Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Ելից» գրքից
ԴԱ ՄԻ իրական պատմություն է բռնությամբ ստրկացված մարդկանց ազատագրման մասին (Ելից 1։13)։ Դա նաև հուզիչ պատմություն է մի ազգի ծննդյան մասին։ Ապշեցուցիչ հրաշքներ, հոյակապ օրենքներ և խորանի կառուցում. սրանք այդ պատմության հափշտակիչ մանրամասնություններից են։ Ըստ էության, հենց սա է աստվածաշնչային «Ելից» գրքի բովանդակությունը։
«Ելից» գիրքը, որ գրել է եբրայեցի մարգարե Մովսեսը, իսրայելացիների 145 տարվա պատմությունն է ընդգրկում՝ սկսած Հովսեփի մահից (մ.թ.ա. 1657 թ.) մինչև խորանի շինարարության ավարտը (մ.թ.ա. 1512 թ.)։ Բայց այս պատմությունը միայն պատմական տեսանկյունից չէ, որ հետաքրքրություն է ներկայացնում։ Դա Աստծո խոսքի, կամ՝ պատգամի, մի մասն է՝ ուղղված մարդկանց։ Որպես այդպիսին՝ այն «կենդանի է եւ զօրաւոր» (Եբրայեցիս 4։12)։ Ուստի «Ելիցը» կարևոր նշանակություն ունի մեզ համար։
«Աստուած նորանց հեծութիւնը լսեց»
Հակոբի սերունդները, որ ապրում են Եգիպտոսում, այնքան արագորեն են բազմանում, որ թագավորի հրամանով նրանց ստրկացնում են։ Փարավոնը նույնիսկ կարգադրում է, որ բոլոր իսրայելացի տղա նորածիններին սպանեն։ Երեք ամսական Մովսեսը խուսափում է մահից, որին որդեգրում է փարավոնի աղջիկը։ Մովսեսը մեծանում է թագավորական ընտանիքում, բայց 40 տարեկան հասակում իր ժողովրդի կողմն է բռնում ու սպանում է մի եգիպտացու (Գործք 7։23, 24)։ Մովսեսը ստիպված փախչում է ու գնում Մադիամ։ Այնտեղ նա ամուսնանում է ու հովվություն անում։ Հրաշքով վառվող թփի մոտ Եհովան Մովսեսին հանձնարարում է վերադառնալ Եգիպտոս ու իսրայելացիներին ազատել ստրկությունից։ Նրա եղբայր Ահարոնը նշանակվում է որպես Մովսեսի խոսնակ։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ.
3։1 — Ի՞նչ «քուրմ», կամ՝ քահանա էր Հոթորը։ Նահապետական ժամանակներում ընտանիքի գլուխը ծառայում էր որպես քահանա իր ընտանիքի համար։ Հոթորը, ըստ երևույթին, մադիանացիների ցեղի նահապետներից է եղել։ Քանի որ մադիանացիները Աբրահամի սերունդներն էին Քետուրայի գծով, նրանք, հավանաբար, Եհովայի երկրպագության մասին որոշ տեղեկություններ ունեին (Ծննդոց 25։1, 2)։
4։11 — Ի՞նչ իմաստով է Եհովան ‘անում համրը, խուլը, կույրը’։ Թեև երբեմն Եհովան ինքն է պատճառում կուրություն կամ համրություն, այնուամենայնիվ նա պատասխանատու չէ ամեն մի այդպիսի դեպքի համար (Ծննդոց 19։11; Ղուկաս 1։20–22, 62–64)։ Դրանք ժառանգաբար փոխանցվող մեղքի հետևանքներ են (Յոբ 14։4; Հռովմայեցիս 5։12)։ Բայց քանի որ Աստված թույլ է տվել նման վիճակների գոյությունը, ուստի նա կարող է ասել, որ ինքն է ‘անում համրը, խուլը, կույրը’։
4։16 — Ինչպե՞ս Մովսեսը Ահարոնի համար «Աստուծոյ տեղ» եղավ։ Մովսեսն Աստծո ներկայացուցիչն էր։ Ուստի նա «Աստուծոյ տեղ», կամ՝ Աստված, եղավ Ահարոնի համար, որը խոսում էր Մովսեսի անունից։
