Եփեսացիներ
6 Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին,+ ինչպես որ Տերն է ուզում, քանի որ դա է ճիշտը: 2 «Պատվիր քո հորն ու մորը»:+ Սա առաջին պատվիրանն է, որի հետ նաև խոստացված օրհնություն է նշվում. 3 «Որ քեզ համար լավ լինի ու երկար ապրես երկրի վրա»: 4 Իսկ դուք, հայրե՛ր, մի՛ դառնացրեք ձեր երեխաներին,+ այլ դաստիարակեք նրանց՝ խրատելով+ ու կրթելով այնպես, ինչպես Եհովան* է ուզում:*+
5 Ծառանե՛ր,* հնազանդվեք ձեր տերերին*+ հարգանքով, ակնածանքով և սրտանց, ինչպես որ Քրիստոսին եք հնազանդվում: 6 Եվ այդպես մի՛ վարվեք միայն այն ժամանակ, երբ տեսնող կա, որ զուտ մարդկանց հաճեցնեք,+ այլ այդպես վարվեք, քանի որ դուք Քրիստոսի ծառաներն եք, ովքեր ամբողջ հոգով* կատարում են Աստծու կամքը:+ 7 Ճիշտ տրամադրվածությամբ ծառայեք, ինչպես Եհովային+ և ոչ թե մարդկանց, 8 քանի որ գիտեք, որ յուրաքանչյուր ոք՝ լինի ծառա, թե ազատ մարդ, իր արած ամեն բարիքի համար վարձատրություն կստանա Եհովայից:+ 9 Դուք էլ, տերե՛ր, նույն սկզբունքով վերաբերվեք ձեր ծառաներին և մի՛ սպառնացեք նրանց, որովհետև գիտեք, որ թե՛ դուք, թե՛ նրանք նույն Տերն ունեք երկնքում,+ իսկ նա կողմնապահ չէ:
10 Եվ վերջում ձեզ այս հորդորն եմ տալիս: Շարունակեք ուժ+ ստանալ Տիրոջից, ով մեծ զորություն ունի: 11 Հագեք Աստծու տված ամբողջ սպառազինությունը,+ որպեսզի կարողանաք անսասան մնալ Բանսարկուի նենգությունների դեմ, 12 որովհետև մեր պայքարը*+ միս ու արյան դեմ չէ, այլ երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ է, որոնք այս խավար աշխարհը ղեկավարող տիրակալներն են, կառավարություններն ու իշխանությունները:+ 13 Ուստի հագեք Աստծու տված ամբողջ սպառազինությունը,+ որ հակառակորդի հարձակման ժամանակ* կարողանաք դիմակայել: Եվ երբ ամբողջովին պատրաստված լինեք, կկարողանաք անսասան մնալ:
14 Այսպիսով՝ ամուր կանգնեք՝ ճշմարտության գոտին ձեր մեջքին կապած,+ արդարության կրծքազրահը հագած+ 15 և ձեր ոտքերին խաղաղության բարի լուրը քարոզելու պատրաստակամությունը հագած:+ 16 Այս ամենից բացի՝ վերցրեք նաև հավատի մեծ վահանը,+ որով կկարողանաք հանգցնել Չարի կրակոտ նետերը:+ 17 Ձեր գլխին դրեք փրկության սաղավարտը+ և վերցրեք հոգևոր սուրը,* այսինքն՝ Աստծու խոսքը,+ 18 և ամեն առիթով զանազան աղոթքներ+ ու աղաչանքներ մատուցեք Աստծուն՝ հետևելով սուրբ ոգու առաջնորդությանը:+ Արթուն մնացեք և շարունակ աղաչանք արեք բոլոր սրբերի* համար: 19 Աղոթեք նաև ինձ համար, որ խոսելիս Աստծու օգնությամբ ճիշտ բաներ ասեմ, որպեսզի կարողանամ անվախորեն քարոզել բարի լուրի սրբազան գաղտնիքի մասին:+ 20 Ես այդ լուրը հայտնող դեսպան եմ+ և դրա համար եմ շղթայված: Աղոթեք ինձ համար, որ բարի լուրի մասին համարձակությամբ խոսեմ, ինչպես և պարտավոր եմ անել:
21 Տյուքիկոսը՝+ մեր սիրելի եղբայրը և Տիրոջ հավատարիմ ծառան, կպատմի ձեզ իմ գործերի ու իմ որպիսության մասին:+ 22 Հենց դրա համար եմ նրան ձեզ մոտ ուղարկում, որ լուր բերի մեր մասին ու մխիթարի ձեզ:
23 Թող Հայրը՝ Աստված, և Տեր Հիսուս Քրիստոսը օգնեն մեր բոլոր եղբայրներին ունենալ խաղաղություն, սեր ու հավատ: 24 Թող Աստված անզուգական բարություն դրսևորի բոլոր նրանց հանդեպ, ովքեր անմար սիրով սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին: