«Ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ»
«Կաթոլիկական հավատի համաձայն՝ մարդուն սպասում է չորս բան. մահ, դատաստան, դժոխք, երկինք» («Catholicism», Ջորջ Բրանտլի խմբագրությամբ)։
ՆԿԱՏԻ առեք, որ այս թվարկման մեջ երկիր մոլորակը բացակայում է։ Եվ դա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ կաթոլիկ եկեղեցին, ինչպես նաև մի շարք այլ կրոններ ամուր կառչած են այն տեսակետին, թե երկրագունդը մի օր ոչնչացվելու է։ Դա պարզ երևում է մի կաթոլիկական բառարանից, որտեղ «Աշխարհի վերջը» վերնագրի տակ ասվում է. «Կաթոլիկ եկեղեցին հավատում և սովորեցնում է, որ ներկայիս աշխարհը, ինչպիսին որ Աստված ստեղծել է և ինչպիսին որ հիմա կա, հավիտյան գոյություն չի ունենալու» (Dictionnaire de Théologie Catholique)։ Վերջերս լույս տեսած կաթոլիկական մի կատեխիզիսում նույն միտքն է նշվում. «Մեր աշխարհը.... ըստ նախասահմանության, ոչնչանալու է»։ Սակայն եթե մեր մոլորակը ոչնչանալու է, ապա ինչպե՞ս կկատարվեն երկրային դրախտի վերաբերյալ Աստվածաշնչի խոստումները։
Աստվածաշնչում հստակորեն նշվում է, որ ապագայում երկրագնդի վրա դրախտ է լինելու։ Օրինակ՝ Եսայիա մարգարեն երկիր մոլորակը և նրա բնակիչներին նկարագրում է հետևյալ խոսքերով. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն եւ նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ. որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները» (Եսայիա 65։21, 22)։ Այս խոստումները Աստված տվեց հրեաներին, որոնք վստահ էին, որ իրենց երկիրը և նույնիսկ ողջ մոլորակը մի գեղեցիկ օր դրախտի է վերածվելու, որտեղ մարդիկ հավիտյան կվայելեն կյանքը։
Սաղմոս 37–ը հաստատում է այդ միտքը՝ ասելով. «Հեզերը պիտի ժառանգեն երկիրը ու խաղաղութեան առատութիւնովը պիտի ուրախանան» (Սաղմոս 37։11, ԱԱ)։ Այս համարում չի խոսվում այն մասին, որ Իսրայել ազգը պարզապես մի որոշ ժամանակ դարձյալ պիտի ապրեր Ավետյաց երկրում։ Նույն սաղմոսում նշվում է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։a Ուշադրություն դարձրեք, որ այս սաղմոսի համաձայն՝ երկրի վրա հավիտենական կյանքը պարգև կլինի ‘հեզերի’ համար։ Այս համարի վերաբերյալ մի մեկնաբանության մեջ նշվում է, որ «հեզ» թարգմանված եբրայերեն բառը «շատ ավելի լայն իմաստ ունի, քան ներկայացվում է թարգմանաբար. այն վերաբերում է դժբախտ, ճնշված և հանուն Յահվեի հալածված անհատներին, որոնք խոնարհ սիրտ ունեն և հնազանդ են Աստծուն»։
Երկրի վրա՞, թե՞ երկնքում
Լեռան քարոզում Հիսուսը մի խոստում տվեց, որը մեզ հիշեցնում է վերոհիշյալ սուրբգրային համարները։ Նա ասաց. «Երանի հեզերին, որ նորանք կ’ժառանգեն երկիրը» (Մատթէոս 5։5)։ Այստեղ կրկին նշվում է այն միտքը, որ երկիրը, կամ՝ երկրագունդը, հավիտենական պարգև կլինի հավատարիմ մարդկանց համար։ Սակայն, Հիսուսը պարզ բացատրեց իր աշակերտներին, որ ինքը ‘իր Հոր տանը’ տեղ է պատրաստելու նրանց համար, և որ նրանք կլինեն իր հետ երկնքում (Յովհաննէս 14։1, 2; Ղուկաս 12։32; Ա Պետրոս 1։3, 4)։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ երկրային օրհնությունների վերաբերյալ խոստումները։ Արդյոք այսօր իմաստ ունի՞ դրանց մասին խոսել, և ո՞ւմ են այդ օրհնությունները վերաբերում։
