Գլուխ 3
Ո՞վ է ճշմարիտ Աստվածը
1. Ինչո՞ւ են շատերը համաձայն Աստվածաշնչի առաջին խոսքերի հետ։
ՉԵ՞Ք լցվում արդյոք հիացմունքով, երբ պարզկա գիշերներին նայում եք երկնքին ու տեսնում բյուրավոր աստղեր։ Ինչպե՞ս կբացատրեիք նրանց գոյությունը։ Իսկ ի՞նչ կասեիք երփներանգ ծաղիկների, քաղցրաձայն թռչունների և օվկիանոսում լողացող հսկա կետերի մասին։ Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Այս ամենը չէր կարող պատահականության արդյունք լինել։ Ուստի զարմանալի չէ, որ շատերն են համաձայնվում Աստվածաշնչի առաջին խոսքերի հետ. «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1)։
2. Ի՞նչ է Աստվածաշունչը հայտնում Աստծո մասին և ի՞նչ է քաջալերում, որ անենք։
2 Մարդիկ շատ տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե ով է Աստված։ Ոմանք գտնում են, թե նա անդեմ մի ուժ է։ Միլիոնավոր մարդիկ էլ պաշտում են իրենց մահացած նախնիներին՝ համարելով, որ Աստված չափազանց հեռու է, և նրան հնարավոր չէ մոտենալ։ Գրությունները, սակայն, ցույց են տալիս, որ ճշմարիտ Աստված իրական անձ է և խորապես հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով։ Այդ պատճառով Աստվածաշունչը քաջալերում է ‘փնտրել Աստծուն’՝ ասելով. «Նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ» (Գործք 17։27, ԷԹ)։
3. Ինչո՞ւ է անհնար պատկերել Աստծուն։
3 Իսկ ի՞նչ արտաքին ունի Արարիչը։ Աստծո ծառաներից ոմանք տեսել էին նրա ներկայության փառքը. Աստված ներկայացել էր գահի վրա նստած անձնավորության տեսքով, որից ակնածանք ներշնչող փայլատակություն էր տարածվում։ Սակայն նման տեսիլքներ տեսած անհատները երբեք որոշակի դիմագծեր չեն նկարագրել (Դանիէլ 7։9, 10; Յայտնութիւն 4։2, 3)։ Բանն այն է, որ «Աստուած Հոգի է», նա ֆիզիկական մարմին չունի (Յովհաննէս 4։24)։ Քանի որ «Աստուծուն ոչ ով երբէք չէ տեսել», նրան պատկերել հնարավոր չէ (Յովհաննէս 1։18; Ելից 33։20)։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը շատ բան է հայտնում Աստծո մասին։
Ճշմարիտ Աստված անուն ունի
4. Աստծո առնչությամբ ի՞նչ իմաստալից տիտղոսներ են օգտագործվում Աստվածաշնչում։
4 Ճշմարիտ Աստծո առնչությամբ Աստվածաշնչում հետևյալ արտահայտություններն են օգտագործվում՝ Ամենակարող Աստված, Բարձրյալ, Ստեղծիչ, Մեծ Խրատող, Տեր, հավիտենության Թագավոր (Ծննդոց 17։1; Սաղմոս 50։14; Ժողովող 12։1, ԱԱ; Եսայիա 30։20, ՆԱ; Գործք 4։24; Ա Տիմոթէոս 1։17, ԷԹ)։ Նման տիտղոսների շուրջ խորհրդածելով՝ կկարողանանք ավելացնել մեր գիտելիքներն Աստծո մասին։
5. Ի՞նչ է Աստծո անունը և քանի՞ անգամ է գործածվել Եբրայերեն Գրություններում։
5 Բայց Աստված ունի առանձնահատուկ մի անուն, որը միայն Եբրայերեն Գրություններում (բնագրում) օգտագործվել է մոտ 7 000 անգամ՝ ավելի շատ, քան նրա տիտղոսներից յուրաքանչյուրը։ Սակայն մոտ 1 900 տարի առաջ հրեաները, սնապաշտական նկատառումներից ելնելով, սկսեցին խուսափել Աստծո անունն արտասանելուց։ Քանի որ Աստվածաշնչի լեզուներից մեկը՝ հին եբրայերենը, գրվում էր առանց ձայնավորների, հնարավոր չէ պարզել, թե Մովսեսը, Դավիթը և հնում ապրած շատ մարդիկ ինչպես են արտասանել Աստծո անունը կազմող հետևյալ չորս եբրայերեն բաղաձայնները՝ «הוהי»։ Որոշ գիտնականների կարծիքով՝ Աստծո անունն արտասանվել է «Յահվե», սակայն նրանք համոզված չեն դրանում։ Դարեր շարունակ հայերենում օգտագործվել է այդ անվան արտասանության «Եհովա» ձևը, որի տարատեսակները ընդունված են նաև ուրիշ լեզուներում (Ելից 6։3; Եսայիա 26։4)։
Ինչո՞ւ պետք է գործածենք Աստծո անունը
6. Ի՞նչ է ասվում Եհովայի մասին Սաղմոս 83։18–ում, և ինչո՞ւ պետք է գործածենք նրա անունը։
6 Աստծո անզուգական անունը՝ Եհովա, տարբերում է նրան մյուս աստվածներից։ Հենց դա է պատճառը, որ նրա անունն այդքան հաճախ է հանդիպում Աստվածաշնչում և հատկապես եբրայերեն տեքստում։ Շատ թարգմանիչներ Աստվածաշունչը թարգմանելիս չեն փոխանցել Աստծո անունը։ Այնուամենայնիվ, Սաղմոս 83։18–ում (ԱԱ) ասվում է. «Միայն դո՛ւն, որուն անունը Եհովա է, Բարձրեալ ես բոլոր երկրի վրայ»։ Ուստի տեղին է, որ Աստծո մասին խոսելիս գործածենք նրա անձնանունը։
7. Ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին նրա անվան նշանակությունից։
7 «Եհովա» անվան հիմքում ընկած է եբրայերեն «դառնալ» բայը, և նրա նշանակությունն է «Նա դարձնում է»։ Այդպիսով՝ Եհովան իրեն ներկայացնում է որպես Մեծ նպատակադրող, որը միշտ իրագործում է իր նպատակները։ Միայն ճշմարիտ Աստված կարող է իրավացիորեն կրել այդ անունը, քանի որ մարդիկ երբեք չեն կարող վստահ լինել այն բանում, որ իրենց ծրագրերը կհաջողվեն (Յակոբոս 4։13, 14)։ Եհովայից բացի՝ ոչ ոք չի կարող ասել. «Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի.... յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (Եսայիա 55։10, 11)։
8. Մովսեսի միջոցով իր ո՞ր նպատակի մասին հայտնեց Եհովան։
8 Թեև հրեա ժողովրդի նահապետներ Աբրահամը, Իսահակը և Հակոբը կանչել են «Եհովայի անունը», սակայն նրանք լիարժեք կերպով չեն հասկացել այդ անվան նշանակությունը (Ծննդոց 21։33; 26։25; 32։9; Ելից 6։3)։ Ավելի ուշ Եհովան հայտնեց, որ նպատակ ունի ազատել նրանց հետնորդներին՝ իսրայելացիներին, Եգիպտոսի ստրկությունից ու տանել «կաթ եւ մեղր բղխող երկիրը»։ Դա կարող էր անհնար թվալ (Ելից 3։17)։ Սակայն Աստված շեշտեց իր անվան հավերժական նշանակությունը՝ Մովսես մարգարեին պատվիրելով հետևյալը. «Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը ինձ ձեզ մօտ ուղարկեց, այս է իմ անունը յաւիտեան, եւ այս է իմ յիշատակը ազգից ազգ» (Ելից 3։15)։
9. Ի՞նչ վերաբերմունք ցուցաբերեց փարավոնը Եհովայի հանդեպ։
9 Մովսեսը փարավոնին (Եգիպտոսի թագավորին) խնդրեց, որ վերջինս թույլ տա իսրայելացիներին գնալ անապատ՝ Եհովային երկրպագելու։ Բայց փարավոնն ինքը աստված էր համարվում և, բացի դրանից, պաշտում էր եգիպտական աստվածների։ Ուստի նա պատասխանեց. «Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, եւ Իսրայէլին թող տամ. Եհովան չեմ ճանաչում, եւ Իսրայէլն էլ թող չեմ տալիս» (Ելից 5։1, 2)։
10. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Եհովան Եգիպտոսում՝ իսրայելացիների նկատմամբ իր նպատակն իրագործելու համար։
10 Գործելով իր անվան նշանակությանը ներդաշնակ՝ Եհովան սկսեց քայլեր ձեռնարկել իր նպատակը իրականացնելու ուղղությամբ։ Նա տասը պատուհաս (պատիժ) ուղարկեց հին Եգիպտոսի վրա։ Վերջին պատուհասն այն էր, որ բոլոր եգիպտացիների առաջնեկները, այդ թվում նաև փարավոնի որդին, սպանվեցին։ Դրանից հետո եգիպտացիներն իրենք ցանկացան, որ իսրայելացիները հեռանան։ Նրանցից ոմանք էլ այնքան էին տպավորվել Եհովայի զորությամբ, որ որոշեցին իսրայելացիների հետ միասին հեռանալ Եգիպտոսից (Ելից 12։35–38)։
11. Ի՞նչ հրաշք գործեց Եհովան Կարմիր ծովի մոտ, և ի՞նչ ստիպված եղան ընդունել իր թշնամիները։
11 Համառ փարավոնը հարյուրավոր մարտակառքերից բաղկացած իր զորքով սկսեց հետապնդել իր նախկին ստրուկներին։ Եգիպտացիները համարյա հասնում էին իսրայելացիներին, երբ Եհովան հրաշքով բաժանեց Կարմիր ծովի ջրերը և մի ճանապարհ բացեց, այնպես որ վերջիններս կարողացան անցնել ծովի միջով։ Նրանց հետապնդող եգիպտացիները նույնպես մտան այդ ճանապարհը։ Այդ ժամանակ Եհովան «կառքերի անիւները հանեց», ինչը դժվարացրեց նրանց ընթացքը։ Եգիպտացի զինվորներն աղաղակեցին. «Փախչենք Իսրայէլի երեսիցը, որովհետեւ Եհովան նորանց համար պատերազմում է Եգիպտացիների [դեմ]»։ Բայց արդեն ուշ էր։ Ծովի հսկայական ալիքները շառաչյունով թափվեցին նրանց վրա և «ծածկեցին Փարաւօնի կառքերը եւ ձիաւորները եւ բոլոր զօրքերը» (Ելից 14։22–25, 28)։ Եհովան մեծ անուն ձեռք բերեց, և այդ իրադարձությունը մինչև օրս չի մոռացվել (Յեսու 2։9–11)։
12, 13. ա) Ի՞նչ նշանակություն ունի Աստծո անունը մեզ համար այսօր։ բ) Խիստ անհրաժեշտ է, որ մարդիկ ի՞նչ սովորեն և ինչո՞ւ։
12 Աստծո փառավորված անունը այսօր մեծ նշանակություն ունի նաև մեզ համար։ Իր անունը՝ Եհովա, երաշխիքն է այն բանի, որ նա կատարելու է իր բոլոր նպատակները, այդ թվում նաև երկիրը դրախտի վերածելու իր սկզբնական նպատակը (Ծննդոց 1։28; 2։8)։ Դա իրականացնելու համար Աստված վերացնելու է բոլոր նրանց, ովքեր հակառակվում են իր գերիշխանությանը։ Նա ասել է. «Պիտի իմանան որ ես եմ.... Եհովան» (Եզեկիէլ 29։16)։ Այնուհետև Աստված կկատարի իր երկրպագուներին ազատագրելու խոստումը և կառաջնորդի նրանց դեպի արդար նոր աշխարհ (Բ Պետրոս 3։13)։
13 Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են արժանանալ Աստծո հավանությանը, պետք է սովորեն հավատով կանչել նրա անունը։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կ’ապրի» (Հռովմայեցիս 10։13)։ Այո՛, «Տիրոջ անունը»՝ Եհովա, շատ խոր իմատ ունի։ Դիմելով նրան որպես ձեր Աստծո և Փրկչի՝ հավիտենական երջանկության կհասնեք։
