Աստվածաշնչի գիրք համար 33. Միքիա
Գրողը՝ Միքիա
Գրվելու վայրը՝ Հուդա
Գրության ավարտը՝ նախքան մ.թ.ա. 717թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. մոտ 777–717թթ.
1. Ինչպիսի՞ մարդ էր Միքիան։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ մի տղամարդու, որ տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել է Եհովային։ Մի մարդու, որը համարձակորեն կարող էր ասել իր ժողովրդի իշխաններին. «Ո՛վ բարին ատողներ ու չարը սիրողներ.... Դուք ուտում եք իմ ժողովրդի միսը, քերթում եք նրա կաշին»։ Այժմ պատկերացրու մի հեզ մարդու, որը անկեղծորեն ընդունում էր, որ այսպիսի զորեղ խոսքեր կարող է ասել միայն Եհովայի ոգու շնորհիվ։ Մի՞թե հաճելի չէր լինի ծանոթ լինել նման անձնավորության հետ։ Ի՜նչ հարուստ տեղեկություններ ու հուսալի խորհուրդներ հնարավոր կլիներ ստանալ նրանից։ Հենց այսպիսի անձնավորություն էր Միքիա մարգարեն։ Այսօր մենք կարող ենք օգուտներ քաղել այն անգին խորհուրդներից, որոնք գրված են նրա անունը կրող գրքում (Միք. 3։2, 3, 8)։
2. Ի՞նչ է հայտնի Միքիայի ու նրա մարգարեանալու ժամանակահատվածի մասին։
2 Ինչպեսև շատ այլ մարգարեներ, Միքիան քիչ բան է ասում իր մասին՝ կենտրոնանալով մարգարեությունների վրա։ Միքիա անունը Միքայել (նշանակում է «ո՞վ է Աստծու նման») կամ Միքայահ («ո՞վ է նման Եհովային») անունների կրճատ ձևն է։ Միքիան մարգարե է եղել Հովաթամ, Աքազ և Եզեկիա թագավորների օրոք (մ.թ.ա. 777–717թթ.), հետևաբար, նա եղել է Եսայիա և Օսեե մարգարեների ժամանակակիցը (Ես. 1։1; Օս. 1։1)։ Թեև նրա մարգարեանալու ճշգրիտ ժամանակահատվածը հայտնի չէ, այն տևել է վաթսուն տարուց ոչ ավել։ Սամարիայի ավերման մասին նրա մարգարեությունները պետք է որ ասված լինեին նախքան մ.թ.ա. 740-ին քաղաքի կործանվելը, իսկ նրա գիրքը ամբողջությամբ պետք է որ ավարտված լիներ մինչև Եզեկիայի իշխանության ավարտը, այսինքն՝ մինչև մ.թ.ա. 717-ը (Միք. 1։1)։ Միքիան Մորեսեթ գյուղից էր, որը գտնվում էր Շեֆելայում՝ Երուսաղեմից դեպի հարավ-արևմուտք ձգվող բերրի մի տեղանքում։ Գյուղի կյանքին ծանոթ լինելը երևում է այն համեմատություններից, որոնք Միքիան օգտագործել է իր հաղորդած պատգամը բացատրելու համար (2։12; 4։12, 13; 6։15; 7։1, 4, 14)։
3. Ի՞նչ նշանակալից ժամանակներում է ծառայել Միքիան, և ինչո՞ւ Եհովան նրան մարգարե նշանակեց։
3 Վտանգավոր և միևնույն ժամանակ նշանակալից ժամանակներում է ապրել Միքիան։ Արագորեն զարգացող իրադարձությունները չարիք էին գուժում Իսրայելի և Հուդայի թագավորություններին։ Իսրայելը բարոյապես անկում էր ապրում, երկրում ծաղկում էր կռապաշտությունը. այս ամենի պատճառով ազգը կործանվեց Ասորեստանի կողմից, ինչը թերևս տեղի ունեցավ Միքիայի կենդանության օրոք։ Հուդան փոփոխական էր. Հովաթամ թագավորի օրոք ճիշտ ճանապարհի վրա էր, Աքազի ըմբոստ իշխանության օրոք կրկնում էր Իսրայելի մեղքերը, իսկ Եզեկիայի իշխանության ժամանակ նորից դարձավ դեպի Աստված։ Եհովան Միքիային ուղարկեց խստորեն զգուշացնելու իր ժողովրդին, որ պատժելու է նրանց։ Միքիայի մարգարեությունները Եսայիայի ու Օսեեի մարգարեությունների հաստատումն էին (2 Թագ. 15։32–20։21; 2 Տար., գլ. 27–32; Ես. 7։17; Օս. 8։8; 2 Կորնթ. 13։1)։
