א [Ալեֆ]
119 Երջանիկ են նրանք, ովքեր անարատությամբ են ապրում,
Ովքեր Եհովայի օրենքի համաձայն են վարվում:+
2 Երջանիկ են նրանք, ովքեր նրա հիշեցումներին ուշադրություն են դարձնում,+
Ովքեր ամբողջ սրտով նրա առաջնորդությունն են փնտրում:+
3 Նրանք անարդար բաներ չեն անում,
Նրա ճանապարհներով են ընթանում:+
4 Դու պատվիրել ես, ո՛վ Աստված,
Որ բարեխղճորեն կատարենք հրահանգները քո տված:+
5 Այնքա՜ն եմ ուզում անսասան լինել+
Եվ միշտ քո կանոնները պահել:
6 Այդ դեպքում քո բոլոր պատվիրանները քննելիս
Գլուխս չեմ կախի ամոթից:+
7 Քո արդար վճիռների մասին սովորելով՝
Ես քեզ կգովերգեմ անկեղծ սրտով:
8 Քո կանոնները կպահեմ,
Միայն թե դու երբեք անվերադարձ ինձ չլքես:
ב [Բեթ]
9 Երիտասարդն ինչպե՞ս կարող է մաքուր պահել իր ճամփան.
Եթե միշտ ինքն իրեն հսկի, որ վարվի քո խոսքի համաձայն:+
10 Ամբողջ սրտով ես քո առաջնորդությունն եմ փնտրում,
Մի՛ թող՝ քո պատվիրաններից շեղվեմ:+
11 Խոսքերդ գանձի պես իմ սրտում եմ պահում,+
Որ քո դեմ մեղք չգործեմ:+
12 Ո՛վ Եհովա, թող քեզ տրվի փառքը,
Սովորեցրու ինձ քո կանոնները:
13 Իմ շուրթերով հռչակում եմ
Քո ազդարարած բոլոր վճիռները:
14 Ես ուրախանում եմ քո հիշեցումներով՝+
Առավել, քան մյուս բոլոր արժեքավոր բաներով:+
15 Կխորհրդածեմ հրահանգներիդ մասին,+
Աչքերս կհառեմ քո ուղիներին:+
16 Շատ եմ սիրում քո օրենքները
Եվ չեմ մոռանա քո խոսքերը:+
ג [Գիմել]
17 Բարությամբ վարվիր ծառայիդ հետ,
Որ ապրեմ ու խոսքդ պահեմ:+
18 Բաց արա իմ աչքերը, որ հստակ տեսնեմ
Քո օրենքում ամփոփված սքանչելիքները:
19 Ես պարզապես մի պանդուխտ եմ այս երկրում:+
Քո պատվիրանները ինձնից մի՛ թաքցրու:
20 Վճիռներիդ հանդեպ փափագը
Անդադար այրում է իմ սիրտը:
21 Դու սաստում ես հանդուգն մարդկանց,
Քո պատվիրաններից շեղվող անիծյալ մարդկանց:+
22 Անարգանքն ու արհամարհանքը հեռացրու ինձնից,
Չէ՞ որ ես հետևում եմ քո հիշեցումներին:
23 Անգամ երբ իշխանավորները, միասին նստած, իմ դեմ են խոսում,
Ես՝ քո ծառան, կանոններիդ մասին եմ խորհում:
24 Ինձ համար թանկ են քո հիշեցումները,+
Դրանք ասես լինեն իմ խորհրդատուները:+
ד [Դալեթ]
25 Երեսնիվայր ընկած եմ հողերի մեջ:+
Ինձ ողջ պահիր, ինչպես որ խոստացել ես:+
26 Ես քեզ պատմեցի իմ անելիքների մասին,
Եվ դու ինձ պատասխանեցիր:
Քո կանոններն ուսուցանիր ինձ:+
27 Օգնիր հրահանգներիդ բուն իմաստն ըմբռնեմ,
Որ զարմանահրաշ գործերիդ մասին խորհեմ:+
28 Հոգուս ցավից կորցրել եմ քունս:
Զորացրու ինձ, ինչպես որ խոստացել ես:
29 Մի՛ թող՝ խաբեության ճամփան բռնեմ,+
Օրենքդ սովորեցնելով՝ բարեհաճություն ցույց տուր իմ հանդեպ:
30 Ես հավատարմության ճանապարհն եմ ընտրել:+
Հասկանում եմ, որ քո վճիռներն արդար են:
31 Քո հիշեցումներին հավատարմորեն հետևում եմ:+
Ո՛վ Եհովա, մի՛ թող՝ հուսախաբ լինեմ:+
32 Ողջ սրտով քո պատվիրանների համաձայն կվարվեմ,
Քանի որ բացեցիր իմ միտքը, որ դրանք լիովին ըմբռնեմ:
ה [Հե]
