Առաջին հարությունը այժմ ընթացքի մեջ է
«Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն» (Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 4։15, ԷԹ)։
1, 2. ա) Ի՞նչ հույս կա մահացածների համար։ բ) Ինչի՞ հիման վրա ես հավատում հարությանը (տե՛ս ծանոթագրությունը)։
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ գիտեն որ մեռնելու են»։ Այս խոսքերը ճշմարիտ են այն օրվանից, երբ Ադամը մեղանչեց։ Ցանկացած մարդ գիտի, որ ինքը մի օր մահանալու է։ Ուստի շատերը հարցնում են. «Ի՞նչ է լինում մահից հետո։ Ի՞նչ վիճակում են մահացածները»։ Աստվածաշունչը պատասխանում է. «Մեռելները մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5)։
2 Կա՞ որևէ հույս մահացածների համար։ Այո՛։ Այդպիսի հույս կարո՛ղ է լինել, քանի որ Աստված իրականացնելու է մարդկության առնչությամբ ունեցած իր սկզբնական նպատակը։ Դարեր շարունակ Եհովայի նվիրված ծառաները հավատացել են նրա այն խոստմանը, համաձայն որի՝ առաջ էր գալու մի Սերունդ, որը ոչնչացնելու էր Սատանային և չեզոքացնելու էր նրա պատճառած վնասը (Ծննդոց 3։15)։ Այդ ծառաների մեծամասնությունը մահացել է։ Որպեսզի կարողանան տեսնել Աստծու այդ և ուրիշ խոստումների կատարումը, նրանք պետք է հարություն առնեն (Եբրայեցիս 11։13)։ Հնարավո՞ր է այդպիսի բան։ Այո՛։ Պողոս առաքյալն ասաց. «Արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի» (Գործք 24։15)։ Նա մի անգամ հարություն տվեց Եվտիքոս անունով մի երիտասարդի, որն ընկել էր երրորդ հարկի պատուհանից և «վեր առնուեցաւ մեռած»։ Այս դեպքը Աստվածաշնչում հիշատակված հարության ինը դեպքերից վերջինն է (Գործք 20։7–12)։a
3. Անձամբ քեզ ինչպե՞ս են մխիթարում Հիսուսի խոսքերը, որ գրված են Յովհաննէս 5։28, 29–ում, և ինչո՞ւ։
3 Հարության այդ ինը դեպքերը հիմք են տալիս մեզ հավատալու Պողոսի ասածին։ Դրանք է՛լ ավելի են մեզ լցնում վստահությամբ այն խոսքերի հանդեպ, որ ասաց Հիսուսը. «Ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, [Հիսուսի] ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան» (Յովհաննէս 5։28, 29)։ Ինչպիսի՜ հուզիչ խոսքեր, որ մխիթարում են միլիոնավոր անհատների, որոնց հարազատները ննջել են մահվան քնով։
4, 5. Ի՞նչ տարբեր հարություններ են հիշատակվում Աստվածաշնչում, և ո՞ր հարությունն է քննարկվելու այս հոդվածում։
4 Հարություն առնողների մեծամասնությունը ապրելու է խաղաղ երկրի վրա՝ Աստծու Թագավորության ներքո (Սաղմոս 37։10, 11, 29; Եսայիա 11։6–9; 35։5, 6; 65։21–23)։ Բայցևայնպես, նախքան դա՝ տեղի էին ունենալու ուրիշ հարություններ։ Նախ՝ հարություն էր առնելու Հիսուս Քրիստոսը, որպեսզի իր զոհագործական մահվան արժեքը ներկայացներ Աստծուն։ Նա մահացավ և հարություն առավ 33 թ.–ին։
5 Այնուհետև՝ ‘Աստծու Իսրայելի’ օծյալ անդամները պետք է միանան Տեր Հիսուս Քրիստոսին երկնային փառքի մեջ, որտեղ «ամեն ժամանակ Տիրոջ հետ» կլինեն (Գաղատացիս 6։16; Ա Թեսաղոնիկեցիս 4։16)։ Այդ իրադարձությունը կոչվում է «վաղ հարություն» կամ ‘առաջին հարություն’ (Փիլիպպեցիս 3։10, 11 ՆԱ; Յայտնութիւն 20։6)։ Երբ այս հարությունն ավարտվի, արդեն ժամանակը կլինի, որ միլիոնավոր մարդիկ հարություն առնեն երկրի վրա՝ Դրախտում հավիտյան ապրելու հեռանկարով։ Ուստի, անկախ նրանից՝ մեր հույսը երկնային է թե երկրային՝ մենք խորապես հետաքրքրված ենք «առաջին հարությամբ»։ Ինչպիսի՞ հարություն է դա։ Ե՞րբ է այն տեղի ունենում։
«Ի՞նչ մարմնով»
6, 7. ա) Որպեսզի օծյալ քրիստոնյաները կարողանան երկինք գնալ, ի՞նչ պետք է տեղի ունենա։ բ) Ինչպիսի՞ մարմնով են նրանք հարություն առնելու։
6 «Ա Կորնթացիս» նամակում Պողոսը հարց է տալիս առաջին հարության մասին՝ ասելով. «Մեռելներն ի՜նչպէս յարութիւն կ’առնեն, եւ թէ ի՞նչ մարմնով կ’գան»։ Այնուհետև պատասխանում է. «Այն որ դու սերմում ես, չի կենդանանալ՝ եթէ չ’մեռնի.... Եւ Աստուած մարմին է տալիս նորան ինչպէս կամենում է.... Ուրիշ է երկնաւորների փառքը, եւ ուրիշ է երկրաւորների փառքը» (Ա Կորնթացիս 15։35–40)։
7 Պողոսի խոսքերից երևում է, որ սուրբ ոգով օծված քրիստոնյաները նախ պետք է մահանան և դրանից հետո միայն ստանան իրենց երկնային պարգևը։ Մահվանից հետո նրանց մարմինը ‘վերադառնում է դեպի հողը’ (Ծննդոց 3։19)։ Աստծու նշանակած ժամանակին նրանք հարություն են առնում այնպիսի «մարմնով», որը հարմար է երկնային կյանքով ապրելու համար (Ա Յովհաննէս 3։2)։ Բացի այդ, Աստված նրանց շնորհում է անմահություն։ Դա մի այնպիսի բան չէ, որը նրանք ստանում են ծնված օրվանից, ասես թե, այսպես կոչված, անմահ հոգի է տրվում նրանց։ Պողոսն ասում է. «Պէտք է որ.... այս մահկանացուն հագնէ անմահութիւնը»։ Անմահությունը նվեր է Աստծուց, և այն ‘հագնում’ են առաջին հարության մեջ բաժին ունեցողները (Ա Կորնթացիս 15։50, 53; Ծննդոց 2։7; Բ Կորնթացիս 5։1, 2, 8)։
8. Որտեղի՞ց գիտենք, որ Աստված 144 000–ին չի ընտրում զանազան կրոններից։
8 Միայն 144 000 հոգի բաժին ունեն առաջին հարության մեջ։ 33 թ. Պենտեկոստեի օրը՝ Հիսուսին հարության տալուց շատ չանցած, Եհովան սկսեց ընտրել այդ խմբի անդամներին։ Նրանք բոլորն էլ «[Հիսուսի] անունը եւ նորա Հօր անունը գրած [ունեն] իրանց ճակատների վերայ» (Յայտնութիւն 14։1, 3)։ Ուստի նրանք չեն ընտրվում զանազան կրոնների միջից։ Բոլորը քրիստոնյաներ են և բոլորն էլ հպարտությամբ կրում են Հոր անունը՝ Եհովա։ Հարություն առնելով՝ այդ անձնավորությունները երկնքում ստանում են իրենց համապատասխան նշանակումը։ Աստծուն այդքան մոտիկից ծառայելու հեռանկարը անչափ հուզիչ է նրանց համար։
Այժմ ընթացքի մե՞ջ է
9. Ինչպե՞ս են Յայտնութիւն 12։7 և 17։14 համարներն օգնում մեզ իմանալ, թե մոտավորապես երբ է սկսվում առաջին հարությունը։
9 Ե՞րբ է առաջին հարությունը տեղի ունենում։ Ամեն ինչ վկայում է, որ այն այժմ ընթացքի մեջ է։ Օրինակ՝ համեմատենք երկու գլուխներ «Յայտնութիւն» գրքից։ Նախ անդրադառնանք 12–րդ գլխին։ Այդ գլխում կարդում ենք, որ Հիսուս Քրիստոսը, որ նոր է գահ բարձրացել, իր սուրբ հրեշտակների հետ պատերազմ է մղում Սատանայի և նրա դևերի դեմ (Յայտնութիւն 12։7–9)։ Ինչպես հաճախ է նշվել սույն պարբերագրում, այդ պատերազմը տեղի ունեցավ 1914 թ.–ին։b Ուշադրություն դարձնենք, որ չի նշվում, թե Քրիստոսի օծյալ հետևորդներից թեկուզ մեկը նրա հետ է երկնային այդ պատերազմի ժամանակ։ Այժմ քննենք 17–րդ գլուխը։ Կարդում ենք, որ «Մեծ Բաբելոնի» կործանումից հետո Գառը հաղթելու է ազգերին։ Այնուհետև ասվում է. «Նորանք որ նորա հետ են, կոչուած [«կանչուած», ԱԱ], ընտրուած եւ հաւատարիմ են» (Յայտնութիւն 17։5, 14)։ ‘Կանչված, ընտրված և հավատարիմ’ անձնավորությունները պետք է արդեն հարություն առած լինեն, որպեսզի կարողանան Հիսուսի հետ լինել Սատանայի աշխարհին վերջնական հարված հասցնելու համար։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ Արմագեդոնից առաջ մահացող օծյալները հարություն են առնում 1914 թ.–ից մինչև Արմագեդոնն ընկած ժամանակահատվածում։
10, 11. ա) Ովքե՞ր են 24 երեցները, և նրանցից մեկը ի՞նչ է հայտնում Հովհաննեսին։ բ) Ի՞նչ եզրակացության կարող ենք գալ դրանից։
10 Կարո՞ղ ենք ավելի ճշգրտորեն ասել, թե երբ է սկսվում առաջին հարությունը։ Հետաքրքիր միտք ենք գտնում Յայտնութիւն 7։9–15-ում։ Հովհաննես առաքյալը գրում է. «Տեսայ, եւ ահա մի շատ ժողովուրդ [«մեծ բազմութիւն», ԱԱ] որ ոչ ով չէր կարող համարել»։ «Յայտնութիւն» գրքում հիշատակված 24 երեցներից մեկը Հովհաննեսին ասում է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ մեծ բազմությունը։ Այդ երեցները Քրիստոսի 144 000 ժառանգակիցներն են երկնային փառքի մեջ (Ղուկաս 22։28–30; Յայտնութիւն 4։4)։c Հովհաննեսն ինքը երկնային հույս ուներ։ Բայց քանի որ դեռևս ապրում էր երկրի վրա, երբ այդ երեցը խոսեց իր հետ, կարող ենք ասել, որ առաքյալը տեսիլքում ներկայացնում է երկրի վրա գտնվող այն օծյալներին, որոնք դեռևս չեն ստացել իրենց երկնային պարգևը։
11 Ուրեմն ի՞նչ կարող ենք հասկանալ այն բանից, որ 24 երեցներից մեկը Հովհաննեսին հայտնում է, թե ինչ է իրենից ներկայացնում մեծ բազմությունը։ Կարելի է ենթադրել, որ մեր օրերում Եհովան 24 երեցների խմբի արդեն հարություն առած անդամների միջոցով ճշմարտություններ է հաղորդում իր ժողովրդին։ Ինչո՞վ է սա կարևոր։ Մենք գիտենք, որ Աստծու՝ երկրի վրա գտնվող օծյալ ծառաները մեծ բազմության ինքնության մասին ճշգրտորեն իմացան 1935 թ.–ին։ Եթե այդ կարևոր ճշմարտությունը հաղորդելու համար օգտագործվել է 24 երեցներից մեկը, ապա նա պետք է որ հարություն առած լիներ երկինք ամենաուշը 1935 թ.–ին։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ առաջին հարությունը սկսվել է 1914–1935 թթ.-ին ընկած ժամանակահատվածում։ Իսկ կարո՞ղ ենք է՛լ ավելի ճշգրտորեն ասել, թե երբ է սկսվել առաջին հարությունը։
12. Բացատրեք, թե ինչու կարելի է ենթադրել, որ առաջին հարությունը սկսվել է 1918 թ. գարնանը։
12 Այստեղ գուցե օգտակար լինի քննել այն, ինչը կարելի է համարել աստվածաշնչային զուգահեռ։ Հիսուս Քրիստոսը մ.թ. 29–ի աշնանը օծվեց որպես Աստծու Թագավորության ապագա Թագավոր։ Երեք ու կես տարի անց՝ 33 թ. գարնանը, նա հարություն առավ որպես հզոր ոգեղեն անձնավորություն։ Քանի որ Հիսուսը գահ բարձրացավ 1914 թ. աշնանը, ապա կարելի՞ է եզրակացնել, որ նրա հավատարիմ օծյալ հետևորդների հարությունը սկսվեց երեք ու կես տարի անց՝ 1918 թ. գարնանը։ Սա շատ հետաքրքիր միտք է և հնարավոր է՝ այդպես էլ եղած լինի։ Թեև Աստվածաշունչը ուղղակիորեն չի հաստատում այս միտքը, այն չի հակասում սուրբգրային մյուս համարներին, որոնք ցույց են տալիս, որ առաջին հարությունը սկսվել է Քրիստոսի ներկայությունից կարճ ժամանակ անց։
13. Ա Թեսաղոնիկեցիս 4։14–16-ից ինչո՞ւ կարելի է եզրակացնել, որ առաջին հարությունը սկսվել է Քրիստոսի ներկայության վաղ շրջանում։
13 Օրինակ՝ Պողոսը գրեց. «Եթէ մենք ողջ մնանք մինչեւ Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցեալներին [«Մենք՝ ապրողներս, որ կենդանի մնացած կլինենք մինչև Տիրոջ ներկայությունը [չի ասվում՝ մինչև Տիրոջ ներկայության ավարտը], ոչ մի դեպքում առաջ չենք անցնի նրանցից, ովքեր ննջել են մահվան քնով», ՆԱ], որովհետեւ Տէրն ինքը, ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն. ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակուենք–տարուենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում եւ այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք» (Ա Թեսաղոնիկեցիս 4։14–16, ԷԹ)։ Հետևաբար, այն օծյալ քրիստոնյաները, ովքեր մահացել են նախքան Քրիստոսի ներկայությունը, երկնային կյանքի հարություն են ստացել նրանցից առաջ, ովքեր շարունակել են ապրել Քրիստոսի ներկայության ընթացքում։ Սա նշանակում է, որ առաջին հարությունը, ըստ ամենայնի, սկսվել է Քրիստոսի ներկայության վաղ շրջանում և շարունակվում է «նրա ներկայության ժամանակ» (Ա Կորնթացիս 15։23, ՆԱ)։ Առաջին հարությունը տեղի է ունենում որոշակի ժամանակահատվածում և ոչ թե միանգամից՝ միևնույն ժամանակում։
«Նորանց իւրաքանչիւրին սպիտակ հանդերձներ տրուեցան»
14. ա) Ե՞րբ են կատարվում Յայտնութիւն 6–րդ գլխում արձանագրված տեսիլքները։ բ) Ի՞նչ է նկարագրվում Յայտնութիւն 6։9–ում։