Ճշմարիտ Աստծո հատկությունները
14. Ըստ Աստվածաշնչի՝ որո՞նք են Աստծո հիմնական հատկությունները։
14 Իսրայելի ազատագրման պատմությունից պարզ է դառնում, որ Աստված ունի չորս հիմնական հատկություններ և դրանք դրսևորում է կատարյալ հավասարակշռությամբ։ Փարավոնի հանդեպ իր գործողություններից երևան է գալիս ակնածանք ներշնչող իր զորությունը (Ելից 9։16)։ Այն, թե ինչպիսի վարպետությամբ Աստված ելք գտավ ստեղծված բարդ իրավիճակից, արտացոլում է նրա բացառիկ իմաստությունը (Հռովմայեցիս 11։33)։ Իսկ իր ժողովրդին կեղեքող համառ հակառակորդներին պատժելով՝ նա ցույց տվեց իր արդարությունը (Բ Օրինաց 32։4)։ Սակայն Աստծո ամենագլխավոր հատկությունը սերն է։ Եհովան իր անզուգական սերն արտահայտեց, երբ իրականացրեց Աբրահամի սերնդի մասին իր խոստումները (Բ Օրինաց 7։8)։ Սիրո դրսևորում էր նաև այն, որ նա թույլ տվեց որոշ եգիպտացիների թողնել կեղծ աստվածներին և ընդունել միակ ճշմարիտ Աստծուն՝ իրենց իսկ օգտի համար։
15, 16. Ինչպե՞ս է Աստված դրսևորում իր սերը։
15 Կարդալով Աստվածաշունչը՝ կտեսնեք, որ սերը Աստծո ամենագլխավոր հատկությունն է, և նա ցուցաբերում է այն բազում կերպերով։ Սերն էր, որ մղեց նրան արարելու։ Առաջին էակները, որոնց նա իր հետ միասին կյանքը վայելելու հնարավորություն պարգևեց, ոգեղեն արարածներն էին։ Հարյուր միլիոնավոր այդ հրեշտակները սիրում են Աստծուն ու գովաբանում նրան (Յոբ 38։4, 7; Դանիէլ 7։10)։ Սիրո արտահայտում էր նաև այն, որ Աստված ստեղծեց երկիրը, ընդ որում այնպես, որ նրա վրա ապրելուց մարդը բավականություն ստանար (Ծննդոց 1։1, 26–28; Սաղմոս 115։16)։
16 Աստծո սերն այնքան բազում ձևերով է դրսևորվում հօգուտ մեզ, որ բոլորը թվարկել հնարավոր չէ։ Օրինակ՝ մեր մարմինը զարմանահրաշ կերպով է ստեղծված և հնարավորություն է ընձեռում կյանքից բավականություն ստանալու (Սաղմոս 139։14)։ Աստված նաև իր սերը արտահայտում է՝ տալով «անձրեւներ եւ պտղաբեր ժամանակներ, կերակուրներով եւ ուրախութիւնով [մեր] սրտերը լցնելով» (Գործք 14։16)։ Բացի այդ, Աստված «արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ» (Մատթէոս 5։45)։ Սերը նաև մղում է Արարչին օգնել մեզ Աստծո գիտությունը ձեռք բերելու և որպես նրա երկրպագուներ՝ ուրախությամբ իրեն ծառայելու։ Իրոք որ, «Աստուած սէր է» (Ա Յովհաննէս 4։8)։ Բայց նա շատ ուրիշ հատկություններ էլ ունի։
«Ողորմած և գթած»
17. Ի՞նչ ենք սովորում Աստծո մասին Ելից 34։6, 7–ից։
17 Կարմիր ծովն անցնելուց հետո անգամ իսրայելացիները կարիք ունեին Աստծուն ավելի լավ ճանաչելու։ Գիտակցելով դա՝ Մովսեսն աղոթքով ասաց. «Եթէ քո առաջին շնորհք գտայ՝ խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհք գտնեմ» (Ելից 33։13)։ Մովսեսն ավելի լավ պատկերացում կազմեց Աստծո մասին, երբ լսեց նրա հետևյալ խոսքերը. «Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով, որ հազարների ողորմութիւն ես անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք ես ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չես թողում [«չ[ես] ազատում պատժից», ԷԹ]» (Ելից 34։6, 7)։ Աստված իր սերը հավասարակշռում է արդարությամբ և գիտակցաբար մեղք գործողին չի ազատում իր կատարած սխալի հետևանքներից։
18. Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս, որ ողորմած Աստված է։
18 Մովսեսին ասված խոսքերից երևում է, որ Աստված ողորմած է։ Ողորմած անհատը կարեկցանքով է վերաբերվում տառապող մարդկանց ու ձգտում է ամոքել նրանց ցավը։ Աստված, օրինակ, կարեկցանք ցուցաբերեց մարդկանց հանդեպ՝ միջոցներ ձեռնարկելով տառապանքից, հիվանդությունից ու մահից նրանց ազատելու (Յայտնութիւն 21։3–5)։ Աստծուն երկրպագող անհատները գուցե դժվարությունների հանդիպեն այս աշխարհում տիրող իրավիճակների կամ իրենց իսկ անխոհեմ քայլերի պատճառով։ Բայց եթե նրանք խոնարհաբար դիմեն Աստծուն՝ նրա աջակցությունը ստանալու խնդրանքով, Եհովան կմխիթարի ու կօգնի նրանց։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստված ողորմած է և հոգ է տանում իր երկրպագուների մասին (Սաղմոս 86։15; Ա Պետրոս 5։6, 7)։
19. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստված գթառատ է։
19 Իշխանություն ունեցող մարդիկ սովորաբար կոպտորեն են վերաբերվում ուրիշներին։ Որքա՜ն է նրանցից տարբերվում Եհովան, որը գթառատ է իր խոնարհ ծառաների հանդեպ։ Թեև նա ողջ տիեզերքում ամենաբարձր դիրքն է զբաղեցնում, սակայն առանձնահատուկ բարություն է ցուցաբերում ողջ մարդկության նկատմամբ (Սաղմոս 8։3, 4; Ղուկաս 6։35)։ Եհովան գթասրտորեն է վերաբերվում նաև առանձին անհատների՝ պատասխանելով նրանց աղոթքներին (Ելից 22։26, 27; Ղուկաս 18։13, 14)։ Ինչ խոսք, Աստված պարտավոր չէ որևէ մեկի հանդեպ ողորմածություն ցուցաբերել (Ելից 33։19)։ Ուստի հարկավոր է ցույց տալ, որ ի սրտե երախտապարտ ենք նրա ողորմածության և գթասրտության համար (Սաղմոս 145։1, 8)։
Երկայնամիտ, անաչառ և արդար
20. Ինչի՞ց է երևում, որ Աստված երկայնամիտ է և անաչառ։
20 Եհովան երկայնամիտ է։ Բայց դա չի նշանակում, թե հարկ եղած դեպքում նա ոչ մի քայլի չի դիմում. դա երևում է այն բանից, որ Կարմիր ծովում նա կործանեց փարավոնին ու վերջինիս զորքը։ Եհովան նաև անաչառ է։ Դա էր պատճառը, որ նրա ընտրյալ ժողովուրդը՝ Իսրայելը, իր չար գործերը շարունակելու համար ի վերջո կորցրեց նրա բարեհաճությունը։ Աստված իր երկրպագուները դառնալու հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, բայց միայն այն պայմանով, եթե նրանք ընտրեն իր արդար ճանապարհները (Գործք 10։34, 35)։
21. ա) Աստծո մասին ի՞նչ ենք սովորում Յայտնութիւն 15։2–4-ից։ բ) Ի՞նչը կօգնի, որ մեզ հեշտ լինի անել այն, ինչ ճիշտ է Աստծո տեսանկյունից։
