Եբրայեցիներ
4 Քանի որ նրա հանգստի մեջ մտնելու մասին խոստումը դեռ ուժի մեջ է, եկեք զգույշ լինենք, որ հանկարծ երբևէ չզրկվենք այդ հնարավորությունից:+ 2 Չէ՞ որ մեզ նույնպես հաղորդվեց այդ բարի լուրը,+ ինչպես որ մեր նախահայրերին: Բայց այդ լսածը ոչ մի օգուտ չտվեց նրանց, քանի որ չունեին այնպիսի հավատ, ինչպիսին հնազանդվողներն ունեին: 3 Իսկ մենք՝ հավատացողներս, մտնում ենք այդ հանգստի մեջ, մինչդեռ նրանց մասին նա ասաց. «Բարկությամբ լցված՝ երդվեցի. «Նրանք իմ հանգստի մեջ չեն մտնի»»:+ Այս խոսքերը նա ասաց, թեև մարդկության սկզբնավորման* ժամանակ արդեն ավարտել էր իր գործերը և հանգստի մեջ էր:+ 4 Սուրբ գրվածքներից մեկում յոթերորդ օրվա մասին ասվում է. «Յոթերորդ օրը Աստված հանգստացավ իր արած ողջ աշխատանքից»:+ 5 Իսկ մեկ ուրիշ տեղ ասվում է. «Նրանք իմ հանգստի մեջ չեն մտնի»:+
6 Նրանք, ում առաջինը հաղորդվեց բարի լուրը, անհնազանդության պատճառով չմտան այդ հանգստի մեջ: Բայց ոմանք դեռ հնարավորություն ունեն մտնելու,+ 7 ուստի երկար ժամանակ անց Աստված կրկին որոշակի օր է նշում Դավթի սաղմոսում՝ ասելով «այսօր»: Այս նամակում արդեն հիշատակվել են այդ խոսքերը. «Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը, ով ասում է. «Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը»»:+ 8 Եթե Հեսուն+ նրանց առաջնորդած լիներ մի վայր, որտեղ նրանք մտած լինեին Աստծու հանգստի մեջ, ապա Աստված դրանից հետո չէր խոսի մեկ ուրիշ օրվա մասին: 9 Ուստի Աստծու ժողովրդի համար դեռ ուժի մեջ է մնում այդ հանգիստը՝ Շաբաթը:+ 10 Այն մարդը, ով մտնում է Աստծու հանգստի մեջ, արդեն հանգստանում է իր գործերից, ինչպես որ Աստված՝ իր գործերից:+
11 Ուստի եկեք ամեն ջանք թափենք այդ հանգստի մեջ մտնելու համար, որ ոչ մեկս չգնանք անհնազանդության նույն ուղով:+ 12 Չէ՞ որ Աստծու խոսքը կենդանի է ու գործում է զորեղ կերպով,+ ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր,+ և այնքան խորն է ներթափանցում, որ մինչև անգամ բաժանում է հոգին* ու ոգին,* հոդերն ու ոսկրածուծը, և կարող է բացահայտել մտքերն ու սրտի մղումները: 13 Չկա մի ստեղծված բան, որ ծածկված լինի Աստծու աչքից,+ ամեն ինչ մերկ ու բացահայտ է նրա առաջ, ում մենք հաշիվ ենք տալու:+
14 Եվ քանի որ մենք մի վեհապանծ քահանայապետ ունենք՝ Աստծու Որդի Հիսուսը,+ ով մտել է երկինք, եկեք շարունակենք հանրորեն պատմել նրա մասին:+ 15 Մեր քահանայապետը այնպիսին չէ, որ չկարողանա ցավակից լինել մեր թուլություններին,+ այլ մեզ նման փորձվել է բոլոր առումներով, բայց մնացել է մեղքից զերծ:+ 16 Ուրեմն եկեք անկաշկանդ* մոտենանք անզուգական բարություն ցուցաբերող Աստծու գահին և աղոթենք,+ որ նա ճիշտ ժամանակին օգնի մեզ՝ գթասրտություն և անզուգական բարություն դրսևորելով մեր հանդեպ: