14 Իմաստուն կինը կառուցում է իր տունը,+
Բայց հիմարը իր իսկ ձեռքով քանդում է այն:
2 Ուղղամտությամբ վարվողը վախենում է Եհովայից,
Բայց ծուռումուռ ճանապարհներով քայլողը արհամարհում է Նրան:
3 Հանդուգն խոսքերը գավազան են հիմարի բերանում,
Բայց իմաստունի շուրթերը կպաշտպանեն իրեն:
4 Որտեղ անասուն չկա, մսուրը մաքուր է,
Բայց ցլի զորության շնորհիվ բերքն առատ է:
5 Վստահելի վկան չի ստի,
Բայց անազնիվ վկայի ամեն մի խոսքը սուտ է:+
6 Ծաղրողը իմաստություն է փնտրում, սակայն չի գտնում,
Իսկ հասկացողություն ունեցողը հեշտությամբ է գիտելիքներ ձեռք բերում:+
7 Հեռու մնա հիմար մարդուց,
Որովհետև նրա բերանից ոչ մի իմաստուն բան չես լսի:+
8 Իմաստության շնորհիվ խորագետը հասկանում է, թե ինչ ճանապարհով է գնում,
Բայց հիմարը խաբվում է իր իսկ հիմարությամբ:+
9 Հիմարը կատակով է վերաբերվում իր մեղքերին,+
Բայց ուղղամիտը պատրաստ է հաշտության գալու:
10 Մարդն ինքը գիտի իր սրտի դառնությունը,
Եվ ոչ ոք չի կարող կիսել նրա ուրախությունը:
11 Չարագործների տունը կավերվի,+
Բայց ուղղամիտների վրանը կշենանա:
12 Կա ճանապարհ, որ ճիշտ է թվում մարդու աչքին,+
Բայց այն մահվան է տանում:+
13 Նույնիսկ երբ մարդ ծիծաղում է, սիրտը կարող է ցավ զգալ,
Եվ ուրախությունը կարող է տրտմության վերածվել:
14 Քմահաճ սիրտ ունեցողը կկրի իր արարքների հետևանքները,+
Իսկ բարի մարդը կքաղի իր լավ գործերի պտուղները:+
15 Միամիտը հավատում է ամեն խոսքի,
Բայց խորագետը կշռադատում է իր ամեն մի քայլը:+
16 Իմաստունը զգուշավոր է և հեռու է մնում չար բաներից,
Բայց հիմարը անշրջահայաց է ու չափազանց ինքնավստահ:
17 Նա, ով արագ բարկանում է, հիմարաբար է վարվում,+
Սակայն նա, ով ամեն բան կշռադատում է, ատված է:
18 Հիմարությունը միամիտների ժառանգությունը կլինի,
Բայց գիտելիքները թագ կլինեն խորագետների գլխին:+
19 Վատ մարդիկ կխոնարհվեն լավ մարդկանց առաջ,
Եվ չարագործները՝ արդարների դարպասների մոտ:
20 Աղքատին նույնիսկ իր մերձավորն է ատում,+
Բայց հարուստի ընկերները շատ են:+
21 Իր դրացուն արհամարհողը մեղք է գործում,
Բայց ով կարեկցում է խեղճին, երջանիկ է:+
22 Մի՞թե չարիք ծրագրողները չեն մոլորվի:
Սակայն ովքեր ձգտում են բարին անել,
Նրանց հանդեպ սեր ու հավատարմություն կցուցաբերվի:+
23 Ամեն տեսակ տքնաջան աշխատանքից օգուտ կա,
Բայց պարզապես խոսելը կարիքի մեջ է գցում:+
24 Իմաստունների թագը իրենց հարստությունն է:
Իսկ հիմարների ունեցածը՝ լոկ հիմարություն:+
25 Ազնիվ վկան կյանքեր է փրկում,
Մինչդեռ ստախոս վկայի ամեն մի խոսքը սուտ է:
26 Եհովայի հանդեպ վախ ունեցողը լիովին վստահում է նրան,+
Եվ այն ապաստան կլինի նրա զավակների համար:+
27 Եհովայի հանդեպ վախը կյանքի աղբյուր է.
Այն պաշտպանում է մահվան ծուղակներից:
28 Մեծաթիվ ժողովուրդը թագավորի պատիվն է,+
Բայց հպատակներ չունեցող ղեկավարին կործանում է սպասում:
29 Նա, ով չի շտապում բարկանալ, շատ խորաթափանց է,+
Բայց անհամբեր մարդը ի ցույց է դնում իր հիմարությունը:+
30 Հանդարտ սիրտը կյանք է մարմնի համար,
Իսկ նախանձը՝ փտություն ոսկորներում:+
31 Նա, ով խաբում է խեղճին, վիրավորում է նրա Ստեղծչին,+
Բայց աղքատի հանդեպ կարեկցանք ցուցաբերողը փառավորում է Նրան:+
32 Չար մարդը իր չարության պատճառով կկործանվի,
Բայց արդարն իր անարատության շնորհիվ ապաստան կգտնի:+
33 Իմաստությունը լուռ հանգրվանում է հասկացողություն ունեցողի սրտում,+
Բայց հիմարները ինչ որ գիտեն, բարձրաձայնում են:
34 Արդարությունը պատիվ է բերում ազգին,+
Իսկ մեղքը՝ անարգանք:
35 Թագավորին հաճելի է խորաթափանցությամբ վարվող ծառան,+
Բայց անամոթաբար վարվողը խիստ բարկացնում է նրան:+