Էլ չեմ ուզում ապրել. կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել ինձ, եթե մտածում եմ ինքնասպանության մասին
Աստվածաշնչի պատասխանը
Այո՛, քանի որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց, «որը մխիթարում է վհատվածներին» (2 Կորնթացիներ 7։6)։ Թեև Սուրբ Գիրքը հոգեբանական ձեռնարկ չէ, այն շատերին է օգնել վանելու սուիցիդալ մտքերը։ Նրա գործնական խորհուրդները ձեզ համար էլ կարող են օգտակար լինել։
Աստվածաշունչն ի՞նչ գործնական խորհուրդներ է տալիս
● Արտահայտեք ձեր զգացումները։
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։
Նշանակությունը. ծանր հոգեվիճակում հայտնվելիս բոլորս էլ ուրիշների օգնության կարիքն ենք ունենում։
Եթե ձեր զգացումները ձեր մեջ պահեք, դա կարող է անտանելի բեռ դառնալ ձեզ համար։ Բայց եթե ուրիշներին պատմեք դրանց մասին, գուցե ներքին լարվածությունը թուլանա, և այլ կերպ նայեք իրավիճակին։
Փորձեք հետևյալը. այսօր իսկ խոսեք ինչ-որ մեկի հետ՝ թերևս ընտանիքի անդամի կամ վստահելի ընկերոջ։a Կարող եք նաև արտահայտել ձեր զգացումները՝ դրանք թղթին հանձնելով։
● Դիմեք մասնագետի օգնությանը։
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9։12)։
Նշանակությունը. երբ հիվանդ ենք, պետք է դիմենք բժշկի։
Ինքնասպանության մտքերը կարող են հոգեկան կամ հուզական խանգարման ախտանիշ լինել։ Ինչպես ֆիզիկական հիվանդության, այնպես էլ այս դեպքում ամաչելու կարիք չկա։ Հոգեկան և հուզական խանգարումները բուժման ենթակա են։
Փորձեք հետևյալը. հնարավորինս շուտ դիմեք փորձառու մասնագետի օգնությանը։
● Հիշեք, որ Աստծու համար միևնույնը չէ, թե դուք ինչ հոգեվիճակում եք։
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Չէ՞ որ հինգ ճնճղուկը վաճառվում է չնչին արժեք ունեցող երկու մետաղադրամով, սակայն նրանցից և ոչ մեկը չի մոռացվում Աստծու առաջ.... Մի՛ վախեցեք, դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք» (Ղուկաս 12։6, 7)։
Նշանակությունը. Աստծու համար դուք թանկ եք։
Գուցե ձեզ բոլորովին մենակ եք զգում, բայց Աստված տեսնում է, թե ինչի միջով եք անցնում։ Նա հոգ է տանում ձեր մասին, նույնիսկ եթե ապրելու ցանկություն այլևս չունեք։ «Կոտրված ու փշրված սիրտը, ո՜վ Աստված, դու չես արհամարհի»,— ասվում է Սաղմոս 51։17-ում։ Աստված ուզում է, որ դուք ապրեք, քանի որ սիրում է ձեզ։
Փորձեք հետևյալը. քննեք Աստվածաշնչում գրված փաստերն այն մասին, որ Աստված սիրում է ձեզ։ Օրինակ՝ կարող եք կարդալ Աստվածաշունչը ուսումնասիրելու ձեռնարկներից մեկի՝ «Մոտեցիր Եհովային» գրքի 24-րդ գլուխը։
● Աղոթեք Աստծուն։
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ձեր ամբողջ հոգսը [Աստծու] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։
Նշանակությունը. Աստված հրավիրում է ձեզ բացեիբաց և անկեղծորեն պատմել իրեն այն ամենը, ինչը մտատանջում է ձեզ։
