Պատվիր Եհովայի մեծ անունը
«Ես կփառաբանեմ քո անունը հավիտյան» (ՍԱՂ. 86։12)։
1, 2. Ի տարբերություն քրիստոնեական աշխարհի՝ ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում Աստծու անվանը։
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ աշխարհի եկեղեցիները, ընդհանուր առմամբ, խուսափում են Աստծու անունն օգտագործելուց։ Օրինակ՝ Աստվածաշնչի մի թարգմանության նախաբանում գրված է. «Մեկ և միակ Աստծու համար որևէ անձնանուն գործածելու սովորությունը.... ամենևին հարիր չէ քրիստոնեական եկեղեցու համընդհանուր հավատին» (Revised Standard Version)։
2 Եհովայի վկաները, սակայն, հպարտ են կրելու Աստծու անունը և փառաբանելու այն (կարդա՛ Սաղմոս 86։12; Եսայիա 43։10)։ Մեզ համար մեծ պատիվ է հասկանալ «Եհովա» անվան նշանակությունը և այդ անվան սրբացման հետ կապված տիեզերական հարցը (Մատթ. 6։9)։ Քննենք երեք կարևոր հարց, որոնք կօգնեն երբեք չմոռանալու, թե որքան մեծ պատիվ է ճանաչել Եհովային։ Ի՞նչ է նշանակում իմանալ Աստծու անունը։ Եհովան ինչպե՞ս է գործել իր մեծ անվան համաձայն։ Ինչպե՞ս կարող ենք քայլել Եհովայի անունով։
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԻՄԱՆԱԼ ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ
3. Ի՞նչ է նշանակում իմանալ Աստծու անունը։
3 Աստծու անունն իմանալ ավելին է նշանակում, քան պարզապես իմանալ, որ նրա անունը Եհովա է։ Դա նշանակում է իմանալ, թե նա ինչ հեղինակություն, հատկություններ և նպատակ ունի, ինչ գործեր է արել և ինչպես է վարվել իր ծառաների հետ։ Իր մասին գիտելիքները Եհովան մեզ հայտնում է աստիճանաբար՝ իր նպատակի իրագործմանը զուգընթաց (Առակ. 4։18)։ Աստված Ադամին ու Եվային հայտնել էր իր անունը. երբ Եվան Կայենին ծնեց, ասաց. «Մարդ ծնեցի Եհովայի օգնությամբ» (Ծննդ. 4։1)։ Հավատարիմ նահապետներ Նոյը, Աբրահամը, Իսահակը և Հակոբը գիտեին Աստծու անունը։ Նրանց ակնածանքը Եհովայի անվան հանդեպ մեծանում էր, երբ նա օրհնում էր նրանց, հոգ էր տանում նրանց մասին և իր նպատակի հետ կապված որոշ մանրամասներ էր հայտնում։ Իսկ Մովսեսը պատիվ ունեցավ իմանալու Աստծու անվան նշանակությունը։
4. Ինչո՞ւ Մովսեսը Աստծուն հարցրեց, թե ինչ է նրա անունը, և ինչո՞ւ էր այդ հարցը տեղին։
4 Կարդա՛ Ելք 3։10–15։ Երբ Մովսեսը 80 տարեկան էր, Աստված նրան մի շատ դժվար առաջադրանք տվեց՝ ասելով. «Եգիպտոսից հանիր իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին»։ Մովսեսը՝ ակնածանքով լի, Եհովային մի շատ կարևոր հարց տվեց։ Նրա հարցը, եթե կարճ ձևակերպենք, հետևյալն էր. «Ի՞նչ է քո անունը»։ Քանի որ Աստծու անունը վաղուց էր հայտնի, Մովսեսի հարցը կարող է մեզ տարօրինակ թվալ։ Այդ հարցը տալով՝ նա ակներևաբար ցանկանում էր ավելին իմանալ այն անձնավորության մասին, որը կրում էր այդ անունը։ Նա ուզում էր ստանալ այնպիսի տեղեկություն, որը իսրայելացիներին կհամոզեր, որ Աստված անպայման ազատելու է իրենց։ Մովսեսի հարցը տեղին էր, որովհետև իսրայելացիները երկար ժամանակ էր արդեն, ինչ ստրուկ էին Եգիպտոսում, և հնարավոր է՝ կասկածեին, որ իրենց նախահայրերի Աստվածը կարող է ազատել իրենց։ Որոշ իսրայելացիներ նույնիսկ եգիպտական աստվածների էին պաշտում (Եզեկ. 20։7, 8)։
5. Ի՞նչ հայտնեց Եհովան Մովսեսին իր անվան մասին։
5 Ի՞նչ պատասխանեց Եհովան Մովսեսի հարցին։ Նա ասաց. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. ««ԵՍ ԿԴԱՌՆԱՄ»-ն է ինձ ձեզ մոտ ուղարկել.... Եհովան՝ ձեր նախահայրերի.... Աստվածն է ինձ ձեզ մոտ ուղարկել»»a։ Աստված հայտնեց, որ իր նպատակն իրագործելու համար ինքը կդառնա այն, ինչ կցանկանա. նա իր ասած խոսքը միշտ կպահի։ 15-րդ համարի վերջում Եհովան ասում է. «Սա է իմ անունը հավիտյան, և սրանով ինձ կհիշեն սերնդեսերունդ»։ Եհովայի խոսքերը, անկասկած, խորապես տպավորեցին Մովսեսին և ամրացրին նրա հավատը։
ԵՀՈՎԱՆ ԳՈՐԾԵՑ ԻՐ ԱՆՎԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ
6, 7. Ինչպե՞ս Եհովան գործեց իր մեծ անվան համաձայն։
6 Մովսեսի հետ խոսելուց կարճ ժամանակ անց Եհովան սկսեց կատարել իր նպատակը։ Իր անվան համաձայն գործելով՝ նա դարձավ Իսրայելի ազատարարը։ Տասը կործանարար պատուհասներով Եհովան նվաստացրեց Եգիպտոսին՝ փաստելով, որ եգիպտական աստվածները, ներառյալ փարավոնը, անզոր են (Ելք 12։12)։ Հետո նա բացեց Կարմիր ծովը, իսրայելացիներին անցկացրեց նրա միջով, իսկ փարավոնին և նրա զորքը խորտակեց ջրերում (Սաղ. 136։13–15)։ «Մեծ և ահազդու անապատում» Եհովան երկուսից երեք միլիոն (կամ գուցե ավելի շատ) իսրայելացիների համար դարձավ կյանք պահպանող. Աստված նրանց ապահովեց սննդով և ջրով։ Եհովան նույնիսկ այնպես արեց, որ նրանց հագուստն ու սանդալները չմաշվեն (2 Օրենք 1։19; 29։5)։ Այո՛, ոչինչ չի կարող խանգարել Եհովային գործելու իր անզուգական անվան համաձայն։ Դարեր անց Եհովան Եսայիային ասաց. «Ես, ես Եհովան եմ, և ինձանից բացի, ուրիշ փրկիչ չկա» (Ես. 43։11)։
7 Մովսեսից հետո առաջնորդ եղավ Հեսուն։ Նա նույնպես ականատես էր եղել Եգիպտոսում և անապատում Եհովայի կատարած ահազդու գործերին։ Այդ իսկ պատճառով կյանքի վերջում նա կարող էր լիակատար համոզվածությամբ իր հայրենակիցներին ասել. «Դուք լավ գիտեք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով, որ այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց։ Բոլորն էլ կատարվեցին ձեզ համար։ Նրանցից և ոչ մի խոսք առանց կատարվելու չմնաց» (Հեսու 23։14)։ Այո՛, Եհովան պահեց իր խոսքը և դարձավ այն, ինչ պետք էր։
8. Ինչպե՞ս է Եհովան գործում իր անվան համաձայն մեր օրերում։
8 Այսօր ևս Եհովան գործում է իր անվան համաձայն։ Իր Որդու միջոցով նա հայտնեց, որ վերջին օրերում Թագավորության լուրը քարոզվելու է «ամբողջ երկրով մեկ» (Մատթ. 24։14)։ Ամենակարող Աստծուց բացի, ուրիշ ո՞վ կարող էր այսպիսի բան մարգարեանալ և այնպես անել, որ այն կատարվի, ընդ որում «անուսում և հասարակ» մարդկանց միջոցով (Գործ. 4։13)։ Ուրեմն երբ մասնակցում ենք քարոզելու գործին, մասնակցում ենք աստվածաշնչյան մարգարեության կատարման։ Դրանով մենք պատվում ենք մեր երկնային Հորը և ցույց ենք տալիս, որ սրտանց ուզում ենք տեսնել հետևյալ խոսքերի կատարումը. «Թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթ. 6։9, 10)։
