Ի՞նչ է Աստծու հանգիստը
«Աստծու ժողովրդի համար դեռ հանգստի շաբաթ է մնում» (ԵԲՐ. 4։9)։
1, 2. Ի՞նչ ենք հասկանում Ծննդոց 2։3-ի ճշգրիտ թարգմանությունից, և ի՞նչ հարցեր են առաջ գալիս։
«ԾՆՆԴՈՑ» գրքի առաջին գլխից իմանում ենք, որ Աստված վեց փոխաբերական օրերի ընթացքում ստեղծեց երկիրը մարդկանցով բնակեցնելու համար։ Այդ օրերից յուրաքանչյուրի ավարտը նկարագրվում է հետևյալ խոսքերով. «Երեկո եղավ, ու առավոտ եղավ» (Ծննդ. 1։5, 8, 13, 19, 23, 31)։ Սակայն յոթերորդ օրվա մասին Աստվածաշնչում կարդում ենք. «Աստված օրհնեց յոթերորդ օրը և սուրբ դարձրեց այն, որովհետև այդ օրը Աստված սկսեց հանգստանալ իր ողջ աշխատանքից» (Ծննդ. 2։3)։
2 Ուշադրություն դարձնենք «սկսեց հանգստանալ» արտահայտության վրա։ Այն ցույց է տալիս, որ մ.թ.ա. 1513-ին, երբ Մովսեսը գրում էր «Ծննդոց» գիրքը, յոթերորդ օրը՝ Աստծու հանգստի օրը, ընթացքի մեջ էր։ Արդյո՞ք Աստծու հանգստի օրը դեռ շարունակվում է։ Եթե այո, ապա կարո՞ղ ենք մտնել նրա հանգստի մեջ այսօր։ Այս հարցերի պատասխանները կենսական նշանակություն ունեն մեզ համար։
Արդյո՞ք Եհովան դեռ հանգստանում է
3. Հովհաննես 5։16, 17 համարներում արձանագրված Հիսուսի խոսքերը ինչպե՞ս են ցույց տալիս, որ յոթերորդ օրը առաջին դարում դեռ ընթացքի մեջ էր։
3 Աստվածաշնչում գտնում ենք երկու ապացույց, որոնք թիկունք են կանգնում այն բանին, որ մ.թ. առաջին դարում յոթերորդ օրը դեռ ընթացքի մեջ էր։ Առաջինը Հիսուսի խոսքերն են՝ ուղղված իր հակառակորդներին, որոնք քննադատում էին նրան շաբաթ օրը բուժումներ անելու համար, քանի որ ըստ նրանց մեկնության՝ դա աշխատանք էր։ Հիսուսն ասաց նրանց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես նույնպես գործում եմ» (Հովհ. 5։16, 17)։ Ի՞նչ էր ուզում ասել Հիսուսը։ Նա մեղադրվում էր շաբաթ օրը աշխատանք կատարելու մեջ։ «Իմ Հայրը մինչև հիմա գործում է» ասելով՝ նա հերքեց նրանց մեղադրանքները։ Նրա խոսքերի հիմնական միտքը սա էր. «Ես և Հայրս միևնույն գործն ենք անում։ Եթե իմ Հայրը շարունակում է գործել հազարամյակներ տևող իր Շաբաթ օրվա ընթացքում, ապա լիովին թույլատրելի է, որ ես էլ գործեմ շաբաթ օրը»։ Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, որ յոթերորդ օրը՝ Աստծու հանգստի մեծ Շաբաթը, իր օրերում դեռ ընթացքի մեջ էր։ Աստված դեռ «գործում» էր, որ իրագործեր մարդկանց ու երկրի առնչությամբ իր նպատակըa։
4. Ինչպե՞ս են Պողոսի խոսքերը փաստում, որ յոթերորդ օրը իր ժամանակներում դեռ շարունակվում էր։
4 Երկրորդ ապացույցը գտնում ենք Պողոս առաքյալի խոսքերում։ Մեջբերելով Ծննդոց 2։2-ը՝ նա սուրբ ոգուց ներշնչված՝ գրեց. «Մենք՝ հավատացողներս, մտնում ենք հանգստի մեջ» (Եբր. 4։3, 4, 6, 9)։ Հետևաբար, Պողոսի ժամանակներում ևս յոթերորդ օրը ընթացքի մեջ էր։ Որքա՞ն էր տևելու այդ հանգստի օրը։
5. Ո՞րն էր յոթերորդ օրվա նպատակը, և ե՞րբ այն ամբողջությամբ կկատարվի։
