Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Երեմիա» գրքից
ՈՐՔԱՆ սարսափազդու պետք է որ հնչեր աղետների մասին այն պատգամը, որ Երեմիան հայտնում էր իր ժողովրդին։ Փառահեղ տաճարը, որը ավելի քան երեք դար երկրպագության կենտրոն էր եղել, պետք է հողին հավասարվեր։ Երուսաղեմ քաղաքը և Հուդայի երկիրը պետք է ավերակ դառնային, իսկ բնակիչները՝ գերեվարվեին։ Այս և ուրիշ դատաստանական պատգամների մասին արձանագրությունները գտնվում են «Երեմիա» գրքում, որն իր մեծությամբ Աստվածաշնչի երկրորդ գիրքն է։ Այն նաև պատմում է, թե ինչ էր զգում Երեմիան՝ 67 տարի հավատարմորեն կատարելով իր ծառայությունը։ Այս գրքում դեպքերը շարադրված են ոչ թե ժամանակագրական, այլ թեմատիկ կարգով։
Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի «Երեմիա» գիրքը։ Կատարված մարգարեությունները ամրացնում են Եհովայի՝ որպես իր խոստումները Կատարողի հանդեպ մեր հավատը (Եսայիա 55:10, 11)։ Երեմիա մարգարեի ծառայությունն ու նրա պատգամի հանդեպ մարդկանց արձագանքը իր զուգահեռն ունի մեր օրերում (Ա Կորնթացիս 10:11)։ Ավելին, արձանագրությունն այն մասին, թե ինչպես Եհովան վարվեց իր ժողովրդի հետ, ընդգծում է նրա հատկությունները, ինչն էլ մեծ ազդեցություն է թողնում մեզ վրա (Եբրայեցիս 4:12)։
«ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՐԿՆԱՊԱՏԻԿ ՉԱՐՈՒԹԻՒՆ ԳՈՐԾԵՑ»
Երեմիան որպես մարգարե իր նշանակումը ստացավ Հուդայի Հովսիա թագավորի իշխանության 13–րդ տարում՝ մ.թ.ա. 607 թ. Երուսաղեմի կործանումից 40 տարի առաջ (Երեմիա 1:1, 2)։ Նա Եհովայի պատգամները ազդարարում էր հիմնականում Հովսիա թագավորի իշխանության վերջին 18 տարիների ընթացքում՝ բացահայտելով Հուդայի չարությունը և հռչակելով Աստծու դատաստանները նրա դեմ։ «Ես Երուսաղէմը պիտի անեմ փլատակների դէզեր՝ չագալների բնակարան,— հայտարարում է Եհովան,— եւ Յուդայի քաղաքները ամայի պիտի շինեմ որ բնակող չ’լինի» (Երեմիա 9:11)։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ իմ ժողովուրդը կրկնապատիկ չարութիւն գործեց»,— ասում է նա (Երեմիա 2:13)։
Երեմիայի պատգամը նաև զղջացող մնացորդի վերականգնման մասին է (Երեմիա 3:14–18; 12:14, 15; 16:14–21)։ Սակայն ժողովուրդը լավ չի ընդունում պատգամաբերին։ Եհովայի տան «իշխանաւոր վերակացուն» զարկում է Երեմիային ու ամբողջ գիշեր պահում կոճղի մեջ (Երեմիա 20:1–3)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1:11, 12 — Ի՞նչ կապ ունի «նշենու գավազանը» այն բանի հետ, որ Եհովան հսկում է իր խոսքերը։ Նշենին գարնանը ծաղկող առաջին ծառերից մեկն է։ Փոխաբերական իմաստով Եհովան «մարգարէներին ամեն օր կանուխ վեր կենալով ուղարկում է», որպեսզի զգուշացնի իր ժողովրդին իր դատաստանների մասին և «հսկի», որ դրանք կատարվեն (Երեմիա 7:25)։
2:10, 11 — Ինչո՞ւ էին անհավատարիմ իսրայելացիների չար գործերը այդքան արտասովոր։ Կիտիմից արևմուտք և Կեդարից արևելք գտնվող հեթանոս ազգերը պաշտում էին թե՛ իրենց աստվածներին, թե՛ ուրիշ ազգերի աստվածներին։ Բայց նրանց համար չլսված բան էր իրենց աստվածներին ուրիշ աստվածներով լիովին փոխարինելը։ Մինչդեռ իսրայելացիները թողեցին Եհովային՝ կենդանի Աստծու փոխարեն փառաբանելով անկենդան կուռքերին։
3:11–22; 11։10–12; 17 — Եհովայի պատգամները ազդարարելիս Երեմիան ինչո՞ւ էր հիշատակում հյուսիսային տասցեղ թագավորությունը, եթե Սամարիան մ.թ.ա. 740 թ.–ին արդեն կործանվել էր։ Քանի որ մ.թ.ա. 607 թ. Երուսաղեմի կործանման մասին Եհովայի դատաստանը վերաբերում էր ոչ միայն Հուդային, այլ ամբողջ Իսրայել ազգին (Եզեկիէլ 9:9, 10)։ Դեռ ավելին, կործանումից հետո տասցեղ թագավորության շահերը շարունակվում էին պաշտպանվել Երուսաղեմում, քանի որ Աստծու մարգարեների պատգամները վերաբերում էին նաև իսրայելացիներին։
4:3, 4 — Ի՞նչ է նշանակում այս պատվերը։ Անհավատարիմ հրեաները պետք է պատրաստեին, փխրեցնեին և մաքրեին իրենց սրտի «հողը»։ Նրանք պետք է հեռացնեին իրենց սրտի «անթլփատութիւնը», այսինքն պետք է ազատվեին անմաքուր մտքերից, զգացումներից և մղումներից (Երեմիա 9:25, 26; Գործք 7:51)։ Դա նշանակում էր, որ նրանք պետք է փոխեին իրենց ապրելակերպը. չարը անելու փոխարեն՝ անեին այն, ինչը կբերեր Աստծու օրհնությունները։
4:10; 15։18 — Ի՞նչ իմաստով Եհովան խաբեց իր ապստամբ ժողովրդին։ Երեմիայի օրերում «մարգարէքը սուտ էին մարգարէանում» (Երեմիա 5:31; 20:6; 23:16, 17, 25–28, 32)։ Եհովան չխոչընդոտեց այդ մարգարեներին, որ նրանք սուտ պատգամներ հռչակեն։
16:16 — Ի՞նչ է նշանակում այն, որ Եհովան ասում է, թե «շատ ձկնորսներ եմ ուղարկելու» և «շատ որսորդներ»։ Այս խոսքերը կարող են վերաբերել թշնամիներ ուղարկելուն, որպեսզի նրանք փնտրեին Եհովայի կողմից դատապարտված անհավատարիմ հրեաներին։ Սակայն հաշվի առնելով Երեմիա 16։15 համարը՝ այս խոսքերը կարող են նաև նշանակել այն, որ Եհովան փնտրելու էր զղջացող իսրայելացիներին։
20:7, ԱԱ — Ինչպե՞ս Եհովան օգտագործեց իր զորությունը Երեմիայի դեմ և ինչպե՞ս խաբեց նրան։ Եհովայի դատաստանները հռչակելու պատճառով Երեմիան բախվում էր անտարբերության, բացասական վերաբերմունքի ու հալածանքի և գուցե մտածում էր, որ այլևս ուժ չունի շարունակելու իր ծառայությունը։ Սակայն Եհովան օգտագործեց իր զորությունը այդպիսի տրամադրվածության դեմ և զորացրեց Երեմիային, որ նա շարունակի իր ծառայությունը։ Այդպիսով Եհովան, կարելի է ասել, խաբեց Երեմիային և օգտագործեց նրան՝ իրագործելու այն, ինչը մարգարեի կարծիքով անհնար էր անել։
Դասեր մեզ համար
1:8. Երբեմն Եհովան կարող է ազատել իր ժողովրդին հալածանքից՝ օգտագործելով անաչառ դատավորների, թշնամաբար տրամադրված պաշտոնյաներին փոխարինելով խոհեմ պաշտոնյաներով կամ զորացնելով իր երկրպագուներին, որպեսզի նրանք տոկան (Ա Կորնթացիս 10:13)։
2:13, 18. Անհավատարիմ իսրայելացիները երկու չար բան էին արել։ Նրանք հեռացել էին Եհովայից, որը օրհնության, առաջնորդության և պաշտպանության աղբյուրն է, և փորել էին իրենց սեփական փոխաբերական հորերը՝ փորձելով ռազմական դաշինքներ կնքել Եգիպտոսի և Ասորեստանի հետ։ Մեր օրերում թողնել ճշմարիտ Աստծուն մարդկային փիլիսոփայությունների, տեսությունների և քաղաքականության համար նշանակում է «կենաց ջրի աղբիւրը» փոխարինել «ծակծակոտ հորերով»։
6:16. Եհովան հորդորում է իր ըմբոստ ժողովրդին մի պահ կանգ առնել, ինքնաքննություն կատարել և վերադառնալ դեպի իրենց նախահայրերի «ճանապարհները»։ Չպե՞տք է արդյոք մենք նույնպես ժամանակ առ ժամանակ քննենք ինքներս մեզ՝ տեսնելու համար, թե արդյոք քայլում ենք այն ճանապարհով, որ Եհովան է ուզում։
7:1–15. Տաճարին ապավինելը և այն պաշտպանող թալիսման համարելը չփրկեց հրեաներին։ Մենք պետք է քայլենք հավատով և ոչ թե առաջնորդվենք տեսանելի բաներով (Բ Կորնթացիս 5:7)։
15։16, 17. Երեմիայի նման՝ մենք նույնպես կարող ենք պայքարել վհատության դեմ։ Դա կարող ենք անել՝ Աստվածաշնչի իմաստալից անձնական ուսումնասիրությունից ուրախություն ստանալով, ծառայության մեջ Եհովայի անունը փառաբանելով և վատ ընկերակցություններից խուսափելով։
17:1, 2. Եհովան չէր ընդունում Հուդայի բնակիչների զոհերը նրանց մեղքերի պատճառով։ Բարոյական անմաքրությունը անընդունելի է դարձնում փառաբանության մեր զոհերը։
17:5–8. Մարդիկ և մարդկային հաստատությունները արժանի են մեր վստահությանը, քանի դեռ գործում են Աստծու կամքին և Աստվածաշնչի սկզբունքներին ներդաշնակ։ Սակայն փրկության, խաղաղության և ապահովության հարցում իմաստուն է ապավինել միայն Եհովային (Սաղմոս 146:3)։
20:8–11. Մենք չպետք է թույլ տանք, որ անտարբերությունը, հակառակությունը կամ հալածանքը նվազեցնեն Թագավորության քարոզչության գործում մեր եռանդը (Յակոբոս 5:10, 11)։
«ՁԵՐ ՊԱՐԱՆՈՑՆԵՐԸ ԴՐԷՔ ԲԱԲԻԼՈՆԻ ԹԱԳԱՒՈՐԻ ԼԾԻ ՏԱԿԻՆ»
Երեմիան դատաստաններ է ազդարարում, որոնք ուղղված են Հուդայի վերջին չորս թագավորների, ինչպես նաև կեղծ մարգարեների, անպատասխանատու հովիվների և կաշառակեր քահանաների դեմ։ Հավատարիմ մնացորդին համեմատելով լավ թզերի հետ՝ Եհովան ասում է. «Իմ աչքերը պիտի ուղղեմ նորանց վերայ ’ի բարին» (Երեմիա 24:5, 6)։ 25–րդ գլխում արձանագրված երեք մարգարեությունները ամփոփում են այն դատաստանները, որոնք մանրամասնորեն բացատրվում են հաջորդ գլուխներում։
Քահանաներն ու մարգարեները ծրագրում են սպանել Երեմիային։ Նրա պատգամն այն մասին է, որ նրանք պետք է ծառայեն Բաբելոնի թագավորին։ Սեդեկիա թագավորին Երեմիան հետևյալ խոսքերն է ասում. «Ձեր պարանոցները դրէք Բաբիլոնի թագաւորի լծի տակին» (Երեմիա 27:12)։ Սակայն «Իսրայէլին ցրիւ տուողը պիտի ժողովէ նորան [Իսրայելին]» (Երեմիա 31:10)։ Հիմնավոր պատճառով խոստում է տրվում Ռեքաբյաններին։ Երեմիային դնում են «բանտի գաւիթում» (Երեմիա 37:21)։ Երուսաղեմը կործանվում է, իսկ նրա բնակիչներից շատերը գերի են տարվում։ Երեմիան և իր գրագիրը՝ Բարուքը, այն մարդկանց թվում են, որոնք մնում են քաղաքում։ Չնայած Երեմիայի նախազգուշացմանը՝ այդ վախեցած մարդիկ փախչում են Եգիպտոս։ 46–ից 51 գլուխներում արձանագրված է ազգերի վերաբերյալ Երեմիայի պատգամը։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
22:30 — Ըստ այս որոշման՝ արդյո՞ք Հիսուս Քրիստոսը իրավունք չուներ նստելու Դավթի աթոռին (Մատթէոս 1:1, 11)։ Ոչ, նա իրավունք ուներ։ Այդ որոշումը թույլ չտվեց, որ Հովաքինի ժառանգներից որևէ մեկը «նստի Դաւիթի աթոռի վերայ ....Յուդայի վերայ»։ Հիսուսը պետք է իշխեր երկնքից և ոչ թե նստեր Հուդայի գահին։
23:33 — Ի՞նչ է «Տիրոջ բեռը»։ Երեմիայի օրերում Երուսաղեմի կործանման վերաբերյալ մարգարեի կարևոր ազդարարությունները բեռ էին իր համաքաղաքացիների համար։ Իրենց հերթին այդ անտարբեր մարդիկ այնպիսի բեռ էին դարձել Եհովայի համար, որ նա մերժելու էր նրանց։ Նմանապես, քրիստոնեական աշխարհի համար բեռ է իր կործանման մասին աստվածաշնչյան պատգամը, իսկ այն մարդիկ, ովքեր ուշադրություն չեն դարձնում այդ պատգամին, ծանր բեռ են Աստծու համար։
31:33 — Ինչպե՞ս է Աստծու օրենքը գրված մարդկանց սրտերի վրա։ Երբ անհատն այնքան է սիրում Աստծու օրենքը, որ մեծ ցանկություն է ունենում կատարել Եհովայի կամքը, կարելի է ասել, որ Աստծու օրենքը գրված է նրա սրտի վրա։
32:10–15 — Ի՞նչ նպատակով միևնույն գործարքի համար երկու պայմանագիր կնքվեց։ Չկնքված գործարքը խորհրդակցության համար էր։ Իսկ կնքված գործարքը ծառայում էր որպես տարբերակ անհրաժեշտության դեպքում վավերացնելու համար չկնքված գործարքի ճշգրտությունը։ Երեմիան լավ օրինակ թողեց մեզ համար՝ իրավաբանական խոհեմ գործողություններ կատարելով նույնիսկ այն ժամանակ, երբ գործ էր ունենում բարեկամի կամ հավատակցի հետ։
33։23, 24 — Որո՞նք են այս խոսքերում նշված «երկու ազգատոհմները»։ Դրանցից մեկը արքայական ազգատոհմն է, որը սերում է Դավիթ թագավորի շառավղից, իսկ մյուսը քահանայական ազգատոհմն է՝ Ահարոնի շառավղից։ Երուսաղեմի և տաճարի կործանումով թվում էր, թե Եհովան մերժել էր այս երկու ազգատոհմերին և այլևս չէր ունենալու թագավորություն երկրի վրա կամ չէր վերականգնելու իր երկրպագությունը։
46:22 — Ինչո՞ւ է Եգիպտոսի ձայնը համեմատվում օձի ձայնի հետ։ Այս համեմատությունը կարող է վերաբերել այն բանին, որ Եգիպտոսը ետ է քաշվելու այնպես, ինչպես օձն է ֆշշալով նահանջում։ Կամ գուցե դա վերաբերում է Եգիպտոսի ստորացմանը նրա կործանումից հետո։ Համեմատությունը նաև ցույց է տալիս, թե որքան անիմաստ էր, որ Եգիպտոսի փարավոններն իրենց գլխի ծածկոցի վրա սուրբ օձի պատկեր էին կրում՝ Ուաթչիթի՝ օձի աստվածուհու պաշտպանությունն ունենալու նպատակով։
Դասեր մեզ համար
21:8, 9; 38։19. Նույնիսկ մինչև վերջին պահը Եհովան ընտրության հնարավորություն տվեց չզղջացող հրեաներին, որոնք մահվան էին արժանի։ Իրոք որ, «շատ է նորա ողորմութիւնը» (Բ Թագաւորաց 24:14; Սաղմոս 119:156)։
31:34. Որքան մխիթարական է իմանալ, որ ներելով մեր մեղքերը՝ Եհովան չի հիշեցնում դրանք և ապագայում քայլեր չի ձեռնարկում դրանց դեմ։
38:7–13; 39։15–18. Եհովան չի մոռանում հավատարմությամբ կատարած մեր ծառայությունը, այդ թվում նաև այն, որ «ծառայում ենք սուրբերին» (Եբրայեցիս 6:10)։
45:4, 5. Ինչպես Հուդայի վերջին օրերում, այնպես էլ իրերի ներկա համակարգի «վերջին օրերում» «մեծամեծ» բաներ որոնելու, այսինքն՝ հարստության, դիրքի կամ նյութական ապահովության ետևից ընկնելու ժամանակը չէ (Բ Տիմոթէոս 3:1; Ա Յովհաննէս 2:17)։
ԵՐՈՒՍԱՂԵՄԸ՝ ԿՐԱԿԻ ԲՈՑԵՐԻ ՄԵՋ
Մ.թ.ա. 607 թվականն է՝ Սեդեկիայի իշխանության 11–րդ տարին։ 18 ամիս է, ինչ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը շրջապատել է Երուսաղեմը։ Նրա իշխանության 19–րդ տարվա հինգերորդ ամսվա յոթերորդ օրը դահճապետը՝ Նաբուզարդանը, ժամանում է Երուսաղեմ (Դ Թագաւորաց 25:8)։ Հավանաբար, քաղաքի պարիսպներից դուրս գտնվող իր վրանից Նաբուզարդանը ուսումնասիրում է իրավիճակը և ծրագրում, թե ինչ պետք է անի։ Երեք օր անց՝ ամսի տասին, նա մտնում է Երուսաղեմ և այրում քաղաքը (Երեմիա 52:12, 13)։
Երեմիան մանրամասնորեն նկարագրում է Երուսաղեմի կործանումը, ինչի հիման վրա էլ գրվում են ողբեր, կամ՝ սգո երգեր, որոնք շարադրված են Աստվածաշնչի՝ «Երեմիայի ողբերը» գրքում։
[նկար 8–րդ էջի վրա]
Երեմիայի ազդարարությունները ընդգրկում էին Եհովայի դատաստանները Երուսաղեմի դեմ
[նկար 9–րդ էջի վրա]
Ինչպե՞ս Եհովան օգտագործեց իր զորությունը Երեմիայի դեմ
[նկար 10–րդ էջի վրա]
«Այս լաւ թուզերին պէս պիտի մտիկ տամ Յուդայի գերեվարեալներին» (Երեմիա 24։5)