Հռոմեացիներ
Քրիստոսի օրինակին հետևելով տկարները զօրացնելու պարտականութիւնը։
15 Մենք որ զօրաւոր ենք՝ պէտք է տկարների տկարութիւնը վեր առնենք, եւ միայն մեր անձերին հաճոյ չ’լինինք: 2 Ապա մեզանից ամեն մէկը թող հաճոյ լինի ընկերին դէպի բարին՝ շինութեան համար: 3 Որովհետեւ Քրիստոսն էլ ոչ թէ իր անձին հաճոյ եղաւ, այլ ինչպէս գրուած է, թէ Քեզ նախատողների նախատինքներն ինձ վերայ ընկան: 4 Նորա համար ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք: 5 Եւ համբերութեան եւ մխիթարութեան Աստուածը տայ ձեզ միեւնոյն բանը խորհել իրար հետ Քրիստոս Յիսուսի կամքի համեմատ: 6 Որ միաբան մէկ բերանով փառաւորէք Աստուծուն, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը: 7 Վասնորոյ իրար ընդունեցէք, ինչպէս Քրիստոս էլ մեզ ընդունեց Աստուծոյ փառքի համար: 8 Բայց ասում եմ թէ Յիսուս Քրիստոսը թլփատութեան սպասաւոր եղաւ Աստուծոյ ճշմարտութեան համար, որ հայրերի խոստումները հաստատէ: 9 Բայց հեթանոսները ողորմութեան համար փառաւորում են Աստուծուն, ինչպէս գրուած է թէ Սորա համար կ’գոհանամ քեզանից հեթանոսների* մէջ, եւ քո անունին սաղմոս կ’ասեմ: 10 Եւ դարձեալ ասում է. Ուրախացէք, ով հեթանոսներ, նորա ժողովրդի հետ: 11 Եւ դարձեալ՝ Օրհնեցէք Տիրոջը, ամեն հեթանոսներ, եւ գովեցէք նորան, ամեն ժողովուրդներ: 12 Եւ դարձեալ Եսայիան ասում է. Յեսսէի արմատը կ’լինի, եւ նա որ հեթանոսների համար իշխան կ’կանգնի, նորան յոյս կ’դնեն հեթանոսները: 13 Եւ յոյսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախութիւնով եւ խաղաղութիւնով, հաւատալու մէջ, որ յույսով աւելանաք Սուրբ Հոգու զօրութիւնովը:
14 Եւ ես ինքս էլ, եղբարքս, ձեզ համար հաստատ եմ, որ դուք լիքն էք բարութիւնով, լեցուած ամեն գիտութիւնով, որ կարող էք իրար էլ խրատել: 15 Բայց համարձակեցի, եղբարք, փոքր ի շատէ գրել ձեզ. իբր թէ ձեզ յիշեցնեմ Աստուածանից ինձ տրուած այն շնորհքի պատճառովը. 16 Որ ես Յիսուս Քրիստոսի սպասաւորն եմ հեթանոսների մէջ. Աստուծոյ աւետարանը մատակարարող, որ հեթանոսների պատարագն ընդունելի լինի՝ Սուրբ Հոգովը սրբուած: 17 Արդ պարծանք ունիմ Քրիստոս Յիսուսին Աստուծոյ առաջին: 18 Որովհետեւ ես չեմ համարձակիլ մի բան խօսել՝ որը Քրիստոս չ’գործեց ինձանով՝ հեթանոսները հնազանդեցնելու համար՝ խօսքով եւ գործքով: 19 Նշանների եւ հրաշքների զօրութիւնով, Աստուծոյ Հոգիի զօրութիւնով. այնպէս որ ես Երուսաղէմիցն սկսած պտոյտ տալով մինչեւ Լիւրիկացիների կողմերը Քրիստոսի աւետարանովը լցրել եմ: 20 Այնպէս ջանք արի աւետարանը քարոզելու, ոչ թէ որտեղ որ Քրիստոսի անունն անուանուած էր, որ մի գուցէ ուրիշի հիման վերայ շինեմ. այլ ինչպէս որ գրուած է. 21 Թէ որոնց չէ պատմուած նորա համար՝ կ’տեսնեն, եւ որոնք որ չեն լսել՝ միտք կ’անեն: 22 Սորա համար էլ շատ անգամ արգիլուեցայ ձեզ մօտ գալուց: 23 Բայց հիմա որ այս կողմերումն այլ եւս տեղ չ’ունիմ, եւ շատ տարուց հետէ խիստ փափագ ունիմ ձեզ մօտ գալու, 24 Երբ որ անցկենամ Սպանիա, կ’գամ ձեզ մօտ. յոյս ունիմ որ անցկենալու ժամանակս տեսնեմ ձեզ. եւ ձեզանից ճանապարհ գցուիմ այնտեղ, եթէ առաջ մի քիչ ձեզանով լիանամ: 25 Բայց հիմա Երուսաղէմ եմ գնում սուրբերին ծառայութիւն անելու: 26 Որովհետեւ Մակեդոնացիք եւ Աքայեցիք հաճեցան մի հաղորդութիւն անել աղքատ սրբերին որ Երուսաղէմումն են. 27 Հաճեցան, նոյն իսկ պարտական էլ են նորանց. որովհետեւ եթէ հեթանոսները նորանց հոգեւոր բարիքներին մասնակից եղան, պէտք է՝ որ մարմնական բաներում էլ ծառայեն նորանց: 28 Արդ այս որ կատարեմ եւ նորանց պտուղն իր տեղը հասցնեմ, կ’անցնեմ Սպանիա ձեր միջովը: 29 Եւ գիտեմ որ երբոր ձեզ մօտ գամ, Քրիստոսի աւետարանի առատ օրհնութիւնովը կ’գամ:
30 Եւ աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը եւ Հոգու սիրովը, որ ինձ համար աղօթքներ անելով դէպի Աստուած. 31 Որ ազատուիմ այն անհնազանդներիցը որ Հրէաստանումն են. եւ իմ ծառայութիւնը որ Երուսաղէմումն անելու եմ՝ սուրբերին ընդունելի լինի. 32 Որ ուրախութիւնով ձեզ մօտ գամ Աստուծոյ կամքովը, եւ ձեզ հետ հանգիստ առնեմ: 33 Եւ խաղաղութեան Աստուածը ձեր ամենի հետ լինի. ամէն: