Հնազանդություն. կարևո՞ր է փոքրուց սովորել
«Ծնողներն ուզում են իրենց երեխաների մեջ տեսնել ոչ թե մեխանիկորեն հնազանդվող զինվորների, այլ՝ անհատականության տեր անձնավորությունների»։ Այսպես էր հնչում մի լրագրի վերնագրերից մեկը։ Այնտեղ համառոտ խոսվում էր Նոր Զելանդիայում անցկացված մի հարցման մասին, որի համաձայն՝ «մասնակցողների միայն քսաներկու տոկոսն էր այն կարծիքը հայտնել, որ ծնողները պետք է հնազանդություն սովորեցնեն իրենց երեխաներին»։ Այդ նույն հարցումը ցույց էր տվել նաև, որ ծնողներն այսօր շատ ավելի կարևոր են համարում երեխաների մեջ լավ վարք ու բարք, ինքնուրույնություն և պատասխանատվության զգացում սերմանելը։
Անհատականության և շահախնդրության այս դարում զարմանալի չէ, որ մարդկանց մեծամասնությունը սկեպտիկորեն է վերաբերվում հնազանդության գաղափարին և իրենց երեխաներին դրան վարժեցնելուն։ Արդյո՞ք ծնողներին հնազանդվելը պետք է համարել հնաոճ, ոչ ժամանակակից հատկություն, թե՞ դա իրոք այն կարևոր դասերից մեկն է, որից երեխան կարող է օգուտ քաղել։ Բայց այստեղ ամենակարևորն այն է, թե ի՞նչ կարծիքի է ծնողներին հնազանդվելու հարցում ընտանեկան կարգադրության Հեղինակ Եհովա Աստված, և ի՞նչ օգուտներ է բերում նման հնազանդությունը (Գործք 17։28; Եփեսացիս 3։14, 15, ՆԱ)։
«Դա է ճիշտը»
Պողոսը առաքյալը առաջին դարում Եփեսոսի քրիստոնեական ժողովին հետևյալ խոսքերն էր ուղղել. «Որդինե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին ի Տէր, որովհետեւ դա է ճիշտը» (Եփեսացիս 6։1)։ Այս հնազանդության գլխավոր պատճառն այն է, որ դա ներդաշնակ է Աստծո արդարության չափանիշին։ Ինչպես Պողոսն արտահայտվեց՝ «դա է ճիշտը»։
Բացի այդ, Աստծո Խոսքը ծնողական սիրալիր դաստիարակությունը նկարագրում է որպես մի թանկարժեք բան՝ ‘շնորհքի պսակ գլխին և մանյակներ պարանոցին’, և այն կոչում ‘հաճելին Տիրոջ առաջ’ (Առակաց 1։8, 9; Կողոսացիս 3։20)։ Եվ ընդհակառակը՝ անհնազանդությունը ծնողների նկատմամբ բերում է Աստծո անհավանությանը (Հռովմայեցիս 1։30, 32, ԱԹ)։
«Որպէսզի լաւ լինի քեզ համար»
Պողոսը մատնացույց արեց հնազանդության մեկ արժեք ևս՝ գրելով. «Պատուի՛ր քո հօրն ու մօրը, – որ առաջին պատուիրանն է՝ տրուած խոստումով, – որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար կեանք ունենաս երկրի վրայ» (Եփեսացիս 6։2, 3; Ելից 20։12)։ Ինչպե՞ս կարող է ծնողների հանդեպ հնազանդությունը մեր բարօրությանը ծառայել։
Մի՞թե համաձայն չեք այն իրողության հետ, որ ծնողները տարիքով ավելի մեծ են և կյանքի փորձ ունեն։ Թեև նրանց, գուցե, շատ բան հայտնի չէ համակարգիչների, կամ էլ դպրոցում ուսուցանվող որոշ այլ բաների մասին, սակայն նրանք շատ բան գիտեն կյանքի մասին, և այն, թե ինչպես կարելի է հաղթահարել խնդիրները։ Իսկ ինչ վերաբերում է երիտասարդներին, նրանց հաճախ պակասում է այն չափավորության զգացումը, որը սովորաբար գալիս է տարիքի հետ և հատուկ է հասուն մարդկանց։ Ուստի, նրանք հակում ունեն հապճեպ որոշումներ կայացնելու և հասակակիցների վնասակար ճնշմանը տեղի տալու, որը հաճախ վատ հետևանքներ է ունենում։ Աստվածաշնչում արդարացիորեն ասվում է. «Յիմարութիւնը կապուած է երեխային սրտին»։ Այո, բայց ի՞նչ կարելի է անել. «խրատի գաւազանը նորան կ’հեռացնէ նորանից»,— կարդում ենք աստվածաշնչյան նույն համարում (Առակաց 22։15)։
Հնազանդությունից բխող օրհնությունները չեն սահմանափակվում միայն ծնող–երեխա փոխհարաբերության շրջանակներով։ Որպեսզի մարդկային հասարակությունը անխափան ու արդյունավետ գործի, այդ հասարակության անդամները համագործակցության ոգի պետք է դրսևորեն, իսկ դա որոշ չափով հնազանդություն է պահանջում։ Ամուսնական կյանքում, օրինակ, զիջելու պատրաստակամությունը և ոչ թե պահանջկոտությունն ու դիմացինի իրավունքների ու զգացումների նկատմամբ անտարբերությունն է, որ առաջնորդում է խաղաղության, ներդաշնակության ու երջանիկ փոխհարաբերություների։ Աշխատանքի վայրում նույնպես, որպեսզի որևէ գործ կամ ձեռնարկում հաջողությամբ ընթանա, հարկավոր է ստորակարգություն պահպանել։ Իսկ պետական օրենքներին և սահմանված կարգերին հնազանդվելը մարդուն ոչ միայն ազատում է պատիժ կրելուց, այլև որոշակի չափով անվտանգություն և պաշտպանություն է ապահովում (Հռովմայեցիս 13։1–7; Եփեսացիս 5։21–25; 6։5–8)։
Այն երիտասարդները, որոնք չեն ընդունում ոչ մի իշխանություն, հաճախ իրենց տեղը չեն կարողանում գտնել հասարակության մեջ։ Իսկ մանուկ հասակից ձեռք բերված հնազանդվելու սովորությունը կարող է բարերար ազդեցություն գործել մարդու ողջ կյանքի վրա։ Ուրեմն, որքա՛ն լավ է սովորել այն մանկուց։
Վարձատրություններ՝ հնազանդության դիմաց
Հնազանդությունը ոչ միայն նպաստում է երջանկությանը ընտանեկան փոխհարաբերություններում և հաջողությանը կյանքի այլ ոլորտներում, այլև հիմք է ստեղծում մարդու կյանքում ամենակարևոր փոխհարաբերությունների զարգացման համար, փոխհարաբերություններ այդ անհատի ու նրա Արարչի միջև։ Արարիչը՝ Եհովա Աստված, որի մոտ է «կեանքի աղբիւրը», իրավացիորեն արժանի է մեր բացարձակ հնազանդությանը (Ժողովող 12։1, ԷԹ; Սաղմոս 36։9)։
«Հնազանդվել» բառը կամ նրա տարբեր հոմանիշները Աստվածաշնչում օգտագործված են ավելի քան 160 անգամ։ Բացի այդ, Գրությունները հարյուրավոր հիշատակումներ են պարունակում Աստծո օրենքների, պատվիրանների, հրամանների, դատաստանների ու կանոնադրությունների վերաբերյալ, որոնք բոլորն էլ հնազանդություն են պահանջում։ Ոչ մի կասկած չկա, որ Աստծո հավանությանն արժանանալու համար հարկավոր է կատարել նրա պահանջը՝ դրսևորել հնազանդություն։ Այո՛, հնազանդությունը պարզապես անհրաժեշտ է Եհովայի հետ փոխհարաբերություններ զարգացնելու համար (Ա Թագաւորաց 15։22)։ Ցավալի է, բայց մարդն իր էությամբ ավելի հակված է անհնազանդ լինելու, քան թե հնազանդություն դրսևորելու։ «Մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնիցը»,— ասում է Աստվածաշունչը (Ծննդոց 8։21)։ Այնպես որ՝ հնազանդություն ստիպված ենք սովորել ոչ միայն մանուկ հասակում, այլև ողջ կյանքի ընթացքում։ Իսկ այդ ջանքերը մեծ վարձատրություն են բերում։
Հիշենք Պողոսի խոսքերն այն մասին, որ ծնողներին հնազանդ լինելու պատվիրանն ուղեկցվում է երկու խոստումով, դրանք են՝ «որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար կեանք ունենաս երկրի վրայ»։ Այս խոստումները հաստատվում են Առակաց 3։1, 2 խոսքերում, որտեղ կարդում ենք. «Որդեակս, իմ օրէնքը մի մոռանար, եւ թող պահէ քո սիրտը իմ պատուէրները. որովհետեւ նորանք երկայն օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ խաղաղութիւն կ’շատացնեն քեզ համար»։ Այսօր հնազանդ մարդկանց համար մեծագույն վարձատրությունը նրանց անձնական փոխհարաբերություններն են Եհովայի հետ և հավիտենական կյանքը՝ գալիք խաղաղ նոր աշխարհում (Յայտնութիւն 21։3, 4)։
[նկարներ 30–րդ և 31–րդ էջերի վրա]
Հնազանդությունը նպաստում է լավ փոխհարաբերություններ զարգացնելուն՝ տանը, աշխատանքի վայրում և Եհովայի հետ