14 Քննենք նաև այն տեղեկությունը, որ գրված է Յայտնութիւն 6–րդ գլխում։ Հովհաննեսը Հիսուսին տեսնում է ձիավարելիս որպես հաղթող Թագավոր (Յայտնութիւն 6։2)։ Ազգերը մղում են ահռելի մեծ պատերազմներ, ինչպիսիք մինչ այդ չեն եղել (Յայտնութիւն 6։4)։ Ամենուրեք սով է (Յայտնութիւն 6։5, 6)։ Մահացու համաճարակները կոտորում են մարդկանց (Յայտնութիւն 6։8)։ Աշխարհում տիրող պայմանները ցույց են տալիս, որ Աստվածաշնչում մարգարեացված այս բոլոր երևույթները ակնհայտորեն կատարվում են 1914 թ.–ից ի վեր։ Բայց մեկ ուրիշ բան էլ կա։ Ուշադրություն է գրավում զոհասեղանը։ Նրա տակ գտնվում են «նորանց հոգիները որ մորթուած էին Աստուծոյ խօսքի համար եւ այն վկայութեան համար որ ունէին» (Յայտնութիւն 6։9)։ Քանի որ «մարմնի հոգին [կամ՝ կյանքը] արիւնումն է», ապա իրականում զոհասեղանի տակ գտնվում է Հիսուսի հավատարիմ ծառաների արյունը, որոնք մորթվել են համարձակ ու եռանդուն քարոզչության պատճառով (Ղեւտացոց 17։11)։
15, 16. Բացատրեք, թե Յայտնութիւն 6։10, 11 համարներն ինչպես են վերաբերում առաջին հարությանը։
15 Ինչպես որ արդար Աբելի արյունը, այնպես էլ քրիստոնյա այդ նահատակների արյունը «բողոքում է»՝ խնդրելով արդարություն (Ծննդոց 4։10)։ Նրանք «մեծ ձայնով աղաղակում [են] եւ ասում. Մինչեւ ե՞րբ, ով սուրբ Տէր եւ ճշմարիտ, չես դատում, եւ մեր արիւնի վրէժը չես առնում երկրի վերայ բնակողներից»։ Ի՞նչ է տեղի ունենում հետո։ «Նորանց իւրաքանչիւրին սպիտակ հանդերձներ տրուեցան, եւ ասուեցաւ նորանց, որ տակաւին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչեւ որ նորանց ծառայակիցները եւ նորանց եղբայրներն էլ կատարուին [«նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվն էլ լրանա», ՆԱ] որ նորանց պէս սպանուելու են» (Յայտնութիւն 6։10, 11)։
16 Արդյո՞ք այդ սպիտակ հանդերձները տրվեցին զոհասեղանի տակ գոյացած արյան լճակին։ Անշուշտ ո՛չ։ Հանդերձները տրվեցին այն անհատներին, որոնց արյունը թափվեց, այսպես ասած, զոհասեղանի վրա։ Նրանք զոհել են իրենց կյանքը հանուն Հիսուսի անվան և այժմ հարություն են առել ոգեղեն կյանքի։ Որտեղի՞ց գիտենք։ «Յայտնութիւն» գրքում կարդում ենք. «Ով որ յաղթում է, նա սպիտակ հանդերձներ կ’հանգնէ. եւ նորա անունը կեանքի գրքիցը չեմ ջնջիլ»։ Նաև հիշենք, որ 24 երեցները «սպիտակ հանդերձներ [էին] հագած, եւ իրանց գլուխներին ոսկի պսակներ [ունեին]» (Յայտնութիւն 3։5; 4։4)։ Ուստի այն բանից հետո, երբ պատերազմը, սովը և համաճարակը սկսեցին կործանել երկիրը, 144 000–ի այն անդամները, ովքեր մահացել էին, որոնք ներկայացվում են զոհասեղանի տակ գտնվող արյամբ, հարություն են առել երկնային կյանքի և հագել այլաբանական սպիտակ հանդերձներ։
17. Ի՞նչ իմաստով են սպիտակ հանդերձ ստացողները ‘հանգիստ առնում’։
17 Հարություն առնողներին ասվում է, որ «հանգիստ առնեն». նրանք պետք է համբերատարությամբ սպասեն Աստծու վրեժխնդրության օրվան։ Նրանց «ծառայակիցները»՝ երկրի վրա գտնվող օծյալ քրիստոնյաները, փորձության ներքո դեռ պետք է փաստեն իրենց անարատությունը։ Երբ աստվածային դատաստանի ժամը գա, «հանգիստը» կավարտվի (Յայտնութիւն 7։3)։ Այդ ժամանակ հարություն առածները Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասին կկործանեն ամբարիշտներին, այդ թվում նաև անմեղ քրիստոնյաների արյունը թափողներին (Բ Թեսաղոնիկեցիս 1։7–10)։
Ինչ է այս ամենը նշանակում մեզ համար
18, 19. ա) Ի՞նչ պատճառներով կարող ես եզրակացնել, որ առաջին հարությունն այժմ ընթացքի մեջ է։ բ) Ի՞նչ զգացումներ են առաջացնում քո մեջ առաջին հարության մասին ստացած գիտելիքները։
18 Թեև Աստծու Խոսքը ճշգրտորեն չի հայտնում, թե առաջին հարությունը երբ է սկսվել, սակայն ցույց է տալիս, որ այն տեղի է ունենում մի որոշակի ժամանակամիջոցում Քրիստոսի ներկայության ընթացքում։ Առաջինը հարություն են առնում այն օծյալ քրիստոնյաները, ովքեր մահացել են նախքան Հիսուսի ներկայության սկսվելը։ Քրիստոսի ներկայության ժամանակ այն օծյալները, ովքեր, մինչև վերջ հավատարիմ մնալով, ավարտում են իրենց երկրային ընթացքը, «մի ակնթարթում» փոխվում են և դառնում հզոր ոգեղեն էակներ (Ա Կորնթացիս 15։52)։ Կստանա՞ն բոլոր օծյալներն իրենց երկնային պարգևը նախքան Արմագեդոն պատերազմը։ Չգիտենք։ Բայց գիտենք, որ Աստծու որոշած ժամանակին 144 000–ի բոլոր անդամները կանգնած կլինեն երկնային Սիոն սարի վրա։
19 Մենք նաև գիտենք, որ 144 000–ի մեծ մասն արդեն Քրիստոսի հետ է։ Մյուսները, որոնք համեմատաբար քիչ են, դեռևս երկրի վրա են։ Այս հանգամանքը վառ ապացույց է, որ աստվածային դատաստանի ժամանակն արագորեն մոտենում է։ Սատանայի ղեկավարած ողջ համակարգը շուտով կոչնչանա։ Ինքը Սատանան կբանտարկվի։ Այնուհետև կսկսվի համընդհանուր հարությունը, և հավատարիմ մարդիկ կկարողանան Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա հասնել կատարելության, որը նման կլինի Ադամի կորցրած կատարելությանը։ Ծննդոց 3։15–ում Եհովայի տված մարգարեությունը չքնաղ կերպով կատարվում է։ Ի՜նչ մեծ պատիվ է՝ ապրել այսպիսի ժամանակներում։
[ծանոթագրություններ]
a Մյուս ութ դեպքերի համար տե՛ս Գ Թագաւորաց 17։21–23; Դ Թագաւորաց 4։32–37; 13։21; Մարկոս 5։35, 41–43; Ղուկաս 7։11–17; 24։34; Յովհաննէս 11։43–45; Գործք 9։36–42։
b Աստվածաշնչով հավաստիանալու համար, որ Քրիստոսի ներկայությունը սկսվել է 1914 թ.–ին, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը (էջ 215–218)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
c Լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե որտեղից գիտենք, որ 24 երեցները ներկայացնում են օծյալ քրիստոնյաներին իրենց երկնային դիրքում, կարելի է գտնել «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» գրքում (էջ 77, արևմտ. ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Կարո՞ղ եք բացատրել
Հետևյալ համարներն ինչպե՞ս են օգնում մեզ որոշել, թե երբ է տեղի ունենում «առաջին հարությունը»։
• Ա Կորնթացիս 15։23; Ա Թեսաղոնիկեցիս 4։15–17
[նկարներ 26–րդ էջի վրա]
Նախքան համընդհանուր հարությունը ի՞նչ հարություններ են տեղի ունենում
[նկար 29–րդ էջի վրա]
Մահվան քնով ննջածներին ինչպե՞ս են սպիտակ հանդերձներ տրվում