Զգուշացե՛ք թերահավատությունից
«Եղբայրնե՛ր, տեսէ՛ք, ձեզանից որեւէ մէկի մէջ թող երբեք չլինի չար ու անհաւատ [«թերահավատ», ՆԱ] սիրտ եւ ապստամբի կենդանի Աստծու դէմ» (Եբրայեցիս 3։12)։
1. Եբրայեցի քրիստոնյաներին ուղղած Պողոսի ո՞ր խոսքերն են մեր ուշադրությունը կենտրոնացնում այն ժամանակ գոյություն ունեցող ապշեցուցիչ իրականության վրա։
ԱՅՆ մարդիկ, ովքեր մի ժամանակ անձնական փոխհարաբերություններ ունեին Եհովայի հետ, կարող էին «չար սիրտ» զարգացնել և ‘ապստամբել կենդանի Աստծու դեմ’. ի՜նչ սարսափազդու միտք է սա, և ինչպիսի՜ նախազգուշացում է հնչում այս խոսքերում։ Պողոս առաքյալը ոչ թե անհավատ մարդկանց ուղղեց այս խոսքերը, այլ նրանց, ովքեր Հիսուս Քրիստոսի զոհաբերական փրկանքի հանդեպ ցուցաբերած հավատի հիման վրա իրենց կյանքը նվիրել էին Եհովային։
2. Ո՞ր հարցերն է անհրաժեշտ քննարկել։
2 Այդչափ օրհնություններ ստացած անհատն ինչպե՞ս կարող էր «չար ու անհաւատ սիրտ» զարգացնել։ Եվ իրոք, Աստծու սերն ու անարժան բարությունը վայելած քրիստոնյան ինչպե՞ս կարող էր գիտակցաբար հեռանալ նրանից։ Հնարավո՞ր է արդյոք, որ նույն բանը պատահի մեզանից յուրաքանչյուրի հետ։ Սրանք սթափեցնող հարցեր են, և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչու տրվեց այդ նախազգուշացումը (Ա Կորնթացիս 10։11)։
Ինչո՞ւ այսպիսի խիստ խրատ
3. Նկարագրեք այն դեպքերը, որոնք ազդեցություն թողեցին առաջին դարի քրիստոնյաների վրա թե՛ Երուսաղեմում, և թե՛ նրա շրջակայքում։
3 Ըստ երևույթին մ.թ. 61–ին էր, երբ Պողոսն իր նամակն ուղղեց Հուդայում բնակվող եբրայեցի քրիստոնյաներին։ Մի պատմաբան նկատեց, որ «թե՛ Երուսաղեմ քաղաքում, և թե՛ ամբողջ նահանգի մեջ խոհեմ ու անկեղծ մարդկանց համար չկար խաղաղություն և ապահովություն»։ Դա բռնության և անօրինության մի ժամանակաշրջան էր՝ հռոմեական դաժան զինվորական ուժերի, հռոմեացիների դեմ պայքարի դուրս եկած ըմբոստ զելոտների (նախանձախնդիրների) և խառնաշփոթ ժամանակներից օգտվող հանցագործների կողմից հրահրված։ Այս ամենն ավելի էր դժվարացնում քրիստոնյաների վիճակը, որոնք մեծ ջանքեր էին թափում նման հարցերի մեջ չխառնվելու համար (Ա Տիմոթէոս 2։1, 2)։ Իրականում, իրենց բռնած չեզոք դիրքի պատճառով հաճախ նրանց համարում էին կյանքից կտրված մարդիկ, նույնիսկ՝ խռովարարներ։ Շատ հաճախ քրիստոնյաների հետ կոպիտ էին վարվում, և նրանք նյութական կորուստներ էին ունենում (Եբրայեցիս 10։32—34)։
4. Կրոնի պատճառով ինչպիսի՞ ճնշման տակ էին եբրայեցի քրիստոնյաները։
