա ողջ Իսրայելին ինձ մոտ՝ Կարմեղոս+ լեռան վրա հավաքիր, նաև Բահաղի 450 մարգարեներին և սուրբ ձողի*+ 400 մարգարեներին, որոնք Հեզաբելի սեղանից են հաց ուտում»: 20 Ուստի Աքաաբը մարդիկ ուղարկեց ողջ Իսրայելով և մարգարեներին հավաքեց Կարմեղոս լեռան վրա:
21 Եղիան մոտեցավ ժողովրդին ու ասաց. «Մինչև ե՞րբ եք անվճռական լինելու:*+ Եթե Եհովան է ճշմարիտ Աստվածը, նրա՛ն պաշտեք, իսկ եթե Բահաղն է, նրա՛ն պաշտեք»:+ Ժողովուրդը մի բառ անգամ չպատասխանեց նրան: 22 Ապա Եղիան ասաց ժողովրդին. «Եհովայի մարգարեներից միայն ես եմ մնացել,+ իսկ Բահաղի մարգարեները 450 հոգի են: 23 Թող մեզ երկու մատղաշ ցուլ տան, և թող նրանք դրանցից մեկը ընտրեն, կտոր-կտոր անեն ու փայտերի վրա դնեն, բայց կրակ չվառեն: Ես էլ մյուս ցուլը կպատրաստեմ ու կդնեմ փայտերի վրա, բայց կրակ չեմ վառի: 24 Դուք ձե՛ր աստծու անունը կանչեք,+ ես էլ Եհովայի՛ անունը կկանչեմ: Այն Աստվածը, որը կպատասխանի կրակով, նա՛ է ճշմարիտ Աստվածը»:+ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց. «Լավ»:
25 Եղիան Բահաղի մարգարեներին ասաց. «Մի մատղաշ ցուլ ընտրեք և առաջինը դուք այն պատրաստեք, որովհետև շատ եք: Ապա կանչեք ձեր աստծու անունը, բայց կրակ մի՛ վառեք»: 26 Նրանք էլ վերցրին իրենց տրված ցուլը, պատրաստեցին այն և առավոտից մինչև կեսօր Բահաղի անունը կանչեցին՝ ասելով. «Ո՛վ Բահաղ, պատասխանի՛ր մեզ»: Սակայն ձայն չէր լսվում. պատասխան տվող չկար:+ Այդ ողջ ընթացքում նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը: 27 Կեսօրին մոտ Եղիան սկսեց ծաղրել նրանց՝ ասելով. «Ավելի՛ բարձր ձայնով կանչեք, չէ՞ որ նա աստված է:+ Գուցե մտածմունքների մեջ է ընկել կամ գնացել է իր բնական կարիքը հոգալու:* Կամ էլ գուցե քնած է, ու նրան հարկավոր է արթնացնել»: 28 Եվ նրանք ավելի բարձր ձայնով էին կանչում ու սովորության համաձայն՝ իրենց մարմինների վրա դաշույններով ու նիզակներով կտրվածքներ անում, մինչև որ արյունաթաթախ եղան: 29 Կեսօրն անցավ. նրանք շարունակում էին խելացնոր բաներ անել* մինչև երեկոյան հացի ընծան մատուցելու ժամանակը, բայց ձայն չէր լսվում, ոչ ոք չէր պատասխանում. ուշադրություն դարձնող չկար:+
30 Ի վերջո Եղիան ասաց ժողովրդին. «Ի՛նձ մոտեցեք»: Ամբողջ ժողովուրդը մոտեցավ նրան: Ապա նա սկսեց վերականգնել Եհովայի զոհասեղանը, որը քանդված էր:+ 31 Եղիան 12 քար վերցրեց՝ Հակոբի որդիների ցեղերի թվով, Հակոբի, որին Եհովան ասել էր. «Իսրայել է լինելու քո անունը»:+ 32 Այդ քարերով նա Եհովայի անվան պատվին զոհասեղան կառուցեց+ և դրա շուրջը փոս փորեց մի տարածքի չափով, որտեղ կարելի է երկու գրիվ* սերմ ցանել: 33 Դրանից հետո նա փայտերը շարեց, մատղաշ ցուլը կտորների բաժանեց, դրանք դասավորեց փայտերի վրա+ ու ասաց. «Չորս մեծ սափոր ջուր հավաքեք և այն լցրեք ողջակեզի ու փայտերի վրա»: 34 Ապա ասաց. «Նորից արեք»: Եվ նրանք նորից արեցին: «Երրորդ անգամ էլ արեք»,– ասաց նա: Նրանք երրորդ անգամ էլ արեցին: 35 Ջուրը հոսեց զոհասեղանի շուրջբոլորը: Եղիան նաև փոսը ջրով լցրեց:
36 Երբ երեկոյան հացի ընծան մատուցելու ժամանակը եկավ,+ Եղիա մարգարեն մոտեցավ զոհասեղանին ու ասաց. «Ո՛վ Եհովա, Աբրահամի,+ Իսահակի+ ու Իսրայելի Աստված, թող այսօր բոլորը իմանան, որ դո՛ւ ես Իսրայելում Աստված, որ ես քո ծառան եմ, և որ քո խոսքով արեցի այս ամենը:+ 37 Պատասխանի՛ր ինձ, ո՛վ Եհովա, պատասխանի՛ր ինձ, որպեսզի այս մարդիկ իմանան, որ դո՛ւ ես, Եհո՛վա, ճշմարիտ Աստվածը, և դու նրանց սիրտը դեպի քեզ ես դարձնում»:+
38 Այդ պահին Եհովան երկնքից կրակ ուղարկեց, և այն խժռեց ողջակեզը,+ փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ կլանեց:+ 39 Դա տեսնելով՝ ժողովուրդը ծնկի եկավ, մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Եհովա՛ն է ճշմարիտ Աստվածը: Եհովա՛ն է ճշմարիտ Աստվածը»: 40 Այդ ժամանակ Եղիան ասաց նրանց. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին: Նրանցից մեկի՛ն էլ չթողնեք, որ փախչի»: Եվ մարգարեներին անմիջապես բռնեցին: Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղեղատ*+ և այնտեղ սպանեց:+
41 Եղիան ասաց Աքաաբին. «Գնա, կեր և խմիր, որովհետև տեղատարափ անձրևի ձայն է լսվում»:+ 42 Աքաաբը գնաց ուտելու և խմելու: Իսկ Եղիան բարձրացավ Կարմեղոսի գագաթը, ծնկի եկավ ու երեսը խոնարհեց դեպի ծնկները:+ 43 Հետո իր սպասավորին ասաց. «Խնդրում եմ, բարձրացիր ու նայիր ծովի կողմը»: Նա էլ բարձրացավ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկա»: Եղիան դարձյալ ասաց. «Նորից գնա»: Եվ այդպես յոթ անգամ: 44 Յոթերորդ անգամ սպասավորն ասաց. «Ծովից փոքր ամպ է բարձրանում՝ մարդու ձեռքի չափ»: Եղիան ասաց. «Գնա ու Աքաաբին ասա. «Լծիր կառքդ ու մեկնիր, քանի դեռ տեղատարափ անձրևը չի սկսվել»»: 45 Այդ ժամանակ երկինքը մութ ամպերով ծածկվեց, և քամի ու հորդառատ անձրև սկսվեց:+ Աքաաբը, կառք նստած, գնում էր Հեզրայել:+ 46 Եհովան զորություն տվեց Եղիային.* նա իր հագուստի փեշերը գոտու տակ մտցրեց* և մինչև Հեզրայել ամբողջ ճանապարհը վազեց Աքաաբի առջևից: