Օգտակար գիրք ներկա կյանքի համար
Խորհրդատու գրքերն այսօր լայն ժողովրդականություն են վայելում։ Սակայն նրանք ժամանակի ընթացքում հնանում են և շուտով վերանայվում կամ փոխարինվում։ Իսկ Աստվածաշո՞ւնչը։ Նրա գրությունն ավարտվել է շուրջ երկու հազար տարի առաջ։ Եվ նրա սկզբնական լուրը մինչև այժմ երբեք չի բարելավվել և չի հնացել։ Կարո՞ղ է այսպիսի գիրքը հնարավորին չափ օգտակար առաջնորդություն պարունակել մեր օրերի համար։
ՈՄԱՆՔ ասում են՝ ոչ։ Դոկտոր Էլի Ս. Չեսենը, բացատրելով, թե ինչու է գտնում, որ Աստվածաշունչը հնացած է, գրում է. «Ոչ ոք հավանություն չէր տա քիմիայի ժամանակակից դասընթացներում օգտվել 1924թ.–ի հրատարակության քիմիայի [դասա]գրքից»։1 Այս պատճառաբանությունը տրամաբանական է թվում։ Ի վերջո, շատ բան է իմացվել մտային առողջության և մարդկային վարքագծի մասին այն ժամանակից ի վեր, երբ գրվել է Աստվածաշունչը։ Ուստի, ինչպե՞ս կարող է այսպիսի հին գիրքը հնարավոր չափով հարմար լինել ներկա կյանքի համար։
Հարատև սկզբունքներ
Ժամանակները փոխվել են, իսկ մարդկային հիմնական կարիքները մնացել են նույնը։ Պատմության ընթացքում ապրած բոլոր մարդիկ սիրո և մտերմության կարիք են ունեցել։ Նրանք ցանկացել են երջանիկ լինել և իմաստալից կյանք վարել։ Նրանք խորհրդի կարիք են զգացել, թե ինչպես հաղթահարել տնտեսական ճնշումները, ինչպես հաջող ամուսնություն ունենալ և ինչպես բարոյական արժեքներ սերմանել իրենց երեխաների մեջ։ Աստվածաշունչն այս հիմնական կարիքներին ուղղված խորհուրդ է պարունակում (Ժողովող 3։12, 13; Հռովմայեցիս 12։10; Կողոսացիս 3։18—21; Ա Տիմոթէոս 6։6—10)։
Աստվածաշնչի խորհուրդը մարդկային խառնվածքի մասին խորաթափանց հասկացողություն է արտացոլում։ Նկատի առնենք որոշ յուրահատուկ, տարաժամ սկզբունքներ, որոնք օգտակար են ներկա կյանքի համար։
Ամուսնության համար օգտակար առաջնորդություն
ՄԱԿ–ի «Ժամանակագրությունը» ասում է, որ ընտանիքը «մարդկային հասարակարգի հնագույն և հիմնական միավորն է, սերնդների միջև կապակցող օղակը»։ Այս «կապակցող օղակը», սակայն, սաստիկ արագությամբ քայքայվում է։ «Ներկա աշխարհում,— նշում է «Ժամանակագրությունը»,— շատ ընտանիքներ վհատեցնող խոչընդոտներ են դիմագրավում, որոնք սպառնում են նրանց գործելու և, անշուշտ, նաև գոյատևելու ընդունակությանը»։2 Աստվածաշունչը որպես օգնություն ի՞նչ խորհուրդ է առաջարկում ընտանիքի այդ բջիջը պահպանելու համար։
Նախ և առաջ, Աստվածաշունչը շատ բան ունի ասելու այն մասին, թե ինչպես պետք է ամուսինները վերաբերվեն միմյանց։ Ամուսինների վերաբերյալ, օրինակ, այն ասում է. «Մարդիկ պարտաւոր են սիրել իրենց կանանց իբրեւ իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում. որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն» (Եփեսացիս 5։28, 29)։ Կնոջը խորհուրդ էր տրված «խոր հարգանք տածել ամուսնու նկատմամբ» (Եփեսացիս 5։33, ՆԱ)։
Նկատի առնենք, թե ինչ է ընդգրկվում Աստվածաշնչի այս խորհրդի կիրարկման մեջ։ Կնոջն ‘իր մարմնի պես’ սիրող ամուսինը ատելությամբ լի կամ դաժան չէ նրա նկատմամբ։ Նա ֆիզիկական կամ հուզական ցավ չի պատճառում կնոջը, ոչ էլ խոսքով վիրավորում։ Փոխարենը, ինչպես իր անձի, այնպես էլ նրա հանդեպ ցուցաբերում է միևնույն հարգանքն ու ուշադրությունը (Ա Պետրոս 3։7)։ Իսկ նրա կինը սիրված ու ապահով է զգում իր ամուսնական կյանքում։ Այդպես վարվելով՝ նա հիանալի օրինակ է ծառայում իր երեխաներին, թե ինչպես պետք է վերաբերվել կանանց հետ։ Մյուս կողմից, ամուսնու հանդեպ «խոր հարգանք» տածող կինը չի վիրավորում նրա արժանապատվությունը՝ շարունակաբար քննադատելով կամ նվաստացնելով նրան։ Կնոջ կողմից հարգված ամուսինը զգում է, որ իրեն վստահում, ընդունում և գնահատում են։
Արդյո՞ք այսպիսի խորհուրդը գործնական է ժամանակակից աշխարհում։ Հետաքրքրական է, որ այսօր նման եզրակացության են եկել ընտանիքները հետազոտող մասնագետները։ Ընտանիքի խորհրդատվական ծրագրի մի կարգադրիչ նշում է. «Իմ իմացած ամենակայուն և առողջ ընտանիքները նրանք են, որտեղ հայրն ու մայրը ամուր, սիրալիր փոխհարաբերության մեջ են.... Այդ ամուր, առաջնակարգ փոխհարաբերությունը ապահովություն է ներշնչում երեխաներին»։3
Ամուսնությանը վերաբերող Աստվածաշնչի խորհուրդը տարիների ընթացքում ավելի հուսալի է գտնվել, քան՝ ընտանիքի հարցերով զբաղվող անհամար բարեմիտ խորհրդատուներինը։ Եվ, ի վերջո, ոչ այնքան վաղուց փորձագետները պաշտպանում էին ապահարզանը՝ որպես անախորժ ամուսնության արագ և հեշտ լուծում։ Այսօր նրանցից շատերը համոզում են մարդկանց որչափ հնարավոր է պահպանել ամուսնությունը։ Սակայն, մինչ այդ եզրահանգման գալը, նրանց սխալ տեսակետները շատ վնասներ են տվել։
Ի հակառակ դրան, Աստվածաշունչն ամուսնության հարցի վերաբերյալ հուսալի և հավասարակշռված խորհուրդ է տալիս։ Այն ընդունում է, որ որոշ ծայրահեղ հանգամանքներ թույլատրում են ամուսնալուծությունը (Մատթէոս 19։9)։ Միևնույն ժամանակ նա դատապարտում է թեթևամիտ ամուսնալուծությունները (Մաղաքիա 2։14—16)։ Դատապարտում է նաև ամուսնական անհավատարմությունը (Եբրայեցիս 13։4)։ Ամուսնությունը, ըստ նրա խոսքերի, իր մեջ պարտավորություն է ընդգրկում. «Սորա համար մարդը կ’թողնէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին»a (Ծննդոց 2։24; Մատթէոս 19։5, 6)։
Ամուսնությանը վերաբերող Աստվածաշնչի խորհուրդն այսօր նույնքան տեղին է, որքան նրա գրության ժամանակ։ Ամուսնությունը և, հետևաբար, ընտանիքը փրկելու ավելի մեծ հավանականություն կա այն դեպքում, երբ ամուսինն ու կինը սիրով ու հարգանքով վերաբերվեն միմյանց և ամուսնությունը համարեն որպես բացառիկ կապ։
Օգտակար առաջնորդություն ծնողներին
Տասնամյակներ առաջ շատ ծնողներ, երեխայի դաստիարակությանը վերաբերող «նորամուծական գաղափարներից» մղված, գտնում էին, որ «արգելվում է արգելելը»։8 Նրանք վախենում էին, որ երեխաների առջև սահմանափակումներ դնելը կարող է ջղացնցման կամ խանգարման հասցնել։ Երեխայի կրթության հարցերով զբաղվող բարեմիտ խորհրդատուները ծնողներից պահանջում էին խուսափել ցանկացած պատժից՝ ընդամենը մեղմ ուղղումներ կատարելով։ Սակայն այդ փորձագետներից շատերն այժմ վերանայում են խրատի դերը, իսկ մտահոգված ծնողները այս հարցի շուրջ ինչ–որ հստակություն են որոնում։
Բոլոր ժամանակներում, սակայն, Աստվածաշունչը երեխայի դաստիարակության վերաբերյալ պարզ, ողջամիտ խորհուրդ է առաջարկել։ Շուրջ երկու հազար տարի առաջ ասվել է. «Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփեսացիս 6։4)։ «Խրատ» թարգմանված հունարեն գոյականը նշանակում է «դաստիարակություն, ուսուցում, հրահանգում»։9 Աստվածաշունչն ասում է, որ այդպիսի խրատը կամ հրահանգը ծնողական սիրո առկայությունն է (Առակաց 13։24)։ Երեխաները բարեհաջող զարգանում են բարոյական հստակ դրույթների և ճիշտ ու սխալի հասկացողության ձևավորման շնորհիվ։ Խրատն ասում է, որ ծնողները հոգում են նրանց մասին, նաև այն մասին, թե ինչպիսի անձնավորություններ են նրանք պատրաստվում դառնալ։
Սակայն ծնողական իշխանությունը՝ «խրատի գաւազանը», երբեք չպետք է չարաշահվի։b (Առակաց 22։15; 29։15)։ Աստվածաշունչը զգուշացնում է ծնողներին. «Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, որ չյուսալքուեն» (Կողոսացիս 3։21)։ Այն նաև ընդունում է, որ ֆիզիկական պատիժն ընդհանուր առմամբ դաստիարակման ամենահաջող մեթոդը չէ։ Առակաց 17։10–ն ասում է. «Յանդիմանութիւնը աւելի է ազդում խոհեմին, քան թէ հարիւր հարուածը՝ յիմարին»։ Բացի այդ Աստվածաշունչն առաջադրում է նախազգուշական խրատը։ Երկրորդ Օրինաց 11։19–ում ծնողներին պատվիրվում է ցանկացած պահից օգտվել իրենց երեխաների մեջ բարոյական արժեքներ սերմանելու համար (տեսե՛ք նաև Երկրորդ Օրինաց 6։6, 7)։
Ծնողներին ուղղված Աստվածաշնչի մշտակայուն խորհուրդը պարզ է։ Երեխաներին անհրաժեշտ է հաստատուն և սիրառատ խրատը։ Փորձառությունները ցույց են տալիս, որ այս խորհուրդներն իրոք գործում են։
Հաղթահարել պառակտող արգելքները
Մարդիկ այսօր բաժանված են ռասայական, ազգային և էթնիկական պատնեշներով։ Այսպիսի անբնական արգելապատերը համայն աշխարհում աջակցել են անմեղ մարդկանց կոտորածներին։ Պատմությունը ցույց է տալիս, որ տարբեր ռասաների և ազգերի մարդկանց միմյանց հավասար նկատելու և հավասարը հավասարի պես վերաբերվելու հավանականությունը իրոք շատ քիչ է։ «Լուծումը,— ասում է աֆրիկացի մի քաղաքական գործիչ,— մեր էության մեջ է»։11 Իսկ մարդկային էությունը փոխելն այնքան էլ հեշտ չէ։ Բայց և այնպես ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Աստվածաշնչի հաղորդագրությունը կոչ անում սրտերին և հավասարություն խրախուսում։
Աստվածաշնչի ուսմունքը, որ Աստված «մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը», բացառում է ռասայական գերազանցության ցանկացած գաղափար (Գործք 17։26)։ Այն ցույց է տալիս, որ իրականում գոյություն ունի միայն մեկ ցեղ՝ մարդկային ցեղը։ Այնուհետև Աստվածաշունչը քաջալերում է մեզ ‘նմանվել Աստծուն’, որի մասին ասվում է, թե նրա «կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Եփեսացիս 5։1; Գործք 10։34, 35)։ Աստվածաշնչին լուրջ մոտեցողների և նրա ուսմունքների համաձայն ապրել ձգտողների համար այս գիտությունը միավորող ազդեցություն է ունեցել։ Այն ազդեցություն է ի գործ դնում ամենախոր մակարդակում՝ մարդու սրտում՝ քանդելով մարդկանց ստեղծած պատնեշները, որոնք բաժանում են նրանց։ Վերցնենք մի օրինակ։
Երբ Հիտլերը պատերազմ էր մղում Եվրոպայի դեմ, քրիստոնյաների միայն մեկ խումբ՝ Եհովայի Վկաները, հաստատակամորեն մերժեց մասնակցել անմեղ մարդկանց արյունահեղությանը։ Նրանք «սուր չէին բարձրացնի» իրենց մտերմի վրա։ Աստծուն հաճեցնելու իրենց ցանկության պատճառով վերջիններս անսասան մնացին (Եսայիա 2։3, 4; Միքիա 4։3, 5)։ Նրանք անկեղծորեն հավատում էին Աստվածաշնչի սովորեցրածին, որ ոչ մի ազգ կամ ցեղ առավելություն չունի մյուսի վրա (Գաղատացիս 3։28)։ Իրենց խաղաղասիրության պատճառով Եհովայի Վկաները համակենտրոնացման ճամբարների առաջին գերիներից էին (Հռովմայեցիս 12։18)։
Սակայն ոչ բոլորը, ովքեր պնդում էին, թե ապրում են ըստ Աստվածաշնչի, այսպիսի դիրք բռնեցին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց գերմանացի բողոքական քահանա Մարտին Նիմյոլլերը գրեց. «Նա, ով ցանկանում է մեղադրել Աստծուն [պատերազմների] մեջ, չգիտի կամ չի ուզում իմանալ Աստծո Խոսքը.... Քրիստոնեական եկեղեցիները բոլոր դարերում միշտ համաձայնվել են օրհնել պատերազմները, զորքերն ու զենքերը և.... չափազանց ոչ քրիստոնեավայել կերպով աղոթում էին իրենց թշնամիների կործանման համար։ Այս ամենը մեր մեղավորությունն է, մեր հայրերինը, բայց Աստված ոչ մի դեպքում մեղադրելի չէ։ Եվ մենք՝ այսօրվա քրիստոնյաներս, ամոթահար կանգնած ենք այսպես կոչված աղանդի՝ Աստվածաշնչի լուրջ ուսումնասիրողների [Եհովայի Վկաների] առջև, որոնք հարյուրներով և հազարներով գնում էին համակենտրոնացման ճամբարներ և [նույնիսկ] մահվանն ընդառաջ, քանի որ մերժում էին զինվորական ծառայությունը և հրաժարվում կրակել մարդկանց վրա»։12
Եհովայի Վկաներն այսօր քաջածանոթ են իրենց եղբայրությամբ, որը միացնում է արաբներին և հրեաներին, խորվաթներին և սերբերին, հուտուներին և տուտսիներին։ Սակայն Վկաները սիրով ընդունում են, որ այսպիսի միությունը հնարավոր է ոչ թե այն պատճառով, որ նրանք ուրիշներից լավն են, այլ այն, որ նրանք այդ քայլին մղվում են Աստվածաշնչի հաղորդագրության զորությամբ (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։
Մտային առողջությանը նպաստող օգտակար առաջնորդություն
Մարդու մտային և հոգեկան առողջությունը հաճախ ազդում է նրա ֆիզիկականի վրա։ Օրինակ, գիտական հետազոտությունները հաստատել են զայրույթի վնասակար հետևանքները։ «Առկա փաստերի մեծամասնությունը բերում է այն եզրակացության, որ դյուրաբորբոք մարդիկ գտնվում են սիրտ–անոթային, ինչպես նաև այլ հիվանդությունների մեծ վտանգի տակ տարբեր պատճառներով, որոնք են՝ մտերիմների կողմից գնալով նվազող աջակցությունը, զայրույթի թողած հակազդեցության աճը և առողջությանը սպառնացող ապրելակերպի հանդեպ հանդուրժողականությունը»,— ասում են Դյուկի անվան Վարքագծի հետազոտական համալսարանի բժշկական կենտրոնի տնօրեն բժիշկ Ռեդֆորդ Ուիլյամսը և նրա կինը՝ Վիրջինիա Ուիլյամսը իրենց «Զայրույթը սպանում է» գրքում։13
Գիտական հետազոտություններից հազարավոր տարիներ առաջ Աստվածաշունչը պարզ, սակայն հասկանալի բառերով կապակցեց մեր հոգեկան վիճակը ֆիզիկական առողջության հետ. «Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտութիւն է ոսկորներին» (Առակաց 14։30; 17։22)։ Աստվածաշունչը խոհեմաբար խորհուրդ է տալիս. «Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը» և «Մի շտապիր հոգովդ բարկանալու» (Սաղմոս 37։8; Ժողովող 7։9)։