Դասեր մեզ համար
1։7, 14. Եհովան նեցուկ եղավ իր ժողովրդին, երբ նրանք կեղեքվում էին Եգիպտոսում։ Նման ձևով, նա զորացնում է իր ժամանակակից Վկաներին, երբ նրանք դաժան հալածանքներ են կրում։
1։17–21. Եհովան հիշում է մեզ «ի բարին» (Նէեմիա 13։31)։
3։7–10. Եհովան զգայուն է իր ժողովրդի ‘աղաղակի’ հանդեպ։
3։14. Եհովան անվրեպ ձևով իրագործում է իր նպատակները։ Ուստի մենք կարող ենք վստահ լինել, որ նա մեր՝ Աստվածաշնչի վրա հիմնված հույսերը իրականություն կդարձնի։a
4։10, 13. Մովսեսն այնքան անվստահ էր իր ուժերի հանդեպ, որ անգամ այն բանից հետո, երբ Աստված նրան հավաստիացրեց իր օգնության մեջ, նա աղաչեց նրան, որ իր փոխարեն մեկ ուրիշի ուղարկի փարավոնի մոտ։ Բայց Եհովան մտադիր էր Մովսեսին ուղարկել, ու նա նրան տվեց իմաստություն և զորություն, որպեսզի կարողանար իրագործել իր հանձնարարությունը։ Եկեք, մեր թերությունների վրա կենտրոնանալու փոխարեն, ապավինենք Եհովային ու հավատարմորեն կատարենք մեր՝ քարոզելու և ուսուցանելու հանձնարարությունը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։
Ապշեցուցիչ հրաշքները ազատագրում են բերում
Մովսեսն ու Ահարոնը գնում են փարավոնի մոտ ու խնդրում նրան թույլ տալ, որ իսրայելացիները անապատում նշեն Եհովային նվիրված տոնը։ Եգիպտոսի կառավարիչը մեծամտաբար մերժում է։ Եհովան Մովսեսի միջոցով մեկը մյուսի ետևից զորավոր հարվածներ է տալիս։ Միայն տասներորդ պատուհասից հետո է փարավոնը իսրայելացիներին թույլ տալիս գնալ։ Բայց շուտով նա իր զորքերով սկսում է կրնկակոխ հետապնդել նրանց։ Սակայն Եհովան փրկության ճանապարհ է բացում Կարմիր ծովով ու ազատում իր ժողովրդին։ Եգիպտացիները խեղդվում են, երբ ջրերը թափվում են նրանց վրա։
Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.
6։3 — Ի՞նչ իմաստով Աստծո անունը չէր հայտնվել Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Այս նահապետներն օգտագործում էին Աստծո անունը և խոստումներ ստացան Եհովայից։ Սակայն նրանք չգիտեին, չէին ճանաչում Եհովային որպես մի անձնավորության, որն իրագործում է իր խոստումները (Ծննդոց 12։1, 2; 15։7, 13–16; 26։24; 28։10–15)։
7։1 — Ինչպե՞ս Մովսեսը եղավ «Փարաւօնին աստուած»։ Աստված Մովսեսին տվեց զորություն ու իշխանություն փարավոնի նկատմամբ։ Ուստի հարկ չկար վախենալու փարավոնից։
7։22 — Որտեղի՞ց Եգիպտոսի մոգերը արյան չվերածված ջուր գտան։ Հնարավոր է, այդ ջուրը Նեղոսից վերցված էր դեռ այն ժամանակ, երբ այս պատուհասը չէր եղել։ Բացի այդ, խմելու ջուր թերևս կարելի էր հավաքել՝ Նեղոսի խոնավ ափերին ջրհորներ փորելով (Ելից 7։24)։
8։26, 27 — Ինչո՞ւ Մովսեսն ասաց, որ իսրայելացիների զոհերը «Եգիպտացիների համար գարշելի» կլինեն։ Եգիպտոսում պաշտում էին ամենատարբեր կենդանիների։ Ուստի զոհերի մասին հիշատակումն է՛լ ավելի զորավոր ու համոզիչ դարձրեց Մովսեսի պնդումը, որ իսրայելացիներին թույլ տրվի գնալ ու զոհաբերություններ մատուցել Եհովային։
12։29 — Ովքե՞ր էին առաջնեկներ համարվում։ Առաջնեկներ էին համարվում միայն արու զավակները (Թուոց 3։40–51)։ Փարավոնը, որ առաջնեկ էր, չսպանվեց։ Նա իր ընտանիքն ուներ։ Ոչ թե ընտանիքի գլուխը, այլ ընտանիքի առաջնեկ որդին մեռավ տասներորդ պատուհասի ժամանակ։
12։40 — Որքա՞ն ժամանակ իսրայելացիները բնակվեցին Եգիպտոսում։ Այս համարում հիշատակված 430 տարիները ընդգրկում են այն ժամանակը, որ Իսրայելի որդիները ապրեցին Եգիպտոսում և Քանանում։b Յոթանասունհինգամյա Աբրահամը Քանան գնալիս Եփրատ գետն անցավ մ. թ. ա. 1943 թ.–ին (Ծննդոց 12։4)։ Այդ ժամանակվանից մինչև 130–ամյա Հակոբի Եգիպտոս մտնելու ժամանակը կազմում է 215 տարի (Ծննդոց 21։5; 25։26; 47։9)։ Սա նշանակում է, որ դրանից հետո իսրայելացիները Եգիպտոսում ապրեցին նույնքան՝ 215 տարի։
15։8 — Իսկապե՞ս «անդունդները»՝ Կարմիր ծովի ջրերը, ‘պաղել’ էին այն իմաստով, որ սառույց էին դարձել։ «Պաղեցին» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է սեղմվել կամ խտանալ։ Յոբ 10։10–ում այս բառն օգտագործված է կաթի խտացման իմաստով։ Ուստի այդ ջրերը անպայման չէ, որ սառած՝ սառույց դարձած լինեին։ Եթե ‘սաստիկ արևելյան հովը’, որի մասին նշված է Ելից 14։21–ում, բավականաչափ սառն էր ջրերը սառույց դարձնելու համար, ապա, անշուշտ, նման խիստ ցուրտ եղանակի մասին որևէ հիշատակում կլիներ։ Ջրերն ունեին ‘պաղած’, պնդացած կամ խտացած տեսք, քանի որ ոչինչ տեսանելի ձևով չէր պահում նրանց։
Դասեր մեզ համար
7։14–12։30. Տասը պատուհասները հանգամանքների պատահական զուգադիպություն չէին։ Դրանք կանխագուշակվել էին և ճշգրտորեն կատարվեցին։ Որքա՜ն վառ կերպով են դրանք ցույց տալիս Արարչի իշխանությունը ջրի, արևի լույսի, միջատների, կենդանիների ու մարդկանց նկատմամբ։ Պատուհասները նաև վկայում են, որ Աստված, ընտրողական մոտեցում հանդես բերելով, կարող է աղետ բերել իր թշնամիների վրա և միաժամանակ պաշտպանել իր երկրպագուներին։
11։2; 12։36. Եհովան օրհնում է իր ժողովրդին։ Ակներևաբար նա հոգ տարավ, որ իսրայելացիներին փոխհատուցում տրվեր Եգիպտոսում կատարած աշխատանքի դիմաց։ Նրանք Եգիպտոս էին մտել որպես ազատ ժողովուրդ և ոչ ինչպես պատերազմի գերիներ՝ ստրկացվելու նպատակով։
14։30. Կարող ենք վստահ լինել, որ Եհովան վերահաս ‘մեծ նեղությունից’ կազատի իր երկրպագուներին (Մատթէոս 24։20–22; Յայտնութիւն 7։9, 14)։
Եհովան աստվածապետական ազգ է կազմակերպում
Եգիպտոսից ազատագրվելու երրորդ ամսում իսրայելացիները բանակ են դնում Սինա լեռան ստորոտում։ Այստեղ նրանք ստանում են Տասը պատվիրանները և ուրիշ օրենքներ, ուխտի մեջ են մտնում Եհովայի հետ ու դառնում աստվածապետական ազգ։ Մովսեսը 40 օր անց է կացնում լեռան վրա, ստանում է հրահանգներ ճշմարիտ երկրպագության ու Եհովայի խորանի՝ շարժական տաճարի շինարարության վերաբերյալ։ Այդ ընթացքում իսրայելացիները ոսկե հորթ են շինում ու երկրպագում նրան։ Լեռից իջնելով ու տեսնելով, թե ինչ է կատարվում՝ Մովսեսն այնպես է լցվում ցասումով, որ ջարդում է Աստծո տված երկու քարե սալիկները։ Մեղավորներին պատժելուց հետո նա նորից լեռ է բարձրանում ու ստանում նոր սալիկներ։ Մովսեսի վերադարձից հետո սկսվում է խորանի շինարարությունը։ Առաջին տարվա վերջում, ինչ Իսրայելն արդեն ազատ ազգ էր, այդ հոյակապ վրանն ու նրա բոլոր պիտույքները պատրաստվում են և տեղադրվում։ Հետո Եհովան վրանը լցնում է իր փառքով։
Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.
20։5 — Ի՞նչ իմաստով է Եհովան ‘հայրերի անօրենության’ համար ‘հատուցանում’՝ պատժում, նրանց ապագա սերունդներին։ Չափահասության տարիքից հետո ամեն մի անհատ պատասխանատու է իր վարքի կամ հայացքների համար։ Բայցևայնպես, երբ Իսրայել ազգը կռապաշտություն էր անում, դրա հետևանքները զգում էին ապագա սերունդները։ Ազգի կրոնական հանցանքների հետևանքներն իրենց վրա զգում էին նույնիսկ հավատարիմ իսրայելացիները, որոնք ցանկանալով անարատություն պահել Աստծո առջև՝ դժվարություններ էին կրում դրանց պատճառով։
23։19; 34։26 — Ի՞նչ էր նշանակում այն հրահանգը, թե ուլը չպետք է եփել իր մոր կաթի մեջ։ Ուլը (կամ այլ կենդանու ձագը) իր մոր կաթի մեջ եփելը, ըստ որոշ աղբյուրների, հեթանոսական ծես էր անձրև առաջ բերելու նպատակով։ Բացի այդ, քանի որ մայրական կաթը նախատեսված է իր պտղին կերակրելու համար, ապա դաժանություն կլիներ այդ կաթի մեջ եփել նրան։ Այդ հրահանգն օգնում էր իսրայելացիներին հասկանալ, որ իրենք պետք է կարեկից լինեն։
23։20–23 — Ո՞վ էր այստեղ հիշատակված հրեշտակը, և ինչպե՞ս էր Եհովայի անունը «նորանում»։ Հավանաբար այդ հրեշտակը Հիսուսն էր իր մինչմարդկային գոյության ժամանակ։ Աստված նրա միջոցով իսրայելացիներին առաջնորդում էր Ավետյաց երկիր (Ա Կորնթացիս 10։1–4)։ Եհովայի անունը «նորանում» է այն իմաստով, որ Հիսուսն է այն գլխավոր անձնավորությունը, որը ջատագովում և սրբացնում է իր Հոր անունը։
32։1–8, 25–35 — Ինչո՞ւ Ահարոնը չպատժվեց ոսկե հորթը շինելու համար։ Ահարոնը սրտով կռապաշտների հետ չէր։ Ավելի ուշ նա ակներևաբար միացավ մյուս ղևտացիներին՝ նրանց հետ միասին Աստծո կողմը բռնելով ու դեմ լինելով այն անձանց, ովքեր ընդդիմացան Մովսեսին։ Մեղավորներին սպանելուց հետո Մովսեսը հիշեցրեց ժողովրդին, որ նրանք մեծ մեղք են գործել, և նշեց, որ մյուսները նույնպես, ինչպես և Ահարոնը, արժանացել են Եհովայի ողորմածությանը։
33։11, 20 — Ինչպե՞ս էր Աստված խոսում Մովսեսի հետ «դէմ առ դէմ»։ Այս արտահայտությունը նշում է երկու անձանց մտերիմ զրույց։ Մովսեսը խոսում էր Աստծո ներկայացուցչի հետ ու նրա միջոցով էլ բանավոր ստանում Նրա պատվերները։ Սակայն Մովսեսը չտեսավ Եհովային, քանի որ «մարդ չէ կարող [Աստծուն] տեսնել եւ ապրել»։ Փաստորեն, Եհովան անձամբ չի խոսել Մովսեսի հետ։ Օրենքը, ինչպես ասվում է Գաղատացիս 3։19–ում (ԱԱ), «միջնորդի մը ձեռքով՝ հրեշտակներէ տր[վեց]»։
Դասեր մեզ համար
15։25; 16։12. Եհովան հոգ է տանում իր ժողովրդի մասին։
18։21. Քրիստոնեական ժողովում պատասխանատու աշխատանք կատարելու համար ընտրված տղամարդիկ պետք է նաև լինեն «կարող»՝ ընդունակ, աստվածավախ, «հաւատարիմ»՝ վստահելի, և անշահախնդիր։
20։1–23։33. Եհովան գերագույն Օրենսդիրն է։ Հնազանդվելով այդ օրենքներին՝ իսրայելացիները կարող էին երկրպագել նրան կազմակերպված և ուրախ ձևով։ Եհովան այսօր աստվածապետական կազմակերպություն ունի։ Համագործակցելով այդ կառույցի հետ՝ մենք երջանիկ ու ապահով կլինենք։
Կարևոր նշանակություն ունի մեզ համար
Ի՞նչ է մեզ հայտնում «Ելից» գիրքը Եհովայի մասին։ Այն Աստծուն ներկայացնում է որպես սիրառատ Մատակարար, Ազատարար, որի հետ ոչ ոք չի կարող համեմատվել, և որպես իր նպատակներն Իրագործող։ Նա աստվածապետական կազմակերպության Աստվածն է։
Երբ Աստվածապետական ծառայության դպրոցին պատրաստվելիս ընթերցես Աստվածաշնչի՝ տվյալ շաբաթվա համար նախատեսված գլուխները, անկասկած մեծապես կտպավորվես այն նոր գիտելիքներից, որ կստանաս «Ելից» գրքից։ Խորհրդածելով «Սուրբգրային հարցեր ու պատասխաններ» մասում գրված նյութի շուրջ՝ ավելի մեծ հասկացողություն ձեռք կբերես սուրբգրային որոշ հատվածների վերաբերյալ։ «Դասեր մեզ համար» բաժնում տրված մեկնաբանությունները ցույց կտան, թե ինչպես կարող ես օգուտներ քաղել Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունից։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս նաև «Մոտեցիր Եհովային» գիրքը, էջ 9, պարբ. 8։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b «Սամարական Հնգամատյանը», Աստվածաշնչի «Յոթանասնից» թարգմանությունը, ինչպես նաև Հովսեպոսը վկայում են, որ 430 տարիները հաշվվում են՝ սկսած այն ժամանակից, երբ Աբրահամը մտավ Քանանի երկիր, մինչև այն ժամանակը, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից։
[նկար 24–րդ և 25–րդ էջերի վրա]
Եհովան Մովսեսին, որ հեզ անձնավորություն էր, հանձնարարեց առաջնորդել իսրայելացիներին, որոնք ազատվել էին ստրկությունից
[նկար 25–րդ էջի վրա]
Տասը պատուհասները ցույց տվեցին Արարչի իշխանությունը ջրի, արևի լույսի, միջատների, կենդանիների ու մարդկանց նկատմամբ
[նկար 26–րդ և 27–րդ էջերի վրա]
Մովսեսի միջոցով Եհովան իսրայելացիներից աստվածապետական ազգ ստեղծեց