Որոշ աստվածաշնչագետներ ասում են, թե Հիսուսի Լեռան քարոզում և Սաղմոս 37–ում հիշատակված «երկիրը» ընդամենը այլաբանական իմաստ ունի։ Ֆ. Վիգուրուն Աստվածաշնչի մի թարգմանության մեջ իր տված մեկնաբանություններում նշում է, որ այդ համարներում նա տեսնում է «երկնքի և Եկեղեցու պատկերը» («Bible de Glaire»)։ Ֆրանսիացի աստվածաշնչագետ Մ. Լագրանժի կարծիքով՝ այդ օրհնությունը «ոչ թե այն խոստումն է, թե հեզերը կժառանգեն երկրագունդը, որի վրա ապրում են (ո՛չ ներկա համակարգում, ո՛չ էլ ավելի կատարյալ պայմաններում), այլ վերաբերում է մի կոնկրետ վայրի (որտեղ էլ որ այն լինի), ու դա երկնային թագավորությունն է»։ Կարծիք էլ կա, թե այդ սուրբգրային համարներում «օգտագործված են երկրային հասկացություններ՝ երկնային բաները նկարագրելու համար»։ Մյուսները ենթադրում են, թե «խոստացյալ երկիրը՝ Քանանը, հոգևոր խորհուրդ ունի և ներկայացնում է վերին հայրենիքը՝ Աստծու թագավորությունը, ժառանգություն, որ երաշխավորված է հեզերի համար։ Այդպես է պետք հասկանալ Սաղմոս 37–ում և այլ համարներում հիշատակված «երկիր» բառը»։ Բայց արժե՞ անմիջապես եզրակացնել, թե Աստծու խոստումները չեն վերաբերում երկրագնդին։
Հավերժական նպատակ՝ երկրի հետ կապված
Ի սկզբանե մարդկության առնչությամբ Աստծու նպատակներն ուղղակիորեն կապված են եղել երկրագնդի հետ։ Սաղմոսերգուն գրեց. «Երկինքների երկինքը Տիրոջն է, եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ» (Սաղմոս 115։16)։ Ինչպես տեսնում ենք, մարդկության վերաբերյալ Աստծու նպատակը կապված է եղել երկրի և ոչ թե երկնքի հետ։ Առաջին մարդկային զույգին Եհովան հանձնարարություն տվեց ընդարձակել Եդեմի պարտեզի սահմանները, մինչև որ ողջ մոլորակը վերածվեր դրախտի (Ծննդոց 1։28)։ Դրախտը չպետք է ժամանակավոր լիներ։ Եհովան իր Խոսքում հավաստիացնում է, որ երկիրը գոյություն է ունենալու հավիտենապես։ Կարդում ենք. «Մի ազգ գնում է, եւ մի ազգ գալիս է, բայց երկիրը յաւիտեան կանգնած կայ» (Ժողովող 1։4; Ա Մնացորդաց 16։30; Եսայիա 45։18)։
Աստված երբեք մոռացության չի մատնում իր խոստումները, քանի որ նա Բարձրյալ է և երաշխավորում է դրանց կատարումը։ Աստվածաշնչում ջրի շրջապտույտի օրինակով ցույց է տրվում, որ Աստված անպայման կպահի իր տված խոստումները. «Ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան.... այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը [Աստծու խոսքը], նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (Եսայիա 55։10, 11)։ Աստված խոստումներ է տալիս մարդկանց։ Բայց գուցե հարկ լինի մի որոշ ժամանակ սպասել, մինչև որ դրանք իրականանան։ Այն, որ սպասում ենք, չի նշանակում, թե այդ խոստումները չեն կատարվի։ Նրանք ‘ետ են դառնում’ Աստծու մոտ՝ լիովին կատարված։
Եհովան ‘ուզեց’, որ ստեղծի երկիր մոլորակը։ Վեցերորդ ստեղծագործական օրվա վերջում նա ասաց, որ ամեն ինչ «շատ բարի» է (Ծննդոց 1։31)։ Երկիրը հավերժական դրախտ դարձնելը Աստծու նպատակի մի մասն է կազմում, որը թեև դեռ չի իրականացել, բայց անշուշտ կիրականանա, քանի որ Աստծու խոստումները «պարապ», կամ՝ առանց իրականանալու ‘ետ չեն դառնում’ նրա մոտ։ Բոլոր այն խոստումները, որ երկրի վրա կատարյալ կյանք է լինելու, որտեղ մարդիկ հավիտյան կապրեն խաղաղության և ապահովության մեջ, իրականություն են դառնալու (Սաղմոս 135։6; Եսայիա 46։10)։
Աստծու նպատակն անպայման կիրականանա
Մեր նախածնողների՝ Ադամի ու Եվայի մեղքը ժամանակավորապես խոչընդոտեց երկիրը դրախտի վերածելու Աստծու սկզբնական նպատակի կատարմանը։ Անհնազանդության պատճառով նրանք վտարվեցին Եդեմի պարտեզից։ Այսպիսով Ադամն ու Եվան կորցրեցին Աստծու նպատակի իրականացման մեջ դեր ունենալու առանձնաշնորհումը, այն է՝ դրախտային երկիրը լցնել կատարյալ մարդկանցով։ Բայցևայնպես Աստված բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել է, որպեսզի իր նպատակն իրագործվի։ Ինչպե՞ս (Ծննդոց 3։17–19, 23)։
Եդեմում կատարվածը կարելի է նմանեցնել այն բանին, թե ինչպես է մի մարդ սկսում տուն կառուցել հոյակապ հողակտորի վրա։ Հենց որ գցում է տան հիմքը, ինչ–որ մեկը գալիս է և քանդում այն։ Բայց այդ մարդը չի հրաժարվում իր ծրագրից, այլ քայլեր է ձեռնարկում՝ տան կառուցումն ավարտին հասցնելու համար։ Նույնիսկ եթե այդ գործը հավելյալ ծախսեր պահանջի, նա ամեն ինչ կանի, որպեսզի իրականացնի իր սկզբնական նպատակը։
Նմանապես, Աստված ամեն բան արել է, որպեսզի իրագործի իր նպատակը։ Այն բանից հետո, երբ մեր նախածնողները մեղք գործեցին, Աստված նրանց ժառանգների համար հույսի դուռ բացեց։ Նա խոստացավ, որ առաջ է գալու մի «սերունդ», որը չեզոքացնելու է հասցված վնասը։ Այս մարգարեության մեջ սերնդի գլխավոր մասը Աստծու Որդին է՝ Հիսուսը, որը երկիր եկավ և հանուն մարդկանց փրկության զոհաբերեց իր կյանքը (Գաղատացիս 3։16; Մատթէոս 20։28)։ Երկնային կյանքի հարություն առնելով՝ Հիսուսը դառնալու էր Աստծու Թագավորության Թագավոր։ Հեզ անձնավորություններից առաջին հերթին նա է, որ ժառանգում է երկիրը այն հավատարիմ ընտրյալ մարդկանց հետ, որոնք հարություն են առնում երկնային կյանքի, որպեսզի լինեն Հիսուսի թագավորակիցները (Սաղմոս 2։6–9)։ Համապատասխան ժամանակին այս կառավարությունը կսկսի իշխել երկրի վրա, որպեսզի իրականացնի Աստծու՝ երկիրը դրախտի վերածելու սկզբնական նպատակը։ Անթիվ–անհամար հեզ մարդիկ, որ կապրեն երկրի վրա, «կ’ժառանգեն երկիրը» այն իմաստով, որ օգուտներ կքաղեն Հիսուս Քրիստոսի և նրա իշխանակիցների ղեկավարումից (Ծննդոց 3։15; Դանիէլ 2։44; Գործք 2։32, 33; Յայտնութիւն 20։5, 6)։
«Ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ»
Հովհաննես առաքյալին տրված տեսիլքում հիշատակվում է, որ որոշ մարդիկ փրկվելու են՝ երկնային կյանքով ապրելու համար, իսկ մյուսները՝ երկրային։ Նա տեսավ երկնային գահերի վրա նստած թագավորների, որոնք ընտրվել են Քրիստոսի հավատարիմ աշակերտներից։ Քրիստոսի այդ համագործակիցների մասին Աստվածաշունչը հստակորեն ասում է, որ նրանք երկնքից ‘երկրի վրա թագավորություն կանեն’ (Յայտնութիւն 5։9, 10)։ Ուշադրություն դարձրեք, որ Աստծու նպատակի իրագործումը երկու երեսակ ունի. երկիրը վերականգնվելու է, և դա տեղի է ունենալու երկնային Թագավորության ներքո, որի կառավարիչներն են Հիսուս Քրիստոսն ու նրա ժառանգակիցները։ Աստծու ձեռնարկած այս քայլերը հնարավոր են դարձնում երկրի վրա Դրախտի վերջնական վերականգնումը, ինչպես որ Աստված սկզբնապես նպատակադրել էր։
Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել, որ Աստծու կամքը լինի «ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։9, 10)։ Իմաստ ունե՞ն արդյոք այս խոսքերը, եթե երկիր մոլորակը ոչնչացվելու է, կամ եթե այն պարզապես երկնքի խորհրդանիշ է կամ եթե բոլոր արդար մարդիկ երկինք են գնալու։ Ամբողջ Աստվածաշունչը, սկսած արարչագործության նկարագրությունից մինչև «Յայտնութիւն» գրքի տեսիլքները, հստակորեն ցույց է տալիս, թե որն է Աստծու նպատակը երկրագնդի առնչությամբ։ Երկրագունդը դրախտ կդառնա. սա է Աստծու կամքը։ Սա այն նպատակն է, որ Աստված խոստանում է իրականացնել։ Երկրի վրա ապրող հավատարիմ մարդիկ աղոթում են այդ նպատակի իրականացման համար։
Հավիտենական կյանք երկրագնդի վրա. սա հենց այն է, ինչ սկզբնապես նպատակադրել էր Արարիչը՝ Աստված, որը ‘չի փոխվում’ (Մաղաքիա 3։6; Յովհաննէս 17։3; Յակոբոս 1։17)։ Հարյուր տարուց ավելի է, ինչ այս պարբերագիրը՝ «Դիտարանը», լուսաբանում է Աստծու նպատակի իրականացման այս երկու երեսակները։ Դա հնարավորություն է տալիս հասկանալ երկրագնդի վերականգնման վերաբերյալ այն խոստումները, որ կարդում ենք Սուրբ Գրություններում։ Մենք հրավիրում ենք ձեզ ավելի խորությամբ ուսումնասիրել այս հարցը Եհովայի վկաների հետ, կամ դուք կարող եք դա անել՝ կապ հաստատելով այս պարբերագրի հրատարակիչների հետ։
[ծանոթագրություն]
a Աստվածաշնչի շատ թարգմանություններ եբրայերեն է՛րեց բառը փոխանցում են «երկիր» բառով։ Սակայն հիմքեր չկան Սաղմոս 37։11, 29 համարներում գրված այդ եբրայերեն բառը թարգմանել միայն երկիր՝ դրա տակ հասկանալով այն տարածքը, որ տրվել էր Իսրայել ազգին։ Իր մի աշխատության մեջ Ուիլյամ Ուիլսոնը է՛րեց բառը սահմանում է հետևյալ կերպ. «երկիր՝ լայն՝ «երկրագունդ» իմաստով՝ իր բնակելի և անմարդաբնակ վայրերով։ Որոշ բառերի կողքին՝ այն նեղ իմաստ է ստանում՝ նշանակելով երկրագնդի մակերևույթի մի հատված, տարածք, երկրամաս» («Old Testament Word Studies»)։ Ուստի, այդ եբրայերեն բառը նախևառաջ նշանակում է «մոլորակ, երկրագունդ» (տե՛ս 1986 թ. «Դիտարանի» հունվարի 1–ի համարը, էջ 31, անգլ.)։
[նկար 4-րդ էջի վրա]
Աստվածաշունչը պարզորեն ասում է, որ ապագայում երկրի վրա Դրախտ է լինելու
[նկար 7-րդ էջի վրա]
Մի՞թե Հիսուսի տիպար աղոթքն իմաստ ունի, եթե երկիրը պետք է վերանա