ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 9
Սերն ու արդարությունը հին Իսրայելում (մաս 1)
«Եհովան արդարություն և արդարադատություն է սիրում։ Եհովայի սիրառատ բարությամբ է լցված երկիրը» (ՍԱՂ. 33։5)։
ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1–2. ա) Բոլոր մարդիկ ինչի՞ կարիք ունեն։ բ) Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։
ԲՈԼՈՐՍ էլ ուզում ենք սիրված լինել։ Բացի այդ, ոչ մեկիս դուր չի գալիս, երբ մեզ հետ անարդարացի են վարվում։ Երբ մարդ իր կյանքում սեր չի տեսնում և հաճախ անարդարացի վերաբերմունքի է բախվում, ինքն իրեն անարժեք է զգում և հուսահատվում է։
2 Եհովան շատ լավ գիտի, որ մենք սիրո կարիք ունենք և ծարավ ենք արդարության (Սաղ. 33։5)։ Կարող ենք համոզված լինել, որ մեր Աստված ջերմորեն սիրում է մեզ և ցանկանում է, որ մեզ հետ արդարացիորեն վարվեն։ Սա ակնհայտ երևում է, երբ ավելի հանգամանորեն ենք քննում այն Օրենքը, որ Եհովան Մովսեսի միջոցով տվել էր Իսրայել ազգին։ Եթե դառնացած ես մարդկանց անսրտությունից կամ փշրված ես անարդար վերաբերմունքից, խնդրում ենք, ուշադրություն դարձրու, թե Մովսիսական օրենքըb ինչպես է բացահայտում Եհովայի հոգատարությունը։
3. ա) Ինչպես բացատրվում է Հռոմեացիներ 13։8–10 համարներում, Մովսիսական օրենքն ուսումնասիրելիս ի՞նչ կիմանանք։ բ) Այս հոդվածը ո՞ր հարցերին կպատասխանի։
3 Մովսիսական օրենքն ուսումնասիրելով՝ կտեսնենք, թե որքան գորովալից ու ջերմ է մեր Աստված Եհովան (կարդա Հռոմեացիներ 13։8–10)։ Այս հոդվածում կքննենք Իսրայել ազգին տրված օրենքներից մի քանիսը և կգտնենք հետևյալ հարցերի պատասխանները։ Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Օրենքի հիմքում սերն է։ Ինչպե՞ս էր այն սովորեցնում արդարություն գործի դնել։ Իշխանություն ունեցող տղամարդիկ ինչպե՞ս պետք է կիրառեին Օրենքը։ Եվ հատկապես ո՞ւմ էր այն պաշտպանում։ Այս հարցերի պատասխանները կմխիթարեն ու հույսով կլցնեն մեր սիրտը, ինչպես նաև մեզ ավելի կմտերմացնեն մեր սիրառատ Հոր հետ (Գործ. 17։27; Հռոմ. 15։4)։
ՕՐԵՆՍԳԻՐՔ, ՈՐ ՀԻՄՆՎԱԾ Է ՍԻՐՈ ՎՐԱ
4. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Մովսիսական օրենքի հիմքում սերն է։ բ) Մատթեոս 22։36–40 համարների համաձայն՝ Հիսուսը ո՞ր պատվիրաններն առանձնացրեց։
4 Վստահությամբ կարող ենք ասել, որ Մովսիսական օրենքը հիմնված է սիրո վրա, չէ՞ որ Եհովայի բոլոր գործերը սիրուց են բխում (1 Հովհ. 4։8)։ Եհովան օրենքների այդ ողջ հավաքածուն հիմնեց երկու գլխավոր պատվիրանների վրա, որոնք են՝ սիրել Աստծուն և սիրել մերձավորին (Ղևտ. 19։18; 2 Օրենք 6։5; կարդա Մատթեոս 22։36–40)։ Ուստի այդ Օրենքը կազմող 600-ից ավելի պատվիրանները այս կամ այն ձևով բացահայտում են Եհովայի սերը։ Եկեք մի քանի այդպիսի օրինակ քննենք։
5–6. Եհովան ցանկանում է, որ ամուսիններն ի՞նչ անեն, և նա ինչի՞ց է լավատեղյակ։ Բեր օրինակ։
