Երեմիա
8 «Այդ ժամանակ,– ասում է Եհովան,– գերեզմաններից հանելու են Հուդայի թագավորների և իշխանների ոսկորները, քահանաների ու մարգարեների ոսկորները և Երուսաղեմի բնակիչների ոսկորները: 2 Դրանք փռելու են արևի, լուսնի և երկնքի բոլոր զորքերի* առաջ, որոնց սիրեցին, ծառայեցին ու պաշտեցին, որոնց առաջնորդությունը փնտրեցին ու որոնց առաջ խոնարհվեցին:+ Դրանք չպետք է հավաքվեն և չպետք է թաղվեն: Դրանք գետնի վրա գոմաղբի պես կդառնան:+
3 Այս չար ազգի միջից ողջ մնացածները՝ նրանք, ովքեր կփրկվեն, կնախընտրեն մեռնել, քան ապրել: Այդպես կլինի ամեն տեղ, ուր ես ցրեմ նրանց»,– ասում է Զորքերի տեր Եհովան:
4 «Ասա նրանց. «Եհովան ասում է.
«Մի՞թե ընկածը վեր չի կենում:
Եթե մեկը հետ դառնա իր բռնած ուղուց, արդյոք մյուսն էլ հետ չի՞ դառնա:
5 Ինչո՞ւ են այս մարդիկ՝ Երուսաղեմի բնակիչները, համառորեն անհավատարմությամբ վարվում:
Նրանք պինդ բռնել են խաբեությունը,
Հետ դառնալ չեն ուզում:+
6 Ես ուշադիր հետևում էի, լսում էի, բայց նրանք սխալ բաներ էին խոսում:
Չկար մեկը, որ զղջար իր չարության համար ու ասեր. «Այս ի՞նչ արեցի»:+
Կռվի սլացող ձիու նման՝ նրանք նորից բռնում են այն ուղին, որով մարդկանց մեծամասնությունն է գնում:
7 Նույնիսկ արագիլը գիտի իր չվելու* ժամանակը,
Տատրակը, մանգաղաթևն ու կեռնեխը* ճիշտ ժամանակին են վերադառնում:*
Իսկ իմ ժողովուրդը չի հասկանում իմ՝ Եհովայիս դատաստանի ժամանակը:+
8 Ինչպե՞ս եք ասում. «Մենք իմաստուն ենք, մենք Եհովայի օրենքն* ունենք»:
Չէ՞ որ դպիրների* խաբեբա գրիչը+ միայն սուտ բաներ է գրում:
Նրանք մերժել են Եհովայի խոսքը,
Էլ ո՞րն է նրանց իմաստությունը:
10 Դրա համար ես նրանց կանանց ուրիշներին կտամ
Եվ նրանց դաշտերը՝ այլ տերերի,+
Որովհետև բոլորը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* անազնվորեն են շահ ստանում,+
Թե՛ մարգարեն և թե՛ քահանան խարդախություն են անում:+
11 Նրանք փորձում են մակերեսորեն բուժել իմ ժողովրդի դստեր վերքը՝*
Ասելով՝ «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է»,
Մինչդեռ խաղաղություն չկա:+
12 Արդյոք նրանք ամաչո՞ւմ են իրենց նողկալի գործերի համար:
Ո՛չ, չեն ամաչում:
Նրանք անգամ չգիտեն՝ ամոթն ինչ է,+
Ուստի կընկնեն ընկածների մեջ:
Երբ պատժեմ նրանց, նրանք կսայթաքեն ու կընկնեն,+– ասում է Եհովան:–
13 Ես կհավաքեմ նրանց ու կբնաջնջեմ,– ասում է Եհովան:–
Խաղողենու և թզենու վրա պտուղ չի մնա, և տերևները կչորանան:
Նրանք կկորցնեն այն, ինչ տվել եմ նրանց»»»:
14 «Ինչո՞ւ ենք այստեղ նստել:
Եկեք հավաքվենք ու գնանք ամրացված քաղաքներն+ ու այնտեղ մեռնենք,
Որովհետև մեր Աստված Եհովան մեզ կործանելու է:
Նա մեզ թունավորած ջուր է խմեցնում,+
Քանի որ մեղք ենք գործել Եհովայի դեմ:
15 Խաղաղության էինք սպասում, բայց ոչ մի լավ բան չեղավ,
Բուժում էինք ակնկալում, բայց ահուդողի մեջ ենք:+
16 Դանից լսվում է թշնամու ձիերի փնչոցը,
Նրա նժույգների խրխնջոցից ողջ երկիրը ցնցվում է:
Նա գալիս է և խժռում է երկիրն ու դրա վրա եղող ամեն բան,
Քաղաքն ու դրա բնակիչներին»:
17 «Ես ձեզ վրա օձեր եմ ուղարկում՝
Թունավոր օձեր, որոնց վրա թովչությունը չի ազդում,
Եվ նրանք կխայթեն ձեզ»,– ասում է Եհովան:
18 Վիշտս անբուժելի է,
Սիրտս՝ հիվանդ:
19 Հեռավոր երկրից իմ ժողովրդի դուստրը
Օգնության համար աղաղակում է.
«Մի՞թե Եհովան Սիոնում չէ,
Կամ մի՞թե այնտեղ թագավոր չկա»:
«Ինչո՞ւ նրանք վիրավորեցին ինձ իրենց քանդակված կուռքերով
Եվ անպետք օտար աստվածներով»:
20 «Հնձի ժամանակն ավարտվեց, ամառն անցավ,
Բայց մենք այդպես էլ չփրկվեցինք»:
21 Իմ ժողովրդի դստեր վերքերի պատճառով սիրտս կտոր-կտոր է լինում:+
Ես սաստիկ վհատված եմ,
Սարսուռը պատել է ինձ:
Այդ դեպքում իմ ժողովրդի դուստրը ինչո՞ւ չի ապաքինվում:+