4. Ի՞նչն է փաստում «Միքիա» գրքի վավերականությունը։
4 Բազում փաստեր կան, որոնք վկայում են «Միքիա» գրքի վավերականության մասին։ Հրեաները գիրքը միշտ համարել են Եբրայերեն Գրությունների կանոնի մասը։ Միքիայի խոսքերն ուղղակիորեն մեջբերված են Երեմիա 26։18, 19-ում. «Սիոնը արտի պես պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտ պիտի դառնա» (Միք. 3։12)։ Այս մարգարեությունը ճշգրտորեն կատարվեց մ.թ.ա. 607-ին, երբ Բաբելոնի թագավորը հողին հավասարեցրեց Երուսաղեմը, և «ամեն ինչ ոչնչացվեց» (2 Տար. 36։19)։ Նման ձևով կատարվեց նաև Սամարիայի մասին այն մարգարեությունը, որ Եհովան այն «դաշտում ավերակների կույտ կդարձնի» (Միք. 1։6, 7)։ Սամարիան քարուքանդ արվեց ասորեստանցիների կողմից մ.թ.ա. 740-ին, երբ նրանք նվաճեցին Իսրայելի հյուսիսային թագավորությունը (2 Թագ. 17։5, 6)։ Ավելի ուշ՝ մ.թ.ա. չորրորդ դարում, քաղաքը գրավեց Ալեքսանդր Մակեդոնացին, իսկ մ.թ.ա. երկրորդ դարում ավերվեց հրեաների կողմից, որոնց առաջնորդում էր Հովհաննես Հիրկանոս I-ը։ Սամարիայի այս վերջին կործանման վերաբերյալ մի աշխատությունում ասվում է հետևյալը. «Հաղթողը ոչնչացրել էր քաղաքը՝ ձգտելով վերացնել բոլոր ապացույցները այն բանի, որ մի ժամանակ այդ բլրի վրա բերդաքաղաք է կանգնած եղել»a։
5. Ինչպե՞ս են հնագիտական փաստերը խոսում հօգուտ այն բանի, որ Միքիայի մարգարեությունները կատարվել են։
5 Հնագիտական փաստերը նույնպես խոսում են հօգուտ այն բանի, որ Միքիայի մարգարեությունները կատարվել են։ Ասորեստանցիների կողմից Սամարիայի ավերման մասին հիշատակվում է ասուրական տարեգրություններում։ Ահա մի օրինակ, թե ինչպես է պարծեցել Ասորեստանի թագավոր Սարգոնը. «Ես պաշարեցի ու նվաճեցի Սամարիան (Սամերինան)»b։ Սակայն, ամենայն հավանականությամբ, Սամարիան նվաճվել էր դեռ Սարգոնի նախորդ Սալմանասար V-ի կողմից։ Սալմանասարի վերաբերյալ բաբելական մի տարեգրություն ասում է. «Նա ավերեց Սամարիան»c։ Եզեկիայի օրոք ասորեստանցիների ներխուժումը Հուդա, որի մասին մարգարեացել էր Միքիան, տարեգրվել էր Սենեքերիմի (Սինաքերիբի) կողմից (Միք. 1։6, 9; 2 Թագ. 18։13)։ Սենեքերիմը Նինվեում գտնվող պալատի պատերից մեկի՝ չորս լայն սալաքարերի վրա, քանդակել էր Լաքիսի գրավումը։ Մի հատվածակողմի վրա նրա անունից գրված է. «Ես պաշարեցի նրա զորավոր քաղաքներից 46-ը.... 200150 մարդ դուրս բերեցի [այնտեղից].... Նրան [Եզեկիա թագավորին] բանտարկեցի Երուսաղեմում՝ իր աթոռանիստ քաղաքում, ինչպես թռչնին վանդակում»։ Սենեքերիմը չափազանցված թվարկել է այն ամենը, ինչ որպես տուրք վճարել է Եզեկիան։ Ինչ վերաբերում է իր զորքերին հասած աղետին, Ասորեստանի այս թագավորը ոչինչ չի ասում այդ մասին (2 Թագ. 18։14–16; 19։35)d։
6. Ո՞րն է ամենահամոզիչ ապացույցը, որ «Միքիա» գիրքը ներշնչված է Աստծուց։
6 Ամենահամոզիչ ապացույցը, որ «Միքիա» գիրքը ներշնչված է Աստծուց, 5-րդ գլխի 2-րդ համարում գրված մարգարեությունն է, որում նշվում է, թե որտեղ պիտի ծնվեր Մեսիան (Մատթ. 2։4–6)։ Գրքում կան նաև հատվածներ, որոնք գրեթե նույնությամբ կրկնվում են Քրիստոնեական Հունարեն Գրություններում (Միք. 7։6, 20; Մատթ. 10։35, 36; Ղուկ. 1։72, 73)։
7. Ի՞նչ կարելի է ասել Միքիայի ստեղծագործական մտքի մասին։
7 Թեև Միքիան Հուդայի գյուղական շրջաններից էր, նա օժտված էր իր մտքերն արտահայտելու ձիրքով։ Աստծու Խոսքում տեղ գտած ամենագեղեցիկ արտահայտություններից կարելի է գտնել հենց նրա գրքում։ 6-րդ գլուխը կենդանի երկխոսություն է։ Ընթերցողի ուշադրությունից չի վրիպի Միքիայի ոճին բնորոշ կտրուկ անցումները. անեծքի խոսքերից հետո նա անցնում է օրհնության և հակառակը (Միք. 2։10, 12; 3։1, 12; 4։1)։ Գրքում առկա են պատկերավոր խոսքի տպավորիչ օրինակներ։ Մարգարեն գրում է, որ երբ Եհովան դուրս գա իր տեղից, «լեռները կհալվեն նրա տակ, հարթավայրերը կճեղքվեն, ինչպես մոմը կրակից, ինչպես ջուրը, որ թափվում է զառիվայրից» (1։4; տե՛ս նաև 7։17)։
8. Ի՞նչ է պարունակում «Միքիա» գրքի յուրաքանչյուր մասը։
8 Գիրքը կարելի է բաժանել երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է «լսեցե՛ք» բառով, և պարունակում է հանդիմանություններ, նախազգուշացումներ և օրհնության խոստումներ։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
9. Ի՞նչ պատիժ է սահմանվել Սամարիայի և Հուդայի համար։
9 Մաս 1 (1։1–2։13)։ Եհովան դուրս է գալիս իր տաճարից, որ պատժի Սամարիային կռապաշտության համար։ Նրան «ավերակների կույտ կդարձնի» և «նրա քարերը հովտի մեջ կգցի»՝ քանդակված պատկերները ջարդուփշուր անելով։ Սամարիայի համար բուժում չի լինի։ Հուդան նույնպես մեղավոր է, և նրան էլ պատուհաս կհասնի մինչև «դարպասը՝ մինչև Երուսաղեմ»։ Վնասաբեր բաներ ծրագրողները դատապարտվում են։ Նրանք ողբ կբարձրացնեն՝ ասելով. «Մենք ամբողջովին կողոպտվել ենք» (1։6, 12; 2։4)։
10. Ինչպե՞ս է ուշադրությունը հրավիրվում Եհովայի ողորմության վրա։
10 Անսպասելիորեն մարգարեն ուշադրությունը հրավիրում է Եհովայի ողորմության վրա, քանի որ Եհովայի անունից հայտարարում է. «Ես անպատճառ կհավաքեմ [Հակոբին].... Կմիավորեմ նրանց, ինչպես հոտը փարախում և ինչպես երամակը արոտավայրում։ Այդ տեղը աղմկոտ կլինի մարդկանց պատճառով» (2։12)։
11. ա) Ի՞նչ դատապարտություն է Միքիան ասում Հակոբի ու Իսրայելի իշխանների դեմ։ բ) Միքիան իր քաջության հետ կապված ի՞նչ է ասում։