5 Հավատարիմ եղիր կողակցիդ և հոգ տար երեխաներիդ մասին։ Եհովան ուզում է, որ ամուսիններն այնքան ուժգին սեր զարգացնեն միմյանց հանդեպ, որ այն ողջ կյանքում չմարի (Ծննդ. 2։24; Մատթ. 19։3–6)։ Ամուսնական դավաճանությունը ամենադաժան հանցանքներից է, որ մարդ կարող է գործել իր կողակցի դեմ։ Այդ պատճառով էլ Տասը պատվիրաններից յոթերորդում ասվում էր. «Շնություն մի՛ գործիր» (2 Օրենք 5։18)։ Դա մեղք է Աստծու դեմ և միևնույն ժամանակ կողակցին հասցված ծանրագույն վիրավորանք (Ծննդ. 39։7–9)։ Այն մարդը, ում կողակիցը դավաճանել է իրեն, կարող է տասնամյակներ շարունակ իր սրտում զգալ այդ ցավը։
6 Եհովան լավատեղյակ է, թե ամուսինները ինչպես են վերաբերվում միմյանց։ Նա շատ էր ուզում, որ իսրայելացի տղամարդիկ լավ վերաբերվեին իրենց կանանց։ Մովսիսական օրենքը հարգող ամուսինը պետք է սիրեր իր կնոջը և առանց հիմնավոր պատճառի չբաժանվեր նրանից (2 Օրենք 24։1–4; Մատթ. 19։3, 8)։ Բայց եթե լուրջ խնդիր ծագեր, և ամուսինը որոշեր բաժանվել կնոջից, նա պետք է բաժանման վկայական տար նրան։ Այդ փաստաթուղթը կնոջը պաշտպանում էր անբարոյություն գործելու մեջ մեղադրվելու վտանգից։ Բացի այդ, կնոջը վկայական տալուց առաջ ամուսինը, ամենայն հավանականությամբ, պետք է խորհրդակցեր քաղաքի երեցների հետ։ Այդպես երեցները հնարավորություն էին ունենում օգնելու զույգին պահպանել իրենց ընտանիքը։ Երբ իսրայելացի տղամարդը եսասիրական նպատակներով էր բաժանվում կնոջից, Եհովան ոչ միշտ էր միջամտում։ Սակայն նրա աչքից չէին վրիպում այդ կնոջ թափած արցունքները։ Եհովան զգում էր նրա ցավը (Մաղ. 2։13–16)։
7–8. ա) Եհովան ծնողներին ի՞նչ էր պատվիրել (տես ամսագրի շապիկի նկարը)։ բ) Ի՞նչ դասեր ենք քաղում։
7 Մովսիսական օրենքը նաև բացահայտում էր, թե Աստված որքան է հոգ տանում երեխաների մասին։ Նա ուզում է, որ նրանք երջանիկ ու ապահով լինեն։ Ուստի ծնողներին պատվիրեց հոգալ իրենց երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր կարիքները։ Ծնողները պետք է ամեն առիթ օգտագործեին, որ իրենց երեխաներին սովորեցնեին սիրել Եհովային, ինչպես նաև հասկանալ ու արժևորել նրա Օրենքը (2 Օրենք 6։6–9; 7։13)։ Հետագայում, երբ Եհովան պատժեց իսրայելացիներին, դա արեց նաև այն պատճառով, որ նրանք սարսափելի դաժանությամբ էին վարվում երեխաների հետ (Երեմ. 7։31, 33)։ Ծնողները պետք է հասկանային, որ երեխան իր չէ, որին ինչ կուզեն, կանեն. չի կարելի նրանց վատ վերաբերվել կամ անուշադրության մատնել։ Երեխաները ժառանգություն են Աստծուց՝ թանկ պարգև, որը հարկավոր է շատ բարձր գնահատել (Սաղ. 127։3)։
8 Ինչ ենք սովորում։ Եհովան մեծ ուշադրություն է դարձնում, թե ամուսինները ինչպես են վերաբերվում միմյանց։ Նա ցանկանում է, որ ծնողները սիրեն իրենց երեխաներին, և նրանցից հաշիվ է պահանջելու երեխաների հանդեպ դրսևորած վերաբերմունքի համար։
9–11. Եհովան ինչո՞ւ էր տվել տասներորդ պատվիրանը։
9 Մերձավորիդ ունեցածը մի՛ ցանկացիր։ Տասը պատվիրաններից վերջինը արգելում էր աչք դնել ուրիշի ունեցածի վրա (2 Օրենք 5։21; Հռոմ. 7։7)։ Այս պատվիրանը տալով՝ Եհովան շատ կարևոր բան սովորեցրեց. իր ծառաները պետք է պահպանեին իրենց սրտերը, այսինքն՝ հսկեին, թե ինչ են մտածում և ցանկանում։ Նա շատ լավ գիտեր, որ չար արարքները սխալ մտքերից ու բացասական զգացմունքներից են սկիզբ առնում (Առակ. 4։23)։ Եթե իսրայելացին թույլ տար, որ իր սրտում սխալ ցանկություններ բույն դնեին, ապա, ամենայն հավանականությամբ, կսկսեր ուրիշների հետ եսասիրաբար վարվել։ Դավիթ թագավորը ընկավ այդ ծուղակը։ Ընդհանուր առմամբ նա լավ մարդ էր։ Բայց մի անգամ նա ցանկացավ մի ամուսնացած կնոջ, ինչն էլ նրան մեղքի տարավ (Հակ. 1։14, 15)։ Դավիթը շնություն գործեց, փորձեց խաբել այդ կնոջ ամուսնուն, ապա սպանել տվեց նրան (2 Սամ. 11։2–4; 12։7–11)։
10 Եհովան գիտեր, թե երբ էր իսրայելացին խախտում տասներորդ պատվիրանը, չէ՞ որ նա կարողանում է տեսնել, թե ինչ կա մարդու սրտում (1 Տար. 28։9)։ Այդ պատվիրանը տալով՝ նա իր ժողովրդին սովորեցրեց, որ նրանք պետք է կանխեն այն մտքերը, որոնք սխալ արարքների են տանում։ Որքա՜ն իմաստուն և սիրառատ Հայր է Եհովան։
11 Ինչ ենք սովորում։ Եհովան երևացող բաներից ավելին է տեսնում։ Նա տեսնում է, թե ով ենք մենք իրականում, և ինչ կա մեր սրտում (1 Սամ. 16։7)։ Մեր մտքերից, զգացմունքներից ու արարքներից և ոչ մեկը չի վրիպում նրա աչքից։ Նա մեր մեջ լավ հատկություններ է փնտրում և քաջալերում է, որ ավելի լավը դառնանք։ Բայց Եհովան նաև ցանկանում է, որ հայտնաբերենք և վերահսկենք մեր սխալ մտքերը, նախքան դրանք կհասցնեն վերածվել չար արարքների (2 Տար. 16։9; Մատթ. 5։27–30)։
ՕՐԵՆՍԳԻՐՔ, ՈՐ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԷՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻ ԴՆԵԼ
12. Մովսիսական օրենքից ի՞նչ ենք սովորում։
12 Մովսիսական օրենքից նաև սովորում ենք, որ Եհովան արդարություն է սիրում (Սաղ. 37։28; Ես. 61։8)։ Ուրիշների հետ արդարությամբ վարվելու հարցում նա կատարյալ օրինակ է թողել։ Երբ իսրայելացիները հնազանդվում էին Աստծու տված օրենքներին, նա օրհնում էր նրանց։ Իսկ երբ այդ ազգը անտեսում էր արդարության նրա չափանիշները, կրում էր դրա դառը հետևանքները։ Ուշադրություն դարձնենք Տասը պատվիրաններից ևս երկուսին։
13–14. Ի՞նչ էին պահանջում Տասը պատվիրաններից առաջին երկուսը, և դրանց հնազանդվելով՝ իսրայելացիները ի՞նչ օգուտ էին ստանում։
13 Միմիայն Եհովային երկրպագիր։ Տասը պատվիրաններից առաջինը պահանջում էր, որ իսրայելացիները բացարձակ նվիրվածությամբ պաշտեին Եհովային, իսկ երկրորդը արգելում էր կուռքերի երկրպագել (Ելք 20։3–6)։ Բարձրյալը այս պատվիրանները իր օգտի համար չէ, որ տվել էր, այլ ժողովրդի։ Երբ իսրայելացիները նվիրված էին մնում նրան, բարգավաճում էին, իսկ երբ մյուս ազգերի աստվածներին էին երկրպագում, զրկանքներ էին կրում։
14 Այժմ մի պահ մտածենք քանանացիների մասին։ Կենդանի Աստծուն պաշտելու փոխարեն՝ նրանք անշունչ կուռքերի էին երկրպագում ու դրա հետևանքով որպես մարդ որակազրկվում էին (Սաղ. 115։4–8)։ Նրանց երկրպագության մաս էին կազմում ծայրահեղ այլասերվածությունն ու կրոնական սարսափելի ծիսակատարությունները, ինչպես, օրինակ, երեխաների զոհաբերությունը։ Երբ իսրայելացիները անտեսում էին Եհովային և կուռքերի էին երկրպագում, նրանք նույնպես կորցնում էին իրենց մարդկային որակները, ինչը վնաս էր բերում նաև իրենց ընտանիքներին (2 Տար. 28։1–4)։ Ժողովրդի մեջ իշխանություն ունեցող տղամարդիկ մերժում էին Եհովայի բարձր չափանիշները, չարաշահում էին իրենց իշխանությունը և հարստահարում էին խեղճերին ու անպաշտպաններին (Եզեկ. 34։1–4)։ Աստված իսրայելացիներին նախազգուշացրել էր, որ կդատի նրանց, ովքեր կեղեքում են անօգնական որբերին ու այրիներին (2 Օրենք 10։17, 18; 27։19)։ Իսկ եթե իսրայելացիները հավատարիմ մնային Եհովային և միմյանց հետ արդարությամբ վարվեին, նա առատապես կօրհներ նրանց (1 Թագ. 10։4–9)։
15. Ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին։
15 Ինչ ենք սովորում։ Եհովան մեղավոր չէ այն բանում, որ նրանք, ովքեր պնդում են, թե երկրպագում են իրեն, անտեսում են իր չափանիշները և վնասում են իր ժողովրդին։ Նա սիրում է մեզ և տեսնում է մեր տառապանքը, երբ մեզ հետ անարդարացի են վարվում։ Աստված ավելի խորն է զգում մեր ցավը, քան մայրը՝ իր նորածին երեխայի ցավը (Ես. 49։15)։ Թեև նա գուցե անմիջապես չմիջամտի, սակայն պատեհ ժամանակին անզեղջ մեղավորներից հաշիվ կպահանջի իրենց վատ վերաբերմունքի համար։
ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ԿԻՐԱՌՎԵՐ ՄՈՎՍԻՍԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
16–18. Մովսիսական օրենքը իսրայելացիների կյանքի ո՞ր բնագավառներին էր վերաբերում, և դրանից մենք ի՞նչ դասեր ենք քաղում։
16 Մովսիսական օրենքը վերաբերում էր իսրայելացիների կյանքի գրեթե բոլոր բնագավառներին, ուստի շատ կարևոր էր, որ երեցները Եհովայի ժողովրդին արդարությամբ դատեին։ Նրանք պատասխանատվություն ունեին քննելու ոչ միայն երկրպագությանն առնչվող հարցերը, այլև քաղաքացիական և քրեական գործերը։ Նկատի առնենք հետևյալ օրինակները։
17 Երբ իսրայելացին մարդ էր սպանում, նրան կամայականորեն կամ մեխանիկորեն չէին դատապարտում մահվան։ Նրա քաղաքի երեցները քննում էին բոլոր հանգամանքները, որպեսզի տեսնեին, թե արդյոք մարդասպանը արժանի է մահապատժի (2 Օրենք 19։2–7, 11–13)։ Երեցները նաև ամենօրյա կյանքին վերաբերող բազմաթիվ գործեր էին քննում՝ սկսած սեփականությանն առնչվող քաղաքացիական գործերից, վերջացրած ամուսինների միջև ծագող խիստ անձնական խնդիրներով (Ելք 21։35; 2 Օրենք 22։13–19)։ Երբ երեցները արդարությամբ էին դատում, և երբ իսրայելացիները հնազանդվում էին Օրենքին, դա օգուտ էր տալիս բոլորին, և ողջ ազգը պատիվ էր բերում Աստծուն (Ղևտ. 20։7, 8; Ես. 48։17, 18)։
18 Ինչ ենք սովորում։ Եհովայի համար մեր կյանքի բոլոր բնագավառներն էլ կարևոր են։ Նա ուզում է, որ սիրով և արդարությամբ վարվենք ուրիշների հետ։ Մեր երկնային Հայրը ուշադրություն է դարձնում, թե ինչ ենք խոսում և անում անգամ մեր տան պատերի ներսում (Եբր. 4։13)։
19–21. ա) Երեցներն ու դատավորները ինչպե՞ս պետք է վարվեին Աստծու ժողովրդի հետ։ բ) Մովսիսական օրենքը ինչպե՞ս էր պաշտպանում մարդկանց, և ի՞նչ դասեր ենք քաղում դրանից։
19 Եհովան ուզում էր իր ժողովրդին պաշտպանել հարևան ազգերի ապականիչ ազդեցությունից, որոնց մեջ տարածված էր անարդարությունն ու կաշառակերությունը։ Ուստի պահանջում էր, որ երեցներն ու դատավորները Օրենքը կիրառելիս կողմնապահություն չանեին։ Դատավորները չպետք է Աստծու ժողովրդի հետ կոպիտ վարվեին, փոխարենը՝ պետք է արդարություն սիրեին (2 Օրենք 1։13–17; 16։18–20)։
20 Եհովան կարեկցում էր իր ժողովրդին, ուստի և օրենքներ էր սահմանել, որպեսզի ոչ մի մարդու հետ անարդարությամբ չվարվեին։ Օրինակ՝ Օրենքը նվազեցնում էր կեղծ մեղադրանք հարուցելու հավանականությունը։ Մեղադրյալը Օրենքով իրավունք ուներ իմանալու, թե ով է իր դեմ մեղադրանք առաջադրել (2 Օրենք 19։16–19; 25։1)։ Եվ մարդուն չէին կարող մեղավոր ճանաչել, եթե նրա դեմ առնվազն երկու վկա ցուցմունք չտար (2 Օրենք 17։6; 19։15)։ Իսկ ի՞նչ էր լինում այն իսրայելացուն, ով հանցանք էր գործել, բայց այդ հանցագործությունը միայն մի մարդ էր տեսել։ Հանցագործը չպետք է մտածեր, թե անպատիժ կմնա։ Չէ՞ որ Եհովան նույնպես տեսել էր նրա արարքը։ Ահա Օրենքի կիրառության մեկ այլ օրինակ։ Ընտանիքում հորը իշխանություն էր տրված, բայց այդ իշխանությունը սահմաններ ուներ։ Լինում էին ընտանեկան հարցեր, որոնց դեպքում քաղաքի երեցնե՛րը պետք է վերջնական որոշում կայացնեին (2 Օրենք 21։18–21)։
21 Ինչ ենք սովորում։ Եհովան երբեք անարդար չի վարվում. նա կատարյալ օրինակ է իր ծառաների համար (Սաղ. 89։14)։ Բարձրյալը վարձատրում է նրանց, ովքեր միշտ առաջնորդվում են իր չափանիշներով, և պատժում է նրանց, ովքեր չարաշահում են իրենց իշխանությունը (2 Սամ. 22։21–23; Եզեկ. 9։9, 10)։ Ոմանց գուցե թվա, թե իրենք կարող են չարիք գործել և անպատիժ մնալ, բայց Եհովան իր որոշած ժամին պատասխանատվության կկանչի այդ մարդկանց (Առակ. 28։13)։ Եթե նրանք չզղջան, շուտով կիմանան, թե ինչ «սարսափելի բան է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը» (Եբր. 10։30, 31)։
ՀԱՏԿԱՊԵՍ Ո՞ՒՄ ԷՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՕՐԵՆՔԸ
22–24. ա) Հատկապես ո՞ւմ էր պաշտպանում Օրենքը, և դրանից ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին։ բ) Ի՞նչ նախազգուշացում է տրվում Ելք 22։22–24 համարներում։
22 Օրենքը պաշտպանում էր հատկապես նրանց, ովքեր իրենց չէին կարող պաշտպանել, օրինակ՝ որբերին, այրիներին և պանդուխտներին։ Իսրայելի դատավորներին ասվել էր. «Պանդուխտի ու որբի դատը վարելիս արդարադատությունը չխեղաթյուրես և այրու հագուստը գրավ չվերցնես» (2 Օրենք 24։17)։ Եհովան ջերմորեն հոգ էր տանում հասարակության ամենախոցելի անդամների մասին։ Իսկ նրանց, ովքեր վատ էին վերաբերվում այդ մարդկանց, խստորեն պատժում էր (կարդա Ելք 22։22–24)։
23 Օրենքը նաև արգելում էր արյունապղծության բոլոր տեսակները և այդպես ընտանիքի ներսում մարդուն պաշտպանում էր սեռական բնույթի հանցագործություններից (Ղևտ. 18։6–30)։ Ի տարբերություն Իսրայելի հարևանությամբ բնակվող ազգերի, որոնք հանդուրժում կամ նույնիսկ ընդունելի էին համարում նման բաները՝ Աստծու ժողովուրդը պետք է այդ հանցանքներին նրա պես վերաբերվեր, այսինքն՝ նողկալի համարեր դրանք։
24 Ինչ ենք սովորում։ Եհովան ուզում է, որ իր կողմից իշխանություն ստացած անձինք անկեղծորեն հետաքրքրվեն այն մարդկանցով, ում համար պատասխանատու են, և հոգ տանեն նրանց մասին։ Նա ատում է սեռական բնույթի հանցագործությունները և ցանկանում է ամեն չարիքից ու անարդարությունից պաշտպանել բոլորին, հատկապես ամենախոցելի մարդկանց։
ՕՐԵՆՔԸ «ԳԱԼԻՔ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՎԵՐՆ» Է
25–26. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ սերն ու արդարությունը կյանքի ու շնչառության պես փոխկապակցված են։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս շարքի հաջորդ հոդվածում։
25 Իսկական սերն ու արդարությունը փոխկապակցված են, ինչպես կյանքն ու շնչառությունը։ Երկրային արարածները չեն կարող ապրել, եթե չշնչեն։ Երբ համոզվում ենք, որ Եհովան մեզ հետ արդարությամբ է վարվում, մեր սերը նրա հանդեպ ավելի է խորանում։ Իսկ երբ սիրում ենք Աստծուն և նրա արդար չափանիշները, մղվում ենք սիրել նաև ուրիշներին և նրանց հետ արդարությամբ վարվել։
26 Մովսիսական օրենքի ուխտը կյանք էր հաղորդում Եհովայի և Իսրայել ազգի փոխհարաբերություններին։ Սակայն այսօր Աստծու ժողովուրդը այլևս պարտավոր չէ պահել այդ Օրենքը, քանի որ Հիսուսը կատարել է այն և փոխարինել է ավելի լավ բանով (Հռոմ. 10։4)։ Պողոս առաքյալը գրել է, որ Օրենքը «գալիք օրհնությունների ստվերն» է (Եբր. 10։1)։ Այս շարքի հաջորդ հոդվածում կքննենք այդ օրհնություններից մի քանիսը, ինչպես նաև կտեսնենք, թե սերն ու արդարությունը ինչ կարևոր դեր ունեն քրիստոնեական ժողովում։
ԵՐԳ 109 Սրտանց և ջերմորեն սիրենք իրար
a Տվյալ հոդվածը մաս է կազմում մի հոդվածաշարի, որը բաղկացած է չորս մասից։ Այս շարքի մյուս երեք հոդվածները լույս կտեսնեն «Դիտարանի» 2019 թ. մայիսի համարում։ Դրանց վերնագրերն են՝ «Սերն ու արդարությունը քրիստոնեական ժողովում», «Սերն ու արդարությունը ընդդեմ չարիքի» և «Ինչպես մխիթարել բռնության զոհ դարձածներին»։ Այս հոդվածներից կիմանանք, թե ինչու կարող ենք համոզված լինել, որ Եհովան հոգ է տանում մեր մասին։
b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Մովսեսի միջոցով Իսրայել ազգին տրված ավելի քան 600 օրենքները Աստվածաշնչում կոչվում են «Մովսիսական օրենք», «Օրենք», «Մովսեսի օրենք» կամ «պատվիրաններ»։ Բացի այդ, հաճախ Օրենք են անվանում Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը՝ «Ծննդոց»-ից մինչև «Երկրորդ Օրենք»։ Երբեմն էլ այդ բառով են կոչվում ողջ Եբրայերեն Գրությունները։
c ՆԿԱՐ։ Մի իսրայելուհի ուտելիք է պատրաստում և զրուցում է իր աղջիկների հետ։ Իսկ հետին պլանում հայրը որդուն սովորեցնում է խնամել ոչխարներին։
d ՆԿԱՐ։ Քաղաքի դարպասների մոտ նստող երեցները պատրաստակամորեն օգնում են մի այրի կնոջ ու նրա երեխային, որոնց հետ անարդարացի է վարվել մի առևտրական։