Աստվածաշունչը նաև խելամիտ խորհուրդ է պարունակում զայրույթը զսպելու մասին։ Օրինակ, Առակաց 19։11–ն ասում է. «Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կ’անէ, եւ նորա փառքը յանցանք ներելն է»։ «Իմաստութիւն» բառի եբրայերեն ձևը ծագում է մի բայից, որն ուշադրությունը դարձնում է որևէ բանի «պատճառը գիտենալու» վրա։14 Իմաստուն խորհուրդ է՝ «Տասը չափիր՝ մեկ կտրիր»։ Ջանալով ըմբռնել ուրիշների խոսքերի կամ արարքի հիմքում ընկած պատճառները՝ անհատը կկարողանա առավել համբերատար լինել և ավելի քիչ տրվել բարկությանը (Առակաց 14։29, ՆԱ)։
Օգտակար խորհրդի մեկ այլ օրինակ գտնվում է Կողոսացիս 3։13–ում, որն ասում է ապրել՝ «հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց»։ Աննշան գրգիռներն, ինչ խոսք, կյանքի մասն են կազմում։ «Հանդուրժել միմյանց» արտահայտությունը առաջարկում է համբերությամբ տանել այն, ինչը մենք չենք հավանում ուրիշների մեջ։ «Ներել» նշանակում է մի կողմ թողնել վիրավորվածությունը։ Երբեմն խոհեմ է մի կողմ դնել դառը զգացումները հիշողության մեջ պահելու փոխարեն. զայրույթը պահելը միայն կավելացնի մեր բեռը (տեսե՛ք շրջանակը՝ «Մարդկային փոխհարաբերությունների համար օգտակար առաջնորդություն»)։
Այսօր խորհրդի և առաջնորդության բազում աղբյուրներ գոյություն ունեն։ Աստվածաշունչը, սակայն, իսկապես եզակի է։ Նրա խորհուրդը սոսկ թեորիա չէ, և այն երբեք չի վնասել մեզ։ Ընդհակառակը, նրա իմաստությունն իրեն «հաւատարիմ» է փաստել (Սաղմոս 93։5)։ Բացի այդ Աստվածաշնչի խորհուրդը ցանկացած ժամանակների համար է։ Չնայած նրա գրությունն ամբողջացվել է 2000 տարի առաջ, նրա խոսքերը դեռ կիրառելի են։ Եվ դրանք գործում են հավասար ազդեցությամբ՝ անկախ մեր մաշկի գույնից և երկրից, որտեղ ապրում ենք։ Աստվածաշնչի խոսքերն իրենց մեջ նաև զորություն են պարունակում՝ մարդկանց դեպի լավը փոխելու զորություն (Եբրայեցիս 4։12)։ Այդ գրքի ընթերցանությունն ու նրա սկզբունքների կիրառումը կարող է բարելավել ձեր կյանքը։
[Ծանոթագրություններ]
a «Հարել» թարգմանված եբրայերեն դավա՛ք բառը «կրում է ինչ–որ մեկի հետ մտերմաբար և հավատարմությամբ կապված լինելու իմաստը»։4 Մատթէոս 19։5–ում (ԱԹ) օգտագործված «կ’յարի» բառը հունարենում կրում է «սոսնձել», «ցեմենտել», «ամուր իրար միացնել» իմաստները։5
b Աստվածաշնչային ժամանակներում «գաւազանը» (եբրայերեն՝ շե՛վեթ) նույն «մահակն էր» կամ հովվական «ցուպը»։10 Այս համատեքստում իշխանության գավազանը սիրառատ առաջնորդությունն է, ոչ թե բիրտ դաժանությունը (համեմատեցե՛ք Սաղմոս 23։4)։
[Ներդիր 24–րդ էջի վրա]
Աստվածաշունչն ընտանեկան կյանքին վերաբերող հստակ և խոհեմ խորհուրդ է առաջարկում
[Շրջանակ 23–րդ էջի վրա]
ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇՈՂ ԳԾԵՐԸ