4 Եբրայեցի քրիստոնյաները հալածվում էին նաև կրոնի պատճառով։ Հիսուսի հավատարիմ աշակերտների եռանդն ու քրիստոնեական ժողովի արագ ընդլայնումն առաջ բերեցին հրեաների՝ հատկապես նրանց կրոնական առաջնորդների սաստիկ զայրույթն ու նախանձը։ Հիսուս Քրիստոսի հետևորդներին նեղելիս և հալածելիս՝ նրանք ոչ մի բանի առաջ կանգ չէին առնում (Գործք 6։8—14; 21։27—30; 23։12, 13; 24։1—9)։a Եթե հրեաները քրիստոնյաներից շատերին նույնիսկ ուղղակիորեն չէին հետապնդում, այնուամենայնիվ, նրանց արհամարհում և ծաղրանքի էին ենթարկում։ Քրիստոնեությունը, որը չուներ հուդայականության շքեղությունը՝ ո՛չ տաճար, ո՛չ հոգևորականություն, ո՛չ տոներ, ո՛չ պաշտոնական զոհաբերություններ և այլն, անտեսվում էր որպես նորաստեղծ կրոն։ Նույնիսկ նրանց առաջնորդը՝ Հիսուսը, մահացավ որպես դատապարտված հանցագործ։ Իրենց կրոնը գործադրելու համար քրիստոնյաները հավատ, քաջություն և համբերատարություն պիտի ցուցաբերեին։
5. Ինչո՞ւ էր կարևոր Հուդայում ապրող քրիստոնյաների համար հոգևորապես արթուն մնալը։
5 Հատկապես Հուդայում եբրայեցի քրիստոնյաներն իրենց ազգի պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած տագնապալից ժամանակներում էին ապրում։ Բազմաթիվ իրադարձություններ, որոնց մասին զգուշացրել էր Տեր Հիսուս Քրիստոսը, և որոնք պիտի մատնանշեին հրեական համակարգի վերջը, արդեն կատարվել էին։ Վախճանը հեռու չէր, և դրանից վերապրելու համար քրիստոնյաները պետք է հոգևորապես արթուն մնային՝ պատրաստ լինելով ‘փախչելու լեռները’ (Մատթէոս 24։6, 15, 16)։ Բայց նրանք կունենայի՞ն անհրաժեշտ այնքան հավատ ու հոգևոր ամրություն, որպեսզի անհապաղ գործողությունների դիմեին՝ Հիսուսի պատվիրածի համաձայն։ Դա դեռ հարց էր։
6. Հուդայում ապրող քրիստոնյաները հրատապ ինչի՞ կարիքն ունեին։
6 Ամբողջ հրեական իրերի դրության վախճանին նախորդող տասնամյակի ընթացքում եբրայեցի քրիստոնյաներն, իրոք, մեծ ճնշումների տակ էին գտնվում թե՛ ժողովի ներսում, և թե՛ նրանից դուրս։ Նրանք քաջալերանքի, նաև առաջնորդության ու խորհրդի կարիք ունեին, որոնք կօգնեին նրանց հասկանալու, որ իրենց ընտրած ճանապարհը ճիշտ էր, և որ իրենք իզուր չէին տառապում ու համբերությամբ տանում փորձությունները։ Բարեբախտաբար, Պողոսն օգնության հասավ, և նա ի վիճակի էր դա անելու։
7. Ինչո՞ւ պիտի մեզ հետաքրքրեն Պողոսի՝ եբրայեցի քրիստոնյաներին գրած խոսքերը։
7 Պողոս առաքյալի՝ եբրայեցի քրիստոնյաներին գրած խոսքերը մեծապես պիտի հետաքրքրեն նաև մեզ։ Ինչո՞ւ. որովհետև մենք էլ ապրում ենք այնպիսի ժամանակներում, որոնք նրանց ապրած օրերի զուգահեռներն են։ Յուրաքանչյուր պահ զգում ենք Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհի ճնշումը (Ա Յովհաննէս 5։19)։ Ներկայումս կատարվում են Հիսուսի և նրա աշակերտների կողմից տրված այն մարգարեությունները, որոնք վերաբերում են վերջին օրերին և «այս աշխարհի վախճանին» (Մատթէոս 24։3—14; Բ Տիմոթէոս 3։1—5; Բ Պետրոս 3։3, 4; Յայտնութիւն 6։1—8)։ Ամենակարևորը, անհրաժեշտ է հոգևորապես արթուն մնալ, որպեսզի ‘կարողանանք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է’ (Ղուկաս 21։36)։
Հիսուսը Մովսեսից մեծ է
8. Եբրայեցիս 3։1–ում արձանագրված խոսքերով Պողոսն իր քրիստոնյա հավատակիցներին ի՞նչ անելու էր հորդորում։
8 Մի կարևոր հարց հիշատակելով՝ Պողոսը գրեց. «Մտիկ տուէք մեր դաւանութեան Առաքեալին եւ Քահանայապետին՝ Քրիստոս Յիսուսին» (Եբրայեցիս 3։1, ԱԹ)։ Բառարաններից մեկում ‘մտիկ տալ’ բառը բացատրվում է՝ «հստակորեն ըմբռնել.... լիովին հասկանալ, մանրազնին կերպով խորհել» («Vine’s Expository Dictionary of Old and New Testament Words»)։ Այսինքն՝ Պողոսն իր հավատացյալ եղբայրներին հորդորում էր մեծ ջանք թափել իրենց հավատի ու փրկության հարցում Հիսուսի կատարած դերն իսկապես գնահատելու համար։ Այսպես վարվելով՝ իրենց վճռականությունը կամրանար, որպեսզի հավատի մեջ հաստատ մնային։ Ուրեմն, ո՞րն էր Հիսուսի կատարած դերը, և ինչո՞ւ պետք է ‘մտիկ տանք’ նրան։
9. Պողոսն ինչո՞ւ Հիսուսին «Առաքեալ» և «Քահանայապետ» կոչեց։
9 Պողոսը «Առաքեալ» և «Քահանայապետ» բառերն է օգտագործում Հիսուսի համար։ «Առաքյալ» անվանում են այն մարդուն, որն ուղարկվում է, և այստեղ խոսքը վերաբերում է նրան, ում միջոցով Աստված մարդկության հետ կապ է հաստատում։ «Քահանայապետը» մի անձնավորություն է, որի միջոցով մարդիկ կարող են մոտենալ Աստծուն։ Այս երկու կարգադրություններն էլ կարևոր են ճշմարիտ պաշտամունքի մեջ, և Հիսուսն այս երկուսի ամբողջացումն է։ Նա ուղարկված էր երկնքից, որպեսզի մարդկանց սովորեցներ ճշմարտությունն Աստծու մասին (Յովհաննէս 1։18; 3։16; 14։6)։ Հիսուսը նաև այն Քահանայապետն է, որն իր նախատիպն ուներ Եհովայի՝ մեղքերի թողության համար հաստատված հոգևոր տաճարում (Եբրայեցիս 4։14, 15; Ա Յովհաննէս 2։1, 2)։ Եթե իսկապես գնահատենք այն օրհնությունները, որոնք կարող ենք ստանալ Հիսուսի միջոցով, ապա հավատի մեջ հաստատ մնալու քաջություն և վճռականություն կունենանք։
10. ա) Պողոսն ինչպե՞ս օգնեց եբրայեցի քրիստոնյաներին՝ հասկանալու, որ քրիստոնեությունը գերազանցում էր հուդայականությանը։ բ) Բոլորի կողմից ընդունելի ո՞ր ճշմարտությունն է մատնանշում Պողոսը իր խոսքը ամրացնելու համար։
10 Քրիստոնեական հավատի կարևորությունը շեշտելու համար Պողոսը Քրիստոսին համեմատում է Մովսեսի հետ, որին հրեաները իրենց նախահայրերի մեջ ամենամեծ մարգարեն էին համարում։ Եթե եբրայեցի քրիստոնյաները սրտանց ընդունեին այն իրողությունը, որ Հիսուսը Մովսեսից ավելի մեծ է, ապա նրանք պատճառ չէին ունենա կասկածելու, որ քրիստոնեությունը գերազանցում էր հուդայականությանը։ Պողոսը մատնանշում է, որ թեև Մովսեսն արժանի էր, որպեսզի նրան վստահվեր Աստծու «տունը», այսինքն՝ իսրայել ազգը կամ ժողովուրդը, բայց նա ընդամենը հավատարիմ ծառա էր կամ սպասավոր (Թուոց 12։7)։ Իսկ Հիսուսը Որդի էր և այդ տան տերն էր (Ա Կորնթացիս 11։3; Եբրայեցիս 3։2, 3, 5)։ Այս պահը շեշտելու համար Պողոսը վկայակոչում է բոլորի կողմից ընդունելի ճշմարտությունը, որ «արդարեւ, ամէն տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է» (Եբրայեցիս 3։4)։ Ոչ ոք չի կարող ժխտել այն փաստը, որ Աստված ավելի մեծ է, քան որևէ մեկը, որովհետև նա է ամեն բաների Կառուցողն ու Ստեղծիչը։ Հետևաբար, քանի որ Հիսուսն Աստծո գործակիցն էր, ուրեմն նա էլ բոլոր ստեղծագործություններից՝ այդ թվում նաև Մովսեսից ավելի մեծ պիտի լիներ (Առակաց 8։30; Կողոսացիս 1։15—17)։
11, 12. Պողոսը եբրայեցի քրիստոնյաներին հորդորեց, որպեսզի ի՞նչը «մինչեւ վերջ հաստատ» պահեին, և ինչպե՞ս կարող ենք կիրառել նրա խրատը։
11 Իրոք որ, եբրայեցի քրիստոնյաները չափազանց առանձնաշնորհյալ դիրքում էին գտնվում։ Պողոսը հիշեցրեց, որ նրանք ‘երկնավոր կոչման մասնակից էին’. դա մի առանձնաշնորհում էր, որը բարձր էր գնահատվում այն ամենից, ինչ որ կարող էր առաջարկել հրեական համակարգը (Եբրայեցիս 3։1)։ Պողոսը հորդորում էր օծյալ քրիստոնյաներին երախտապարտ լինել նոր ժառանգության անդամներ համարվելու համար և չափսոսալ թողնելու հուդայականության հետ կապված ամեն բան (Փիլիպպեցիս 3։8)։ Քաջալերելով նրանց, որպեսզի ամուր կառչեն իրենց առանձնաշնորհումից և թեթևամտորեն չմոտենան դրան՝ Պողոսն ասաց. «Իսկ Քրիստոս [«հավատարիմ եղավ», ՆԱ] իբրեւ որդի՝ [Աստծո] տան վրայ։ Նրա տունը մենք իսկ ենք, միայն թէ վստահութիւնը եւ յոյսի պարծանքը մինչեւ վերջ հաստատ պահենք» (Եբրայեցիս 3։6)։
12 Այո՛, որպեսզի կարողանային հրեական իրերի դրության մոտալուտ վախճանից վերապրել, եբրայեցի քրիստոնյաներին անհրաժեշտ էր «մինչեւ վերջ հաստատ» պահել Աստծուց ստացած իրենց հույսը։ Մենք էլ այսօր նույն կերպ պետք է վարվենք, եթե ցանկանում ենք վերապրել ներկա իրերի դրության վախճանից (Մատթէոս 24։13)։ Չպիտի թույլ տանք, որ կյանքի հոգսերը, մարդկանց անտարբերությունը կամ էլ մեր անկատար հակումները անվճռական դարձնեն մեզ Աստծու խոստումների հանդեպ ունեցած մեր հավատի մեջ (Ղուկաս 21։16—19)։ Եկեք ուշադրություն դարձնենք Պողոսի հաջորդ խոսքերին՝ իմանալու համար, թե ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր հավատը։
«Մի՛ կարծրացրէք ձեր սրտերը»
13. Ի՞նչ բան նախազգուշացրեց Պողոսը և ինչպե՞ս օգտագործեց 95–րդ Սաղմոսը։
13 Եբրայեցի քրիստոնյաների գերադասելի դիրքը քննարկելուց հետո Պողոսը նախազգուշացրեց. «Սուրբ Հոգին այսպէս է ասում. «Այսօր, եթէ նրա ձայնը լսէք, մի՛ կարծրացրէք ձեր սրտերը ձեր հայրերի պէս, որոնք Աստծուն բարկացրին փորձութեան օրը անապատում» » (Եբրայեցիս 3։7, 8)։ Քանի որ Պողոսը մեջբերում էր անում 95–րդ Սաղմոսից, հետևաբար կարող էր ասել, որ ‘Սուրբ Հոգին ասում է’b (Սաղմոս 95։7, 8; Ելից 17։1—7)։ Սուրբ գրությունները ներշնչված են Աստծու կողմից, այսինքն՝ իր սուրբ հոգով են գրված (Բ Տիմոթէոս 3։16)։
14. Իսրայելացիներն ինչպե՞ս արձագանքեցին իրենց համար Եհովայի արածներին և ինչո՞ւ։
14 Ազատագրվելով Եգիպտոսի գերությունից՝ իսրայելացիները Եհովայի հետ ուխտյալ հարաբերության մեջ մտնելու մեծ առանձնաշնորհում ստացան (Ելից 19։4, 5; 24։7, 8)։ Սակայն, փոխանակ գնահատելու իրենց համար Աստծո արածները՝ շուտով ապստամբություն ծրագրեցին (Թուոց 13։26—14։10)։ Դեպքերն ինչո՞ւ այսպիսի ընթացք ստացան։ Պողոսը նշեց, որ դա տեղի ունեցավ նրանց սրտերի կարծրության պատճառով։ Բայց ինչպե՞ս կարող են կարծրանալ մարդկանց այն սրտերը, որոնք մի ժամանակ Աստծու Խոսքի հանդեպ զգայուն էին և հեշտությամբ արձագանքում էին նրան։ Իսկ ի՞նչ պիտի անենք մենք նման ընթացքը կանխելու համար։
15. ա) Ինչպե՞ս էր ‘Աստծու ձայնը’ հասնում անցյալում և ներկայումս։ բ) Ի՞նչ հարցեր պիտի տանք ինքներս մեզ ‘Աստծու ձայնը լսելու’ վերաբերյալ։
15 Պողոսն իր նախազգուշացումը սկսում է հետևյալ պայմանով. «Եթէ նրա ձայնը լսէք»։ Աստված մի ժամանակ իր ժողովրդի հետ խոսում էր Մովսեսի և մյուս մարգարեների միջոցով։ Հետո նա խոսեց իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Եբրայեցիս 1։1, 2)։ Իսկ մենք այսօր ունենք Աստծու ամբողջական, ներշնչյալ Խոսքը՝ Սուրբ գրությունները։ Ունենք նաև Հիսուսի կողմից նշանակված «հաւատարիմ եւ իմաստուն ծառան», որպեսզի «իր ժամին կերակուր» մատակարարի (Մատթէոս 24։45—47)։ Ուրեմն, Աստված դեռ շարունակում է խոսել, իսկ մենք լսո՞ւմ ենք նրա ձայնը։ Օրինակ՝ ինչպե՞ս ենք արձագանքում հագուստի, սանրվածքի, զվարճությունների կամ երաժշտության ընտրության հարցում տրվող խրատներին։ Արդյոք մենք «լսո՞ւմ» ենք, այսինքն՝ ուշադրություն դարձնո՞ւմ և հնազանդվո՞ւմ ենք հայթայթված խրատներին։ Եթե մեր արարքները արդարացնելու կամ խրատին հակառակվելու սովորություն ունենք, ապա հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի աննկատ վտանգը կարծրացնի մեր սրտերը։
16. Մեր սրտերն ինչպե՞ս կարող են կարծրանալ։
16 Մեր սրտերը կարող են կարծրանալ նաև այն դեպքում, երբ հրաժարվում ենք անել այն, ինչը որ ի վիճակի ենք անելու և ինչը որ պիտի անենք (Յակոբոս 4։17)։ Չնայած Եհովայի արած բոլոր գործերին՝ իսրայելացիները հավատ չցուցաբերեցին. ապստամբեցին Մովսեսի դեմ, նախընտրեցին հավատալ Քանան երկրի մասին բացասական լուրին և մերժեցին մտնել Խոստացյալ երկիրը (Թուոց 14։1—4)։ Ուստի Եհովան վճռեց, որ նրանք 40 տարի՝ բավականին երկար տարիներ, պիտի անցկացնեին անապատում մինչև այդ սերնդի անհավատարիմ ներկայացուցիչների մահանալը։ Աստված տհաճությամբ ասաց. «Միշտ մոլորվում են սրտով. եւ նորանք չ’ճանաչեցին իմ ճանապարհները։ Այնպէս որ ես երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ» (Եբրայեցիս 3։9—11, ԱԹ)։ Ի՞նչ դաս կարող ենք քաղել այս դեպքից։
Դասեր մեզ համար