11 Մաս 2 (3։1–5։15)։ Միքիան այնուհետև շարունակում է. «Լսեցե՛ք, խնդրեմ, ո՛վ Հակոբի գլխավորներ ու Իսրայելի տան իշխաններ»։ Շատ խիստ դատապարտություն է ասվում «բարին ատողների ու չարը սիրողների» դեմ, ովքեր հարստահարում են ժողովրդին։ Նրանք «փշրում են ոսկորները» (3։1–3)։ Նրանց մեջ են մտնում կեղծ մարգարեները, որոնք ճիշտ առաջնորդություն չեն տալիս՝ մոլորեցնելով Աստծու ժողովրդին։ Մարդկային քաջությունից ավելին է պահանջվում այս լուրը հռչակելու համար։ Բայց Միքիան վստահությամբ ասում է. «Ես Եհովայի ոգու շնորհիվ լցված եմ զորությամբ, արդարությամբ ու քաջությամբ, որպեսզի Հակոբին պատմեմ իր ապստամբության և Իսրայելին՝ իր մեղքի մասին» (3։8)։ Արյունապարտ իշխանների դեմ դատապարտությունը իր գագաթնակետին է հասնում հետևյալ խոսքերով. «Նրա գլխավորները կաշառքով են դատում, նրա քահանաները վարձով են սովորեցնում, նրա մարգարեները փողով են գուշակություն անում» (3։11)։ Ուստի Սիոնը արտի պես պիտի հերկվի, և Երուսաղեմը ավերակների կույտ պիտի դառնա։
12. Ի՞նչ վեհապանծ մարգարեություն է տրվում «վերջին օրերի» վերաբերյալ։
12 Մարգարեության թեման կրկին կտրուկ փոխվում է։ Այն մեզ բերում է «վերջին օրեր» և վեհապանծ, հուզիչ կերպով նկարագրում է Եհովայի երկրպագության վերականգնումը նրա լեռան վրա (4։1)։ Շատ ազգեր վեր կգնան Եհովայի լեռը, որ սովորեն նրա ճանապարհները, որովհետև նրա օրենքն ու խոսքը Սիոնից և Երուսաղեմից են դուրս գալու։ Նրանք այլևս չեն սովորի պատերազմել, և ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ։ Ոչ ոք նրանց չի վախեցնի։ Թող ժողովուրդները իրենց աստծուն հետևեն, բայց ճշմարիտ երկրպագուները իրենց Աստված Եհովայի անունով կքայլեն, և նա նրանց վրա կթագավորի հավիտյան։ Նախ, սակայն, Սիոնը պետք է գերի տարվի Բաբելոն։ Միայն վերականգնման ժամանակ Եհովան կմանրացնի նրա թշնամիներին։
13. Ինչպիսի՞ իշխան է գալու Բեթլեհեմից, և ինչի՞ նման կդառնա «Հակոբի մնացորդը»։
13 Միքիան այժմ կանխագուշակում է, որ Իսրայելի իշխանը, «որի ծագումը վաղեմի ժամանակներից է», կգա Բեթլեհեմ Եփրաթայից։ Նա «կհովվի Եհովայի ուժով» և մեծ կլինի ոչ միայն Իսրայելում, այլև «մինչև երկրի ծայրերը» (5։2, 4)։ Ներխուժող ասորեստանցու հաջողությունը ժամանակավոր կլինի, քանի որ նրան հետ կուղարկեն, և նրա երկիրը կավերվի։ «Հակոբի մնացորդը Եհովայից եկած ցողի պես կլինի» ժողովուրդների մեջ և ինչպես առյուծը՝ ազգերի մեջ (5։7)։ Եհովան արմատախիլ կանի կեղծ երկրպագությունը և վրեժխնդիր կլինի անհնազանդ ազգերից։
14. ա) Ինչո՞վ է սկսվում «Միքիա» գրքի 3-րդ մասը։ բ) Իսրայել ժողովուրդը ո՞ր պահանջները չի կատարում։
14 Մաս 3 (6։1–7։20)։ Երկխոսության մեջ մի ապշեցուցիչ դատական տեսարան է բացվում։ Եհովան «դատական գործ» ունի Իսրայելի հետ և բլուրներին ու լեռներին որպես վկա է կանչում (6։1)։ Նա մարտահրավեր է նետում Իսրայելին, որ վկայի իր դեմ, և պատմում է իր արած արդար գործերը հանուն նրանց։ Ի՞նչ է Եհովան պահանջում մարդուց։ Ոչ թե բազմաթիվ կենդանական զոհեր մատուցել, այլ «արդարություն գործադրել, բարություն սիրել և Աստծու հետ համեստությամբ քայլել» (6։8)։ Հենց դա է պակասում Իսրայելում։ Արդարության ու բարության փոխարեն՝ «անարդար կշեռք», բռնություն, ստություն և նենգություն է այնտեղ (6։11)։ Փոխանակ Աստծու հետ համեստությամբ քայլելու՝ նրանք քայլում են Սամարիայում իշխող Ամրիի և Աքաաբի չար խորհուրդներով ու կռապաշտությամբ։
15. ա) Ինչի՞ համար է ողբում մարգարեն։ բ) Ինչպե՞ս է ավարտվում «Միքիա» գիրքը։
15 Մարգարեն ողբում է, որ իր ժողովուրդը բարոյապես քայքայվել է։ Նույնիսկ «նրանցից ամենաուղղամիտը փշոտ ցանկապատից էլ վատն է» (7։4)։ Մտերիմ ընկերների և տան անդամների միջև դավաճանություն կա։ Սակայն Միքիան չի վհատվում։ «Ես արթնությամբ կսպասեմ Եհովային։ Ես համբերությամբ կսպասեմ իմ փրկության Աստծուն։ Իմ Աստվածը կլսի ինձ» (7։7)։ Նա ուրիշներին զգուշացնում է, որ չուրախանան այն բանի համար, որ Եհովան պատժել է իր ժողովրդին, քանի որ ազատագրում կգա։ Եհովան կհովվի, կկերակրի իր ժողովրդին և «հրաշքներ ցույց կտա»՝ վախեցնելով ազգերին (7։15)։ Միքիան գիրքը ավարտում է՝ շեշտելով իր անվան նշանակությունը. նա փառաբանում է Եհովային սիրառատ բարության համար։ Այո՛, «ո՞վ է Աստված քեզ նման» (7։18)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
16. ա) Միքիայի մարգարեությունը որքանո՞վ օգտակար եղավ Եզեկիայի օրերում։ բ) Ի՞նչ զորեղ հորդորներ է պարունակում այն մեր օրերի համար։
16 Միքիայի մարգարեությունը գրեթե 2700 տարի առաջ փաստել է, որ իրոք «օգտակար է» հանդիմանելու համար», քանի որ Հուդայի Եզեկիա թագավորը արձագանքեց Միքիայի հաղորդած պատգամին, ժողովրդին հորդորեց զղջալ և կրոնական բարեփոխումներ կատարեց (Միք. 3։9–12; Երեմ. 26։18, 19; համեմատի՛ր 2 Թագավորներ 18։1–4)։ Աստծու ներշնչմամբ գրված այս մարգարեությունը այսօր ավելի օգտակար է։ Բոլոր նրանք, ովքեր դավանում են, թե Աստծու երկրպագուներ են, թող լսեն Միքիայի հստակ ազդարարությունները կեղծ կրոնի, կռապաշտության, ստախոսության ու բռնության դեմ (Միք. 1։2; 3։1; 6։1)։ 1 Կորնթացիներ 6։9–11 համարներում Պողոսը հիշեցնում է այս նախազգուշացումները՝ ասելով, որ ճշմարիտ քրիստոնյաները լվացվել ու մաքրվել են, և որ նման գործեր անողները չեն ժառանգի Աստծու Թագավորությունը։ Պարզ ու հասկանալի խոսքերով Միքիա 6։8-ն ասում է, թե Եհովան ինչ է պահանջում մարդուց. իր հետ քայլել՝ արդարություն գործադրելով, բարություն սիրելով և համեստությամբ։
17. Ինչպե՞ս է քաջալերում Միքիան նրանց, ովքեր Աստծուն ծառայում են հալածանքի ու դժվարությունների ներքո։
17 Միքիան իր լուրը ներկայացնում էր մի ժողովրդի, որը պառակտված էր այն աստիճան, որ «մարդու թշնամիներն իր տան անդամներն էին»։ Ճշմարիտ քրիստոնյաները նույնպես քարոզում են նման հանգամանքներում, և ոմանք նույնիսկ հարազատների կողմից են դավաճանվում ու խիստ հալածանքների ենթարկվում։ Նրանք ամեն անգամ պետք է համբերությամբ սպասեն Եհովային՝ իրենց «փրկության Աստծուն» (Միք. 7։6, 7; Մատթ. 10։21, 35–39)։ Հալածանքներ դիմագրավելիս կամ դժվար առաջադրանք կատարելիս Եհովային քաջաբար ապավինողները, Միքիայի նման, «Եհովայի ոգու շնորհիվ լցված են զորությամբ»։ Միքիան մարգարեացավ, որ այդ քաջությամբ հատկապես առանձնանալու էր «Հակոբի մնացորդը»։ Նա «ազգերի՝ շատ ժողովուրդների մեջ կլինի այնպես, ինչպես առյուծը» և միևնույն ժամանակ Եհովայի կողմից եկած թարմացնող ցողի ու հորդառատ անձրևի պես կլինի։ Այս հատկությունները ակնառու կերպով դրսևորել է Իսրայելի (Հակոբի) մնացորդը, որի անդամները դարձան առաջին դարի քրիստոնեական ժողովի մի մասը (Միք. 3։8; 5։7, 8; Հռոմ. 9։27; 11։5, 26)։
18. Միքիայի ո՞ր մարգարեությունն է վերաբերում Աստծու Թագավորությանը Քրիստոս Հիսուսի գլխավորությամբ։
18 Ի կատարում Միքիայի մարգարեության՝ Հիսուսը ծնվեց Բեթլեհեմ քաղաքում։ Սա ոչ միայն փաստում է, որ գիրքը ներշնչված է Աստծուց, այլ նաև ցույց է տալիս, որ այդ գլխում մարգարեաբար խոսվում է Աստծու Թագավորության գալստի մասին Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ։ Հիսուսը, որ եկավ Բեթլեհեմից (նշանակում է «հացի տուն»), կենսատու օրհնություններ բերեց բոլոր նրանց, ովքեր հավատ են ընծայում իր քավիչ զոհին։ Նա է, որ «հովվում է Եհովայի ուժով», դառնում է մեծ ու խաղաղություն բերում մինչև երկրի ծայրերը՝ Աստծու վերականգնված ու միավորված հոտի մեջ (Միք. 5։2, 4; 2։12; Հովհ. 6։33–40)։
19. ա) «Վերջին օրերում» ապրողները ի՞նչ քաջալերություն են ստանում։ բ) Ինչպե՞ս է Միքիան մեծարում Եհովայի գերիշխանությունը։
19 Մենք քաջալերվում ենք Միքիայի՝ «վերջին օրերի» վերաբերյալ մարգարեությունից, երբ «շատ ազգեր» պիտի ձգտեն կրթվել Եհովայից։ «Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել։ Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի, որովհետև Զորքերի Տեր Եհովայի բերանով է դա ասվել»։ Դուրս գալով կեղծ կրոնից՝ նրանք, Միքիայի նման, ասում են. «Մենք մեր Աստված Եհովայի անունով կքայլենք դարեդար, հավիտյան»։ Անշուշտ, Միքիայի մարգարեությունը զորացնում է մեր հավատը, երբ նկարագրում է, թե ինչպես են կատարվելու այս կարևոր իրադարձությունները։ Նրա մարգարեությունում ակնառու է նաև Եհովայի դերը՝ որպես հավիտենական Գերիշխան ու Թագավոր։ Ի՜նչ ոգևորիչ են Միքիայի հետևյալ խոսքերը. «Սիոն լեռան վրա Եհովան նրանց վրա կթագավորի այժմ և հավիտյան» (Միք. 4։1–7; 1 Տիմոթ. 1։17)։
[ծանոթագրություններ]
a «The New Westminster Dictionary of the Bible», 1970, էջ 822։
b «Ancient Near Eastern Texts», 1974, Ջ. Բ. Փրիչարդի խմբագրությամբ, էջ 284։
c «Assyrian and Babylonian Chronicles», 1975, Ա. Ք. Գրեյսոն, էջ 73։
d «Ancient Near Eastern Texts», 1974, էջ 288։ «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 894, 895 (անգլ.)։