Եհովա՝ «Աստված, որ խաղաղություն է տալիս»
«Թող Աստված, որ խաղաղություն է տալիս, ձեզ հետ լինի» (ՀՌՈՄ. 15։33)։
1, 2. Ինչպիսի՞ լարված իրավիճակ է նկարագրվում Ծննդոց 32 և 33-րդ գլուխներում, և ի՞նչ ավարտ այն ունեցավ։
ԴԵՊՔԵՐԸ տեղի են ունենում Փանուելի մոտակայքում՝ Հաբոկի գետահովտի մոտ՝ Հորդանան գետի արևելյան կողմում։ Եսավը լսել է, որ իր զույգ եղբայր Հակոբը վերադառնում է տուն։ Թեև արդեն անցել է 20 տարի, ինչ Եսավը առաջնեկության իր իրավունքը վաճառել է եղբորը, սակայն Հակոբը վախենում է, որ նա գուցե դեռ ոխ է պահում և մտադիր է սպանելու իրեն։ 400 մարդկանց ուղեկցությամբ Եսավը գալիս է դեպի օտարությունից վերադարձող իր եղբայրը։ Ակնկալելով, որ Եսավը թշնամանքով կընդունի իրեն՝ Հակոբը իրար հետևից նվերներ է ուղարկում նրան՝ ընդհանուր առմամբ՝ 550 ընտանի կենդանի։ Եսավին կենդանիների հոտով մոտենալիս ամեն մի ծառա ասում է, որ այն նվեր է նրա եղբոր կողմից։
2 Վերջապես գալիս է հանդիպման պահը։ Խիզախորեն քայլելով դեպի Եսավը՝ Հակոբը խոնարհվում է, բայց ոչ թե մեկ անգամ, այլ յոթ։ Սակայն ամենակարևոր քայլը, որ Հակոբն արդեն կատարել է եղբոր սիրտը փափկեցնելու համար, աղոթելն է. նա խնդրել է Եհովային, որ ազատի իրեն Եսավի ձեռքից։ Պատասխանո՞ւմ է Եհովան նրա աղոթքին։ Այո՛։ «Եսավը վազելով նրան ընդառաջ եկավ,— ասում է Աստվածաշունչը,— գրկեց նրան, նրա վզովն ընկավ ու համբուրեց» (Ծննդ. 32։11–20; 33։1–4)։
3. Ի՞նչ ենք սովորում Հակոբի ու Եսավի մասին արձանագրությունից։
3 Հակոբի ու Եսավի մասին արձանագրությունը ցույց է տալիս, որ մենք պետք է ամեն ջանք թափենք ու գործնական քայլեր ձեռնարկենք՝ լուծելու այն խնդիրները, որոնք կարող են սպառնալ քրիստոնեական ժողովում տիրող խաղաղությանը։ Հակոբը ձգտում էր խաղաղություն հաստատել Եսավի հետ, բայց պատճառն այն չէր, որ ինքն էր սխալ գործել եղբոր հանդեպ ու պարտավոր էր ներողություն խնդրել։ Եսավն էր արհամարհել առաջնեկության իր իրավունքը և մի աման ոսպի ապուրի դիմաց այն վաճառել Հակոբին (Ծննդ. 25։31–34; Եբր. 12։16)։ Եսավի հանդեպ Հակոբի մոտեցումը ցույց է տալիս, թե մենք ինչեր պետք է պատրաստ լինենք անելու, որպեսզի խաղաղություն պահպանենք մեր քրիստոնյա եղբայրների հետ։ Այն նաև ցույց է տալիս, որ ճշմարիտ Աստված օրհնում է խաղաղություն հաստատելու մեր ջանքերը և պատասխանում է դրա համար արված մեր աղոթքներին։ Աստվածաշնչում կան բազմաթիվ այլ օրինակներ, որոնք սովորեցնում են մեզ լինել խաղաղարար։
Մեծագույն օրինակ, որը քաջալերում է մեզ
4. Ի՞նչ է արել Աստված մարդկությանը մեղքից ու մահից փրկելու համար։
4 Խաղաղարար լինելու ամենաակնառու օրինակը Եհովան է՝ «Աստված, որ խաղաղություն է տալիս» (Հռոմ. 15։33)։ Մտածիր, թե ինչ քայլեր ձեռնարկեց նա, որ մենք կարողանանք խաղաղ փոխհարաբերություններ ունենալ իր հետ։ Որպես Ադամի ու Եվայի սերունդներ՝ մենք արժանի ենք «մեղքի տված վարձին» (Հռոմ. 6։23)։ Այդուհանդերձ, մեծ սիրուց մղված՝ Եհովան միջոցներ ձեռք առավ մեր փրկության համար. նա երկնքից ուղարկեց իր սիրելի Որդուն, որպեսզի ծնվի որպես կատարյալ մարդ։ Որդին պատրաստակամորեն համաձայնվեց և թույլ տվեց, որ Աստծու թշնամիները մահվան մատնեն իրեն (Հովհ. 10։17, 18)։ Ճշմարիտ Աստված հարություն տվեց իր սիրելի Որդուն։ Դրանից հետո վերջինս ներկայացրեց Հորը իր թափած արյան արժեքը, որը փրկանք էր հանդիսանալու և փրկելու էր զղջացող մեղավորներին հավիտենական մահից (կարդա՛ Եբրայեցիներ 9։14, 24)։
5, 6. Ինչպե՞ս է Հիսուսի թափած արյունը ազդում Աստծու և մեղավոր մարդկանց խզված փոխհարաբերությունների վրա։
5 Ինչպե՞ս է Աստծու Որդու քավիչ զոհը ազդում Աստծու և մեղավոր մարդկանց խզված փոխհարաբերությունների վրա։ «Նրա կրած պատիժը մեզ խաղաղություն բերեց,— ասվում է Եսայիա 53։5-ում,— ու նրա վերքերի շնորհիվ բուժվեցինք»։ Փոխարեն համարվելու Աստծու թշնամիներ՝ հնազանդ մարդիկ այժմ կարող են նրա հետ խաղաղ փոխհարաբերություններ ունենալ։ «[Հիսուսի] միջոցով մենք ստացանք ազատությունը իր արյամբ տրված փրկանքով, այո՛, մեր հանցանքների ներումը» (Եփես. 1։7)։
6 Աստվածաշունչն ասում է. «Աստված ցանկացավ, որ ողջ լիությունը [Քրիստոսում] բնակվի»։ Պատճառն այն է, որ Աստված գլխավորապես Քրիստոսի միջոցով է իրականացնում իր նպատակը։ Իսկ ո՞րն է Եհովայի նպատակը։ «Նորից իր հետ հաշտեցնել մնացած բոլորին.... [Հիսուս Քրիստոսի] թափած արյամբ խաղաղություն հաստատելով»։ «Մնացած բոլորը», որոնց հետ Աստված խաղաղ փոխհարաբերություններ է հաստատում, թե՛ «երկրի վրա» եղողներն են և թե՛ «երկնքում» եղողները։ Իսկ ովքե՞ր են նրանք (կարդա՛ Կողոսացիներ 1։19, 20)։
7. Ովքե՞ր են «երկնքում» ու «երկրի վրա» եղողները, որոնք խաղաղ փոխհարաբերություններ ունեն Աստծու հետ։
7 Փրկանքի շնորհիվ օծյալ քրիստոնյաները, ովքեր «արդար են հայտարարվել» որպես Աստծու որդիներ, կարող են «խաղաղություն վայելել Աստծու հետ» (կարդա՛ Հռոմեացիներ 5։1)։ Նրանց մասին խոսվում է որպես «երկնքում» եղողների, քանի որ նրանք երկնային հույս ունեն, «թագավորելու են երկրի վրա» ու Աստծուն ծառայելու են որպես քահանաներ (Հայտն. 5։10)։ Իսկ «երկրի վրա» եղողները զղջացող մարդիկ են, ովքեր հավիտյան ապրելու են երկրի վրա (Սաղ. 37։29)։
8. Եհովայի օրինակի շուրջ խորհելը ինչպե՞ս է ազդում քեզ վրա։
8 Արտահայտելով իր անկեղծ երախտագիտությունը Եհովայի տված փրկության միջոցի համար՝ Պողոսը Եփեսոսի օծյալ քրիստոնյաներին գրեց. «Աստված, որ հարուստ է ողորմությամբ.... կենդանացրեց մեզ և միավորեց Քրիստոսի հետ, երբ մեռած էինք հանցանքների մեջ (անզուգական բարության միջոցով դուք փրկվեցիք)» (Եփես. 2։4, 5)։ Անկախ նրանից՝ երկնային հույս ունենք, թե երկրային, մենք պարտական ենք Աստծուն իր ողորմության ու անզուգական բարության համար։ Մեր սրտերը երախտագիտության զգացումով են լցվում, երբ մտածում ենք այն մասին, թե ինչ արեց Եհովան, որ հնարավորություն տա մարդկանց իր հետ խաղաղ փոխհարաբերություններ ունենալու։ Ուստի երբ բախվում ենք այնպիսի իրավիճակների, որոնք վտանգում են ժողովի միասնությունը, Աստծու օրինակի շուրջ երախտագիտությամբ խորհելը մղում է մեզ լինելու խաղաղարար։
Սովորենք Աբրահամի ու Իսահակի օրինակից
9, 10. Ինչպե՞ս Աբրահամը փաստեց, որ խաղաղարար է, երբ լարվածություն առաջացավ իր և Ղովտի հովիվների միջև։
9 Նահապետ Աբրահամի մասին Աստվածաշունչը նշում է. ««Աբրահամը հավատ ընծայեց Եհովային, և դրա համար արդար համարվեց», և նա կոչվեց «Եհովայի ընկերը»» (Հակ. 2։23)։ Աբրահամի հավատը դրսևորվեց իր խաղաղասիրությամբ։ Օրինակ՝ երբ նրա հոտերը շատացան, լարվածություն առաջացավ իր հովիվների ու իր եղբորորդի Ղովտի հովիվների միջև (Ծննդ. 12։5; 13։7)։ Միակ լուծումն այն էր, որ Աբրահամն ու Ղովտը առանձնանան իրարից։ Ինչպե՞ս Աբրահամը կվարվեր այդ դժվարին իրավիճակում։ Նա չմտածեց, որ վերջնական որոշումը պետք է ինքը կայացնի զուտ այն պատճառով, որ տարիքով ավելի մեծ է ու հատուկ փոխհարաբերություններ ունի Աստծու հետ։ Փոխարենը՝ փաստեց, որ իսկապես խաղաղարար անձնավորություն է։
10 «Խնդրում եմ, թող իմ ու քո, իմ հովիվների ու քո հովիվների միջև վեճ չլինի,— ասաց Աբրահամն իր եղբորորդուն,— քանի որ մենք եղբայրներ ենք»։ Նահապետը շարունակեց. «Չէ՞ որ ամբողջ երկիրը քո առաջ է։ Խնդրում եմ, առանձնացիր ինձանից։ Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, իսկ եթե աջ գնաս, ես ձախ կգնամ»։ Երբ Ղովտն ընտրեց երկրի ամենաբերրի մասը, Աբրահամը չբարկացավ նրա վրա ու ոխ չպահեց (Ծննդ. 13։8–11)։ Դա երևում է այն բանից, որ երբ հետագայում թշնամու զորքերը գերի տարան Ղովտին, Աբրահամը, առանց վարանելու, փրկեց նրան (Ծննդ. 14։14–16)։
11. Ինչպե՞ս Աբրահամը խաղաղության հետամուտ եղավ փղշտացի հարևանների հետ առնչվելիս։
11 Մտածիր նաև, թե ինչպես Աբրահամը Քանանի երկրում խաղաղության հետամուտ եղավ փղշտացի հարևանների հետ առնչվելիս։ Փղշտացիները «բռնությամբ վերցրել էին» Բերսաբեեում Աբրահամի ծառաների փորած ջրհորը։ Ինչպե՞ս կարձագանքեր այն մարդը, որը, հաղթելով չորս թագավորների, փրկել էր իր եղբորորդուն։ Աբրահամը չկռվեց, որ հետ վերցնի ջրհորը, այլ որոշեց լռել։ Որոշ ժամանակ անց փղշտացիների թագավորը եկավ նրա մոտ՝ խաղաղության ուխտ կնքելու։ Աբրահամը անմիջապես չխոսեց բռնագրավված ջրհորի մասին։ Նա դրա մասին հիշատակեց միայն այն բանից հետո, երբ թագավորը երդվել տվեց նրան, որ բարությամբ կվարվի իր սերնդի հետ։ Երբ թագավորը լսեց ջրհորի մասին, ցնցվեց ու վերադարձրեց Աբրահամին։ Վերջինս էլ շարունակեց խաղաղությամբ բնակվել որպես պանդուխտ այդ երկրում (Ծննդ. 21։22–31, 34)։
12, 13. ա) Ինչպե՞ս Իսահակը հետևեց իր հոր օրինակին։ բ) Ինչպե՞ս Եհովան օրհնեց Իսահակի խաղաղասեր ընթացքը։
12 Աբրահամի որդի Իսահակը հետևեց իր խաղաղասեր հոր օրինակին։ Դա ակնհայտ դարձավ փղշտացիների հետ նրա վարվելակերպից։ Սովի պատճառով Իսահակը Բեեր-Լահայ-Րոյից, որը գտնվում էր Նեգևի անապատային տարածքում, տեղափոխվեց հյուսիս և բնակություն հաստատեց փղշտացիների բերրի տարածքում՝ Գերարում։ Այնտեղ Եհովան օրհնեց նրան՝ տալով առատ հացահատիկ ու շատացնելով նրա հոտերը։ Փղշտացիները սկսեցին նախանձել Իսահակին։ Չցանկանալով, որ նա իր հոր նման բարգավաճի՝ նրանք ծածկեցին այն ջրհորները, որոնք Աբրահամի ծառաները փորել էին այդ տարածքում։ Ի վերջո, փղշտացիների թագավորն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մոտից»։ Իսահակը, որը խաղաղասեր մարդ էր, հեռացավ (Ծննդ. 24։62; 26։1, 12–17)։
13 Այն բանից հետո, երբ Իսահակը տեղափոխեց իր ճամբարը, նրա ծառաները մեկ ուրիշ ջրհոր փորեցին։ Փղշտացի հովիվները պնդեցին, թե դա իրենց ջրհորն է։ Իր հոր՝ Աբրահամի նման՝ Իսահակը չկռվեց դրա համար, այլ իր մարդկանց ասաց, որ մեկ ուրիշ ջրհոր փորեն։ Փղշտացիները կրկին պնդեցին, թե դա իրենցն է։ Հանուն խաղաղության Իսահակը իր մեծ ճամբարը տեղափոխեց մեկ ուրիշ վայր։ Այնտեղ իր ծառաները մի ջրհոր փորեցին, որն Իսահակը կոչեց Ռոհոբոթ։ Հետագայում նա տեղափոխվեց Բերսաբեե, որն ավելի բերրի տարածք էր, և այնտեղ Եհովան օրհնեց նրան՝ ասելով. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, ես կօրհնեմ քեզ ու կշատացնեմ քո սերունդը հանուն իմ ծառա Աբրահամի» (Ծննդ. 26։17–25)։
14. Ինչպե՞ս Իսահակը փաստեց, որ խաղաղարար է, երբ փղշտացի թագավորը ցանկացավ խաղաղության ուխտ կնքել նրա հետ։
14 Իսահակը, անշուշտ, կարող էր կռվել իր ծառաների փորած ջրհորներն օգտագործելու իր իրավունքի համար։ Չէ՞ որ նա ուներ Եհովայի աջակցությունը։ Նույնիսկ փղշտացիների թագավորն էր ընդունում դա։ Երբ նա իր պաշտոնյաների հետ եկավ Իսահակի մոտ՝ Բերսաբեե, և ցանկացավ խաղաղության ուխտ կնքել նրա հետ, ասաց. «Մենք պարզ տեսանք, որ Եհովան քեզ հետ է»։ Այդուհանդերձ, հանուն խաղաղության Իսահակը նախընտրել էր մի քանի անգամ տեղափոխվել, քան կռվել։ Այս անգամ էլ Իսահակը փաստեց, որ խաղաղարար է։ Աստվածաշունչն ասում է. «Իսահակը խնջույք արեց [այցելուների] համար, և նրանք կերան ու խմեցին։ Վաղ առավոտյան վեր կացան և միմյանց երդումներ տվեցին։ Հետո Իսահակը ուղարկեց նրանց.... խաղաղությամբ» (Ծննդ. 26։26–31)։
Սովորում ենք Հակոբի ամենասիրելի որդու օրինակից
15. Հովսեփի եղբայրները ինչո՞ւ չէին կարողանում խաղաղությամբ խոսել նրա հետ։
15 Իսահակի որդի Հակոբը «անարատ մարդ էր» (Ծննդ. 25։27)։ Ինչպես երևաց այս հոդվածի նախաբանից, նա ձգտում էր խաղաղություն հաստատել իր եղբոր՝ Եսավի հետ։ Անկասկած, Հակոբը օգուտներ էր քաղել իր հայր Իսահակի օրինակից։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Հակոբի որդիների մասին։ 12 որդիներից Հակոբը ամենաշատը սիրում էր Հովսեփին։ Նա հարգալից, հնազանդ որդի էր, և հայրը վստահում էր նրան (Ծննդ. 37։2, 14)։ Սակայն Հովսեփի ավագ եղբայրները այնքան էին լցված նախանձով, որ չէին կարողանում խաղաղությամբ խոսել նրա հետ։ Եղբայրները դաժանաբար ստրկության վաճառեցին Հովսեփին ու խաբեցին իրենց հորը, թե գազանն է հոշոտել նրան (Ծննդ. 37։4, 28, 31–33)։
16, 17. Եղբայրների հետ Հովսեփի վարվելակերպը ինչպե՞ս փաստեց, որ նա խաղաղասեր է։
16 Եհովան Հովսեփի հետ էր։ Հետագայում Հովսեփը դարձավ Եգիպտոսի վարչապետը՝ փարավոնից հետո երկրորդ մարդը։ Երբ սարսափելի սովի պատճառով նրա եղբայրները եկան Եգիպտոս, չճանաչեցին Հովսեփին, որը եգիպտական պաշտոնական հանդերձներ էր հագել (Ծննդ. 42։5–7)։ Որքա՜ն հեշտությամբ Հովսեփը կարող էր հատուցել եղբայրներին իր ու հոր հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու համար։ Սակայն վրեժխնդիր լինելու փոխարեն՝ նա փորձեց խաղաղությամբ վարվել նրանց հետ։ Երբ Հովսեփին պարզ դարձավ, որ եղբայրները զղջացել են, նա հայտնեց իր ինքնությունն՝ ասելով. «Մի՛ տրտմեք և մի՛ բարկացեք ձեզ վրա, որ ինձ վաճառել եք այստեղ, որովհետև ձեր կյանքը պահպանելու համար է, որ Աստված ինձ ձեզնից առաջ ուղարկեց»։ Հետո նա համբուրեց իր բոլոր եղբայրներին և նրանց վզովն ընկնելով՝ լաց եղավ (Ծննդ. 45։1, 5, 15)։
17 Իրենց հոր՝ Հակոբի մահից հետո Հովսեփի եղբայրները մտածեցին, թե նա վրեժ կառնի իրենցից։ Երբ արտահայտեցին իրենց մտավախությունը, Հովսեփը լաց եղավ ու ասաց. «Մի՛ վախեցեք։ Ես ձեզ ու ձեր երեխաներին ուտելիքով կապահովեմ»։ Խաղաղասեր Հովսեփը «մխիթարեց նրանց և իր խոսքերով վստահություն ներշնչեց» (Ծննդ. 50։15–21)։
«Մեր ուսուցման համար գրվեց»
18, 19. ա) Ի՞նչ օգուտներ քաղեցիր՝ քննելով այս հոդվածում բերվող խաղաղարար մարդկանց օրինակները։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
18 «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց,— ասաց Պողոսը,— որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմ. 15։4)։ Ի՞նչ օգուտներ ստացանք՝ քննելով Եհովայի մեծագույն օրինակը և Աբրահամի, Իսահակի, Հակոբի ու Հովսեփի մասին աստվածաշնչյան արձանագրությունները։
19 Երբ երախտագիտությամբ խորհում ենք այն բանի շուրջ, թե ինչ է արել Եհովան, որ վերականգնի իր և մեղավոր մարդկանց խզված փոխհարաբերությունները, մի՞թե չենք մղվում մեր ձեռքից եկածն անելու, որ խաղաղություն ունենանք բոլորի հետ։ Աբրահամի, Իսահակի, Հակոբի ու Հովսեփի օրինակները ցույց են տալիս, որ ծնողները կարող են լավ ազդեցություն ունենալ իրենց երեխաների վրա։ Այդ արձանագրությունները նաև ցույց են տալիս, որ Եհովան օրհնում է նրանց ջանքերը, ովքեր ձգտում են խաղաղություն հաստատել։ Զարմանալի չէ, որ Պողոսը Եհովայի մասին խոսում է որպես «Աստծու, որ խաղաղություն է տալիս» (կարդա՛ Հռոմեացիներ 15։33; 16։20)։ Հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, թե ինչու Պողոսը շեշտեց խաղաղության հետամուտ լինելու անհրաժեշտությունը և թե ինչպես կարող ենք խաղաղարար լինել։
Ի՞նչ սովորեցիր
• Ինչպե՞ս Հակոբը խաղաղության հետամուտ եղավ, երբ պետք է հանդիպեր Եսավին։
• Մարդկանց հետ խաղաղություն հաստատելու հարցում Եհովայի օրինակը ի՞նչ ազդեցություն է թողնում քեզ վրա։
• Ի՞նչ սովորեցիր խաղաղարար մարդկանց՝ Աբրահամի, Իսահակի, Հակոբի ու Հովսեփի օրինակներից։
[նկարներ 23-րդ էջի վրա]
Ո՞րն էր ամենակարևոր քայլը, որ Հակոբը կատարեց Եսավի հետ խաղաղություն հաստատելու համար