Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Եզեկիէլ» գրքից (մաս 2)
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 609 թ. դեկտեմբեր ամիսն է։ Բաբելոնի թագավորը պաշարել է Երուսաղեմը։ Այս անգամ դա վերջինն է լինելու։ Մինչև այս պահը Եզեկիելը Բաբելոնում գտնվող հրեա գերիների համար մարգարեանում էր մեկ բանի մասին. իրենց սիրելի քաղաքը՝ Երուսաղեմը, ավերվելու է։ Այժմ, սակայն, Եզեկիելը մարգարեանում է հեթանոս ազգերի դեմ, որոնք ուրախանալու են Աստծու ժողովրդի դժբախտությունների վրա։ Երուսաղեմը կործանվում է 18 ամիս անց, և Եզեկիելը սկսում է մարգարեանալ ճշմարիտ երկրպագության փառահեղ վերականգնման մասին։
Եզեկիէլ 25։1–48։35-ում կան մարգարեություններ Իսրայելի հարևան ազգերի և Աստծու ժողովրդի ազատագրման մասին։a Դեպքերը շարադրված են ինչպես ժամանակագրական, այնպես էլ թեմատիկ հաջորդականությամբ։ Բացառություն է կազմում Եզեկիէլ 29։17–20 հատվածը, որը ժամանակագրական առումով չի համապատասխանում մյուս դեպքերին։ «Եզեկիէլ» գիրքը ներշնչված Գրությունների մի մասն է, ուստի նրա պատգամը «կենդանի է և զորեղ» (Եբրայեցիներ 4։12)։
«ԱՅԴ ԵՐԿԻՐԸ ԵԴԵՄԻ ՊԱՐՏԵԶԻ ՊԵՍ Է ԴԱՌՆԱԼՈՒ»
Կանխագուշակելով, թե շրջակա ազգերն ինչպես են արձագանքելու Երուսաղեմի կործանմանը՝ Եհովան Եզեկիելին պատվիրում է մարգարեանալ Ամմոնի, Մովաբի, Եդովմի, փղշտացիների երկրի, Տյուրոսի և Սիդոնի դեմ։ Եգիպտոսը պիտի կողոպտվի։ «Եգիպտոսի փարավոն թագավորը և նրա բազմությունը» նմանեցվում են եղևինի, որը կտրվելու է «Բաբելոնի թագավորի սրով» (Եզեկիէլ 31։2, 3, 12; 32։11, 12)։
Մ.թ.ա. 607–ին Երուսաղեմի կործանումից մոտ վեց ամիս անց մի ազատված մարդ գալիս է Եզեկիելի մոտ և ասում. «Քաղաքը կոտրուեցաւ»։ Մարգարեն այլևս «համր չէ» գերիների համար (Եզեկիէլ 33։21, 22)։ Նա պիտի մարգարեանա վերականգնման մասին։ Եհովան «նրանց վրա մի հովիվ պիտի դնի՝ իր Դավիթ ծառային» (Եզեկիէլ 34։23)։ Եդովմը պիտի ամայանա, բայց Հուդան «Եդեմի դրախտի պէս» է դառնալու (Եզեկիէլ 36։35)։ Եհովան խոստանում է պաշտպանել գերությունից վերադարձած իր ժողովրդին «Գոգի» հարձակումից (Եզեկիէլ 38։2)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
29։8–12 — Ե՞րբ է Եգիպտոսը 40 տարի ամայի մնացել։ Մ.թ.ա. 607–ին Երուսաղեմի կործանումից հետո Հուդայի մնացորդը փախավ Եգիպտոս՝ չնայած Երեմիա մարգարեի նախազգուշացումներին (Երեմիա 24։1, 8–10; 42։7–22)։ Դա նրանց համար փրկություն չեղավ, քանի որ Նաբուգոդոնոսորը եկավ Եգիպտոսի դեմ և գրավեց այն։ Ամենայն հավանականությամբ, դրանից հետո Եգիպտոսը 40 տարի ամայի մնաց։ Թեև պատմական փաստեր չկան այդ մասին, մենք կարող ենք վստահ լինել, որ դա տեղի է ունեցել, քանի որ Եհովան մարգարեություններ Կատարող է (Եսայիա 55։11)։
29։18 — Ինչպե՞ս «ամեն գլուխ կնտացաւ, եւ ամեն ուս պլոկուեցաւ»։ Տյուրոս քաղաքի՝ մայրցամաքում գտնվող հատվածի պաշարումը այնքան լարված ու դժվար ընթացավ, որ Նաբուգոդոնոսորի զինվորները ճաղատացան սաղավարտներ դնելուց, և նրանց ուսերի մաշկը պլոկվեց աշտարակներ ու ամրություններ կառուցելու համար շինանյութեր կրելուց (Եզեկիէլ 26։7–12)։
Դասեր մեզ համար
29։19, 20. Քանի որ տյուրացիները, իրենց հարստության մեծ մասը վերցնելով, փախան դեպի քաղաքի՝ կղզում գտնվող հատվածը, Նաբուգոդոնոսոր թագավորը քիչ ավար ստացավ Տյուրոսից։ Թեև Նաբուգոդոնոսորը հպարտ, եսակենտրոն հեթանոս կառավարիչ էր, Եհովան վարձատրեց նրան իր ծառայության համար՝ Եգիպտոսը տալով որպես «վարձք.... նորա զօրքին»։ Արդյոք չպե՞տք է ընդօրինակենք ճշմարիտ Աստծուն և մեզ մատուցված ծառայությունների դիմաց պետական իշխանություններին վճարենք համապատասխան հարկերը։ Իշխանությունների ո՛չ վարքը և ո՛չ էլ այն, թե ինչպես նրանք կօգտագործեն այդ հարկերը, չեն ազատում մեզ հարկեր վճարելու պարտականությունից (Հռոմեացիներ 13։4–7)։
33։7–9. Ներկայիս «դետ» դասակարգը՝ օծյալ մնացորդը, և նրանց ընկերակիցները երբեք չպետք է դադարեն Թագավորության բարի լուրը քարոզելուց և գալիք «մեծ նեղության» մասին մարդկանց զգուշացնելուց (Մատթեոս 24։21)։
33։10–20. Մենք կարող ենք փրկվել, եթե հեռու մնանք չար ճանապարհներից և հնազանդվենք Աստծու պահանջներին։ Ինչ խոսք, Աստծու ճանապարհները «ուղիղ» են։
36։20, 21. Քանի որ իսրայելացիները չապրեցին այն անվան համաձայն, որով որ հայտնի էին, այսինքն՝ որպես «Տիրոջ [Եհովայի] ժողովուրդ», նրանք պղծեցին Աստծու անունը ուրիշ ազգերի մոտ։ Մենք երբեք չպետք է Եհովայի երկրպագուներ լինենք միայն անունով։
36։25, 37, 38. Հոգևոր դրախտը, որն այսօր մենք վայելում ենք, լցված է «սուրբ խաշինքով», այսինքն՝ սուրբ մարդկանցով։ Ուստի մենք՝ որպես այդ խմբի անդամներ, պետք է ձգտենք այդ դրախտը մաքուր պահել։
38։1–23. Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան կազատի իր ժողովրդին Մագոգի երկրի Գոգի հարձակումից։ Գոգը «այս աշխարհի իշխան» Բանսարկու Սատանայի անունն է՝ տրված այն բանից հետո, երբ նա վայր գցվեց երկնքից։ Մագոգի երկիրը վերաբերում է Երկիր մոլորակի մերձակայքին, որտեղով սահմանափակվում է Սատանայի ու նրա դևերի գործունեության ոլորտը (Հովհաննես 12։31; Հայտնություն 12։7–12)։
«ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ ԱՐԱ ԱՅՆ ԱՄԵՆԻՆ ԻՆՉ ՈՐ ԵՍ ՔԵԶ ՑՈՅՑ ԵՄ ՏԱԼԻՍ»
Երուսաղեմի կործանումից անցել է 14 տարի (Եզեկիէլ 40։1)։ Առջևում դեռ կա գերության հիսունվեց տարի (Երեմիա 29։10)։ Այժմ Եզեկիելը մոտ 50 տարեկան է։ Տեսիլքի մեջ նա բերվում է Իսրայել։ Նրան ասում են. «Մարդի որդի, մտիկ տուր աչքերովդ, եւ ականջներովդ լսիր, եւ ուշադրութիւն արա այն ամենին ինչ որ ես քեզ ցոյց եմ տալիս» (Եզեկիէլ 40։2–4)։ Կարելի է պատկերացնել, թե որքան է հուզվում Եզեկիելը՝ ստանալով նոր տաճարի մասին տեսիլք։
Փառավոր տաճարը, որ Եզեկիելը տեսնում է, ունի 6 դարպաս, 30 ճաշասրահ, Սրբություն, Սրբությունների սրբություն, փայտե զոհասեղան և մեկ այլ զոհասեղան ողջակեզի համար։ Տաճարից ջրեր են «դուրս գալիս», որոնք վերածվում են հեղեղի (Եզեկիէլ 47։1)։ Եզեկիելը նաև տեսիլք է ստանում յուրաքանչյուր ցեղին նշանակված տարածքի վերաբերյալ։ Նրանցից յուրաքանչյուրի բաժինը ձգվում է արևելքից արևմուտք, իսկ Հուդայի և Բենիամինի բաժինների միջև կա մի վարչական տարածք։ «Տիրոջ սրբարանը» և «քաղաքը», որի անունը «Եհովա–շամմա է», տեղակայված են այս հատվածում (Եզեկիէլ 48։9, 10, 15, 35 ծնթ.)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
40։3–47։12 — Ի՞նչ է խորհրդանշում տեսիլքի տաճարը։ Եզեկիելի տեսած հսկայական չափեր ունեցող տաճարը իրականում երբեք չի կառուցվել։ Այն պատկերում է Աստծու հոգևոր տաճարը՝ մեր օրերի մաքուր երկրպագության տաճարանման հոգևոր կառույցը (Եզեկիէլ 40։2; Միքիա 4։1; Եբրայեցիներ 8։2; 9։23, 24)։ Տաճարի տեսիլքը կատարվում է «վերջին օրերի» ընթացքում, երբ քահանայությունը մաքրվում է (2 Տիմոթեոս 3։1; Եզեկիէլ 44։10–16; Մաղաքիա 3։1–3)։ Այնուամենայնիվ, նրա վերջնական կատարումը կլինի Դրախտում։ Տաճարի վերաբերյալ այս տեսիլքը հրեա գերիներին հավաստիացնում էր, որ մաքուր երկրպագությունը կվերականգնվի և հրեա բոլոր ընտանիքները ժառանգություն կստանան իրենց երկրում։
40։3–43։17 — Ի՞նչ է նշանակում տաճարի չափերը վերցնելը։ Տաճարի չափերը վերցնելը նշանակում է, որ Եհովայի նպատակը՝ կապված մաքուր երկրպագության հետ, անպայման կկատարվի։
43։2–4, 7, 9 — Ի՞նչ էր նշանակում այն, որ «թագավորների դիերը» պիտի հեռացվեին տաճարից։ Դիերը, ամենայն հավանականությամբ, վերաբերում էին կուռքերին։ Երուսաղեմի կառավարիչներն ու բնակիչները Աստծու տաճարը պղծել էին կուռքերով՝ դրանք, ըստ էության, դարձնելով իրենց թագավորները։
43։13–20 — Ի՞նչ է խորհրդանշում զոհասեղանը, որ Եզեկիելը տեսավ տեսիլքում։ Խորհրդանշական զոհասեղանը Աստծու կամքն է՝ կապված Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հետ։ Այդ զոհաբերության շնորհիվ օծյալներն արդար են հայտարարվում, իսկ «մեծ բազմությունը» մաքուր է համարվում Աստծու աչքում (Հայտնություն 7։9–14; Հռոմեացիներ 5։1, 2)։ Հավանաբար հենց այդ պատճառով Սողոմոնի տաճարի «ձուլածո ծովը»՝ հսկայական ջրավազանը, որը քահանաներն օգտագործում էին լվացվելու համար, բացակայում է տեսիլքի տաճարում (Գ Թագաւորաց 7։23–26)։
44։10–16 — Ո՞ւմ են ներկայացնում քահանաները։ Քահանայությունը ներկայացնում է մեր օրերի օծյալ քրիստոնյաների խմբին։ Նրանք մաքրվեցին 1918 թ.–ին, երբ Եհովան նստեց իր հոգևոր տաճարում՝ որպես «հալեցնող եւ մաքրող» (Մաղաքիա 3։1–5)։ Ովքեր մաքուր էին կամ զղջացել էին, կարող էին շարունակել իրենց առանձնաշնորհյալ ծառայությունը։ Նրանք պետք է շատ ջանքեր թափեին, որպեսզի «իրենց անձը անբիծ պահեին աշխարհից», այդպիսով օրինակ լինեին «մեծ բազմության» համար, որը տեսիլքում ներկայացված է ոչ քահանայական ցեղերով (Հակոբոս 1։27; Հայտնություն 7։9, 10)։
45։1; 47։13–48։29 — Ի՞նչ են ներկայացնում «երկիրը» և նրա բաժանումը։ Երկիրը ներկայացնում է Աստծու ընտրյալ ժողովրդի գործունեության ոլորտը։ Որտեղ էլ որ այդ վերականգնված երկրում Եհովայի երկրպագուն գտնվի, նա կմնա այդ երկրի սահմաններում այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է ճշմարիտ երկրպագության կողմը բռնել։ Երկրի բաժանման մասին մարգարեությունը իր վերջնական կատարումը կունենա նոր աշխարհում. այդ ժամանակ յուրաքանչյուր հավատարիմ անհատ տարածք կստանա (Եսայիա 65։17, 21)։
45։7, 16 — Ի՞նչ է նշանակում այն, որ մարդիկ նվիրաբերություն էին անում քահանաների և իշխանի համար։ Հոգևոր տաճարում սա գլխավորապես վերաբերում է հոգևորին առնչվող գործերում օգնելուն և համագործակցության ոգի դրսևորելուն։
47։1–5 — Ի՞նչ են խորհրդանշում տեսիլքի գետի ջրերը։ Ջրերը խորհրդանշում են Եհովայի տված կենսաբեր հոգևոր միջոցները։ Դրանց մեջ մտնում են Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը, ինչպես նաև Աստծու մասին սուրբգրային գիտելիքները (Երեմիա 2։13; Հովհաննես 4։7–26; Եփեսացիներ 5։25–27)։ Գետը աստիճանաբար խորանում է, որովհետև շատանում են ճշմարիտ երկրպագությունն ընդունող մարդիկ (Եսայիա 60։22)։ Գետի կենարար ջրերը շատ ավելի առատ կլինեն Հազարամյակի ընթացքում և մեզ ավելի խոր հասկացողություն կտան այն «գրքերից», որոնք կբացվեն այդ ժամանակ (Հայտնություն 20։12; 22։1, 2)։
47։12 — Ի՞նչ են ներկայացնում պտղաբեր ծառերը։ Խորհրդանշական ծառերը ներկայացնում են Աստծու ձեռնարկած այն հոգևոր միջոցառումները, որոնք նախատեսված են մարդկանց կատարյալ դարձնելու համար։
48։15–19, 30–35, ծնթ. — Ի՞նչ է խորհրդանշում Եզեկիելի տեսիլքի քաղաքը։ «Եհովա–շամման» գտնվում է «անսուրբ» երկրում. սա ցույց է տալիս, որ այն, ըստ ամենայնի, խորհրդանշում է երկրային ինչ–որ բան։ Թերևս քաղաքը ներկայացնում է երկրային այն ղեկավարությունը, որը կգործի հօգուտ արդար «նոր երկրի» բնակիչների (2 Պետրոս 3։13)։ Քաղաքի բոլոր կողմերում եղած դռները վկայում են, որ այնտեղ հեշտ է մտնել։ Ուստի Աստծու ժողովրդի վերակացուները պետք է մատչելի լինեն։
Դասեր մեզ համար
40։14, 16, 22, 26. Տաճարի մուտքերում պատերին փորագրված արմավենիները ցույց են տալիս, որ միայն բարոյապես մաքուր մարդիկ կարող են ներս մտնել (Սաղմոս 92։12)։ Սա մեզ սովորեցնում է, որ մեր երկրպագությունը կարող է ընդունելի լինել Եհովային միայն այն դեպքում, եթե ուղղամիտ ենք։
44։23. Որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել մեր օրերի քահանայական դասակարգին նրա մատուցած ծառայությունների համար։ «Հավատարիմ և իմաստուն ծառան» առաջնորդություն է վերցնում ժամանակին հոգևոր կերակրով ապահովելու հարցում։ Դա օգնում է մեզ տեսնել, թե Եհովայի աչքում ինչն է պիղծ և ինչը՝ մաքուր (Մատթեոս 24։45)։
47։9, 11. Գիտելիքները՝ խորհրդանշական ջրերի կենսական առանձնահատկությունը, մեր ժամանակներում հրաշալի բուժումներ են կատարում։ Դրանք հոգևորապես կենդանացնում են մարդկանց՝ անկախ վերջիններիս գտնվելու վայրից (Հովհաննես 17։3)։ Իսկ ովքեր չեն ընդունում այդ կենսաբեր ջրերից, «աղի համար պիտի մնան», այսինքն՝ պիտի հավիտյան ոչնչանան։ Որքա՜ն կարևոր է, որ «ուղիղ մատուցենք ճշմարտության խոսքը» (2 Տիմոթեոս 2։15)։
«Ես սուրբ պիտի անեմ իմ մեծ անունը»
Դավթի շառավղի վերջին թագավորին հեռացնելուց հետո ճշմարիտ Աստվածը թույլ տվեց, որ երկար ժամանակ անցնի, մինչև որ թագավոր լինելու «իրաւունք ունեցողը գայ»։ Սակայն Աստված չմոռացավ Դավթի հետ կապած ուխտը (Եզեկիէլ 21։27; Բ Թագաւորաց 7։11–16)։ Եզեկիելի մարգարեության մեջ նշվում է Աստծու «Դավիթ ծառայի» մասին, որը դառնալու էր «հովիվ» և «թագավոր» (Եզեկիէլ 34։23, 24; 37։22, 24, 25)։ Դա Հիսուս Քրիստոսն է իր թագավորական իշխանությամբ (Հայտնություն 11։15)։ Եհովան «սուրբ պիտի անի իր մեծ անունը» (Եզեկիէլ 36։23, ԱԱ)։
Շատ շուտով բոլոր նրանք, ովքեր պղծում են Աստծու սուրբ անունը, կոչնչանան։ Սակայն նրանք, ովքեր սրբացնում են Եհովայի անունը՝ նրան ընդունելի ձևով երկրպագելով, կստանան հավիտենական կյանք։ Եկեք ուրեմն լիովին օգտվենք կյանքի ջրերից, որոնք առատորեն հոսում են մեր օրերում, և ճշմարիտ երկրպագությունը կարևորագույն բանը դարձնենք մեր կյանքում։
[ծանոթագրություն]
a Եզեկիէլ 1։1–24։27-ի քննարկումը տե՛ս «Ուշագրավ մտքեր «Եզեկիէլ» գրքից (մաս 1)» հոդվածում «Դիտարանի» 2007 թ. հուլիսի 1–ի համարում։
[նկար 9–րդ էջի վրա]
Եզեկիելի տեսիլքի փառավոր տաճարը
[նկար 10–րդ էջի վրա]
Ի՞նչ է խորհրդանշում Եզեկիելի տեսիլքի գետը
[թույլտվությամբ]
Pictorial Archive (Near Eastern History) Est.