Աստված կարող է ներքին խաղաղություն և ուժ տալ, որ չհանձնվեք (Փիլիպպեցիներ 4։6, 7, 13)։ Այդպես նա զորավիգ է լինում նրանց, ովքեր անկեղծ սրտով կանչում են իրեն (Սաղմոս 55:22)։
Փորձեք հետևյալը. հենց այսօր աղոթեք Աստծուն։ Դիմեք նրան իր անունով՝ Եհովա, և պատմեք ձեր զգացումների մասին (Սաղմոս 83:18)։ Խնդրեք նրան, որ օգնի ձեզ չհանձնվել։
● Խորհրդածեք ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան հույսի մասին։
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Այս հույսը խարսխի նման է մեր հոգու համար. այն թե՛ հուսալի է, թե՛ հաստատ» (Եբրայեցիներ 6։19)։
Նշանակությունը. երբ ձեր հույզերը ալեկոծվում են, նմանվում եք փոթորկված ծովում տարուբերվող նավի, սակայն Աստվածաշնչի տված հույսը, որն ասես խարիսխ լինի, խաղաղությամբ կլցնի ձեր սիրտը։
Այդ հույսը լոկ երազանք չէ, այն հիմնված է Աստծու խոստման վրա, համաձայն որի՝ նա վերացնելու է մեր ցավի բոլոր պատճառները (Հայտնություն 21:4)։
Փորձեք հետևյալը. ավելին իմացեք աստվածաշնչյան հույսի մասին՝ կարդալով «Լավ ապագա. երազա՞նք, թե՞ իրականություն» հոդվածը։
● Զբաղվեք այնպիսի բանով, որը ձեզ բավականություն է պատճառում։
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ուրախ սիրտը բուժիչ է» (Առակներ 17։22)։
Նշանակությունը. երբ մեզ բավականություն պատճառող ինչ-որ բանով ենք զբաղվում, մեր հոգեվիճակը կարող է բարելավվել։
Փորձեք հետևյալը. ձեզ հաճելի բանով զբաղվեք։ Օրինակ՝ լսեք տրամադրություն բարձրացնող երաժշտություն, կարդացեք ոգևորիչ որևէ նյութ կամ նոր հոբբիով զբաղվեք։ Դուք նաև երջանիկ կզգաք, եթե օգնության ձեռք մեկնեք ուրիշներին անգամ փոքր հարցերում (Գործեր 20:35)։
● Հոգ տարեք ձեր ֆիզիկական առողջության մասին։
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Մարմնի մարզումը.... օգտակար է» (1 Տիմոթեոս 4։8)։
Նշանակությունը. մարզանքը, բավականաչափ քնելը և առողջարար սնունդը օգտակար են մեզ համար։
Փորձեք հետևյալը. արագ քայլքով զբաղվեք, եթե անգամ դրան կարող եք տրամադրել ընդամենը 15 րոպե։
● Հիշեք, որ զգացումները, ինչպես և կյանքում այլ բաներ փոխվում են։
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Դուք չգիտեք, թե վաղը ինչպիսին կլինի ձեր կյանքը» (Հակոբոս 4։14)։
Նշանակությունը. անհանգստացնող խնդիրները, անգամ անլուծելի թվացողները, հնարավոր է, ժամանակավոր լինեն։
Որքան էլ որ ձեր իրավիճակը մռայլ թվա այսօր, վաղը այն կարող է փոխվել։ Ուստի միջոցներ փնտրեք դիմակայելու դրան (2 Կորնթացիներ 4:8)։ Ժամանակի ընթացքում ձեր ծանր իրավիճակը հավանաբար կփոխվի, սակայն եթե ինքնասպանություն գործեք, դա անդառնալի կլինի։
Փորձեք հետևյալը. Աստվածաշնչում կարդացեք այն մարդկանց մասին, ովքեր այնքան վհատված են եղել, որ ուզել են մահանալ, ու տեսեք, թե նրանց կյանքն ինչպես է ի վերջո փոխվել դեպի լավը և հաճախ՝ անսպասելի կերպով։ Նկատի առեք մի քանի օրինակ։
Աստվածաշնչում խոսվո՞ւմ է այնպիսի մարդկանց մասին, որոնք ցանկացել են մահանալ
Այո՛, Աստվածաշնչում կան այդպիսի մարդկանց օրինակներ։ Սակայն Աստված ոչ թե հանդիմանել է նրանց, այլ օգնություն է առաջարկել։ Նույնը նա պատրաստ է անելու ձեզ համար։
Եղիա
● Ո՞վ էր նա։ Եղիան խիզախ մարգարե էր։ Բայց նա երբեմն վհատության մեջ էր ընկնում։ «Եղիան այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք»,— գրված է Հակոբոս 5։17-ում։
● Ինչո՞ւ էր նա ուզում մահանալ։ Եղիայի կյանքում մի պահ եղավ, երբ նա իրեն սկսեց միայնակ զգալ, վախով համակվեց և անարժեքության զգացում ունեցավ։ Այդ պատճառով Աստծուն աղերսեց՝ ասելով. «Ո՛վ Եհովա, ա՛ռ իմ հոգին» (1 Թագավորներ 19։4)։
● Ի՞նչն օգնեց նրան։ Եղիան իր սիրտը դատարկեց Աստծու առաջ։ Իսկ ինչպե՞ս Աստված քաջալերեց նրան։ Նա Եղիայի հանդեպ հոգատարություն դրսևորեց և ցույց տվեց իր մեծ զորությունը։ Բացի այդ, մարգարեին հավաստիացրեց, որ նա շարունակում է իր համար պիտանի և արժեքավոր մարդ լինել, ու մի հոգատար և շնորհալի օգնական տվեց նրան։
▸ Կարդացեք Եղիայի մասին. 1 Թագավորներ 19:2–18։
Հոբ
● Ո՞վ էր նա։ Հոբը հարուստ մարդ էր և մեծ ընտանիք ուներ։ Նա հավատարմորեն երկրպագում էր ճշմարիտ Աստծուն։
● Ինչո՞ւ էր նա ուզում մահանալ։ Հոբի կյանքում անսպասելիորեն դժբախտություններ սկսեցին տեղի ունենալ։ Նա կորցրեց իր ողջ ունեցվածքը։ Նրա բոլոր երեխաները աղետի պատճառով մահացան։ Նա տանջալի հիվանդություն ձեռք բերեց։ Կարծես դա բավական չէր, ոմանք էլ Հոբին չարամտորեն և անարդարացիորեն մեղադրեցին՝ ասելով, թե նա է իր խնդիրների պատճառը։ Ուստի Հոբն ասաց. «Ես մերժել եմ կյանքը, հավիտյան չէի ապրի» (Հոբ 7։16)։
● Ի՞նչն օգնեց նրան։ Հոբը աղոթեց Աստծուն և խոսեց ուրիշների հետ (Հոբ 10։1–3)։ Նա քաջալերություն ստացավ իր կարեկից ընկերոջից՝ Եղիուսից, որն օգնեց նրան այլ կերպ նայելու իրավիճակին։ Եվ, որ ամենակարևորն է, Հոբը պատրաստակամորեն ընդունեց Աստծու տված խորհուրդն ու օգնությունը։
▸ Կարդացեք Հոբի մասին. Հոբ 1:1–3, 13–22; 2:7; 3:1–13; 36:1–7; 38:1–3; 42:1, 2, 10–13։
Մովսես
● Ո՞վ էր նա։ Մովսեսը հին Իսրայելի առաջնորդներից էր և հավատարիմ մարգարե։
● Ինչո՞ւ էր նա ուզում մահանալ։ Մովսեսի ուսերին պատասխանատվության ահռելի բեռ էր դրված, նա մարդկանց կողմից միշտ քննադատության էր ենթարկվում և ուժասպառ էր եղել։ Այդ պատճառով Մովսեսն աղաղակեց Աստծուն. «Խնդրում եմ, սպանիր ինձ» (Թվեր 11։11, 15)։
● Ի՞նչն օգնեց նրան։ Մովսեսն Աստծուն պատմեց իր զգացումների մասին։ Արդյունքում՝ Աստված օգնեց նրան թեթևացնելու այդ բեռը, որպեսզի նրա լարվածությունը թուլանա։
▸ Կարդացեք Մովսեսի մասին. Թվեր 11:4–6, 10–17։
a Եթե այլևս ի վիճակի չեք դիմադրելու սուիցիդալ մտքերին և չեք կարողանում կապ հաստատել այն մարդկանց հետ, ում վստահում եք, զանգահարեք «Թեժ գիծ» ծառայություն։