ՆՐԱ ԱՆՈՒՆԸ ՄԵԾ Է
9, 10. Ուրիշ ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին այն բանից, թե ինչպես նա վարվեց իսրայելացիների հետ։
9 Այն բանից հետո, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, Եհովան նրանց հետ ուխտ կապեց։ Օրենքի ուխտի միջոցով նա «դարձավ» նրանց «ամուսինն ու տերը», այսինքն՝ իր վրա պատասխանատվություններ վերցրեց նրանց առնչությամբ (Երեմ. 3։14)։ Փոխաբերական առումով՝ իսրայելացիները դարձան Եհովայի կինը։ Նրանք դարձան Եհովայի անունով կոչվող ժողովուրդ (Ես. 54։5, 6)։ Եթե իսրայելացիները պատրաստակամորեն հնազանդվեին Եհովային և պահեին նրա պատվիրանները, նա օրհնելու, պահելու և խաղաղություն էր տալու նրանց (Թվեր 6։22–27)։ Այդպիսով Եհովայի մեծ անունը փառաբանվելու էր ազգերի մեջ (կարդա՛ 2 Օրենք 4։5–8; Սաղմոս 86։7–10)։ Իսրայելի պատմության ողջ ընթացքում բազմաթիվ օտարազգիներ ընդունեցին ճշմարիտ երկրպագությունը։ Նրանք կարծես ասացին այն խոսքերը, որոնք մովաբացի Հռութն ասաց Նոեմիին. «Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածը իմ Աստվածը կլինի» (Հռութ 1։16)։
10 Այն, թե ինչպես էր Եհովան վարվում Իսրայելի հետ 1500 տարիների ընթացքում, մեզ շատ ուրիշ բաներ է ասում նրա մասին։ Թեև իսրայելացիները կամակոր ազգ էին, Աստված միշտ «ողորմած» էր լինում նրանց հանդեպ։ Նա «բարկանալու մեջ դանդաղ» էր և մեծ համբերություն էր դրսևորում (Ելք 34։5–7)։ Եհովայի համբերատարությունը, սակայն, սահման ուներ։ Նրա համբերության բաժակը լցվեց, երբ հրեա ազգը մերժեց իր Որդուն և սպանեց նրան (Մատթ. 23։37, 38)։ Իսրայելացիները դադարեցին Աստծու ժողովուրդը լինելուց։ Նրանց մեծ մասը հոգևորապես մահացավ ու կարծես դարձավ չորացած ծառ (Ղուկ. 23։31)։ Ինչպե՞ս հրեաները վերաբերվեցին Աստծու անվանը հետագայում։
11. Ինչո՞ւ Աստծու անունը դուրս մղվեց հուդայականությունից։
11 Պատմությունից իմանում ենք, որ ժամանակի ընթացքում հրեաները սկսեցին սնահավատորեն վերաբերվել Աստծու անվանը. նրանք մտածում էին, որ այն չպետք է արտասանել (Ելք 20։7)։ «Եհովա» անունը աստիճանաբար դուրս մղվեց հուդայականությունից։ Անշուշտ, Եհովայի համար վիրավորական էր, որ նրանք անհարգալից էին վերաբերվում իր անվանը (Սաղ. 78։40, 41)։ Բայց հստակ էր, որ «Եհովան, որի անունը Խանդոտ է», թույլ չէր տալու, որ իր անունը հավերժ կապված լինի մի ժողովրդի հետ, ով հրաժարվել էր իրենից և որից ինքն էր հրաժարվել (Ելք 34։14)։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կարևոր է հարգալից վերաբերվել Արարչի անվանը։
ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉՎՈՂ ՄԻ ՆՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ
12. Եհովան ինչպե՞ս իր անունով կոչվող մի նոր ժողովուրդ ստեղծեց։
12 Երեմիայի միջոցով Եհովան հայտնեց, որ «նոր ուխտ» է կապելու մի նոր ազգի՝ հոգևոր Իսրայելի հետ։ Երեմիան մարգարեացավ, որ այդ ազգի բոլոր անդամները՝ «փոքրից մինչև մեծը», ճանաչելու են Եհովային (Երեմ. 31։31, 33, 34)։ Այս մարգարեությունը սկսեց կատարվել 33թ. Պենտեկոստեին, երբ Աստված հաստատեց նոր ուխտը։ Նոր ազգը՝ «Աստծու Իսրայելը», որը բաղկացած էր հրեաներից և ոչ հրեաներից, դարձավ «մի ժողովուրդ [Աստծու] անվան համար», «ժողովուրդ, որն [Աստծու] անունով է կոչվում» (Գաղ. 6։16; կարդա՛ Գործեր 15։14–17; Մատթ. 21։43)։
13. ա) Վաղ քրիստոնյաները օգտագործե՞լ են Աստծու անունը։ բ) Ինչպե՞ս ես վերաբերվում ծառայության ժամանակ Եհովայի անունն օգտագործելու առանձնաշնորհմանը։
13 Հոգևոր Իսրայելի անդամները, լինելով մի «ժողովուրդ, որն [Աստծու] անունով է կոչվում», անկասկած օգտագործում էին Աստծու անունը, օրինակ՝ երբ մեջբերումներ էին անում Եբրայերեն Գրություններիցb։ Պետրոս առաքյալը, 33թ. Պենտեկոստեին դիմելով հրեաներից և պրոզելիտներից բաղկացած իր լսարանին, մի քանի անգամ օգտագործեց Աստծու անունը (Գործ. 2։14, 20, 21, 25, 34)։ Վաղ քրիստոնյաները պատվում էին Եհովային, նա էլ օրհնում էր նրանց ջանքերը քարոզչական գործում։ Նմանապես այսօր Եհովան օրհնում է մեր ծառայությունը, երբ հպարտորեն հռչակում ենք իր անունը, ինչպես նաև Աստվածաշնչից մարդկանց ցույց ենք տալիս Աստծու անունը (հնարավորության դեպքում՝ իրենց Աստվածաշնչով)։ Այդպիսով մենք նրանց ծանոթացնում ենք ճշմարիտ Աստծու հետ։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է դա թե՛ մեզ, թե՛ նրանց համար։ Այդպիսի ծանոթությունը կարող է սկիզբ դնել Եհովայի հետ չքնաղ փոխհարաբերությունների, որոնք կարող են աստիճանաբար ամրանալ և շարունակվել հավիտյան։
14, 15. Չնայած հավատուրացության տարածմանը՝ ինչպե՞ս է Աստծու անունը պահպանվել։
14 Հատկապես առաքյալների մահից հետո հավատուրացությունը սկսեց ներթափանցել վաղ քրիստոնեական ժողով (2 Թեսաղ. 2։3–7)։ Կեղծ ուսուցիչները որդեգրեցին Աստծու անունը չօգտագործելու հրեական ավանդույթը։ Բայց մի՞թե Եհովան թույլ կտար, որ իր մեծ անունը մոռացվեր։ Երբե՛ք։ Ճիշտ է, Աստծու անվան ճշգրիտ արտասանությունը մինչև հիմա պարզ չէ, բայց փաստն այն է, որ այդ անունը պահպանվել է մինչև մեր օրերը։ Ժամանակի ընթացքում այն սկսեց գրվել Աստվածաշնչի զանազան թարգմանություններում, ինչպես նաև աստվածաշնչագետների աշխատություններում։ Օրինակ՝ 1757թ.-ին Չարլզ Պիտերսը գրեց, որ ի տարբերություն Աստծու շատ տիտղոսների՝ «Եհովա» անունը, «ըստ ամենայնի, ամենից դիպուկ կերպով է նկարագրում նրա էությունը»։ Հոպտոն Հեյնսը 1797թ.-ին լույս ընծայեց մի գիրք Աստծուն երկրպագելու մասին։ Այդ գրքի 7-րդ գլխի սկզբում նա գրել է. «ԵՀՈՎԱՆ հրեաների ԱՍՏԾՈՒ անձնանունն է։ Հրեաները միայն նրան էին երկրպագում։ Քրիստոսն ու առաքյալները նույնպես նրան են երկրպագել»։ Հենրի Գրուն (1781–1862) ոչ միայն գործածում էր Աստծու անունը, այլև ընդունում էր, որ այն նախատինքի է արժանացել և պետք է սրբացվի։ Ջորջ Սթորզը (1796–1879), որը սերտորեն համագործակցել է Չարլզ Ռասելի հետ, նույնպես օգտագործել է Աստծու անունը։
15 1931 թվականը նշանակալից էր, որովհետև այդ տարի Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողները (այդ ժամանակ Աստծու ժողովուրդը այսպես էր կոչվում) ընդունեցին «Եհովայի վկաներ» սուրբգրային անվանումը (Ես. 43։10–12)։ Այդպիսով նրանք աշխարհին հայտարարեցին, որ հպարտ են լինել միակ ճշմարիտ Աստծու ծառաները, լինել «մի ժողովուրդ.... նրա անվան համար» և գովաբանել նրա անունը (Գործ. 15։14)։ Այս ամենը հիշեցնում է մեզ Եհովայի այն խոսքերը, որ գրված են Մաղաքիա 1։1-ում. «Արևածագից մինչև արևամուտ իմ անունը մեծ կլինի ազգերի մեջ»։
ՔԱՅԼԻՐ ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆՈՎ
16. Եհովայի անունով քայլելը ինչո՞ւ մեզ համար պետք է մեծ պատիվ լինի։
16 Միքիա մարգարեն գրեց. «Բոլոր ժողովուրդներն իրենց աստծու անունով կքայլեն, բայց մենք մեր Աստված Եհովայի անունով կքայլենք դարեդար, հավիտյան» (Միք. 4։5)։ Այն, որ Եհովան թույլ տվեց Աստվածաշունչ ուսումնասիրողներին կրելու իր անունը, ոչ միայն մեծ պատիվ էր նրանց համար, այլև հավաստիացում, որ Եհովան հավանում է նրանց (կարդա՛ Մաղաքիա 3։16–18)։ Իսկ ինչպե՞ս ես դու վերաբերվում Աստծու անվանը։ Ամեն ջանք թափո՞ւմ ես, որ «քայլես Եհովայի անունով»։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ է դա նշանակում։
17. Ի՞նչ պետք է անենք Աստծու անունով քայլելու համար։
17 Աստծու անունով քայլելը ներառում է առնվազն երեք բան։ Առաջին՝ գիտակցելով, որ փրկվելու են միայն Եհովայի անունը կանչողները՝ մենք պետք է այն հայտնենք ուրիշներին (Հռոմ. 10։13)։ Երկրորդ՝ մենք պետք է դրսևորենք Եհովայի հատկությունները, հատկապես՝ սերը։ Եվ երրորդ՝ մենք կքայլենք Աստծու անունով, եթե ուրախությամբ հնազանդվենք նրա արդար չափանիշներին, ինչով և պատիվ կբերենք մեր երկնային Հոր սուրբ անվանը (1 Հովհ. 4։8; 5։3)։ Վճռակա՞ն ես «Եհովայի անունով քայլելու դարեդար»։
18. Եհովայի անունը պատվողներն ինչո՞ւ կարող են ապագային վստահությամբ նայել։
18 Շուտով բոլոր նրանք, ովքեր արհամարհում են Եհովային, կիմանան, թե ով է նա (Եզեկ. 38։23)։ Այդ մարդիկ նման են փարավոնին, որն ասաց. «Եհովան ո՞վ է, որ հնազանդվեմ նրա ձայնին»։ Փարավոնը ստիպված չեղավ երկար սպասել իր հարցի պատասխանին (Ելք 5։1, 2; 9։16; 12։29)։ Ի տարբերություն նրա, որը ստիպված էր ճանաչել Եհովային՝ մենք ցանկացել ենք ճանաչել Եհովային։ Մենք հպարտ ենք կրելու Աստծու անունը, հնազանդվելու նրան և լինելու նրա անունով կոչվող ժողովուրդ։ Մենք վստահությամբ ենք նայում ապագային։ Սաղմոսերգուի պես՝ ասում ենք. «Քո անունը ճանաչողները կապավինեն քեզ. որովհետև դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, ո՛վ Եհովա» (Սաղ. 9։10)։
a Աստծու անունը «դառնալ» թարգմանված եբրայերեն բայի մի ձև է։ «Եհովա» նշանակում է «նա դարձնում է» (Ծննդ. 2։4, ծնթ.)։
b Աստվածաշնչի եբրայերեն այն տեքստը, որը վաղ քրիստոնյաներն օգտագործում էին, պարունակում էր քառագիրը։ Եղած փաստերից կարելի է եզրակացնել, որ քառագիրն առկա էր նաև «Յոթանասնից» թարգմանությունում (Եբրայերեն Գրությունների հունարեն թարգմանություն)։