Երջանիկ ենք, քանի որ Եհովան մեզ ցույց է տալիս իր ճանապարհը
«Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը զտուած է» (Բ Թագավորաց 22։31)։
1, 2. ա) Բոլոր մարդիկ, ըստ էության, ի՞նչ բանի կարիք ունեն։ բ) Լավ կլիներ ո՞ւմ ընդօրինակել։
ԲՈԼՈՐ մարդիկ, ըստ էության, առաջնորդվելու կարիք ունեն։ Ինչ խոսք, որ կյանքի ընթացքում մեր ճանապարհը հարթելու գործում մեզ օգնություն է անհրաժեշտ։ Ճիշտ է, որպեսզի տարբերենք լավը վատից, Եհովան մեզ չափավոր մտածողություն և խիղճ է պարգևել։ Սակայն մեր խիղճը հուսալի առաջնորդ կլինի միայն այն դեպքում, երբ դաստիարակվի (Եբրայեցիս 5։14)։ Մեր միտքն էլ պետք է ճշգրիտ ինֆորմացիա ստանա, ինչպես նաև վարժվի այդ տեղեկությունը գնահատելու, եթե ցանկանում ենք ճիշտ որոշումներ կայացնել (Առակաց 2։1—5)։ Բայց նույնիսկ այս դեպքում էլ մեր որոշումները կարող են ձախողվել, և արդյունքը երբեմն մեր ցանկացածի պես չլինել, քանի որ կյանքը անորոշ է (Ժողովող 9։11)։ Հետևաբար, մենք ոչ մի հուսալի միջոց չունենք՝ իմանալու, թե ապագան մեզ ի՞նչ է բերելու։
2 Այս և ուրիշ շատ պատճառներով Երեմիա մարգարեն գրեց. «Գիտէմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Հիսուս Քրիստոսն ինքը՝ երբևէ ապրած մեծագույն մարդը, առաջնորդություն էր ընդունում։ Այդ մասին են վկայում նրա հետևյալ խոսքերը. «Մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թէ Հայրը կատարում է, որովհետեւ ինչ որ Հայրն է անում, նոյնը նրա նման եւ Որդին է գործում» (Յովհաննէս 5։19)։ Որքա՜ն, ուրեմն, խելամիտ կլինի, եթե ընդօրինակենք Հիսուսին և մեր քայլերն ուղղելիս օգնության համար դիմենք Եհովային։ Դավիթ թագավորը գրեց. «Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը զտուած է. Նա վահան է բոլոր իրան յուսացողներին» (Բ Թագաւորաց 22։31)։ Եթե ձգտենք հետևել Եհովայի ցույց տված ճանապարհին և ոչ թե մեր հասկացողությանը, ապա կատարյալ առաջնորդություն կստանանք։ Իսկ Աստծո ճանապարհը մերժելը կործանարար է։
Եհովան ցույց է տալիս ճանապարհը
3. Եհովան Ադամին ու Եվային ինչպե՞ս առաջնորդեց ու ի՞նչ հեռանկարներ բացեց նրանց առջև։
3 Քննարկենք Ադամի ու Եվայի վիճակը։ Կատարյալ ստեղծվելով հանդերձ՝ նրանք առաջնորդության կարիք ունեին։ Եհովան չթողեց, որ Ադամը Եդեմի գեղեցիկ պարտեզում ամեն բան ինքը պլանավորեր, փոխարենը նրան գործ հանձնարարեց։ Նախ՝ Ադամը պետք է կենդանիներին անուններ դներ. ապա՝ Եհովան Ադամին ու Եվային երկարաժամկետ հանձնարարություններ տվեց. նրանք պիտի տիրեին երկրին, լցնեին այն իրենց սերունդներով և հոգ տանեին կենդանիներին (Ծննդոց 1։28)։ Սա մի ահռելի աշխատանք էր, սակայն այդ աշխատանքի արդյունքը համաշխարհային դրախտ էր լինելու՝ կենդանիների հետ համերաշխ ապրող կատարյալ մարդկանցով լի։ Ի՜նչ սքանչելի հեռանկար։ Բացի այդ, հավատարմորեն քայլելով Աստծո ճանապարհով, Ադամն ու Եվան անմիջական հաղորդակցություն էին ունենալու Եհովայի հետ (համեմատեք Ծննդոց 3։8)։ Ինչպիսի՜ հոյակապ առանձնաշնորհում՝ մշտական, անձնական փոխհարաբերություններ ունենալ Ստեղծիչի հետ։
4. Ադամն ու Եվան ինչպե՞ս թերացան նվիրվածություն և վստահություն ցուցաբերելու հարցում և ի՞նչ աղետալի արդյունքով։
4 Եհովան մարդկային առաջին զույգին արգելեց ուտել Եդեմի պարտեզում գտնվող բարու և չարի գիտության ծառից. այս հանգամանքը նրանց անմիջական հնարավորություն էր տալիս դրսևորելու իրենց հնազանդությունը, այն է՝ Եհովայի ճանապարհով քայլելու իրենց ցանկությունը (Ծննդոց 2։17)։ Բայց շուտով այդ հնազանդությունը փորձության ենթարկվեց։ Երբ Սատանան նրանց մոտեցավ իր մոլորեցնող խոսքերով, Ադամն ու Եվան Եհովայի հանդեպ նվիրվածություն պիտի ցուցաբերեին և վստահեին Նրա խոստումներին, եթե հնազանդ մնային։ Դժբախտաբար, նրանք թերացան այդ շատ կարևոր հարցում։ Երբ Սատանան Եվային անկախություն առաջարկեց և կեղծավորաբար մեղադրեց Եհովային՝ նրա հասցեին սուտ խոսելով, Եվան խաբվեց ու անհնազանդ գտնվեց Աստծուն։ Նրա մեղավոր ընթացքին հետևեց նաև Ադամը (Ծննդոց 3։1—6; Ա Տիմոթէոս 2։14)։ Արդյունքում՝ նրանք հսկայական կորուստներ ունեցան։ Եհովայի ճանապարհով քայլելը նրանց գնալով աճող ուրախություն կբերեր՝ նրա կամքն աստիճանաբար կատարելու հետ զուգընթաց։ Դրա փոխարեն, Ադամի ու Եվայի կյանքը հուսահատությամբ ու ցավով լցվեց, մինչև որ մահը կլանեց նրանց (Ծննդոց 3։16—19; 5։1—5)։
5. Ո՞րն էր Եհովայի երկարաժամկետ նպատակը, և ինչպե՞ս է նա օգնում հավատարիմ մարդկանց տեսնելու այդ նպատակի իրականացումը։
5 Այնուհանդերձ, Եհովան չփոխեց իր այն նպատակը, որ օրերից մի օր երկիրը դրախտանման վայր է դառնալու՝ առանց մեղքի ու կատարյալ մարդկանցով լի (Սաղմոս 37։11, 29)։ Եվ նա երբեք չի թերացել հրաշալի առաջնորդություն ցույց տալ այն մարդկանց, ովքեր քայլել են իր ճանապարհով ու հուսացել են տեսնել վերոհիշյալ նպատակի իրականացումը։ Մեզանից յուրաքանչյուրը, եթե լսելու ականջ ունի, կհետևի Եհովայի ձայնին, որը մեր ետևից ասում է. «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք» (Եսայիա 30։21)։
Ոմանք քայլում էին Եհովայի ճանապարհով
6. Հնում ո՞ր երկու անհատներն էին քայլում Եհովայի ճանապարհով, և արդյունքն ինչպիսի՞ն եղավ։
6 Աստվածաշնչի արձանագրության համաձայն՝ Ադամի և Եվայի հետնորդներից միայն քչերը քայլեցին Եհովայի ճանապարհով։ Այդ անհատներից առաջինը Աբելն էր։ Թեև նրա կյանքը անժամանակ մահով ավարտվեց, սակայն նա մինչև իր մահը վայելում էր Եհովայի հաճությունը և, վստահաբար, Աստծո հարմար ժամանակին բաժին կունենա ‘արդարների հարության’ մեջ (Գործք 24։15)։ Աբելն ականատես կլինի Եհովայի՝ երկրի և մարդկության նկատմամբ ունեցած մեծ նպատակի վերջնական իրականացմանը (Եբրայեցիս 11։4)։ Եհովայի ճանապարհով քայլող անհատներից էր նաև Ենովքը, որի տված մարգարեությունը իրերի այս