ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
«Մարդկանց մի մեծ բազմություն նրա մոտ եկավ»
1-3. Ի՞նչ է տեղի ունենում, երբ ծնողները իրենց երեխաներին բերում են Հիսուսի մոտ, և ի՞նչ ենք այստեղից սովորում Հիսուսի մասին։
ՀԻՍՈՒՍԸ գիտի, որ իր երկրային կյանքը ավարտին է մոտենում։ Մնացել է ընդամենը մի քանի շաբաթ, բայց դեռ շատ գործ կա անելու։ Նա առաքյալների հետ քարոզում է Պիրեայում, որը Հորդանան գետի արևելյան շրջանում է։ Նրանք քարոզելով գնում են դեպի հարավ՝ Երուսաղեմ, որտեղ Հիսուսը նշելու է իր վերջին Պասեքը։ Դա նշանակալից իրադարձություն է լինելու նրա կյանքում։
2 Այն բանից հետո, երբ Հիսուսն ավարտում է կրոնական առաջնորդների հետ բուռն քննարկումը, փոքր իրարանցում է սկսվում։ Մարդիկ իրենց երեխաներին Հիսուսի մոտ են բերում։ Ակներևաբար, նրանք տարբեր տարիքի են, քանի որ Մարկոսը նրանց վերաբերյալ օգտագործում է նույն բառը, որ նախկինում օգտագործել էր 12-ամյա երեխայի վերաբերյալ, իսկ Ղուկասը օգտագործում է մի բառ, որը կարելի է թարգմանել «մանուկներ» (Ղուկաս 18։15; Մարկոս 5։41, 42; 10։13)։ Ինչ խոսք, որտեղ երեխաներ կան, այնտեղ աղմուկ է ու իրարանցում։ Հիսուսի առաքյալները նկատողություն են անում ծնողներին՝ հավանաբար մտածելով, որ Ուսուցիչը շատ զբաղված է ու չի կարող ժամանակ հատկացնել երեխաներին։ Իսկ ի՞նչ է անում Հիսուսը։
3 Երբ նա տեսնում է, թե ինչ է կատարվում, բարկանում է։ Ո՞ւմ վրա։ Երեխաների՞, ծնողների՞։ Ո՛չ, իր աշակերտների։ Նա ասում է. «Թողեք՝ երեխաները գան ինձ մոտ, մի՛ արգելեք նրանց. այդպիսիներինն է երկնքի թագավորությունը։ Հաստատ ասում եմ ձեզ. ով Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, ընդհանրապես չի մտնի այնտեղ»։ Հետո Հիսուսը երեխաներին գրկում է և օրհնում (Մարկոս 10։13-16)։ Մարկոսի օգտագործած խոսքերից կարելի է եզրակացնել, որ նա ջերմորեն իր գիրկն է առնում նրանց, հավանաբար նույնիսկ օրորում մանուկներին «իր ձեռքերի մեջ», ինչպես նշում է մի թարգմանիչ։ Պարզ է, որ Հիսուսը սիրում է երեխաներին։ Բայց մենք նրա մասին այստեղից մի բան էլ ենք սովորում. նա մատչելի է։
4, 5. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հիսուսը մատչելի էր։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու այս գլխում։
4 Եթե Հիսուսը լիներ սառը, խիստ ու հպարտ մարդ, հավանաբար երեխաները չէին ձգվի դեպի նա, ոչ էլ ծնողները իրենց փոքրիկներին անկաշկանդ կբերեին նրա մոտ։ Մի պահ պատկերացրու այդ տեսարանը. ծնողները ժպտում են, երբ այդ բարի մարդը սիրում է իրենց երեխաներին և օրհնում նրանց՝ ցույց տալով, որ Աստված սիրում ու թանկ է գնահատում փոքրիկներին։ Իսկապես, թեև Հիսուսի ուսերին դրված էր ամենածանր պարտականությունը, այնուհանդերձ, նա մնաց ամենամատչելի մարդը։
5 Է՞լ ովքեր էին Հիսուսին մատչելի մարդ համարում։ Ինչո՞ւ էր հեշտ նրան մոտենալ։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։ Տեսնենք։
Ովքե՞ր էին Հիսուսին մատչելի համարում
6-8. Ովքե՞ր էին հաճախ շրջապատում Հիսուսին, և ինչպե՞ս էր այդ մարդկանց հանդեպ նրա վերաբերմունքը տարբերվում կրոնական առաջնորդների վերաբերմունքից։
6 Ավետարաններն ընթերցելիս գուցե զարմանաս, երբ նկատես, որ մարդկանց բազմությունը անկաշկանդ մոտենում էր Հիսուսին։ Նրան առնչվող արձանագրություններում հաճախ ենք հանդիպում հետևյալ արտահայտությունները՝ «մեծ բազմություն», «մեծ խմբեր»։ Օրինակ՝ «նրա հետևից գնում էին մարդկանց մեծ խմբեր, որ գալիս էին Գալիլեայից», «մի մեծ բազմություն հավաքվեց նրա շուրջը», «մարդկանց մի մեծ բազմություն նրա մոտ եկավ», «նրա հետ մարդկանց մեծաթիվ խմբեր էին գնում» (Մատթեոս 4։25; 13։2; 15։30; Ղուկաս 14։25)։ Այո՛, Հիսուսը հաճախ շրջապատված էր բազմաթիվ մարդկանցով։
7 Սովորաբար այս հասարակ ժողովրդին կրոնական առաջնորդները արհամարհանքով անվանում էին «հողի մարդիկ»։ Փարիսեցիները և քահանաները բացահայտ կերպով ասում էին. «Այս ժողովուրդը, որ Օրենքը չգիտի, անիծվա՛ծ է» (Հովհաննես 7։49)։ Հետագայում ռաբունական արձանագրությունները հաստատեցին, որ այդպիսի վերաբերմունք իսկապես կար։ Շատ կրոնական առաջնորդներ այդ մարդկանց ստորադաս մարդիկ էին համարում՝ նրանց հետ հացի չէին նստում, չէին շփվում ու նրանցից ոչինչ չէին գնում։ Ոմանք էլ պնդում էին, թե այդպիսի մարդիկ, ովքեր չգիտեն բանավոր օրենքը, հարություն չեն առնելու։ Բազմաթիվ խոնարհ մարդիկ խուսափում էին այդ առաջնորդներից, ուր մնաց թե օգնություն կամ առաջնորդություն խնդրեին։ Բայց Հիսուսը շատ էր տարբերվում նրանցից։
8 Հիսուսը ազատորեն շփվում էր հասարակ ժողովրդի հետ։ Նա ուտում էր նրանց հետ, բուժում էր, սովորեցնում և հույս էր տալիս։ Իհարկե, Հիսուսն իրատես էր ու գիտակցում էր, որ շատերը կմերժեն Եհովային ծառայելու հնարավորությունը (Մատթեոս 7։13, 14)։ Այնուհանդերձ, նա յուրաքանչյուր մարդու հանդեպ դրական տրամադրվածություն էր պահպանում և դիտում էր նրան որպես Աստծու ապագա ծառա։ Ի՜նչ մեծ հակադրություն կար կարծրասիրտ քահանաների, փարիսեցիների և Աստծու Որդու միջև։ Զարմանալի է, բայց նույնիսկ նրանք էին մոտենում Հիսուսին, և ոմանք էլ փոխեցին իրենց ապրելակերպը ու հետևեցին նրան (Գործեր 6։7; 15։5)։ Որոշ հարուստ և իշխանություն ունեցող մարդիկ նույնպես մատչելի էին համարում Հիսուսին (Մարկոս 10։17, 22)։
9. Ինչո՞ւ էին կանայք Հիսուսին մատչելի համարում։
9 Կանայք նույնպես անկաշկանդ մոտենում էին Հիսուսին։ Նրանք հաճախ էին զգում կրոնական առաջնորդների արհամարհական վերաբերմունքը։ Ռաբբիները սովորաբար վերևից էին նայում նրանց և սովորեցնելու արժանի չէին համարում։ Կանանց նաև թույլ չէին տալիս վկայություն տալ դատարաններում. նրանք անվստահելի վկաներ էին համարվում։ Ռաբբիներն անգամ իրենց աղոթքներում շնորհակալություն էին հայտնում Աստծուն, որ կին չեն ծնվել։ Սակայն կանայք Հիսուսի կողմից արհամարհական վերաբերմունքի չէին արժանանում։ Շատերն էին մոտենում նրան՝ ցանկանալով սովորել։ Օրինակ՝ կարդում ենք, որ Ղազարոսի քույր Մարիամը նստել էր Տիրոջ ոտքերի մոտ ու որսում ամեն մի բառը, մինչդեռ Մարթան տարված էր ուտելիքի պատրաստություններ տեսնելով։ Հիսուսը գովեց Մարիամին ճիշտ առաջնահերթություն դնելու համար (Ղուկաս 10։39-42)։
10. Ինչպե՞ս էր հիվանդների հանդեպ Հիսուսի վերաբերմունքը տարբերվում կրոնական առաջնորդների վերաբերմունքից։
10 Հիվանդները նույնպես խմբվում էին Հիսուսի շուրջը, մինչդեռ կրոնական առաջնորդները նրանց վերաբերվում էին այնպես, ասես հասարակությունից վտարված էին։ Մովսիսական օրենքի համաձայն՝ բորոտները պետք է կարանտինի մեջ լինեին, բայց դա չէր նշանակում, որ նրանց նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք պետք է դրսևորվեր (Ղևտական, գլուխ 13)։ Հետագայում, սակայն, ռաբունական օրենքներում ասվում էր, որ բորոտներին պետք է նույնքան զզվելի համարել, որքան արտաթորանքը։ Որոշ կրոնական առաջնորդներ այնքան հեռու էին գնացել, որ քարեր էին նետում նրանց վրա, որ մոտ չգան։ Դժվար է պատկերացնել, որ այդպիսի վերաբերմունքի արժանացած մարդիկ համարձակություն ունենային որևէ ուսուցչի մոտենալ, բայց Հիսուսին մոտենում էին։ Նրանցից մեկն իր հավատն այսպես արտահայտեց. «Տե՛ր, եթե միայն ուզես, կարող ես բուժել ինձ» (Ղուկաս 5։12)։ Հաջորդ գլխում կտեսնենք, թե Հիսուսն ինչպես արձագանքեց։ Բայց այսքանը արդեն իսկ ծանրակշիռ ապացույց է, որ Հիսուսը մատչելի էր։
11. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ նրանք, որոնց սրտում ծանրացել էր մեղավորության զգացումը, անկաշկանդ մոտենում էին Հիսուսին, և ինչո՞ւ է դա կարևոր։
11 Մարդիկ, որոնց սրտում ծանրացել էր մեղավորության զգացումը, նույնպես անկաշկանդ մոտենում էին Հիսուսին։ Հիշենք, օրինակ, այն դեպքը, երբ Հիսուսն ընթրում էր փարիսեցիներից մեկի տանը։ Մի կին, որը ճանաչված էր որպես մեղավոր, ներս մտավ, ծնկի եկավ Հիսուսի ոտքերի մոտ՝ արտասվելով մեղավորության զգացումից։ Նա արցունքներով թրջեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբեց դրանք։ Տանտերը զզվանքով մի կողմ քաշվեց ու մտքում սկսեց քննադատել Հիսուսին, որ թույլ տվեց նրան մոտենալ իրեն։ Սակայն Հիսուսը գովեց կնոջը, որ անկեղծորեն զղջացել է, և վստահեցրեց, որ Եհովան ներել է նրա մեղքերը (Ղուկաս 7։36-50)։ Այսօր մարդիկ, որոնց սրտում ծանրացել է մեղավորության զգացումը, ավելի քան երբևէ բարի, կարեկից ընկերների կարիք ունեն, որոնք կլսեն իրենց ու կօգնեն վերականգնել Աստծու հետ ունեցած հարաբերությունները։ Իսկ ինչո՞ւ էր Հիսուսը այդքան մատչելի։
Ինչո՞ւ էր Հիսուսը մատչելի
12. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ Հիսուսը մատչելի էր։
12 Հիշիր, որ Հիսուսը կատարելապես ընդօրինակում էր իր սիրելի Հորը (Հովհաննես 14։9)։ Աստվածաշունչը հիշեցնում է մեզ, որ Եհովան «յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։ Եհովան՝ «աղոթքներ Լսողը», միշտ հասանելի է իր հավատարիմ ծառաներին և ցանկացած մարդու, ով անկեղծորեն ուզում է փնտրել ու ծառայել իրեն (Սաղմոս 65։2)։ Միայն պատկերացրու՝ տիեզերքի ամենահզոր ու ամենակարևոր Անձնավորությունը նաև ամենամատչելին է։ Իր Հոր նման՝ Հիսուսը սիրում է մարդկանց։ Հաջորդ գլուխներում կքննենք, թե որքան խորն էր այդ սերը։ Սակայն Հիսուսը մատչելի էր գլխավորապես այն պատճառով, որ մարդկանց հանդեպ նրա սերն ակնհայտ էր։ Քննենք նրա հատկություններից մի քանիսը, որոնցով դրսևորվում էր այդ սերը։
13. Ինչպե՞ս կարող են ծնողները ընդօրինակել Հիսուսին։
13 Մարդիկ զգում էին, որ Հիսուսը անձամբ հետաքրքրված է իրենցով։ Հիսուսը անձնական հետաքրքրություն էր դրսևորում նույնիսկ ճնշումների ներքո։ Ինչպես արդեն տեսանք, երբ ծնողները երեխաներին բերեցին Աստծու Որդու մոտ, նա ցույց տվեց, որ մատչելի է, թեև զբաղված էր, և իր ուսերին ծանր պարտականություններ էին դրված։ Ի՜նչ հրաշալի օրինակ է նա թողել ծնողների համար։ Այս աշխարհում երեխա մեծացնելը դժվար է։ Այդուհանդերձ, կարևոր է, որ երեխաները տեսնեն, որ իրենց ծնողները մատչելի են։ Եթե ծնող ես, գուցե երբեմն շատ զբաղված լինես ու չկարողանաս բավական ժամանակ տրամադրել երեխայիդ, ինչի կարիքը նա շատ ունի։ Բայց կարո՞ղ ես վստահեցնել նրան, որ հնարավորինս շուտ ժամանակ կհատկացնես։ Եթե պահես խոսքդ, երեխադ կսովորի համբերել։ Նաև կիմանա, որ միշտ կարող է դիմել քեզ, երբ ինչ-որ խնդիր կամ մտահոգություն ունենա։
14-16. ա) Ի՞նչը մղեց Հիսուսին գործելու իր առաջին հրաշքը, և ինչո՞ւ էր դա հրաշք։ բ) Կանայում կատարած Հիսուսի հրաշքն ի՞նչ է բացահայտում նրա մասին, և դրանից ի՞նչ կարող են սովորել ծնողները։
14 Հիսուսը գործերից երևում էր, որ նա մտահոգված է մարդկանց խնդիրներով։ Օրինակ՝ քննենք նրա կատարած առաջին հրաշքը։ Հիսուսը հրավիրվել էր Գալիլեայի Կանա քաղաքում տեղի ունեցող հարսանեկան խնջույքին։ Այնտեղ մի խնդիր ծագեց, որը անհարմար դրության մեջ դրեց նորապսակներին ու նրանց հարազատներին՝ գինին վերջացավ։ Հիսուսի մայրը՝ Մարիամը, հայտնեց որդուն, թե ինչ է եղել։ Եվ ի՞նչ արեց Հիսուսը։ Նա սպասավորներին պատվիրեց վեց մեծ քարե կարասները ջրով լցնել։ Երբ խնջույքի կազմակերպիչը համտեսեց, զարմացավ. գինին բարձրորակ էր։ Արդյոք դա ինչ-որ ֆոկո՞ւս էր, խորամանկ արա՞րք։ Ո՛չ, ջուրը «գինի էր դարձել» (Հովհաննես 2։1-11)։ Մի նյութից մեկ այլ նյութ ստանալը երկար ժամանակ մարդկանց երազանքն է եղել։ Դարեր շարունակ ալքիմիկոսները փորձել են կապարը ոսկու վերածել։ Բայց նրանց ջանքերը այդպես էլ չհաջողվեցին, թեև կապարն ու ոսկին բավականին նման տարրեր են։a Ի՞նչ կարելի է ասել ջրի ու գինու մասին։ Ջրի քիմիական կառուցվածքը պարզ է՝ բաղկացած է երկու հիմնական տարրերից։ Իսկ գինին մոտ հազար տարրից է կազմված, որոնց մեծ մասը բարդ բաղադրություն ունի։ Ինչո՞ւ Հիսուսը այսպիսի հրաշք գործեց միայն մի փոքր խնդիր լուծելու համար։
15 Հարսի ու փեսայի համար խնդիրը փոքր չէր։ Հին Մերձավոր Արևելքում հրավիրված հյուրերին հյուրասիրելը շատ էր կարևորվում։ Գինու պակասը հարսանեկան խնջույքում կարող էր հարսի ու փեսայի վրա ամոթ և անպատվություն բերել ու պատճառ դառնալ, որ այդ հիշարժան օրը տարիներ շարունակ տխրությամբ հիշեին։ Այն, ինչ մտահոգում էր մարդկանց, նաև Հիսուսին էր մտահոգում։ Ուստի նա քայլեր ձեռնարկեց։ Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչու էին մարդիկ մոտենում նրան և հայտնում իրենց մտահոգությունները։
16 Ծնողները դարձյալ կարող են բան սովորել։ Պատկերացրու՝ երեխադ վհատված է ինչ-որ խնդրի պատճառով ու մոտենում է քեզ։ Դու գուցե նրա մտահոգությունը աննշան բան համարես, գուցե նույնիսկ ծիծաղես։ Քո խնդիրների հետ համեմատած՝ նրա խնդիրը գուցե աննշան թվա քեզ։ Սակայն հիշիր, որ այն չնչին բան չէ երեխայիդ համար։ Եթե այն մտահոգում է մեկին, ում շատ ես սիրում, մի՞թե չպետք է մտահոգի նաև քեզ։ Եթե վստահեցնես երեխայիդ, որ քեզ անհանգստացնում են նրա խնդիրները, ցույց կտաս, որ մատչելի ծնող ես։
17. Հեզություն դրսևորելու հարցում ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ այս հատկությունը զորության վկայություն է։
17 3-րդ գլխից իմացանք, որ Հիսուսը հեզ էր ու խոնարհ (Մատթեոս 11։29)։ Հեզությունը հրաշալի հատկություն է և վկայում է, որ մարդը խոնարհ սիրտ ունի։ Այն Աստծու սուրբ ոգու պտղի մասն է և կապ ունի Աստծուց բխող իմաստության հետ (Գաղատացիներ 5։22, 23; Հակոբոս 3։13)։ Անգամ ամենալարված իրավիճակներում, երբ Հիսուսին սադրանքների էին ենթարկում, նա ինքնատիրապետում էր պահպանում։ Նրա հեզությունը, ինչ խոսք, թուլության նշան չէր։ Մի աստվածաշնչագետ այս հատկության մասին ասում է. «Մեղմության հետևում պողպատյա ամրություն է թաքնված»։ Իրոք, հաճախ ուժ և ջանքեր են անհրաժեշտ, որ հավաքես քեզ ու մեղմությամբ վարվես ուրիշների հետ։ Սակայն Եհովայի աջակցությամբ կկարողանանք Հիսուսի նման հեզ լինել և հետևաբար ավելի մատչելի դառնալ։
18. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ Հիսուսը խոհեմ էր, և քո կարծիքով՝ ինչո՞ւ է այդ հատկությունը մարդուն մատչելի դարձնում։
18 Հիսուսը խոհեմ էր։ Երբ Տյուրոսում էր, մի կին մոտեցավ նրան, քանի որ վերջինիս աղջիկը «դիվահար էր և շատ էր տանջվում»։ Երեք տարբեր ձևերով Հիսուսը հասկացրեց, որ չի ուզում անել այդ կնոջ ուզածը։ Նախ՝ լուռ մնաց, երկրորդ՝ բացատրեց, թե ինչու չի կատարի նրա խնդրանքը, և երրորդ՝ օրինակ բերեց, որն ավելի հստակեցրեց իր ասելիքը։ Բայց մի՞թե Հիսուսն անտարբեր էր ու չէր ուզում զիջումների գնալ։ Արդյոք նա ակնարկե՞ց կնոջը, որ վերջինս անցել է իր չափերը ու վտանգի է ենթարկում իրեն՝ հակառակվելով նման մեծ մարդու։ Ո՛չ, այդ կինը իրեն ազատ ու ապահով էր զգում Հիսուսի ներկայությամբ։ Նա ոչ միայն օգնություն խնդրեց, այլև շարունակեց պնդել իր ուզածը, չնայած ակնհայտ էր, որ Հիսուսը չի ուզում օգնել իրեն։ Հիսուսը կնոջ սրտում առանձնահատուկ հավատ տեսավ, որը մղում էր վերջինիս պնդել իր ուզածը։ Այդ պատճառով էլ նա բուժեց նրա աղջկան (Մատթեոս 15։22-28)։ Անկասկած, Հիսուսի խոհեմությունը, ուրիշներին լսելու և անհրաժեշտության դեպքում զիջումների գնալու պատրաստակամությունը շատերին էին մղում մոտենալ նրան։
Դու մատչելի՞ ես
19. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե արդյոք մատչելի մարդ ենք։
19 Մարդիկ սիրում են մտածել, որ իրենք մատչելի են։ Իշխանություն ունեցող շատ անհատներ հաճախ են կրկնում, որ իրենց դռները միշտ բաց են, և իրենց ենթակա մարդիկ ցանկացած հարցով կարող են ազատորեն դիմել իրենց։ Սակայն Աստվածաշունչը հետևյալ զորեղ զգուշացումն է տալիս. «Շատ մարդիկ հայտարարում են իրենց հավատարիմ սիրո մասին, բայց ո՞վ կարող է հավատարիմ մարդ գտնել» (Առակներ 20։6)։ Հեշտ է ասել. «Ես մատչելի մարդ եմ»։ Բայց իրո՞ք հետևում ենք Հիսուսին։ Այս հարցին կարող ենք պատասխանել՝ ելնելով ոչ թե այն բանից, թե ինչպես ենք մենք գնահատում մեզ, այլ թե ինչպես են ուրիշները գնահատում։ Պողոսն ասաց. «Թող ձեր խոհեմությունը ակնհայտ լինի բոլորին» (Փիլիպպեցիներ 4։5)։ Ուստի տեղին կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Ուրիշները ի՞նչ են մտածում իմ մասին։ Ի՞նչ համբավ ունեմ»։
20. ա) Ինչո՞ւ է կարևոր, որ երեցները մատչելի լինեն։ բ) Ինչո՞ւ պետք է ժողովի երեցներից մեր սպասելիքներում խոհեմ լինենք։
20 Հատկապես քրիստոնյա երեցները պետք է ձգտեն լինել մատչելի։ Նրանք անկեղծորեն ցանկանում են ապրել Եսայիա 32։1, 2 համարներում նկարագրվածի համաձայն. «Ամեն մեկը կլինի քամուց պաշտպանող պատսպարան, փոթորկից պաշտպանող ապաստան, ջրի վտակներ՝ անջուր երկրում, ստվեր գցող մեծ ապառաժ՝ արևախանձ երկրում»։ Երեցը այսպիսի պաշտպանություն, թարմություն և թեթևացում կարող է տալ միայն այն դեպքում, եթե մատչելի է։ Ինչ խոսք, երեցների համար միշտ չէ, որ հեշտ է այդպես վարվել, քանի որ այս դժվարին ժամանակներում նրանց ուսերին ծանր պարտականությունների բեռ է դրված։ Այդուհանդերձ, երեցները չպետք է այնքան զբաղված լինեն, որ չկարողանան հոգ տանել Եհովայի գառնուկների մասին (1 Պետրոս 5։2)։ Իսկ ժողովում մյուսները պետք է խոհեմ լինեն և իմանան, թե ինչ սպասելիքներ կարող են ունենալ երեցներից, ինչպես նաև լինեն խոնարհ ու համագործակցող (Եբրայեցիներ 13։17)։
21. Ինչպե՞ս կարող են ծնողները մատչելի լինել, և ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։
21 Ծնողները նույնպես ջանում են մատչելի լինել իրենց երեխաների համար։ Դա շատ կարևոր է։ Չէ՞ որ նրանք ուզում են՝ երեխաներն իմանան, որ հայրիկին ու մայրիկին միշտ կարելի է վստահել։ Քրիստոնյա ծնողները ջանում են լինել հեզ ու խոհեմ և սուր չարձագանքել, երբ երեխան խոստովանում է իր սխալը կամ երբ տեսնում են, որ երեխան սխալ մտածելակերպ ունի։ Համբերատարությամբ դաստիարակելով երեխաներին՝ ծնողները բաց հաղորդակցություն են պահում իրենց ու երեխաների միջև։ Իրականում մեզնից յուրաքանչյուրն էլ ուզում է լինել մատչելի, ինչպես Հիսուսը։ Հաջորդ գլխում կքննենք, թե ինչպես էր Հիսուսը խոր կարեկցանք դրսևորում. դա այն հիմնական հատկություններից մեկն է, ինչի շնորհիվ նա մատչելի անձնավորություն էր։
a Քիմիա ուսումնասիրողները գիտեն, որ կապարն ու ոսկին քիմիական տարրերի աղյուսակում իրար մոտ են գտնվում։ Կապարի ատոմը միջուկում միայն երեք պրոտոնով է ավել ոսկու պրոտոններից։ Ժամանակակից ֆիզիկոսները նույնիսկ կարողացել են քիչ քանակությամբ կապարը վերածել ոսկու, բայց այդ պրոցեսն այնքան էներգիա է խլել և այնքան ծախսատար է եղել, որ այն անարդյունավետ են համարել։