ԳԼՈՒԽ 3
Ի՞նչ նպատակ ունի Աստված մարդկանց առնչությամբ
1. Ի՞նչ նպատակ ունի Աստված մարդկանց հետ կապված։
ԱՍՏՎԱԾ հրաշալի նպատակ ունի մարդկանց հետ կապված։ Նա ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը՝ Ադամին ու Եվային, և բնակեցրեց նրանց մի գեղեցիկ պարտեզում։ Աստծու նպատակն էր, որ մարդիկ երեխաներ ունենային, ողջ երկիրը դրախտ դարձնեին և հոգ տանեին կենդանիների մասին (Ծննդոց 1։28; 2։8, 9, 15; տես Ծանոթագրություն 6)։
2. ա) Ի՞նչն է մեզ վստահեցնում, որ Աստված կկատարի իր նպատակը։ բ) Աստված ուզում է, որ ինչպիսի՞ մարդիկ ապրեն երկրի վրա և որքա՞ն երկար։
2 Ի՞նչ ես կարծում՝ կգա՞ մի օր, երբ մարդիկ կապրեն դրախտում։ Եհովան խոստանում է. «Ես ասել եմ ու կկատարեմ» (Եսայիա 46։9–11; 55։11)։ Այո՛, Աստված կիրականացնի իր նպատակները, և ոչինչ չի կարող խանգարել նրան։ Եհովան ասում է, որ երկիրը ստեղծել է հատուկ նպատակով. նա «զուր տեղը չի արարել» այն (Եսայիա 45։18)։ Աստված ուզում է, որ մարդիկ ապրեն երկրի վրա։ Իսկ ինչպիսի՞ մարդիկ պետք է ապրեն երկրի վրա և որքա՞ն երկար։ Աստվածաշունչը պատասխանում է. «Արդարները [կամ՝ հնազանդ մարդիկ] կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29; Հայտնություն 21։3, 4)։
3. Քանի որ այսօր մարդիկ հիվանդանում և մահանում են, ի՞նչ հարցեր գուցե առաջանան քո մեջ։
3 Բայց այսօր մարդիկ հիվանդանում և մահանում են։ Շատ վայրերում նրանք պատերազմում և սպանում են իրար։ Ինչ խոսք, այս ամենը Աստծու նպատակի մեջ չէր մտնում։ Այդ դեպքում ի՞նչ պատահեց, և ինչո՞ւ Աստծու նպատակը չկատարվեց։ Միայն Աստվածաշունչը կարող է պատասխանել այս հարցերին։
ԱՍՏԾՈՒ ԹՇՆԱՄԻՆ
4, 5. ա) Եդեմի պարտեզում ո՞վ խոսեց Եվայի հետ օձի միջոցով։ բ) Ինչպե՞ս կարող է ազնիվ անհատը գող դառնալ։
4 Աստվածաշնչից իմանում ենք, որ Աստված թշնամի ունի, որը «Բանսարկու և Սատանա է կոչվում»։ Սատանան օձի միջոցով խոսեց Եվայի հետ Եդեմի պարտեզում (Հայտնություն 12։9; Ծննդոց 3։1)։ Նա այնպես արեց, որ Եվան կարծի, թե օձն է խոսում իր հետ (տես Ծանոթագրություն 7)։
5 Իսկ որտեղի՞ց է առաջացել Սատանան։ Աստվա՞ծ է նրան այդպիսին ստեղծել։ Ո՛չ։ Իրականում, նա Աստծու հրեշտակներից մեկն էր, որը երկնքում էր, երբ Աստված ստեղծում էր երկիրը (Հոբ 38։4, 7)։ Բայց հետագայում այդ հրեշտակը փոխվեց և դարձավ Սատանա։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Օրինակ՝ ինչպե՞ս է լինում, որ ազնիվ մարդը դառնում է գող։ Ինչ խոսք, նա գող չի ծնվում։ Սկզբում նա ցանկանում է մի բան, որն իրենը չէ, ապա շարունակ մտածում է այդ մասին։ Արդյունքում՝ սխալ ցանկությունն ուժգնանում է, և երբ հարմար առիթ է ստեղծվում, նա գողություն է անում և այդպիսով դառնում գող։ Փաստորեն, ինքն է որոշում գող դառնալ (կարդա Հակոբոս 1։13–15; տես Ծանոթագրություն 8)։
6. Ինչպե՞ս մի հրեշտակ դարձավ Աստծու թշնամին։
6 Նույնը պատահեց այդ հրեշտակին։ Եհովան Ադամին ու Եվային ասաց, որ երեխաներ ունենան և «լցնեն երկիրը» (Ծննդոց 1։27, 28)։ Այդ ժամանակ հրեշտակը գուցե մտածեց. «Չէ՞ որ այդ բոլոր մարդիկ Եհովային երկրպագելու փոխարեն՝ կարող են ինձ երկրպագել»։ Որքան շատ էր նա մտածում այդ մասին, այնքան ավելի շատ էր ուզում ունենալ այն, ինչը Եհովային էր պատկանում։ Նա ցանկացավ, որ մարդիկ իրեն երկրպագեն, ուստի խաբեց Եվային (կարդա Ծննդոց 3։1–5)։ Այդպիսով՝ նա դարձավ Բանսարկու Սատանա՝ Աստծու թշնամին։
7. ա) Ինչո՞ւ Ադամն ու Եվան մահացան։ բ) Ինչո՞ւ ենք ծերանում և մահանում։
7 Աստված Ադամին ու Եվային արգելել էր ուտել պարտեզի ծառերից մեկի պտղից։ Նա զգուշացրել էր, որ եթե ուտեն դրանից, կմահանան։ Բայց Ադամն ու Եվան չհնազանդվեցին Աստծուն և կերան այդ պտղից (Ծննդոց 2։17; 3։6)։ Նրանք մեղք գործեցին Եհովայի դեմ և հետագայում մահացան, ինչպես որ Եհովան ասել էր (Ծննդոց 3։17–19)։ Ադամի ու Եվայի երեխաները նույնպես մահացան, քանի որ նրանք նույնպես մեղավորներ էին (կարդա Հռոմեացիներ 5։12)։ Օրինակով տեսնենք, թե ինչու էին նրանք մեղավորներ համարվում։ Եթե հաց թխենք մի կաթսայի մեջ, որը փոս ունի, հացը կունենա այդ փոսի թողած հետքը։ Նմանապես, քանի որ Ադամը դարձավ մեղավոր, նրա բոլոր երեխաները ծնվեցին նույն «հետքով», այսինքն՝ մեղքով։ Փաստորեն, բոլորս էլ մեղավորներ ենք, այդ պատճառով էլ ծերանում ենք և մահանում (Հռոմեացիներ 3։23; տես Ծանոթագրություն 9)։
8, 9. ա) Սատանան ուզում էր, որ Ադամն ու Եվան ի՞նչ մտածեն։ բ) Ինչո՞ւ Եհովան անմիջապես չվերացրեց ըմբոստներին։
8 Ադամին ու Եվային անհնազանդության դրդելով՝ Սատանան ըմբոստացավ Եհովայի դեմ։ Նա ուզում էր, որ Ադամն ու Եվան մտածեն, թե Աստված ստախոս է, վատ ղեկավար և լավ բաներ է թաքցնում նրանցից։ Նա ակնարկեց, թե մարդիկ կարիք չունեն, որ Աստված իրենց ասի, թե ինչ անեն. նրանք իրենք կարող են որոշել՝ ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Ի՞նչ կաներ Աստված։ Նա կարող էր վերացնել ապստամբներին և վերջ դնել ըմբոստությանը։ Բայց մի՞թե դրանով կփաստվեր, որ Սատանան ստախոս է։ Ո՛չ։
9 Ուստի Եհովան անմիջապես չվերացրեց ըմբոստներին, այլ թույլ տվեց, որ մարդիկ մի որոշ ժամանակ իրենք ղեկավարեն իրենց։ Այդպես պարզ կդառնար, որ Սատանան ստախոս է, և որ Եհովան ավելի լավ գիտի, թե ինչն է ամենալավը մարդկանց համար։ Այս մասին մանրամասն կխոսվի 11-րդ գլխում։ Իսկ այժմ մտածենք. Ադամն ու Եվան ճի՞շտ վարվեցին, որ հավատացին Սատանային և չհնազանդվեցին Աստծուն։ Եհովան Ադամին ու Եվային տվել էր ամեն ինչ՝ կատարյալ կյանք, ապրելու գեղեցիկ վայր և հաճելի աշխատանք։ Իսկ Սատանան երբեք ոչ մի լավ բան չէր արել նրանց համար։ Դո՞ւ ինչ որոշում կկայացնեիր, եթե լինեիր Ադամի ու Եվայի փոխարեն։
10. Ի՞նչ կարևոր որոշման առաջ է կանգնած յուրաքանչյուրս։
10 Այսօր մենք էլ ենք նմանատիպ որոշման առաջ կանգնած։ Այդ որոշումից կախված է մեր կյանքը։ Յուրաքանչյուրս կարող է ընտրել՝ Եհովայի՞ն հնազանդվել, թե՞ Սատանային։ Եթե հնազանդվենք Աստծուն, ցույց կտանք, որ նա է մեր ղեկավարը, և կապացուցենք, որ Սատանան ստախոս է։ Իսկ եթե ընդունենք Սատանայի իշխանությունը, դա մեզ ի վերջո կտանի մահվան (Սաղմոս 73։28; կարդա Առակներ 27։11)։ Ցավոք, այս աշխարհում շատ քչերն են ճիշտ ընտրություն անում և հնազանդվում Աստծուն որպես իրենց ղեկավարի։ Աստվածաշնչից իմանում ենք, որ այս աշխարհի ղեկավարը Աստված չէ։ Իսկ եթե նա չէ, ապա ո՞վ է։
Ո՞Վ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ
11, 12. ա) Ի՞նչ ենք հասկանում այն բանից, որ Սատանան Հիսուսին առաջարկեց աշխարհի թագավորությունները։ բ) Աստվածաշնչյան ո՞ր համարներն են ցույց տալիս, որ Սատանան է ղեկավարում աշխարհը։
11 Հիսուսը գիտեր, թե իրականում ով է ղեկավարում աշխարհը։ Մի անգամ Սատանան նրան «ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը», ապա խոստացավ. «Այս բոլորը քեզ կտամ, եթե ընկնես [խոնարհվես իմ առաջ] ու երկրպագություն անես ինձ» (Մատթեոս 4։8, 9; Ղուկաս 4։5, 6)։ Մտածիր. եթե այդ թագավորությունները Սատանայինը չլինեին, մի՞թե նա կարող էր դրանք առաջարկել Հիսուսին։ Ո՛չ։ Փաստորեն, աշխարհի բոլոր կառավարությունները Սատանային են պատկանում։
12 Գուցե հարցնես. «Ինչպե՞ս կարող է Սատանան լինել աշխարհի ղեկավարը։ Մի՞թե Եհովան չէ Ամենակարող Աստվածը և տիեզերքի Արարիչը» (Հայտնություն 4։11)։ Այո՛, Եհովան է։ Բայց Հիսուսը հստակ ասաց, որ «այս աշխարհի իշխանը» Սատանան է (Հովհաննես 12։31; 14։30; 16։11)։ Իսկ Պողոս առաքյալը Բանսարկու Սատանային կոչեց «այս աշխարհի աստված» (2 Կորնթացիներ 4։3, 4)։ Հովհաննես առաքյալն էլ գրեց, որ «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ ՍԱՏԱՆԱՅԻ ԱՇԽԱՐՀԸ
13. Ինչո՞ւ նոր աշխարհի կարիք ունենք։
13 Այս աշխարհը գնալով ավելի չար ու վտանգավոր է դառնում։ Ամենուրեք պատերազմներ են, կաշառակերություն, կեղծավորություն և բռնություն։ Որքան էլ մարդիկ ջանք թափեն, չեն կարող վերացնել այս խնդիրները։ Բայց Աստված կարող է։ Շուտով նա իր արդար պատերազմի՝ Արմագեդոնի ժամանակ երկրի վրայից կվերացնի չարությունը և կհաստատի նոր աշխարհ, որտեղ արդարություն կտիրի (Հայտնություն 16։14–16; տես Ծանոթագրություն 10)։
14. Ո՞ւմ է Աստված նշանակել իր Թագավորության Թագավոր։ Աստվածաշնչում ի՞նչ էր մարգարեացվել Հիսուսի մասին։
14 Եհովան այդ արդար նոր աշխարհը կհաստատի իր Թագավորության՝ երկնային կառավարության միջոցով։ Նա այդ Թագավորության Թագավոր է նշանակել Հիսուս Քրիստոսին։ Հազարավոր տարիներ առաջ Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ Հիսուսը իշխելու է որպես «Խաղաղության Իշխան», և նրա իշխանությունը վերջ չի ունենալու (Եսայիա 9։6, 7)։ Հենց այդ կառավարության մասին Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց աղոթել, երբ ասաց. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ 8-րդ գլխից կիմանանք, թե ինչպես է ներկայիս կառավարությունների փոխարեն երկրի վրա իշխելու Աստծու թագավորությունը (կարդա Դանիել 2։44)։ Այդ թագավորությունը երկիրը կդարձնի գեղեցիկ դրախտ (տես Ծանոթագրություն 11)։
ՆՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՏ Է
15. Ի՞նչ է «նոր երկիրը»։
15 Աստվածաշնչում ասվում է. «Մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու» (2 Պետրոս 3։13; Եսայիա 65։17)։ Աստվածաշնչում գործածված «երկիր» բառը երբեմն վերաբերում է երկրի վրա ապրող մարդկանց (Ծննդոց 11։1)։ Հետևաբար «նոր երկիրը», որում «արդարություն է բնակվելու», վերաբերում է բոլոր այն մարդկանց, ովքեր հնազանդվում են Աստծուն և վայելում են նրա օրհնությունները։
16. Ի՞նչ հիանալի նվեր է Աստված տալու նրանց, ովքեր կապրեն նոր աշխարհում, և ի՞նչ պետք է անենք այդ նվերը ստանալու համար։
16 Հիսուսը խոստացավ, որ նրանք, ովքեր կապրեն ապագա նոր աշխարհում, կստանան «հավիտենական կյանք» (Մարկոս 10։30)։ Իսկ մենք ի՞նչ պետք է անենք, որ ստանանք այդ նվերը։ Այս հարցի պատասխանը գտնելու համար կարող ես կարդալ Հովհաննես 3։16 և 17։3 համարները։ Այժմ տեսնենք, թե ըստ Աստվածաշնչի՝ ինչպիսին է լինելու կյանքը ապագա դրախտ-երկրում։
17, 18. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ երկրի վրա ամենուրեք խաղաղություն կլինի, և մենք մեզ ապահով կզգանք։
17 Չարությունը, պատերազմները, հանցագործությունները և բռնությունը ընդմիշտ կվերանան։ Երկրի վրա այլևս չեն լինի չար մարդիկ (Սաղմոս 37։10, 11)։ Աստված «կդադարեցնի պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9; Եսայիա 2։4)։ Երկրի վրա կապրեն Աստծուն սիրող ու հնազանդվող մարդիկ։ Ամենուրեք կլինի խաղաղություն, որը վերջ չի ունենա (Սաղմոս 72։7)։
18 Եհովայի ժողովուրդը իրեն ապահով կզգա։ Աստվածաշնչյան ժամանակներում, երբ իսրայելացիները հնազանդվում էին Աստծուն, ապրում էին ապահովության մեջ, քանի որ նա պաշտպանում էր նրանց (Ղևտական 25։18, 19)։ Դրախտում մենք նույնպես ոչ ոքից ու ոչ մի բանից չենք վախենա և մեզ միշտ ապահով կզգանք (կարդա Եսայիա 32։18; Միքիա 4։4)։
19. Որտեղի՞ց գիտենք, որ նոր աշխարհում առատ սնունդ կլինի։
19 Առատ սնունդ կլինի։ «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16)։ Եհովան՝ «մեր Աստվածը, կօրհնի մեզ», և «երկիրն իր պտուղը կտա» (Սաղմոս 67։6)։
20. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ երկիրը դրախտ է դառնալու։
20 Ողջ երկիրը դրախտ կդառնա։ Մարդիկ գեղեցիկ տներ ու այգիներ կունենան (կարդա Եսայիա 65։21–24; Հայտնություն 11։18)։ Ողջ երկիրը կդառնա Եդեմի պարտեզի պես գեղեցիկ մի վայր։ Եհովան միշտ կտա մեզ այն ամենը, ինչի կարիքը կունենանք, և մենք կտեսնենք այս խոսքերի կատարումը. «Դու բաց ես անում քո ձեռքը և գոհացնում ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղմոս 145։16)։
21. Որտեղի՞ց գիտենք, որ մարդկանց ու կենդանիների միջև խաղաղություն է լինելու։
21 Մարդկանց ու կենդանիների միջև խաղաղություն կլինի։ Կենդանիները այլևս չեն վնասի մարդկանց։ Ոչ ոք, նույնիսկ փոքր երեխաները այլևս չեն վախենա վայրի գազաններից, որոնք այսօր վտանգավոր են (կարդա Եսայիա 11։6–9; 65։25)։
22. Ինչո՞ւ այլևս հիվանդություններ չեն լինի։
22 Ոչ ոք հիվանդ չի լինի։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա բուժեց շատերին (Մատթեոս 9։35; Մարկոս 1։40–42; Հովհաննես 5։5–9)։ Բայց ապագայում, երբ նա, որպես Աստծու Թագավորության Թագավոր, ղեկավարի երկիրը, կբուժի բոլոր մարդկանց։ Ոչ ոք այլևս չի ասի. «Ես հիվանդ եմ» (Եսայիա 33։24; 35։5, 6)։
23. Մահացած մարդկանց վերաբերյալ ի՞նչ է խոստանում Աստված։
23 Մահացածները կրկին կապրեն։ Աստված խոստանում է, որ հարություն կտա միլիոնավոր մահացած մարդկանց։ «Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (կարդա Հովհաննես 5։28, 29; Գործեր 24։15)։
24. Ինչպե՞ս ես վերաբերվում դրախտի մասին խոստմանը։
24 Բոլորս ընտրության հնարավորություն ունենք. կա՛մ ավելին իմանալ Եհովայի մասին և ծառայել նրան, կա՛մ հաշվի չառնել նրա տեսակետը և ապրել ինչպես մենք ենք ուզում։ Եթե որոշենք ծառայել Եհովային, հիանալի ապագայի հույս կունենանք։ Հիսուսը հենց այդ ապագայի մասին խոստացավ իր կողքին՝ ցցի վրա, մահացող մարդուն, երբ ասաց. «Դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։43)։ Հաջորդ գլխից ավելին կիմանանք այն մասին, թե ով է Հիսուս Քրիստոսը, և ինչպես են նրա միջոցով իրականանալու Աստծու տված հրաշալի խոստումները։