17. Ինչո՞ւ իսրայելացիները թերահավատություն ցուցաբերեցին, թեպետ իրենց աչքերով տեսան Եհովայի հսկայական գործերն ու լսեցին նրա կայացրած վճիռները։
17 Եգիպտոսից դուրս եկած իսրայելացիների սերունդը իր աչքերով տեսավ Եհովայի հսկայական գործերն ու անձամբ լսեց նրա կայացրած վճիռները։ Այնուամենայնիվ, նրանք չհավատացին, որ Աստված կարող էր իրենց ապահով կերպով դեպի Ավետյաց երկիր առաջնորդել։ Ինչո՞ւ։ «Նրանք չ’ճանաչեցին իմ ճանապարհները»,— ասում է Եհովան։ Իսրայելացիներին քաջ հայտնի էր, թե Եհովան ի՞նչ էր ասել իրենց և ի՞նչ էր արել իրենց համար, բայց չվստահեցին և չապավինեցին այն բանին, որ նա ի վիճակի էր հոգալ իրենց կարիքները։ Նրանք այնքան էին տարված իրենց անձնական պահանջներով ու ցանկություններով, որ քիչ նշանակություն էին տալիս Աստծո ճանապարհներին ու նպատակներին։ Այո՛, նրանք Աստծու խոստումին վստահելու հարցում թերահավատություն ցուցաբերեցին։
18. Պողոսի խոսքերի համաձայն՝ ո՞ր ընթացքն է առաջացնում «չար ու անհաւատ սիրտ»։
18 Եբրայեցիներին ուղղված հետևյալ խոսքերը նույն իմաստով կիրառելի են նաև մեզ համար. «Եղբայրնե՛ր, տեսէ՛ք, ձեզանից որեւէ մէկի մէջ թող երբեք չլինի չար ու անհաւատ սիրտ եւ ապստամբի կենդանի Աստծու դէմ» (Եբրայեցիս 3։12)։ Պողոսը մեկնաբանեց հարցի բուն էությունը՝ մատնանշելով, որ «չար ու անհաւատ սիրտը» առաջանում է «Աստծու դեմ ապստամբելու» պատճառով։ Իր նամակի սկզբում նա խոսում էր անուշադրության հետևանքով ‘դեպի կորուստ չտարվելու’ մասին (Եբրայեցիս 2։1)։ Հունարենից թարգմանված «ապստամբել» բառը նշանակում է «ետ կանգնել» և կապված է «ուրանալ» բառի հետ։ Այն նշանակում է կանխամտածված կերպով, գիտակցորեն հակառակվել, ետ քաշվել, ուրանալ, և դրանք արհամարհական երանգ ունեն։
19. Ինչպե՞ս կարող է հայթայթված խորհուրդն անտեսելը վտանգավոր հետևանքների առաջնորդել։ Բացատրեք օրինակով։
19 Հետևաբար, հետևյալ դասն ենք քաղում. եթե մենք ընկնում ենք ‘նրա ձայնը չլսելու’ սովորության մեջ՝ անտեսելով Եհովայի խորհուրդը, որ նա տալիս է իր Խոսքի և հավատարիմ ծառա դասակարգի միջոցով, ապա կարճ ժամանակ անց մեր սրտերը կդառնան անզգա և կարծր։ Եթե պատահի այնպես, որ դեռ չամուսնացած զույգը փոքր–ինչ ինտիմ հարաբերություններ ունենա, ի՞նչ կպատահի, եթե նրանք շարունակեն անտեսել վերոհիշյալ խորհուրդը։ Արդյոք այս խրատը կպաշտպանի՞ նրանց նույնը կրկնելուց, թե՞ իմիջիայլոց կվերաբերվեն դրան։ Նմանապես, երբ ծառա դասակարգը անհրաժեշտ խորհուրդ է տալիս զվարճությունների, երաժշտության ընտրության և ուրիշ հարցերի մասին, երախտապարտորեն ընդունո՞ւմ ենք այն և հարկ եղած դեպքում վերաճշտումներ անո՞ւմ ենք։ Պողոսը հորդորում էր մեզ ‘զանց չառնել մեկտեղ հավաքվելը’ (Եբրայեցիս 10։24, 25)։ Չնայած այս խորհրդին՝ շատերը թեթևամտորեն են վերաբերվում քրիստոնեական ժողովներին։ Նրանց կարող է թվալ, որ այնքան էլ էական չէ, եթե ժողովներից բացակայեն և նույնիսկ որոշ հանդիպումներ բաց թողնեն։
20. Ինչո՞ւ է անհրաժեշտ արձագանքել Աստվածաշնչից ստացած խրատին։
20 Եթե մենք չենք արձագանքում Եհովայի «ձայնին», որը պարզ հնչում է Սուրբ գրություններում և աստվածաշնչային հրատարակություններում, ապա շուտով կհայտնաբերենք, որ ‘ապստամբում ենք կենդանի Աստծու դեմ’։ Անտարբերությամբ խրատն արհամարհելը հեշտությամբ կարող է թերագնահատելու, քննադատելու կամ հակառակության պատճառ դառնալ։ Եթե աչքաթող անենք մեր թերությունները վերացնելու հարցը, ապա, արդյունքում, «չար ու անհաւատ սիրտ» կունենանք, իսկ այդպիսի ընթացքը թողնելը սովորաբար դժվար է լինում (համեմատեք Եփեսացիս 4։19)։ Սա համապատասխան է Երեմիայի գրած խոսքերին. «Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. նորան ո՞վ կարող է հասկանալ» (Երեմիա 17։9)։ Այս պատճառով Պողոսը մղում էր եբրայեցի քրիստոնյաներին. «Յորդորեցէ՛ք միմեանց ամէն օր, քանի այդ Այսօրը դեռ առջեւում է, որպէսզի ձեզնից ոչ ոք չկարծրանայ մեղքի խաբէութեամբ» (Եբրայեցիս 3։13)։
21. Բոլորս էլ ի՞նչ անելու ենք մղվում և ինչպիսի՞ հեռանկար ունենք։
21 Որքա՜ն երջանիկ ենք, որ Եհովան դեռ այսօր էլ խոսում է մեզ հետ իր Խոսքի և կազմակերպության միջոցով։ Երախտապարտ ենք, որ «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» շարունակում է օգնել մեզ, որպեսզի «հաստատ պահենք այն վստահութիւնը, որ ունեցել ենք սկզբից» (Եբրայեցիս 3։14)։ Հիմա է Աստծո սիրուն և առաջնորդությանը պատասխանելու ժամանակը։ Եթե այսպես վարվենք, կարող ենք նաև օգտվել Եհովայի մյուս հոյակապ խոստումներից, այն է՝ ‘մտնել’ իր հանգստի մեջ (Եբրայեցիս 4։3, 10)։ Պողոսն այս խնդիրը շարունակում է քննարկել եբրայեցի քրիստոնյաների հետ, որը և նկատի կառնենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Հովսեպոս Փլավիոսը տեղեկացնում է, որ Փեստոսի մահից կարճ ժամանակ անց սադուկեցիների աղանդից Անանիան դարձավ քահանայապետ։ Նա Հիսուսի արյունակից եղբորը՝ Հակոբոսին և ուրիշ աշակերտների բերել տվեց ատյան, մահվան դատապարտել տվեց, և նրանք քարկոծվեցին։
b Ակներևաբար, Պողոսը մեջբերում էր անում հունարեն «Յոթանասնից» թարգմանությունից, որտեղ եբրայերեն «Մերիբա» և «Մասսա» անունները համապատասխանաբար թարգմանվում են որպես «վեճ» և «փորձություն»։ Տեսեք «Գրությունների ըմբռնում» գիրքը, հ. 2–րդ, էջեր 350 և 379, անգլ., հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
Կարո՞ղ եք բացատրել
◻ Ինչո՞ւ Պողոսն այդքան խիստ խրատ տվեց եբրայեցի քրիստոնյաներին
◻ Պողոսն ինչպե՞ս օգնեց նրանց՝ գնահատելու, որ իրենց վիճակն ավելի գերադասելի էր, քան հուդայականության ներքո գտնվողներինը
◻ Ի՞նչ պատճառներով կարող է քրիստոնյայի սիրտը կարծրանալ
◻ Ի՞նչ պիտի անենք «չար եւ անհաւատ սիրտ» զարգացնելուց խուսափելու համար