Ամբողջ աշխարհում աղոթում են նույն բանի համար
ՄԻԼԻՈՆԱՎՈՐ, նույնիսկ միլիարդավոր մարդիկ, աղոթելով տիեզերքի բարձրագույն էակին, միևնույն բանն են խնդրում։ Սակայն քչերն են հասկանում, թե ինչի մասին են աղոթում։ Բայց մի՞թե հնարավոր է խնդրել մի բան՝ առանց հասկանալու, թե ինչ ենք խնդրում։ Կյանքը ցույց է տալիս, որ հնարավոր է։ Ի՞նչ են խնդրում այդ բոլոր մարդիկ։ Նրանք աղոթում են, որ Աստծու Թագավորությունը գա։
Ըստ մի տեղեկագրության՝ կան քրիստոնեական համարվող 37 000 կրոններ, որոնք Հիսուս Քրիստոսին ընդունում են որպես իրենց Առաջնորդի։ Նրանց անդամների թիվն անցնում է երկու միլիարդից։ Այդ քրիստոնյաների մեծամասնությունը ասում է մի աղոթք, որը կոչվում է «Հայր մեր» կամ «Տերունական աղոթք»։ Ձեզ ծանո՞թ է այն։ Հիսուսը այս աղոթքը սովորեցրեց իր հետևորդներին, որը սկսվում է այսպես. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՛ քո անունը։ Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։
Այդ ժամանակներից հարյուրավոր տարիներ են անցել, բայց մինչև օրս էլ հավատացյալ մարդիկ եկեղեցիներում ակնածանքով կրկնում են այս խոսքերը։ Բացի այդ, նրանք «Հայր մեր»–ը ասում են ընտանյոք հանդերձ, ինչպես նաև առանձին՝ կյանքի թե՛ ուրախ և թե՛ տխուր պահերին։ Նրանք աղոթում են անկեղծորեն և նույնիսկ ջերմեռանդորեն։ Շատերը «Տերունական աղոթքը» անգիր են անում, ընդ որում քիչ հասկանալով կամ ընդհանրապես չհասկանալով աղոթքի խոսքերի իմաստը։ Սակայն միայն քրիստոնյաները չեն, որ հուսացել են Աստծու Թագավորության գալստյանը ու աղոթել դրա համար։
Աղոթում են նաև այլ կրոնների անդամները
Հրեաների հավատի հայտնի աղոթքը «կադիշն» է։ Այն սովորաբար ասում են սգի ժամանակ, թեև բուն աղոթքը գրեթե կապ չունի մահվան կամ դժբախտության հետ։ Աղոթքում ասվում է. «Թող նա [Աստված] հաստատի իր Թագավորությունը քո կենդանության օրոք.... ինչքան հնարավոր է շուտ»a։ Հին ժողովարաններից մեկում ասված մի աղոթքում էլ նշվում է Դավթի տնից Մեսիայի Թագավորության գալու հույսի մասին։
Մյուս ոչ քրիստոնեական կրոններին նույնպես հետաքրքրում է Աստծու Թագավորության մասին գաղափարը։ «Թայմս օֆ Ինդիա» թերթի համաձայն՝ 19–րդ դարի հնդիկ ականավոր մի կրոնական առաջնորդ, որը շահագրգռված էր հնդուական, մուսուլմանական և քրիստոնեական կրոնների միջև ընդհանուր եզրեր գտնելով, ասաց. «Աստծու ճշմարիտ Թագավորությունը իրողություն չի դառնա, քանի դեռ արևելքն ու արևմուտքը չեն միացել իրար»։ Իսկ Սթրադֆիլդի (Ավստրալիա) իսլամական քոլեջի տնօրենը վերջերս մի թերթի նամակ գրեց. «Բոլոր մուսուլմանների պես՝ ես հավատում եմ, որ Հիսուսը վերադառնալու է և հաստատելու է Աստծու ճշմարիտ Թագավորությունը»։
Անկասկած, Աստծու Թագավորությանը սպասողների և նրա մասին աղոթողների թիվը միլիարդների է հասնում։ Սակայն ուշադրություն դարձնենք մի հետաքրքիր փաստի։
Հավանաբար գիտեք, որ մենք՝ Եհովայի վկաներս, որ հրատարակում ենք սույն պարբերագիրը, գնում ենք տնից տուն և մարդկանց հետ զրուցում Աստվածաշնչի մասին։ Ներկայումս այս գործն անում ենք աշխարհի 236 երկրներում ավելի քան 400 լեզուներով։ Քարոզչության գլխավոր թեման Աստծու Թագավորությունն է։ Ի դեպ, նկատեք, որ այս պարբերագիրը ամբողջությամբ կոչվում է՝ «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը»։ Մենք հաճախ ենք մարդկանց հարցնում, թե արդյոք նրանք աղոթում են Աստծու Թագավորության մասին։ Շատ շատերը պատասխանում են՝ այո։ Սակայն երբ հարցնում ենք, թե ինչ է այդ Թագավորությունը, մեծամասնությունը, փաստորեն, պատասխանում է՝ չգիտեմ, մյուսներն էլ արտահայտվում են անորոշ ու ոչ հստակ։
Այդ դեպքում ինչո՞ւ են միլիոնավոր մարդիկ աղոթում մի բանի համար՝ առանց հասկանալու, թե ինչ են խնդրում։ Մի՞թե «Աստծու Թագավորությունը» բարդ ու խորհրդավոր հասկացություն է։ Բոլորովի՛ն։ Աստվածաշունչը հստակ ու մանրամասնորեն բացատրում է, թե ինչ է Թագավորությունը։ Ավելին, այդ բացատրությունը կարող է իրական հույս տալ ձեզ այս մռայլ ժամանակներում։ Հաջորդ հոդվածում կտեսնենք, թե ինչ է Աստվածաշունչն ասում այդ հույսի մասին։ Այնուհետև կքննենք, թե երբ է Աստված պատասխանելու Թագավորության գալստյան մասին Հիսուսի աղոթքին։
[ծանոթագրություն]
a Ինչպես որ «Հայր մեր»–ում, «կադիշում» ևս խնդրվում է Աստծու անվան սրբացման մասին։ Ճիշտ է, գիտնականները դեռ փորձում են պարզել, թե առաջին անգամ երբ է ասվել «կադիշը»՝ Քրիստոսի ժամանակներո՞ւմ, թե՞ ավելի վաղ, սակայն Տերունական աղոթքի և «կադիշի» նմանությունները չպետք է զարմացնեն մեզ։ Հիսուսի աղոթքը նոր կամ հեղափոխական միտք չէր պարունակում։ Ամեն մի խնդրանք բացարձակապես հիմնված էր Գրությունների վրա, որոնք այդ ժամանակ մատչելի էին բոլոր հրեաներին։ Հիսուսը քաջալերում էր իր ազգակիցներին աղոթել այն ամենի մասին, ինչի մասին միշտ պիտի աղոթեին։