5 Այս հարցին պատասխանելուց առաջ նախ հիշենք, թե որն էր յոթերորդ օրվա նպատակը։ Ծննդոց 2։3-ում կարդում ենք. «Աստված օրհնեց յոթերորդ օրը և սուրբ դարձրեց այն»։ Եհովան այդ օրը «սուրբ դարձրեց»՝ սրբացրեց կամ առանձնացրեց, որպեսզի իր նպատակի իրագործումը ավարտին հասցնի։ Այդ նպատակն է երկիրը բնակեցնել հնազանդ տղամարդկանցով ու կանանցով, որոնք հոգ կտանեն երկրի և նրա վրա գոյություն ունեցող բոլոր կենդանի արարածների մասին (Ծննդ. 1։28)։ Հենց այդ նպատակն իրագործելու համար է, որ և՛ Եհովա Աստված, և՛ Հիսուս Քրիստոսը՝ «շաբաթի Տերը», «մինչև հիմա գործում են» (Մատթ. 12։8)։ Ուստի Աստծու հանգստի օրը շարունակվելու է, մինչև նրա նպատակը ամբողջությամբ կատարվի։ Դա կլինի Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում։
Մի՛ հետևիր «անհնազանդության նույն օրինակին»
6. Ո՞ր օրինակներն են ծառայում որպես նախազգուշացում մեզ համար, և ի՞նչ ենք սովորում դրանցից։
6 Աստված Ադամին ու Եվային հստակ կերպով հայտնեց, թե որն էր իր նպատակը նրանց առնչությամբ, բայց նրանք չիրագործեցին այն։ Ադամն ու Եվան միակը չէին, որ անհնազանդ եղան։ Այդ ժամանակից ի վեր միլիոնավոր մարդիկ հետևել են նրանց օրինակին։ Աստծու ընտրյալ ժողովուրդը՝ Իսրայել ազգն էլ նույն կերպ վարվեց։ Պողոս առաքյալը առաջին դարի քրիստոնյաներին զգուշացրեց, որ նույնիսկ նրանցից ոմանք, հնարավոր է, ընկնեն այն նույն ծուղակը, որտեղ հայտնվել էր հին Իսրայելը։ Նա գրեց. «Ուստի եկեք ամեն ինչ անենք, որպեսզի մտնենք այդ հանգստի մեջ, որ հանկարծ չլինի թե որևէ մեկը ընկնի՝ հետևելով անհնազանդության նույն օրինակին» (Եբր. 4։11)։ Փաստորեն, Պողոսը նշում է, որ անհնազանդության պատճառով մարդը չի կարող մտնել Աստծու հանգիստը։ Ի՞նչ է դա նշանակում մեզ համար։ Եթե ինչ-որ կերպ Աստծու նպատակին հակառակ վարվենք, մի՞թե կկարողանանք մտնել Աստծու հանգստի մեջ։ Ինչ խոսք, այս հարցի պատասխանը մեծ նշանակություն ունի մեզ համար, և դրան դեռ կանդրադառնանք։ Այժմ քննենք, թե Աստծու հանգիստը մտնելու վերաբերյալ ինչ կարող ենք սովորել Իսրայելի վատ օրինակից։
«Նրանք չեն մտնելու իմ հանգստի մեջ»
7. Եհովան ի՞նչ նպատակ ուներ, երբ ազատեց իսրայելացիներին Եգիպտոսի ստրկությունից, և ի՞նչ էր ակնկալում նրանցից։
7 Մ.թ.ա. 1513-ին Եհովան իր ծառա Մովսեսին հայտնեց Իսրայել ազգի հետ կապված իր նպատակը։ Նա ասաց. «Ես իջնելու եմ, որ ազատեմ նրանց եգիպտացիների ձեռքից և հանեմ այդ երկրից [Եգիպտոսից] ու տանեմ մի լավ ու ընդարձակ երկիր՝ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում» (Ելք 3։8)։ Եհովան նպատակ ուներ իսրայելացիներին, «եգիպտացիների ձեռքից» ազատելով, իր ժողովուրդը դարձնել, ինչպես որ խոստացել էր նրանց նախահայր Աբրահամին (Ծննդ. 22։17)։ Աստված նրանց օրենքներ տվեց, որոնք պահելով նրանք կարող էին խաղաղ փոխհարաբերություններ ունենալ իր հետ (Ես. 48։17, 18)։ Նա ասաց. «Եթե ամեն ինչում հնազանդվեք իմ ձայնին ու պահեք իմ ուխտը [ինչ որ գրված է Օրենքում], այդ դեպքում մնացած բոլոր ժողովուրդների միջից իմ հատուկ սեփականությունը կդառնաք, որովհետև ամբողջ երկիրը ինձ է պատկանում» (Ելք 19։5, 6)։ Այսպիսով՝ Աստծուն հնազանդվելուց էր կախված այն, թե Իսրայելը ինչպիսի փոխհարաբերություններ կունենար Աստծու հետ։