33 Ո՛վ Եհովա, սովորեցրու՝+ ինչպես կանոններիդ համաձայն վարվեմ,
Եվ ես մինչև կյանքիս վերջ դրանք կպահեմ:+
34 Ինձ հասկացողություն տուր, որ օրենքդ կատարեմ
Եվ ամբողջ սրտով այն պահեմ:
35 Առաջնորդիր ինձ պատվիրաններիդ ուղով,+
Չէ՞ որ ես ուրախանում եմ դրանով:
36 Օգնիր, որ սիրտս մղվի հիշեցումներիդ հետևել,
Ոչ թե եսասիրական շահերի հետամուտ լինել:+
37 Մի՛ թող՝ աչքերս անպետք բաների նայեն,+
Օգնիր՝ մնամ քո ճանապարհին, որ ապրեմ:
38 Պահիր խոստումդ, որ տվել ես ծառայիդ,
Որպեսզի քո հանդեպ վախ ունենան մարդիկ:
39 Հեռացրու ինձնից անպատվությունը, որից սարսափում եմ,
Չէ՞ որ քո վճիռներն արդար են:+
40 Տես՝ ինչպես եմ փափագում հրահանգներդ կատարել:
Կյանքս պահպանիր, չէ՞ որ դու արդար ես:
ו [Վավ]
41 Ո՛վ Եհովա, ինչպես որ խոստացել ես,+
Իմ հանդեպ ցույց տուր հավատարիմ սեր+
Եվ ինձ փրկություն բեր:
42 Այդժամ ես պատասխան կտամ ինձ ծաղրողին,
Չէ՞ որ վստահում եմ քո խոսքին:
43 Երբեք մի՛ հեռացրու իմ բերանից ճշմարտության խոսքը,
Չէ՞ որ քո արդարադատության վրա եմ դրել իմ հույսը:
44 Քո օրենքը միշտ կպահեմ,
Այո՛, ընդմիշտ, առհավետ:+
45 Ուր էլ գնամ, ապահով կլինեմ,+
Որովհետև միշտ ձգտում եմ քո պատվերները կատարել:
46 Թագավորների առաջ կխոսեմ պատվիրաններիդ մասին.
Ես չեմ ամաչի:+
47 Քո պատվիրանները ինձ համար թանկ են,
Այո՛, ես դրանք սիրում եմ:+
48 Պատվիրաններիդ համար, որոնք այդքան սիրում եմ,+
Ձեռքերս տարածած՝ քեզ աղոթում եմ:
Քո կանոնների մասին կխորհրդածեմ:+
ז [Զային]
49 Հիշիր քո ծառային տվածդ խոստումը,
Որն ինձ հույսով է լցնում:
50 Նեղության մեջ դա է իմ մխիթարությունը,+
Քո ասածները պահպանել են իմ կյանքը:
51 Հանդուգն մարդիկ ինձ անխնա ծաղրուծանակի են ենթարկում,
Բայց ես քո օրենքից չեմ շեղվում:+
52 Ո՛վ Եհովա, հնում կայացրած քո վճիռներն եմ հիշում+
Եվ մխիթարություն եմ գտնում:+
53 Իմ մեջ ուժգին ցասում են բորբոքում անօրենները՝
Նրանք, ովքեր թողնում են քո օրենքը:+
54 Որտեղ էլ որ բնակվեմ,
Քո կանոններն իմ երգերի թեման են:
55 Ո՛վ Եհովա, գիշերը մտաբերում եմ անունդ,+
Որ պահեմ օրենքդ:
56 Միշտ այդպես եմ արել,
Դրա շնորհիվ պահել եմ հրահանգներդ:
ח [Խեթ]
57 Ո՜վ Եհովա, դու ես իմ բաժինը,+
Ես խոստացել եմ պահել քո խոսքերը:+
58 Ողջ սրտով դիմում եմ քեզ,+
Բարեհաճ եղիր իմ հանդեպ,+ ինչպես որ խոստացել ես:
59 Ես իմ ճանապարհները քննում եմ,
Որ կրկին հիշեցումներիդ համաձայն վարվեմ:+
60 Շտապում եմ քո պատվիրանները պահել,
Չեմ հապաղում դրանք կատարել:+
61 Անօրեններն ինձ համար ծուղակներ են լարում,
Բայց քո օրենքը ես չեմ մոռանում:+
62 Կեսգիշերին արթնանում եմ,
Որ արդար վճիռներիդ համար քեզ շնորհակալություն հայտնեմ:+
63 Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր քո հանդեպ վախ ունեն,
Ովքեր քո հրահանգներին հնազանդվում են:+
64 Ո՛վ Եհովա, երկրի վրա ամենուր երևում է քո հավատարիմ սերը:+
Սովորեցրու ինձ քո կանոնները:
ט [Տեթ]
65 Ո՛վ Եհովա, խոստմանդ համաձայն ես վարվել.
Քո ծառային բարիք ես արել:
66 Տուր ինձ գիտելիքներ և առողջ դատողություն,+
Չէ՞ որ ես քո պատվիրաններին եմ վստահում:
67 Նախքան նեղության մեջ հայտնվելը շեղվում էի քո ճանապարհից,
Բայց հիմա հնազանդվում եմ ասածներիդ:+
68 Բարի ես դու,+ և բարի են քո գործերը:
Սովորեցրու ինձ քո կանոնները:+
69 Հանդուգն մարդիկ ստերով արատավորում են իմ համբավը,
Բայց ես ողջ սրտով կատարում եմ քո հրահանգները:
70 Նրանց սիրտը անզգա է,+
Իսկ ինձ համար քո օրենքը թանկ է:+
71 Լավ է, որ անցա նեղությունների միջով,+
Քանի որ այդպես սովորեցի ապրել քո կանոններով:
72 Քո տված օրենքը իմ բարօրության համար է,+
Ոսկու և արծաթի հազարավոր կտորներից էլ լավն է:+
י [Յոդ]
73 Քո ձեռքերն են ինձ արարել ու կազմավորել:
Հասկացողություն տուր ինձ, որ կարողանամ պատվիրաններդ յուրացնել:+
74 Ինձ տեսնելով՝ ուրախանում են քեզնից վախեցողները,
Որովհետև քո խոսքի վրա եմ դրել իմ հույսը:+
75 Գիտեմ, ո՛վ Եհովա, որ արդար են քո վճիռները,+
Եվ հավատարմությունից է բխում ինձ տվածդ պատիժը:+
76 Խնդրում եմ, քո հավատարիմ սիրով+ ինձ մխիթարիր,
Ինչպես որ խոստացել ես ծառայիդ:
77 Գթասիրտ եղիր իմ հանդեպ, որ ապրեմ,+
Որովհետև քո օրենքն ինձ համար թանկ է:+
78 Թող հանդուգն մարդիկ ամոթահար լինեն,
Քանի որ առանց պատճառի ինձ վնասում են:
Բայց ես քո հրահանգների մասին կխորհրդածեմ:+
79 Թող ինձ մոտ վերադառնան քեզնից վախեցողները
Եվ քո պատվիրաններն իմացողները:
80 Օգնիր՝ սրտանց ու անշեղորեն կանոններդ պահեմ,+
Որ ամոթահար չլինեմ:+
כ [Կաֆ]
81 Տենչում եմ տեսնել քեզնից եկող փրկությունը.+
Քո խոսքի վրա եմ դրել իմ հույսը:
82 Փափագում եմ իմ աչքով տեսնել քո խոսքի կատարումը+
Եվ ասում եմ. «Ե՞րբ ինձ կտաս քո մխիթարությունը»:+
83 Ասես ծխից չորացած տիկ լինեմ,
Բայց քո կանոնները չեմ մոռանում:+
84 Դեռ ինչքա՞ն պիտի քո ծառան սպասի:
Ե՞րբ պիտի դատաստանի ենթարկես ինձ հալածողներին:+
85 Հանդուգն մարդիկ փոսեր են փորում ինձ համար,
Նրանք մերժում են քո օրենքը հանդգնաբար:
86 Քո բոլոր պատվիրանները վստահարժան են:
Օգնիր ինձ. մարդիկ առանց պատճառի ինձ հալածում են:+
87 Քիչ է մնում՝ ինձ ջնջեն երկրի երեսից,
Բայց ես երես չեմ թեքել քո պատվերներից:
88 Հավատարիմ սիրուց մղված՝ կյանքս պահպանիր,
Որ հետևեմ քո տված հիշեցումներին:
ל [Լամեդ]
89 Ո՛վ Եհովա, քո խոսքը
Հավերժ անխախտ է, ինչպես երկինքը:+
90 Դու հավատարիմ ես սերնդեսերունդ:+
Երկիրն ամուր հաստատել ես, և այն կանգուն է մնում:+
91 Քո վճռով դրանք գոյություն ունեն մինչ օրս,
Եվ բոլորը ծառայում են քեզ:
92 Եթե քո օրենքը ինձ համար թանկ չլիներ,
Իմ գլխին եկած չարիքներից ես կկործանվեի:+
93 Երբեք չեմ մոռանա քո հրահանգները,
Որովհետև դրանց միջոցով դու պահպանել ես իմ կյանքը:+
94 Փրկիր ինձ. չէ՞ որ ես քոնն եմ+
Եվ ձգտում եմ քո հրահանգները կատարել:+
95 Անօրենները առիթի են սպասում, որ կործանեն ինձ,
Բայց ես լուրջ ուշադրություն եմ դարձնում քո հիշեցումներին:
96 Իմ տեսած ամեն կատարյալ բան իր սահմանն ունի,
Բայց քո պատվիրանը սահմաններ չունի:
מ [Մեմ]
97 Օրենքդ այնքա՜ն շատ եմ սիրում,+
Ամբողջ օրը դրա մասին եմ խորհրդածում:+
98 Պատվիրաններդ ինձ թշնամիներիցս իմաստուն են դարձնում,+
Որովհետև մշտապես դրանցով եմ առաջնորդվում:
99 Բոլոր ուսուցիչներիցս ավելի խորաթափանց եմ,+
Որովհետև քո հիշեցումների մասին եմ խորհում:
100 Ավելի խոհեմաբար եմ վարվում, քան տարեցները,
Քանի որ կատարում եմ քո հրահանգները:
101 Ամեն չար ճանապարհից հեռու եմ մնում,+
Քանի որ խոսքդ պահել եմ ուզում:
102 Դու ուսուցանել ես ինձ,
Դրա համար էլ ես չեմ շեղվում քո օրենքներից:
103 Քիմքիս այնքա՜ն հաճելի են քո խոսքերը,
Ավելի քաղցր են, քան մեղրը:+
104 Քո հրահանգների շնորհիվ ես հասկացողությամբ եմ վարվում:+
Ահա թե ինչու եմ ստության ամեն ճանապարհ ատում:+
נ [Նուն]
105 Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար
Եվ լույս՝ իմ ճանապարհի համար:+
106 Երդվել եմ, որ քո արդար վճիռների համաձայն կվարվեմ:
Տվածս երդումը կկատարեմ:
107 Շատ տառապանք եմ կրել.+
Ո՜վ Եհովա, պահպանիր կյանքս, ինչպես որ խոստացել ես:+
108 Խնդրում եմ, ո՜վ Եհովա, բարեհաճորեն ընդունիր գովաբանության իմ ընծաները,+
Սովորեցրու ինձ քո օրենքները:+
109 Միշտ վտանգի մեջ է իմ կյանքը,
Բայց ես չեմ մոռանում քո օրենքը:+
110 Անօրեններն ինձ համար ծուղակ են լարել,
Բայց քո պատվերներից ես չեմ շեղվել:+
111 Քո հիշեցումները ինձ համար միշտ թանկ կլինեն,
Որովհետև դրանք իմ սրտի ցնծությունն են:+
112 Վճռել եմ քո կանոններին հնազանդվել
Անընդմեջ, մինչև կյանքիս վերջ:
ס [Սամեխ]
113 Ես ատում եմ նրանց, ում սիրտն ամբողջությամբ նվիրված չէ քեզ,+
Իսկ քո օրենքը սիրում եմ:+
114 Դու ես իմ վահանն ու պատսպարանը.+
Քո խոսքի վրա եմ դրել իմ հույսը:+
115 Հեռու մնացեք ինձնից, չարագործնե՛ր,+
Որ կարողանամ իմ Աստծու պատվիրանները պահել:
116 Ո՛վ Աստված, խոստմանդ համաձայն՝ ինձ օգնիր,+
Որ շարունակեմ ապրել:
Իմ հույսը քեզ վրա եմ դրել,
Մի՛ թող՝ հուսախաբ լինեմ:+
117 Օգնիր ինձ, որ փրկվեմ,+
Եվ ես իմ ուշքն ու միտքը քո կանոնների վրա կպահեմ:+
118 Դու մերժում ես բոլոր նրանց, ովքեր քո կանոններից շեղվում են,+
Որովհետև նրանք ստախոս ու խաբեբա են:
119 Երկրի բոլոր անօրեններին աղբի պես դեն ես նետում,+
Ահա թե ինչու եմ քո պատվիրանները սիրում:
120 Քո ահից սարսուռով եմ համակվում,
Քո դատավճիռներից ակնածանքով եմ լցվում:
ע [Ային]
121 Ինչ որ արդար է ու ճիշտ, ես դա եմ արել:
Մի՛ թող՝ ինձ հալածողների ձեռքն ընկնեմ:
122 Երաշխավորիր, որ քո ծառան բարիք կտեսնի:
Թող որ հանդուգն մարդիկ չնեղեն ինձ:
123 Աչքերս հոգնել են սպասումով նայելուց,
Թե երբ ես ինձ փրկելու,+
Երբ ես արդար խոստումդ կատարելու:+
124 Ծառայիդ հանդեպ ցույց տուր քո հավատարիմ սերը,+
Սովորեցրու ինձ քո կանոնները:+
125 Ես քո ծառան եմ: Հասկացողություն տուր ինձ,+
Որ ըմբռնեմ պատվիրաններդ:
126 Եհո՛վա, եկել է գործելուդ ժամանակը.+
Չէ՞ որ մարդիկ խախտում են քո օրենքը:
127 Իսկ ես սիրում եմ պատվիրաններդ՝
Ոսկուց, զտված ոսկուց էլ առավել:+
128 Այո՛, ես ճիշտ եմ համարում քո ամեն մի հրահանգը+
Եվ ատում եմ բոլոր սխալ ճանապարհները:+
פ [Պե]
129 Հիշեցումներդ հիասքանչ են,
Դրա համար էլ դրանց հետևում եմ:
130 Խոսքերիդ մեկնությունը մարդկանց լույս է բերում,+
Անփորձներին հասկացողությամբ է օժտում:+
131 Այնքան ուժգին եմ պատվիրաններիդ տենչում,
Որ շուրթերիցս հառաչանքներ են հնչում:+
132 Ինձ նայիր ու բարեհաճ եղիր իմ հանդեպ,+
Ինչպես որ միշտ ես վարվում քո անունը սիրողների հետ:+
133 Քո խոսքով ուղղորդիր իմ քայլերը, որ ապահով լինեմ,
Մի՛ թող՝ որևէ չար բանի տիրապետության տակ ընկնեմ:+
134 Փրկիր ինձ բռնատենչ մարդկանցից,
Եվ ես կհնազանդվեմ քո հրահանգներին:
135 Ծառայիդ հանդեպ բարեհաճ եղիր+
Եվ կանոններդ ինձ ուսուցանիր:
136 Աչքերիցս արցունքներ են հորդում,
Քանի որ մարդիկ քո օրենքը չեն պահում:+
צ [Ցադե]
137 Ո՛վ Եհովա, արդար ես դու,+
Արդար վճիռներ ես կայացնում:+
138 Քո տված հիշեցումները արդար են,
Լիովին վստահարժան են:
139 Նախանձախնդրությունը վառվում է ներսումս,+
Որովհետև քո խոսքերն անտեսում են հակառակորդներս:
140 Քո խոսքը կատարելապես մաքուր է,+
Եվ քո ծառան այն սիրում է:+
141 Ես աննշան ու արհամարհված եմ,+
Բայց քո հրահանգները չեմ մոռացել:
142 Քո արդարությունը հավիտենական արդարություն է,+
Եվ քո օրենքը ճշմարտություն է:+
143 Թեև նեղություն ու դժվարություն եմ կրել,
Բայց շարունակում եմ պատվիրաններդ սիրել:
144 Քո հիշեցումները հավիտենապես արդար են:
Ինձ հասկացողություն տուր,+ որ շարունակեմ ապրել:
ק [Կոֆ]
145 Ամբողջ սրտով քեզ կանչում եմ օգնության:
Պատասխանիր ինձ, ո՛վ Եհովա:
Ես կվարվեմ քո կանոնների համաձայն:
146 Քեզ եմ կանչում, փրկիր ինձ:
Ես կհետևեմ քո հիշեցումներին:
147 Լույսը դեռ չբացված՝ վեր եմ կենում և օգնություն աղերսում.+
Քո խոսքերի վրա եմ իմ հույսը դնում:
148 Գիշերվա կեսին արթնանում եմ,
Որ խոսքերիդ մասին խորհրդածեմ:+
149 Ո՜վ Եհովա, հավատարիմ սիրուցդ մղված՝ լսիր իմ ձայնը,+
Վարվելով արդարությանդ համաձայն՝ պահպանիր իմ կյանքը:
150 Ամոթալի վարք ունեցողներն ահա մոտենում են ինձ,
Նրանք հեռու են քո օրենքից:
151 Դու մոտ ես ինձ, ո՛վ Եհովա,+
Քո բոլոր պատվիրանները ճշմարտություն են:+
152 Դեռ շատ վաղուց եմ իմացել,
Որ պատվիրաններդ ամուր հիմքի վրա ես դրել,
Որպեսզի դրանք մնան առհավետ:+
ר [Ռեշ]
153 Տես տառապանքս ու ազատիր ինձ,+
Որովհետև ես օրենքդ չեմ հանել իմ մտքից:
154 Պաշտպանիր ինձ և ազատիր,+
Խոստմանդ համաձայն՝ կյանքս պահպանիր:
155 Փրկություն չեն տեսնի անօրենները,
Որովհետև նրանք չեն ուզում պահել քո կանոնները:+
156 Ո՛վ Եհովա, դու անչափ գթասիրտ ես:+
Վարվելով արդարությանդ համաձայն՝ պահպանիր կյանքս:
157 Իմ թշնամիներն ու ինձ հալածողները շատ են,+
Բայց քո հիշեցումներին ես հետևում եմ անշեղորեն:
158 Ես նողկանքով եմ նայում նենգաբար վարվողներին,
Որովհետև նրանք չեն հնազանդվում քո խոսքերին:+
159 Ո՛վ Եհովա, տես՝ ինչքան եմ սիրում քո պատվերները:
Հավատարիմ սիրուց մղված՝ պահպանիր իմ կյանքը:+
160 Քո խոսքն ամբողջությամբ ճշմարտություն է,+
Եվ բոլոր արդար օրենքներդ հավիտենական են:
ש [Սին] կամ [Շին]
161 Առանց պատճառի ինձ հետապնդում են իշխանավորները,+
Բայց քո խոսքերի հանդեպ ակնածանքով է լցված իմ սիրտը:+
162 Քո ասածներից ես ուրախություն եմ ապրում,+
Ինչպես մեկը, ով մեծ գանձ է գտնում:
163 Ատում եմ սուտը, դրանից գարշում եմ,+
Իսկ քո օրենքը սիրում եմ:+
164 Գովաբանում եմ քեզ օրը յոթ անգամ
Քո արդար վճիռների համար:
165 Օրենքդ սիրողները մեծ խաղաղություն ունեն,+
Ոչինչ չի կարող պատճառ լինել, որ նրանք սայթաքեն:
166 Ո՛վ Եհովա, քո փրկարար գործերի վրա եմ հույս դնում
Եվ քո պատվիրաններն եմ կատարում:
167 Քո հիշեցումներին հետևում եմ,
Դրանք անչափ սիրում եմ:+
168 Ես վարվում եմ հրահանգներիդ ու հիշեցումներիդ համաձայն:
Դու գիտես իմ արած ամեն բան:+
ת [Թավ]
169 Թող օգնության իմ աղաղակը հասնի քեզ, ո՛վ Եհովա:+
Քո խոսքով օգնիր ինձ, որ հասկացողություն ունենամ:+
170 Խնդրում եմ, աղաչանքս լսիր
Եվ ինչպես խոստացել ես, ինձ փրկիր:
171 Թող գովաբանություն հորդի իմ շուրթերից,+
Որովհետև քո կանոններն ես սովորեցնում ինձ:
172 Ես իմ լեզվով խոսքերիդ մասին կերգեմ,+
Որովհետև բոլոր պատվիրաններդ արդար են:
173 Ինձ օգնության ձեռք մեկնիր,+
Չէ՞ որ ես որոշել եմ հնազանդվել քո հրահանգներին:+
174 Փափագով սպասում եմ, որ ինձ փրկես, ո՛վ Եհովա,
Քո օրենքը թանկ է ինձ համար:+
175 Թույլ տուր՝ ապրեմ, որ քեզ գովաբանեմ,+
Եվ թող քո վճիռներն ինձ օգնեն:
176 Թափառում եմ մոլորված ոչխարի պես:+
Փնտրիր ծառայիդ,
Որովհետև պատվիրաններդ չեմ մոռացել ես:+