համակարգի վերջնական ավարտի մասին պահպանված է Հուդայի գրքում (Յուդա 14, 15)։ Ենովքը նույնպես չապրեց այնքան, որքան կարող էին ապրել իր ժամանակակիցները (Ծննդոց 5։21—24)։ Այնուամենայնիվ, «նրան վկայութիւն էր տրուել, որ ինքը հաճելի էր Աստծուն» (Եբրայեցիս 11։5)։ Մահից առաջ նա Աբելի նման հարություն առնելու հաստատ հույսն ուներ և, իր հերթին, նա նույնպես լինելու է Եհովայի նպատակների իրականացումը տեսնողների թվում։
7. Նոյն ու իր ընտանիքի անդամները ինչպե՞ս նվիրվածություն ու վստահություն ցուցաբերեցին Եհովայի նկատմամբ։
7 Նախաջրհեղեղյան աշխարհը որքան ավելի էր մխրճվում չարության մեջ, այնքան ավելի Եհովային հնազանդվելու համար նվիրվածության պահանջը մեծանում էր։ Մինչ աշխարհը մոտենում էր իր վախճանին, մարդկանց միայն մի փոքր խումբ գտնվեց, որը քայլում էր Եհովայի ճանապարհով։ Դա Նոյն էր իր ընտանիքի անդամների հետ, որոնք լսեցին Աստծուն ու վստահեցին նրա խոսքերին։ Նրանք հավատարմորեն կատարեցին իրենց առջև դրված հանձնարարություններն ու մերժեցին մասնակցել այն օրերի աշխարհի չար գործերին (Ծննդոց 6։5—7, 13—16; Եբրայեցիս 11։7; Բ Պետրոս 2։5)։ Մենք երախտապարտ ենք նրանց իրենց ցուցաբերած նվիրվածության ու վստահությամբ լի հնազանդության համար, քանի որ, այդպես վարվելով, նրանք վերապրեցին Ջրհեղեղից ու դարձան մեր նախածնողները (Ծննդոց 6։22; Ա Պետրոս 3։20)։
8. Իսրայելացիների պարագայում Աստծո ճանապարհով քայլելն իր մեջ ի՞նչ էր բովանդակում։
8 Իր ժամանակին Եհովան ուխտ կապեց հավատարիմ Հակոբի ժառանգների հետ, և վերջիններս իր սեփական ազգը դարձան (Ելից 19։5, 6)։ Աստված գրավոր օրենքների, քահանաների և երբեմն էլ մարգարեների միջոցով առաջնորդություն էր ապահովում իր ժողովրդին, որի հետ ուխտ էր կապել։ Բայց ընտրությունը իսրայելացիներին էր թողնված՝ արդյոք պիտի հետևեի՞ն այդ առաջնորդությանը, թե՝ ոչ։ Եհովան իր մարգարեի միջոցով իսրայելացիներին հայտնեց հետևյալը. «Ահա ես այսօր ձեր առաջին դնում եմ օրհնութիւն եւ անէծք. Օրհնութիւնը՝ եթէ լսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին, որոնք ես այսօր ձեզ պատուիրում եմ. Եւ անէծքը՝ եթէ չ’լսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին եւ խոտորուէք այն ճանապարհից որ ես այսօր ձեզ պատուիրում եմ, եւ գնաք օտար աստուածների ետեւից, որոնք չէք ճանաչում» (Բ Օրինաց 11։26—28)։
Ինչո՞ւ ոմանք թողեցին Եհովայի ճանապարհը
9, 10. Ո՞ր իրավիճակում էր անհրաժեշտ, որ իսրայելացիները ապավինեին Եհովային ու նվիրվածություն մշակեին նրա հանդեպ։
9 Ինչպես Ադամն ու Եվան, այնպես էլ իսրայելացիները ի նշան հնազանդության պիտի վստահեին Եհովային ու նվիրվեին նրան։ Իսրայելը փոքր ազգ էր ու շրջապատված էր խռովարար հարևաններով։ Հարավ–արևմուտքում եգիպտացիներն ու եթովպացիներն էին, իսկ հյուսիս–արևելքում՝ ասորիները և ասորեստանցիները. ամենամերձավոր հարևաններն էին փղշտացիները, ամմոնացիները, մովաբացիներն ու եդովմացիները։ Սրանցից յուրաքանչյուրը տարբեր ժամանակաշրջաններում թշնամի էր եղել Իսրայելին։ Դեռ ավելին, այդ ազգերը դավանում էին կեղծ կրոնը, որը բնորոշվում էր կուռքերի՝ իբրև աստվածների պաշտամունքով, աստղագուշակությամբ, որոշ դեպքերում անվայել սեռային արարողություններով ու իրենց երեխաների դաժան զոհաբերությամբ։ Իսրայելի հարևանները հույսը դնում էին իրենց աստվածների վրա, որ վերջիններս նրանց կապահովեն մեծ ընտանիքներով, առատ բերքով և պատերազմներում՝ հաղթանակով։
10 Միայն իսրայելացիներն էին, որ երկրպագում էին մեկ Աստծո՝ Եհովային, որը խոստացել էր իր օրենքներին հնազանդվելու դեպքում օրհնել նրանց մեծ ընտանիքներով, առատ բերքով և հաղթանակ ապահովել թշնամիների դեմ մղված պայքարում (Բ Օրինաց 28։1—14)։ Ցավոք, իսրայելացիներից շատերը այդպես չվարվեցին։ Իսկ նրանք, ովքեր քայլեցին Եհովայի ճանապարհով, իրենց ցուցաբերած հավատարմության համար շատ տառապանքներ կրեցին. ոմանք նույնիսկ չարչարանքների, նախատինքների և ծեծի ենթարկվեցին, բանտարկվեցին, քարկոծվեցին ու սպանվեցին իրենց ազգակիցների կողմից (Գործք 7։51, 52; Եբրայեցիս 11։35—38)։ Ի՜նչ փորձություն այդ հավատարիմ անհատների համար։ Սակայն ինչո՞ւ այդքան շատ մարդիկ թողեցին Եհովայի ճանապարհը։ Իսրայելի պատմության մեջ տեղի ունեցած հետևյալ երկու օրինակները կօգնեն մեզ հասկանալ, որ պատճառը նրանց սխալ մտածելակերպն էր։
Աքազի վատ օրինակը
11, 12. ա) Երբ ասորիները սպառնում էին նրան, Աքազը ի՞նչ բան անելը մերժեց։ բ) Աքազը ապահովության համար ո՞ր երկու աղբյուրներին դիմեց։
11 Մ.թ.ա. ութերորդ դարում Հուդայի թագավորության մեջ իշխում էր Աքազ թագավորը։ Նրա իշխանության տարիները խռովության տարիներ էին։ Մի առիթով, նրա դեմ պատերազմի դուրս գալու համար միաբանվեցին ասորիներն ու հյուսիսային՝ Իսրայելի թագավորությունը, և «դողաց նորա սիրտը եւ նորա ժողովրդի սիրտը» (Եսայիա 7։1, 2)։ Այնուհանդերձ, երբ Եհովան իր աջակցությունն առաջարկեց ու դիմեց Աքազին փորձել իրեն, վերջինս կտրականապես մերժեց այդ առաջարկը (Եսայիա 7։10—12)։ Արդյունքում Հուդայի թագավորությունը պարտություն կրեց՝ բազմաթիվ զոհեր տալով (Բ Մնացորդաց 28։1—8)։
12 Աքազը մերժեց փորձել Եհովային, բայց նա Ասորեստանի թագավորից օգնություն խնդրեց։ Հուդան դեռ շարունակում էր տառապել հարևանների ձեռքում։ Իսկ երբ Ասորեստանը նույնպես Աքազի դեմ դուրս եկավ ու «նորան նեղեց», վերջինս սկսեց ‘զոհեր մատուցել Դամասկոսի աստվածներին, որոնք իրեն ջարդել էին, և ասել, թե Ասորիների թագավորների աստվածներն օգնում են իրենց. ես նրանց զոհեր մատուցեմ, որ ինձ օգնեն’ (Բ Մնացորդաց 28։20, 23)։
13. Ասորիների աստվածներին դիմելով՝ Աքազն ի՞նչ ցույց տվեց։
13 Ավելի ուշ Եհովան դիմելու էր Իսրայելին հետևյալ խոսքերով. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։ Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48։17, 18)։ Շրջվելով դեպի ասորիների աստվածները՝ Աքազը ցույց տվեց, թե ինքը որքա՜ն էր հեռացել ‘իր գնալու ճանապարհից’։ Վերոհիշյալ ազգերին հատուկ մտածելակերպից ամբողջովին մոլորված՝ ապահովություն ստանալու նպատակով Եհովային ձեռք մեկնելու փոխարեն նա դիմեց կեղծ աղբյուրների օգնությանը։
14. Ինչո՞ւ չէր արդարացվում Աքազի՝ կեղծ աստվածներին դիմելը։
14 Վաղուց հայտնի էր դարձել, որ ազգերի, այդ թվում նաև ասորիների աստվածները ընդամենը «կուռքեր» էին (Եսայիա 2։8)։ Եհովայի գերազանցությունը Ասորեստանի աստվածների նկատմամբ երևացել էր դեռևս Դավիթ թագավորի իշխանության օրոք, երբ ասորիները Դավիթի ծառաները դարձան (Ա Մնացորդաց 18։5, 6)։ Միայն Եհովան, որը «աստուածների Աստուածն է եւ տէրերի Տէրը, այն մեծ, հզօր եւ ահեղ Աստուածը», կարող էր իսկական ապահովություն տալ նրանց (Բ Օրինաց 10։17)։ Սակայն Աքազը երես թեքեց Եհովայից ու անվտանգություն ստանալու համար դիմեց ազգերի աստվածներին։ Արդյունքը Հուդայի թագավորության համար աղետալի հետևանքներ ունեցավ (Բ Մնացորդաց 28։24, 25)։
Հրեաները Երեմիայի հետ Եգիպտոսում
15. Երեմիայի օրերում ինչպե՞ս մեղանչեցին Եգիպտոսում ապրող հրեաները։
15 Իր ժողովրդի ցուցաբերած չափազանց մեծ անհավատարմության պատճառով Եհովան թույլ տվեց, որ մ.թ.ա. 607–ին բաբելոնացիները ավերեն Երուսաղեմն ու նրա տաճարը։ Իսրայել ազգի մեծամասնությունը գերի տարվեց Բաբելոն։ Սակայն ոմանք, նրանց թվում և Երեմիա մարգարեն, մնացին։ Գոդողիա կառավարչի սպանությունից հետո այս մնացորդը փախավ Եգիպտոս՝ իր հետ տանելով նաև Երեմիային (Դ Թագաւորաց 25։22—26; Երեմիա 43։5—7)։ Եգիպտոսում նրանք սկսեցին զոհեր մատուցել սուտ աստվածներին։ Երեմիան հորդորում էր անհավատարիմ հրեաներին հեռու մնալ այդպիսի արարքներ գործելուց, բայց նրանք համառորեն շարունակում էին իրենց սխալ ընթացքը։ Նրանք մերժում էին դիմել Եհովային և պնդում էին, թե շարունակելու են զոհաբերության խունկ ծխել «երկնքի թագուհուն»։ Իսկ ինչո՞ւ. քանի որ այդպես էին վարվել իրենք և իրենց հայրերը ‘Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, և հացով կուշտ էին և հաջողակ էին և չարիք չտեսան’ (Երեմիա 44։16, 17)։ Հրեաները նաև վիճում էին՝ ասելով. «Այն ժամանակից որ դադարեցինք երկնքի թագուհիին խունկ ծխելու եւ նորան թափելու նուէրներ մատուցանելու, ամեն բանի կարօտ եղանք եւ սրով ու սովով սպառուեցանք» (Երեմիա 44։18)։
16. Եգիպտոսում ապրող հրեաներն ինչո՞ւ էին չարաչար սխալվում։