8. Ինչպիսի՞ն կլիներ իսրայելացիների կյանքը, եթե նրանք հնազանդվեին Աստծուն։
8 Պատկերացրու՝ ինչպիսին կլիներ իսրայելացիների կյանքը, եթե նրանք հնազանդվեին Աստծու ձայնին։ Եհովան կօրհներ նրանց արտերը, խաղողի այգիները, հոտերն ու նախիրները։ Նրանք նաև պաշտպանված կլինեին իրենց թշնամիներից (կարդա՛ 1 Թագավորներ 10։23–27)։ Եվ երբ Մեսիան գար, նրանք անկախ ժողովուրդ կլինեին, ոչ թե Հռոմի լծի տակ։ Իսրայելի թագավորությունը հարևան ազգերի մեջ որպես օրինակ կլիներ՝ ապացույց, որ ճշմարիտ Աստծուն հնազանդվելը բերում է թե՛ հոգևոր, թե՛ նյութական օրհնություններ։
9, 10. ա) Ինչո՞ւ էր իսրայելացիների՝ Եգիպտոս վերադառնալու ցանկությունը լուրջ սխալ։ բ) Եգիպտոս վերադառնալը ինչպե՞ս կազդեր նրանց երկրպագության վրա։
9 Ինչպիսի՜ առանձնաշնորհում էր Իսրայելի համար. գործել Եհովայի նպատակին համաձայն և դրանով օրհնություններ բերել ոչ միայն իրենց, այլև երկրի բոլոր ազգերին (Ծննդ. 22։18)։ Սակայն, ինչպես երևում է, այդ ապստամբ սերունդը այդքան էլ շահագրգռված չէր հարևան ազգերի մեջ թագավորության այնպիսի օրինակ լինելու, որը ղեկավարվելու էր Աստծու կողմից։ Նրանք նույնիսկ պահանջեցին Եգիպտոս վերադառնալ (կարդա՛ Թվեր 14։2–4)։ Եգիպտոս վերադառնալը կնպաստե՞ր արդյոք Աստծու նպատակի իրականացմանը, այն է՝ Իսրայելի թագավորությունը մյուս ազգերի մեջ որպես օրինակ դարձնելը։ Իհարկե ոչ։ Եթե իսրայելացիները վերադառնային իրենց ստրկացրած հեթանոս ազգի մոտ, երբեք չէին կարողանա պահել Մովսիսական օրենքը, և նրանց մեղքերը չէին ներվի։ Որքա՜ն մարմնավոր էր նրանց մտածելակերպը, որքա՜ն անհեռատես էին նրանք։ Ուստի լիովին հասկանալի է, թե ինչու Եհովան այդ ըմբոստների մասին ասաց. «Ես զզվեցի այս սերնդից ու ասացի. «Նրանք միշտ շեղվում են իրենց սրտերում և չճանաչեցին իմ ճանապարհները»։ Այնպես որ իմ բարկության մեջ ես երդվեցի. «Նրանք չեն մտնելու իմ հանգստի մեջ»» (Եբր. 3։10, 11; Սաղ. 95։10, 11)։
10 Ցանկանալով վերադառնալ Եգիպտոս՝ այդ կամակոր ազգը ցույց տվեց, որ չի գնահատում իր ստացած հոգևոր օրհնությունները, փոխարենը՝ նախընտրում է Եգիպտոսի վարունգը, սոխն ու սխտորը (Թվեր 11։5)։ Երախտամոռ Եսավի պես՝ այս ըմբոստները պատրաստ էին թանկագին հոգևոր ժառանգությունը փոխել ցանկալի կերակուրի հետ (Ծննդ. 25։30–32; Եբր. 12։16)։
11. Մովսեսի օրերում իսրայելացիների անհավատարմությունը ինչպե՞ս ազդեց Աստծու նպատակի իրականացման վրա։
11 Չնայած Եգիպտոսից դուրս եկած իսրայելացիների այդ սերնդի անհավատությանը՝ Եհովան համբերությամբ շարունակեց «գործել»՝ իրականացնելու իր նպատակը։ Այս անգամ նա ուշադրությունը կենտրոնացրեց հաջորդ սերնդի վրա։ Այդ նոր սերունդը ավելի հնազանդ էր, քան իրենց հայրերը։ Եհովայի պատվերի համաձայն՝ նրանք մտան Ավետյաց երկիր և սկսեցին նվաճել այն։ Հեսու 24։31-ում կարդում ենք. «Իսրայելը Եհովային ծառայեց Հեսուի բոլոր օրերում և այն երեցների բոլոր օրերում, որոնք շարունակեցին ապրել Հեսուից հետո և գիտեին Եհովայի ամեն գործերը, որ նա արեց Իսրայելի համար»։
12. Ինչի՞ց ենք իմանում, որ այսօր հնարավոր է մտնել Աստծու հանգիստը։
12 Սակայն այդ հնազանդ սերնդին հաջորդեց մի այնպիսի սերունդ, որը «չգիտեր ո՛չ Եհովային, ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար»։ Հետևաբար, «Իսրայելի որդիները սկսեցին անել այն, ինչը չար էր Եհովայի աչքին. նրանք սկսեցին Բահաղներին ծառայել» (Դատ. 2։10, 11)։ Ավետյաց երկիրը նրանց համար «հանգստի վայր» չդարձավ։ Իրենց անհնազանդության պատճառով նրանք խաղաղ փոխհարաբերություններ չունեցան Աստծու հետ։ Խոսելով ավելի ուշ ժամանակների մասին՝ Պողոսը գրեց. «Եթե Հեսուն նրանց [իսրայելացիներին] առաջնորդած լիներ դեպի հանգստի մի վայր, ապա հետո Աստված այլևս չէր խոսի մեկ ուրիշ օրվա մասին։ Ուստի Աստծու ժողովրդի համար դեռ հանգստի շաբաթ է մնում» (Եբր. 4։8, 9)։ «Աստծու ժողովուրդ» ասելով՝ Պողոսը նկատի ուներ քրիստոնյաներին։ Արդյո՞ք դա նշանակում է, որ քրիստոնյաները կարող էին մտնել Աստծու հանգիստը։ Վստահությամբ կարող ենք ասել՝ այո՛, թե՛ հրեա, թե՛ այլազգի քրիստոնյաները կարող էին։
Ոմանք չմտան Աստծու հանգիստը
13, 14. Աստծու հանգիստը մտնելու հարցում ի՞նչ դեր ուներ Օրենքը ա) Մովսեսի օրերում, բ) առաջին դարում։
13 Երբ Պողոսը գրում էր հրեա քրիստոնյաներին, նա մտահոգված էր, որ նրանցից ոմանք Աստծու նպատակին համաձայն չէին գործում (կարդա՛ Եբրայեցիներ 4։1)։ Ի՞նչ իմաստով։ Խնդիրն առնչվում էր Մովսիսական օրենքը պահելուն։ Հետաքրքիր է, որ 1500 տարիների ընթացքում իսրայելացիները, եթե ցանկանում էին Աստծու նպատակին համաձայն ապրել, պետք է պահեին Օրենքը։ Սակայն Հիսուսի մահով Օրենքը վերացվեց։ Որոշ քրիստոնյաներ լիովին չէին ըմբռնել դա և պնդում էին, որ հարկավոր է շարունակել պահել Օրենքի որոշ դրույթներb։
14 Այն քրիստոնյաներին, որոնք հակված էին Օրենքը պահելուն, Պողոսը բացատրեց, որ քահանայապետ Հիսուսը, նոր ուխտը և հոգևոր տաճարը ավելի գերազանց էին, քան նախաքրիստոնեական ժամանակներում եղած նախատիպերը (Եբր. 7։26–28; 8։7–10; 9։11, 12)։ Ուստի շաբաթը պահելու օրենքը որպես օրինակ օգտագործելով՝ Պողոսը գրեց Եհովայի հանգիստը մտնելու առանձնաշնորհման մասին. «Աստծու ժողովրդի համար դեռ հանգստի շաբաթ է մնում։ Այն մարդը, ով մտավ Աստծու հանգստի մեջ, ինքն էլ հանգստացավ իր գործերից, ինչպես որ Աստված՝ իր գործերից» (Եբր. 4։8–10)։ Այդ հրեա քրիստոնյաները պետք է դադարեին մտածելուց, թե Մովսիսական օրենքի գործերը կատարելով՝ կարող են Եհովայի հավանությունն ունենալ։ 33թ.-ի Պենտեկոստեից սկսած՝ Աստված իր բարեհաճությունը ցույց է տալիս բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին։
15. Ինչո՞ւ է հնազանդությունը անհրաժեշտ Աստծու հանգիստը մտնելու համար։
15 Մովսեսի ժամանակներում ո՞րն էր պատճառը, որ իսրայելացիները չմտան Ավետյաց երկիր։ Նրանց անհնազանդությունը։ Իսկ ո՞րն էր պատճառը, որ Պողոսի օրերում որոշ քրիստոնյաներ չմտան Աստծու հանգիստը։ Նույնը՝ նրանց անհնազանդությունը։ Նրանք չընդունեցին, որ Օրենքը ծառայել էր իր նպատակին և Եհովան իր ժողովրդին այլ ուղղությամբ էր առաջնորդում։
Աստծու հանգիստը մտնել այսօր
16, 17. ա) Ի՞նչ է նշանակում մեզ համար մտնել Աստծու հանգիստը։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
16 Դժվար թե այսօր քրիստոնյաներից որևէ մեկը պնդի, թե փրկության հասնելու համար հարկավոր է կատարել Մովսիսական օրենքը։ Պողոսը սուրբ ոգու ներշնչմամբ եփեսացիներին հստակ բացատրեց, թե ինչի շնորհիվ հնարավոր կլիներ փրկվել։ Նա գրեց. «Դուք այս անզուգական բարության միջոցով փրկվեցիք, քանի որ հավատացիք։ Դա ձեր վաստակը չէ, այլ Աստծու պարգևն է. և գործերի շնորհիվ չէ ձեռք բերվում, որպեսզի որևէ մեկը պարծենալու հիմք չունենա» (Եփես. 2։8, 9)։ Ուրեմն ի՞նչ է նշանակում քրիստոնյայի համար մտնել Աստծու հանգիստը։ Հիշենք, որ Եհովան առանձնացրեց յոթերորդ օրը՝ իր հանգստի օրը, որպեսզի երկրի առնչությամբ իր նպատակը իր փառահեղ կատարումն ունենա։ Մենք կմտնենք Եհովայի հանգիստը, եթե հնազանդվենք նրան և գործենք նրա՝ աստիճանաբար իրականացող նպատակին համապատասխան՝ հետևելով նրա կազմակերպության միջոցով տրվող առաջնորդությանը։
17 Իսկ եթե նշանակություն չտանք Աստվածաշնչի վրա հիմնված այն խորհրդին, որ ստանում ենք հավատարիմ և իմաստուն ծառայի կողմից, և անկախության ոգի դրսևորենք, ցույց կտանք, որ Աստծու նպատակին հակառակ ենք վարվում։ Այդպես մենք կվտանգենք մեր խաղաղ փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Հաջորդ հոդվածում կքննարկենք մի քանի իրավիճակ, որոնցում կարող է հայտնվել Աստծու ժողովուրդը, և թե ինչպես մեր որոշումները (հնազանդվել, թե անկախ ընթացք բռնել) կարող են ցույց տալ, թե արդյոք մենք մտել ենք Աստծու հանգիստը։
[ծանոթագրություններ]
a Քահանաներն ու ղևտացիները շաբաթ օրը որոշ գործեր էին անում տաճարում և «մնում էին անմեղ»։ Որպես Աստծու հոգևոր մեծ տաճարի քահանայապետ՝ Հիսուսը նույնպես կարող էր կատարել իր պարտականությունները՝ վստահ լինելով, որ չէր խախտում շաբաթի օրենքը (Մատթ. 12։5, 6)։
b Հայտնի չէ՝ արդյոք հրեա քրիստոնյաները Քավության օրը մ.թ. 33-ի Պենտեկոստեից հետո տոնել են, թե ոչ։ Այդ օրը տոնելով՝ նրանք ցույց կտային իրենց անհարգալից վերաբերմունքը Հիսուսի քավիչ զոհի հանդեպ։ Սակայն որոշ հրեա քրիստոնյաներ դեռ կառչած էին Օրենքի հետ կապված այլ սովորույթներից (Գաղ. 4։9–11)։
Հարցեր խորհրդածելու համար
• Ո՞րն էր Աստծու հանգստի օրվա նպատակը։
• Որտեղի՞ց գիտենք, որ յոթերորդ օրը դեռ շարունակվում է։
• Ո՞րն էր պատճառը, որ թե՛ Մովսեսի օրերում ապրող իսրայելացիները և թե՛ առաջին դարի քրիստոնյաներից ոմանք չմտան Աստծու հանգիստը։
• Ի՞նչ է նշանակում այսօր մտնել Աստծու հանգիստը։
[մեջբերում 27-րդ էջի վրա]
Կմտնենք Եհովայի հանգիստը, եթե հնազանդվենք նրան և գործենք նրա նպատակին համապատասխան՝ հետևելով նրա կազմակերպության միջոցով տրվող առաջնորդությանը
[նկար 26-րդ էջի վրա]
Ի՞նչ է անհրաժեշտ Աստծու հանգիստը մտնելու համար