21 Աստվածաշնչի «Յայտնութիւն» գրիքն ընդգծում է Աստծո ‘արդար դատաստանները’ սովորելու կարևորությունը։ Համաձայն այդ գրքի՝ երկնային արարածները երգում էին. «Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագաւոր։ Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ. որ միայն դու ես սուրբ. վասնզի բոլոր ազգերը կ’գան եւ քո առաջին երկրպագութիւն կ’անեն, որովհետեւ քո իրաւունքները [«արդար դատաստաններդ», ԱԱ] յայտնուեցան» (Յայտնութիւն 15։2–4)։ Եթե աստվածավախ ենք ու խոր հարգանք ենք տածում Աստծո հանդեպ, ապա կյանքում կառաջնորդվենք նրա չափանիշներով։ Մեզ հեշտ կլինի դա անել, եթե միշտ հիշենք, որ Աստված իմաստուն է և սիրառատ։ Նրա բոլոր պատվիրանները մեր օգտի համար են (Եսայիա 48։17, 18)։
«Մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան Մէկ է»
22. Աստվածաշունչն ընդունող մարդիկ ինչո՞ւ չեն երկրպագում Երրորդությանը։
22 Հնում եգիպտացիները բազմաթիվ աստվածների էին պաշտում։ Բայց Եհովան «նախանձոտ Աստուած» է. նա բացարձակ երկրպագություն է պահանջում (Ելից 20։5)։ Ահա թե ինչ հիշեցում տվեց իսրայելացիներին Մովսեսը. «Մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան Մէկ է» (Բ Օրինաց 6։4)։ Նույն խոսքերը ասել է նաև Հիսուս Քրիստոսը (Մարկոս 12։28, 29)։ Ուստի՝ ովքեր ընդունում են, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է, չեն երկրպագում Երրորդությանը (այդ աստվածությունը, երեք անձերից կամ աստվածներից բաղկացած լինելով հանդերձ, մեկ անձնավորություն է)։ Պետք է նշել, որ «Երրորդություն» բառը Աստվածաշնչում ընդհանրապես չի օգտագործվում։ Ճշմարիտ Աստված մեկ անձնավորություն է և տարբեր է Հիսուս Քրիստոսից (Յովհաննէս 14։28; Ա Կորնթացիս 15։28)։ Իսկ Աստծո սուրբ ոգին ոչ թե անձ է, այլ նրա գործուն ուժը, որի միջոցով Ամենակալն իրականացնում է իր նպատակները (Ծննդոց 1։2; Գործք 2։1–4, 32, 33; Բ Պետրոս 1։20, 21)։
23. ա) Ինչպե՞ս կարող եք խորացնել ձեր սերը Աստծո հանդեպ։ բ) Ի՞նչ է ասել Հիսուսը Աստծուն սիրելու վերաբերյալ, և ի՞նչ է անհրաժեշտ սովորել Քրիստոսի մասին։
23 Տեսնելով, թե որքան հրաշալի անձնավորություն է Եհովան՝ մի՞թե չեք համաձայնի, որ նա արժանի է մեր երկրպագությանը։ Շարունակելով Աստվածաշնչի ուսումնասիրությունը՝ ավելի լավ կծանոթանաք Աստծո հետ և կիմանաք, թե ինչ է նա պահանջում ձեզանից՝ հօգուտ ձեր հավիտենական բարօրության ու երջանկության (Մատթէոս 5։3, 6)։ Բացի այդ, ձեր սերը Աստծո հանդեպ կաճի։ Եվ դա համահունչ կլինի Հիսուսի հետևյալ խոսքերին. «Սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ» (Մարկոս 12։30)։ Ակնհայտ է, որ նա հենց այդպես էր սիրում Աստծուն։ Սակայն ի՞նչ է Աստվածաշունչը հայտնում Հիսուսի մասին։ Աստծո նպատակի հետ կապված՝ ի՞նչ դեր է խաղում նա։
ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
• Ի՞նչ է Աստծո անունը, և քանի՞ անգամ է այն օգտագործվել Եբրայերեն Գրություններում։
• Ինչո՞ւ է հարկավոր օգտագործել Աստծո անունը։
• Եհովայի ո՞ր հատկություններն են ձեզ առանձնապես գրավում
[Նկար 29–րդ էջի վրա]
Որքանո՞վ եք ճանաչում Նրան, ով ստեղծել է այս ամենը