16 Հիշողությունը ի՜նչ ընտրության կարող է առաջնորդել։ Փաստերն ի՞նչ էին ցույց տալիս. ճիշտ է, որ հրեաները կեղծ աստվածներին զոհեր էին մատուցել այն երկրում, որը Եհովան տվել էր իրենց։ Երբեմն, ինչպես Աքազ թագավորի օրերում էր, նրանք տանջվում էին այդ հավատուրացությունից։ Չնայած այս ամենին, Եհովան «երկայնամիտ» էր իր ժողովրդի նկատմամբ, որի հետ ուխտ էր կապել (Ելից 34։6; Սաղմոս 86։15)։ Նա ուղարկում էր իր մարգարեներին, որպեսզի հորդորեն ժողովրդին ապաշխարել։ Այն դեպքում, երբ թագավորը հավատարիմ էր գտնվում, Եհովան օրհնում էր նրան, և ժողովուրդը օգուտներ էր քաղում այդ օրհնություններից, անգամ եթե ժողովրդի մեծամասնությունը անհավատարիմ էր մնում (Բ Մնացորդաց 20։29—33; 27։1—6)։ Հետևաբար որքա՜ն էին սխալվում Եգիպտոսում ապրող այն հրեաները, որոնք պնդում էին, թե իրենց հայրենիքի ցանկացած բարգավաճում եկել էր իրենց կեղծ աստվածների կողմից։
17. Ինչո՞ւ Հուդան կորցրեց իր երկիրն ու տաճարը։
17 Նախքան 607 թ.–ը Եհովան շարունակ հորդորում էր Հուդայի իր ժողովրդին. «Լսեցէք իմ ձայնը, եւ ես ձեզ Աստուած կ’լինեմ, եւ դուք ինձ համար կ’լինէք ժողովուրդ, եւ գնացէք այն բոլոր ճանապարհումը, որ ձեզ պատուիրում եմ, որպէս զի ձեզ համար բարի լինի» (Երեմիա 7։23)։ Հրեաներն իրենց տաճարն ու հայրենիքը կորցրեցին հենց այն պատճառով, որ մերժել էին գնալ ‘այն բոլոր ճանապարհումը, որ իրենց պատվիրել էր Եհովան’։
Եհովան օրհնում է իր ճանապարհով քայլողներին
18. Եհովայի ճանապարհով քայլող անհատներից ի՞նչ է պահանջվում։
18 Ինչպես անցյալում, այսօր էլ Եհովայի ճանապարհով քայլելը նվիրվածություն, այսինքն՝ միայն իրեն ծառայելու վճռական որոշում է պահանջում։ Իսկ սրա համար հարկավոր է վստահություն՝ կատարյալ հավատ ցուցաբերել այն բանում, որ Եհովայի խոստումները հուսալի են և իսկապես իրականանալու են։ Եհովայի ճանապարհով քայլելու համար նաև հնազանդություն է հարկավոր, այն է՝ անշեղ հետևել իր օրենքներին և պահել նրա բարձր չափանիշները։ «Տէրն արդար է և արդարութիւն է սիրում»,— ասվում է Սաղմոս 11։7–ում։
19. Այսօր շատերը ի՞նչ աստվածներ են պաշտում և ի՞նչ արդյունքով։
19 Աքազը ապահովություն ունենալու համար դիմեց ասորիների աստվածներին։ Եգիպտոսում գտնվող հրեաները հույս ունեին, որ իրենց նյութական բարեկեցություն է բերելու «երկնքի թագուհին»՝ մի դիցուհի, որի պաշտամունքը տարածված էր Միջին Արևելքում։ Մեր օրերում պաշտվող աստվածներից շատերը բառացի կուռքեր չեն. Հիսուսը զգուշացրեց ավելի շատ «մամոնային», քան Եհովային ծառայելու մասին (Մատթէոս 6։24)։ Պողոս առաքյալը հիշատակեց «ագահութիւնը որ կռապաշտութիւն է» (Կողոսացիս 3։5)։ Նա խոսեց նաև որոշ անհատների մասին, «որոնց աստուածն իրանց որովայնն է» (Փիլիպպեցիս 3։19)։ Այո, այսօր պաշտամունքի հիմնական առարկաներն են փողը և մնացած նյութական արժեքները։ Իրականում, մարդկանց մեծամասնությունը, այդ թվում նաև կրոն դավանող բազում անհատներ, ապավինում են «սնոտի հարստութեանը» (Ա Տիմոթէոս 6։17)։ Ոմանք օրնիբուն աշխատում են՝ ծառայելով այս աստվածներին, և նրանցից շատերը՝ իրենց աշխատանքի դիմաց որպես վարձատրություն, ապրում են փառահեղ տներում, վայելում թանկարժեք բաներ և ընտիր կերակուր։ Սակայն ոչ բոլորն են օգտվում այս առատ հնարավորություններից։ Եվ նույնիսկ ունեցողները, վերջիվերջո, գտնում են, որ այս ամենը բավարարվածություն չի բերում իրենց։ Այն հաստատուն չէ, այլ անցողիկ է ու չի գոհացնում հոգևոր կարիքները (Մատթէոս 5։3)։
20. Ո՞ր հավասարակշռված տեսակետն է հարկավոր պահպանել։
20 Ինչ խոսք, մենք պիտի գործնական լինենք, քանի որ ապրում ենք այս համակարգի վերջին օրերում։ Անհրաժեշտ է խելամիտ քայլեր ձեռք առնել մեր ընտանիքները նյութապես ապահովելու համար։ Սակայն եթե առավել ձգտում ենք բարձր կենսամակարդակ ունենալ, գումար հայթայթել կամ համանման բաներ ձեռք բերել, քան թե Աստծուն ծառայել, ընկնում ենք մի տեսակ կռապաշտության մեջ և այլևս չենք քայլում Աստծո ճանապարհով (Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Սակայն ինչպե՞ս վարվենք, երբ բախվում ենք առողջական, նյութական կամ այլ կարգի խնդիրների հետ։ Չնմանվենք Եգիպտոսում ապրող այն հրեաներին, որոնք իրենց ունեցած դժվարությունների պատճառը համարում էին Աստծուն ծառայելը։ Սա անելու փոխարեն՝ եկեք փորձենք Եհովային, ինչը չարեց Աքազը։ Եկեք հավատարմորեն Եհովային դիմենք առաջնորդություն ստանալու համար։ Համոզված կերպով օգտագործենք նրա առաջնորդությունը և խնդրենք ուժ ու իմաստություն, որպեսզի կարողանանք ցանկացած իրավիճակում ճիշտ վարվել, և ապա վստահությամբ սպասենք Եհովայի օրհնություններին։
21. Ի՞նչ օրհնություններ են ստանում Եհովայի ճանապարհով քայլող անհատները։
21 Իսրայելի ողջ պատմության ընթացքում Եհովան առատորեն օրհնել է նրանց, ովքեր քայլել են իր ճանապարհով։ Դավիթ թագավորը գրեց. «Տէր, առաջնորդիր ինձ քո արդարութիւնովն իմ թշնամիների պատճառով» (Սաղմոս 5։8)։ Եհովան նրան հաղթանակներ պարգևեց հարևան այն ազգերի նկատմամբ, ովքեր հետագայում նեղելու էին Աքազին։ Սողոմոնի թագավորության օրոք Իսրայել ազգը օրհնվեց այնպիսի խաղաղ ու ճոխ կյանքով, որն ավելի ուշ հրեաները կարոտով էին հիշելու Եգիպտոսում։ Իսկ Աքազի որդուն՝ Եզեկիա թագավորին, Եհովան նույնիսկ Ասորեստանի նման հզոր կայսրության դեմ հաղթանակ պարգևեց (Եսայիա 59։1)։ Իրոք որ, Եհովան իր ձեռքը միշտ պարզել է դեպի իրեն նվիրված անհատները, ովքեր «մեղաւորների ճանապարհի մէջ» չէին կանգնում, այլ սիրում էին Աստծո օրենքը (Սաղմոս 1։1, 2)։ Այս խոսքերը ճշմարիտ են մինչև օրս։ Սակայն այսօր ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ քայլում ենք Աստծո ճանապարհով։ Այս հարցը կքննարկվի հաջորդ հոդվածում։
Հիշո՞ւմ եք
◻ Եհովայի ճանապարհով քայլելու համար ի՞նչ հատկություններ են անհրաժեշտ։
◻ Աքազի մտածելակերպն ինչո՞վ էր սխալ։
◻ Եգիպտոսում ապրող հրեաների մտածելակերպի մեջ ո՞ր պահն էր սխալ։
◻ Ինչպե՞ս կարող ենք ամրացնել Եհովայի ճանապարհով քայլելու մեր վճռականությունը։
[նկար 9–րդ էջի վրա]
Իր հույսը Եհովայի վրա դնելու փոխարեն՝ Աքազը ասորիների աստվածներին վստահեց։