Անարատությունը առաջնորդում է արդարներին
«ԿՆԿԱՆԻՑ ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1)։ Իրոք, թվում է՝ մարդկությանը վիճակված է տառապանք ու ցավ. նույնիսկ մեր առօրյան կարող է հագեցած լինել անհանգստությամբ ու խառնաշփոթով։ Ի՞նչը կօգնի մեզ փորձությունների ժամանակ հաջողությամբ առաջնորդվել և արդար ընթացք պահպանել Աստծո առջև։
Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Հոբ անունով մի հարուստ մարդու հետ, որն ապրել է մոտ 3 500 տարի առաջ ներկայիս Արաբիայի տարածքում։ Սատանան մեծ փորձանք բերեց այդ աստվածավախ մարդու գլխին. Հոբը կորցրեց իր բոլոր հոտերը, իսկ հետո նաև՝ սիրելի երեխաներին, ինչը մեծ տառապանք պատճառեց նրան։ Կարճ ժամանակ անց Սատանան հարվածեց Հոբին չարորակ պալարներով՝ գլխից մինչև ոտքերի ծայրը (Յոբ 1, 2 գլուխներ)։ Ու թեև վերջինս չգիտեր, թե ինչու էին նրա հետ նման վատ բաներ կատարվում, այնուամենայնիվ «չ’մեղանչեց իր շրթունքովը» (Յոբ 2։10)։ «Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը [անարատությունը]» (Յոբ 27։5)։ Այո՛, Հոբը անարատությամբ առաջնորդվեց փորձությունների ժամանակ։
Անարատությունը բնորոշվում է որպես բարոյական ամրություն և ամբողջականություն, ինչպես նաև՝ անեղծություն ու մաքրություն՝ Աստծո տեսանկյունից։ Սակայն դա ամբողջականություն կամ կատարելություն է ոչ թե խոսքի և գործի մեջ (քանզի անկատար մարդու համար հնարավոր չէ ամբողջովին համապատասխանել Աստծո չափանիշներին), այլ՝ Եհովային, նրա կամքի կատարմանը ու նրա նպատակներին ի սրտե նվիրվելու։ Աստծո հանդեպ նման հավատարմությունը ուղղում, առաջնորդում է արդարներին միշտ և բոլոր իրավիճակներում։ Աստվածաշնչի «Առակաց» գիրքը (11–րդ գլխի առաջին մասը) ցույց է տալիս, թե ինչպես կարող է անարատությունը առաջնորդել մեզ կյանքի տարբեր բնագավառներում, և հավաստիացնում է, որ այդպես վարվելով օրհնություններ կստանանք։ Հետաքրքիր է, ի՞նչ է ասվում այնտեղ։ Եկեք տեսնենք։
Անարատությունը մղում է ազնվության՝ գործարքների մեջ
Ընդգծելով ազնվության սկզբունքը և իրավաբանական տերմինների փոխարեն բանաստեղծական խոսքեր օգտագործելով՝ հին Իսրայելի թագավոր Սողոմոնը ասում է. «Խարդախ կշիռքը զզուանք է Տիրոջ համար. բայց ուղիղ քարը նորան հաճելի է» (Առակաց 11։1)։ Սա Առակաց գրքում հանդիպող այն չորս համարներից առաջինն է, որտեղ կշեռք և կշռաքար բառերի օգնությամբ այն միտքն է արտահայտվում, որ Եհովան ցանկանում է, որպեսզի իր երկրպագուները գործարքների մեջ ազնիվ լինեն (Առակաց 16։11; 20։10, 23)։
Խարդախ կշեռք՝ անազնվություն, նախընտրող մարդիկ բարգավաճում են, և դա կարող է գայթակղություն հանդիսանալ։ Սակայն, մի՞թե իսկապես կցանկանանք մերժել լավի ու վատի վերաբերյալ Աստծո չափանիշները՝ մտնելով խարդախ գործարքների մեջ։ Եթե անարատությամբ ենք առաջնորդվում՝ ո՛չ։ Մենք մերժում ենք անազնվությունը, քանի որ ճշգրիտ կշռաքարն ու կշեռքը, որ ազնվության խորհրդանիշ են, ուրախություն են պատճառում Եհովային։
«Խոնարհների հետ իմաստութիւն կայ»
Սողոմոն թագավորը շարունակում է. «Հպարտութիւնն եկաւ, անարգութիւն էլ կ’գայ. բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ» (Առակաց 11։2)։ Հպարտությունը՝ կդրսևորվի այն որպես գոռոզամտություն, անհնազանդություն, թե նախանձ, բերում է անարգանքի։ Իսկ եթե խոնարհաբար ընդունենք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են, իմաստություն կցուցաբերենք։ Այս խոսքերի ճշմարտացիությունը շատ լավ է երևում հետևյալ աստվածաշնչյան օրինակներից։
Կորխ անունով նախանձ մի ղևտացու առաջնորդությամբ՝ ապստամբ ամբոխը դուրս եկավ Եհովայի կողմից նշանակված ծառաների՝ Մովսեսի և Ահարոնի դեմ։ Ինչի՞ հանգեցրեց հպարտությունից թելադրված այս արարքը։ «Երկիրը բացաւ իր բերանը եւ կուլ տուեց» որոշ ապստամբների, իսկ մյուսները, այդ թվում նաև Կորխը, կրակով այրվեցին (Թուոց 16։1–3, 16–35; 26։10; Բ Օրինաց 11։6)։ Ինչպիսի՜ անարգանք։ Քննենք նաև Ոզայի օրինակը, որը հպարտությունից մղված՝ իր ձեռքը երկարացրեց ու բռնեց ուխտի տապանակը, որպեսզի այն չընկնի։ Նա տեղնուտեղը մահացավ (Բ Թագաւորաց 6։3–8)։ Որքա՜ն կարևոր է մերժել հպարտությունը։
Խոնարհ և համեստ մարդը անարգանքի չի արժանանա, նույնիսկ եթե սխալվի։ Հոբը, թեև շատ հարցերում օրինակելի, բայցևայնպես անկատար մարդ էր։ Փորձությունների ժամանակ բացահայտվեց, որ նա որոշ հարցերում սխալ մտածելակերպ ուներ։ Իր մեղադրողներից իրեն պաշտպանելով՝ Հոբը որոշ չափով անհավասարակշռվածություն դրսևորեց։ Նա նույնիսկ ասաց, թե Աստծուց ավելի արդար է (Յոբ 35։2, 3)։ Ինչպե՞ս Եհովան շտկեց նրա մտածելակերպը։
Խոսելով երկրի, ծովի, աստղազարդ երկնքի, որոշ կենդանիների և այլ հրաշալի ստեղծագործությունների մասին՝ Եհովան դաս տվեց Հոբին՝ ցույց տալով, թե որքան աննշան է մարդը Աստծո վեհության համեմատ (Յոբ 38–41 գլուխներ)։ Եհովան ոչ մի բացատրություն չտվեց նրա տառապանքների պատճառի վերաբերյալ։ Դրա կարիքը չկար, քանզի Հոբը համեստ էր և խոնարհաբար ընդունեց, որ մեծ տարբերություն կա իր և Աստծո միջև՝ իր սեփական անկատարության և թուլության ու Եհովայի արդարության և զորության։ «Զղջում [եմ] հողի եւ մոխիրի վերայ»,— ասաց նա (Յոբ 42։6)։ Հոբի անարատությունը նրան մղեց հանդիմանությունը պատրաստակամորեն ընդունելու։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Մի՞թե անարատությամբ առաջնորդվելով՝ հարկ եղած դեպքում պատրաստակամորեն չենք ընդունի շտկումը։
Մովսեսը նույնպես համեստ և խոնարհ մարդ էր։ Տեսնելով, որ նա ուրիշների խնդիրների մասին հոգ տանելով ուժասպառ է լինում՝ Հոթորը (Մովսեսի աները) մի գործնական լուծում առաջարկեց՝ համապատասխան որակավորում ունեցող մարդկանց հետ իր պատասխանատվությունները կիսելու։ Ճիշտ գնահատելով իր հնարավորությունների սահմանը՝ Մովսեսը իմաստություն ցուցաբերեց և ընդունեց այդ առաջարկը (Ելից 18։17–26; Թուոց 12։3)։ Համեստ մարդը դժկամություն չի ցուցաբերի ուրիշներին իշխանությամբ լիազորելու հարցում։ Նա նաև չի վախենա այն բանից, որ համապատասխան որակավորում ունեցող մարդկանց հետ պատասխանատվություններ կիսելով՝ ինչ–որ չափով կզրկվի իշխանությունից (Թուոց 11։16, 17, 26–29)։ Ընդհակառակը՝ նա ցանկություն կունենա այդ մարդկանց օգնելու, որպեսզի վերջիններս հոգևորապես առաջադիմեն (Ա Տիմոթէոս 4։15)։ Մի՞թե մենք էլ չպետք է նման մոտեցում հանդես բերենք։
‘Անարատ մարդու ճամփան ուղիղ է’
Գիտակցելով, որ անարատությունը միշտ չէ, որ կպաշտպանի արդարին վտանգից ու փորձանքներից՝ Սողոմոնը ասում է. «Ուղիղների ճշմարտութիւնը նորանց կ’առաջնորդէ, բայց նենագաւորների ծռութիւնը նորանց կ’փչացնէ» (Առակաց 11։3)։ Անարատությունը իրոք առաջնորդում է արդարին՝ օգնելով անել այն, ինչ ճիշտ է Աստծո տեսանկյունից, նույնիսկ՝ դժվար իրավիճակներում, և ի վերջո օգուտներ է բերում։ Հոբը չհրաժարվեց իր անարատությունը պահելուց, ուստի Եհովան «օրհնեց Յոբի վերջը նորա սկզբիցն աւելի» (Յոբ 42։12)։ Նենգավոր մարդկանց կարող է թվալ, թե ուրիշներին վնաս հասցնելով՝ նրանք օգուտ են քաղում, և նման անհատները գուցե որոշ ժամանակ բարգավաճեն։ Սակայն վաղ թե ուշ հենց իրենց նենգությունն էլ կկործանի նրանց։
«Օգուտ չ’ունի հարստութիւնը նեղութեան օրը,— ասում է իմաստուն թագավորը,— բայց արդարութիւնը կ’ազատէ մահից» (Առակաց 11։4)։ Ինչպիսի՜ անխոհեմություն կդրսևորենք, եթե ստրուկի պես աշխատենք նյութական շահի համար, բայց անփութորեն վերաբերվենք անձնական ուսումնասիրությանը, աղոթքներին, ժողովներին և քարոզչական ծառայությանը՝ այն գործունեություններին, որոնք խորացնում են մեր սերը Աստծո նկատմամբ և ամրացնում նրա հանդեպ մեր նվիրումը։ Հարստությունը, որքան էլ այն մեծ լինի, չի փրկի մեզ օրըստօրե մոտեցող մեծ նեղության ժամանակ (Մատթէոս 24։21)։ Միայն անարատությունը կփրկի արդարին (Յայտնութիւն 7։9, 14)։ Ուստի իմաստությամբ կվարվենք, եթե ուշադրություն դարձնենք Սոփոնիայի խոսքերին. «Դեռ Տիրոջ բարկութեան օրը ձեզ վերայ չ’եկած։ Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն» (Սոփոնիա 2։2, 3)։ Իսկ մինչ այդ եկեք նպատակ դնենք՝ Եհովային ‘մեր ստացվածքից պատվելու’ (Առակաց 3։9)։
Այնուհետև շեշտելով, որ արդարություն պահպանելու նպատակ հետապնդելով՝ մարդ կարող է օգուտ քաղել՝ Սողոմոնը ցույց է տալիս, թե ինչ տարբեր արդյունքների ի վերջո կհասնեն անարատ մարդը և չարը. «Կատարեալների արդարութիւնը կ’ուղղէ նորանց ճանապարհը, բայց անզգամը կ’ընկնի իր անզգամութեամբը։ Ուղիղների արդարութիւնը նորանց կ’ազատէ. բայց նենգաւորները ցանկութեան մէջ կ’բռնուին։ Չարը մեռնելիս ակնկալութիւնը կ’փչանայ, եւ անօրէնների յոյսը կը կորչի։ Արդարը կ’ազատուի նեղութիւնից, բայց ամբարիշտը կ’գայ նորա տեղը» (Առակաց 11։5–8)։ Անարատ մարդը ո՛չ իր ճանապարհների վրա «կընկնի», ո՛չ էլ իր գործերում։ Նրա ճանապարհը ուղիղ է։ Ի վերջո՝ նա կփրկվի փորձանքից։ Իսկ չարագործը, որ կարող է հզոր թվալ, փրկության հույս չունի։
«Քաղաքը կ’ուրախանայ»
Արդարների անարատությունը և չարագործների չարությունը ազդում է նաև ուրիշների վրա։ «Կեղծաւորն իր բերանովը կ’փչացնէ իր հարեւանին,— ասում է Իսրայելի թագավորը,— բայց արդարները կ’ազատուին գիտութիւնով» (Առակաց 11։9)։ Ո՞վ չի համաձայնվի, որ զրպարտությունը, չարախոսությունը, անպարկեշտ կամ դատարկ խոսակցությունը վնաս են հասցնում ուրիշներին։ Արդարի խոսքերը, սակայն, մաքուր են և լավ մտածված, այդպիսի մարդը նրբանկատ է։ Գիտության շնորհիվ՝ նա փրկվում է. անարատությունը օժտում է նրան հասկացողությամբ, որն անհրաժեշտ է՝ իրեն մեղադրողների սուտը ապացուցելու համար։
«Արդարների յաջողակութիւնովը քաղաքը կ’ուրախանայ,— շարունակում է թագավորը,— եւ չարերի կորած ժամանակը ցնծութեան ձայն կ’լինի» (Առակաց 11։10)։ Արդարները սովորաբար սիրված են մարդկանց կողմից։ Բացի այդ, նրանք ցնծություն են պատճառում ուրիշներին՝ ուրախություն ու երջանկություն։ Իրականում ոչ ոք չի սիրում «չարերին»։ Սովորաբար չար մարդու մահվան համար ոչ ոք չի տառապում։ Եվ, անշուշտ, ոչ ոք ափսոսանք չի զգա այն ժամանակ, երբ Եհովան ‘անզգամներին բնաջինջ կանի երկրից և նենգավորներին կխլի նրանից’ (Առակաց 2։21, 22)։ Ընդհակառակը՝ ուրախություն կտիրի, քանի որ այլևս չեն լինի նման մարդիկ։ Ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Լավ կլինի, եթե խորհենք՝ արդյոք մեր վարվելաձևը նպաստո՞ւմ է ուրիշների ուրախությանը։
«Քաղաքը կ’բարձրանայ»
Շարունակելով ցույց տալ, թե ինչ տարբեր ազդեցություններ կարող են թողնել արդար մարդը և չարը հասարակության վրա՝ Սողոմոնը գրում է. «Ուղիղների օրհնութիւնովը քաղաքը կ’բարձրանայ, բայց ամբարիշտների բերանովը կ’կործանուի» (Առակաց 11։11)։
Արդարության ուղին բռնած քաղաքացիները նպաստում են հասարակության մնացած անդամների բարօրությանը և լավ օրինակ են ծառայում նրանց համար։ Այդ պատճառով էլ քաղաքը «բարձրանում է», այսինքն՝ բարգավաճում։ Իսկ զրպարտող, վիրավորական կամ սխալ խոսքեր ասող մարդիկ խռովության, դժբախտության, պառակտման և պրոբլեմների պատճառ են դառնում՝ հատկապես, երբ նրանք ազդեցիկ դիրք ունեն։ Նման քաղաքներում անկարգություն և կաշառակերություն է տիրում։ Նրանք բարոյական անկում են ապրում, գուցե նաև՝ տնտեսական։
Առակաց 11։11–ում բերված սկզբունքը հավասարապես կիրառելի է նաև Եհովայի ժողովրդի համար, քանի որ այդ ժողովրդի անդամները միմյանց հետ շփվում են իրենց ժողովներում, որոնք կարելի է նմանեցնել քաղաքների։ Եթե ժողովում հոգևոր մարդկանց՝ անարատությամբ առաջնորդվող արդարների ազդեցությունն է գերակշռում, ապա այն երջանիկ, ակտիվ և օգտակար մարդկանցից բաղկացած մի խումբ կլինի, որը փառք է բերում Աստծուն։ Եհովան օրհնում է նման ժողովները, և նրանք հոգևորապես բարգավաճում են։ Սակայն պատահում է, որ ոմանք, զայրացած կամ դժգոհ լինելով, քննադատում ու չարությամբ են արտահայտվում այն մասին, թե ինչպես է ժողովում կատարվում այս կամ այն գործը։ Այդպիսով նրանք նմանվում են «դառն արմատ[ի]», որը կարող է տարածվել և թունավորել այն անհատներին, ովքեր սկզբում անկեղծ էին (Եբրայեցիս 12։15, ԱԹ)։ Նման մարդիկ հաճախ տենչում են ավելի մեծ իշխանության և բարձր դիրքի։ Նրանք կարող են լուրեր տարածել, թե ժողովում կամ երեցների կողմից ցուցաբերվում է անարդարություն, նախապաշարմունք ուրիշ ազգի ներկայացուցիչների հանդեպ կամ նման մի բան։ Այդպիսի անհատները իրենց լեզվով իսկապես կարող են պառակտել ժողովը։ Մի՞ թե չպետք է հրաժարվենք նրանց լսելուց և ջանանք լինել ժողովի խաղաղությանն ու միասնությանը նպաստող հոգևոր մարդիկ։
Շարունակելով՝ Սողոմոնը ասում է. «Իր հարեւանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը կ’լռէ։ Բանսարկութեան ման եկողը գաղտնիքը կ’յայտնէ, բայց հաւատարիմ հոգի ունեցողը կ’ծածկէ բանը» (Առակաց 11։12, 13)։
Որքա՜ն մեծ վնաս կարող է հասցնել «պակասամիտ»՝ խորաթափանցությունից զուրկ մարդը։ Նրա անսանձ խոսքերը կարող են վերածվել զրպարտության կամ հայհոյանքի։ Նշանակված երեցները պետք է անհապաղ վերջ դնեն նման վնասակար ազդեցությանը։ Ի տարբերություն «պակասամիտ» մարդու՝ խորաթափանց անհատը գիտի, թե երբ է հարկավոր լռել։ Գաղտնիքը հայտնելու փոխարեն՝ նա ծածկում է խնդիրը։ Իմանալով, որ անսանձ լեզուն կարող է մեծ վնաս հասցնել՝ խորաթափանց անհատը «հաւատարիմ հոգի» է ցուցաբերում։ Նա հավատարիմ է իր հավատակիցների հանդեպ և չի հրապարակում գաղտնիքները՝ վնաս հասցնելով նրանց։ Ինչպիսի՜ օրհնություն են անարատություն պահող այդ անհատները ժողովի համար։
Որպեսզի կարողանանք քայլել անարատ մարդկանց ճանապարհով, Եհովան առատորեն հոգևոր սնունդ է մատակարարում մեզ։ Այն պատրաստվում է «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» ղեկավարությամբ (Մատթէոս 24։45)։ Անհատապես՝ մեծ օգնություն ենք ստանում նաև քրիստոնյա երեցների կողմից մեր քաղաքանման ժողովներում (Եփեսացիս 4։11–13)։ Մենք իսկապես երախտապարտ ենք այդ բանի համար, քանի որ «առաջնորդութիւն չ’լինելիս ժողովուրդը կ’ընկնի, բայց խորհուրդատուների շատութիւնովը փրկութիւն կ’լինի» (Առակաց 11։14)։ Եկեք ուրեմն, ինչ էլ պատահի, ‘անարատությունով քայլելու’ վճռականություն պահպանենք (Սաղմոս 26։1, Արևմտ. Աստ.)։
[մեջբերում 26–րդ էջի վրա]
Ինչպիսի՜ անխոհեմություն՝ ստրուկի պես աշխատել նյութական շահ ստանալու համար, բայց աստվածապետական գործունեությունը անտեսել
[նկարներ 24–րդ էջի վրա]
Հոբը առաջնորդվում էր անարատությամբ, ուստի օրհնվեց Եհովայի կողմից
[նկար 25–րդ էջի վրա]
Ոզայի հպարտությունը մահ բերեց նրան