Մի քանի տարի առաջ ընտանիքին վերաբերող հարցերով զբաղվող մի մասնագետ–մանկավարժ խոշոր ուսումնասիրություն անցկացրեց, որտեղ ընտանիքների հետազոտմամբ զբաղվող ավելի քան հինգ հարյուր մասնագետների խնդրվեց ներկայացնել «առողջ» ընտանիքներին բնորոշող գծերը։ Հետաքրքրական է, որ թվարկված ընդհանուր գծերի մեծամասնությունը շատ վաղուց առաջադրվել է Աստվածաշնչի կողմից։
Առաջին տեղում էին լավ հաղորդակցվելու ունակությունը, ինչպես նաև տարաձայնությունները համաձայնեցնելու հաջող մեթոդները։ Առողջ ընտանիքների ընդհանուր նշանաբանն է՝ «ոչ ոք քնելու չի գնում մյուսի վրա բարկացած»,— նշում է ուսումնասիրության հեղինակը։6 Մինչդեռ շուրջ 1900 տարի առաջ Աստվածաշունչը խորհուրդ էր տվել. «Թէ բարկանաք էլ, մեղք մի՛ գործէք. արեգակը ձեր բարկութեան վրայ թող մայր չմտնի» (Եփեսացիս 4։26)։ Աստվածաշնչային ժամանակներում օրերը հաշվում էին մայրամուտից մայրամուտ։ Այսպիսով, արդի մասնագետների կողմից ընտանիքների ուսումնասիրությունից շատ առաջ Աստվածաշունչն իմաստուն խորհուրդ է տվել՝ անհապաղ լուծել պառակտող հարցերը մինչև օրվա ավարտն ու հաջորդի սկսվելը։
Առողջ ընտանիքները «հնարավոր բռնկման ենթակա հարցերը չեն բարձրացնում տնից դուրս գալուց կամ քնելուց առաջ»,— նշում է հեղինակը։ «Կրկին ու կրկին լսում էի «ճիշտ ժամանակին» արտահայտությունը»։7 Այս ընտանիքներն ակամայից կրկնում են գրեթե 2700 տարի առաջ արձանագրված Աստվածաշնչի մի առած. «Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ» (Առակաց 15։23; 25։11)։ Այս համեմատության մեջ հիշատակվում է փորագրված արծաթե սկուտեղի մեջ դրված խնձորի տեսքով ոսկե զարդարանքների՝ աստվածաշնչային ժամանակների արժեքավոր և գեղեցիկ կարողության մասին։ Այն հայտնում է տեղին ասված խոսքի գեղեցկությունն ու արժեքը։ Լարված իրավիճակում անգին է ճիշտ ժամանակին ճիշտ ասված խոսքը (Առակաց 10։19)։
[Շրջանակ 26–րդ էջի վրա]
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
«Դողացէք եւ մի մեղանչէք. խօսեցէք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում եւ լուռ կացէք» (Սաղմոս 4։4)։ Շատ դեպքերում, նույնիսկ չնչին զանցանքներում, խոհեմություն է զսպել բառերը՝ խուսափելով էմոցիոնալ պոռթկումից։
«Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է» (Առակաց 12։18)։ Մտածեցե՛ք խոսելուց առաջ։ Չմտածված բառերը կարող են վիրավորել ուրիշներին և կործանել բարեկամական փոխհարաբերությունները։
«Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւնը կ’գրգռէ» (Առակաց 15։1)։ Մեղմությամբ արձագանքելու համար ինքնատիրապետում է հարկավոր, իսկ այդպիսի վարքագիծը հաճախ հարթեցնում է խնդիրները և նպաստում խաղաղ հարաբերությանը։
«Ջրի արձակման նման է կռիւի սկիզբը. բայց վէճը չ’բորբոքուած դու ետ քաշուիր» (Առակաց 17։14)։ Խոհեմություն է հեռանալ անկայուն իրավիճակից, քանի դեռ չեք կորցրել ինքնատիրապետումը։
«Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետեւ բարկութիւնը յիմարների ծոցումն է հանգչում» (Ժողովող 7։9)։ Հույզերը հաճախ նախորդում են գործողություններին։ Արագ վրդովվող անհատը խենթ է, քանի որ նրա վարվելակերպը կհանգեցնի չմտածված խոսքերի կամ արարքների։
[Նկարազարդում 25–րդ էջի վրա]
Եհովայի Վկաները համակենտրոնացման ճամբարների առաջին գերիներից էին