Եբրայեցիներ
12 Ուստի մեր շուրջը վկաների այսպիսի մեծ բազմություն* ունենալով՝ եկեք մենք էլ մեր վրայից գցենք ամեն ծանրություն, ինչպես նաև մեղքը, որը հեշտությամբ խանգարում* է մեզ,+ և դիմացկունությամբ վազենք մեր առջև դրված այս մրցավազքում՝+ 2 մեր աչքերը հառած Հիսուսին՝ մեր հավատի գլխավոր Առաջնորդին և այն Կատարելագործողին:+ Իր առաջ դրված ուրախության համար նա ամոթն արհամարհեց ու մինչև վերջ դիմանալով՝ մահացավ տանջանքի սյան* վրա: Իսկ այժմ նստած է Աստծու գահի աջ կողմում:+ 3 Այո՛, խորությամբ մտածեք նրա օրինակի շուրջ, ով դիմացավ մեղավորների թշնամական խոսքերին,+ ովքեր, նման բաներ ասելով, իրենք իրենց էին վնասում: Դա կօգնի, որ ուժասպառ չլինեք ու չհանձնվեք:+
4 Մեղքի դեմ պայքարում դուք դեռ երբևէ արյան գնով չեք դիմակայել: 5 Դուք լրիվ մոռացել եք այն հորդորը, որն ուղղվում է ձեզ՝ որպես որդիների. «Որդի՛ս, մի՛ նսեմացրու Եհովայից* եկող խրատը և թևաթափ մի՛ եղիր, երբ նա ուղղում է քեզ, 6 որովհետև Եհովան խրատում է նրան, ում սիրում է: Նա նույնիսկ պատժում* է բոլոր նրանց, ում որպես որդի է ընդունում»:+
7 Անհրաժեշտ է, որ դիմանաք դժվարություններին, քանի որ դա ձեր ուսուցման* մի մասն է: Աստված ձեզ հետ որդիների պես է վարվում:+ Ո՞ր մի որդուն իր հայրը չի խրատում:+ 8 Եթե չստանաք այդ խրատը, որը բոլորս ենք ստանում, ուրեմն Աստծու որդիները չեք, այլ ապօրինի զավակներ եք: 9 Չէ՞ որ մեր հայրերն էլ են խրատել մեզ, ու մենք հարգել ենք նրանց: Ուրեմն չպե՞տք է արդյոք ավելի մեծ պատրաստակամությամբ հպատակվենք մեր երկնային Հորը, ով առաջնորդում է մեր կյանքն իր սուրբ ոգով, և դրա շնորհիվ կյանք ունենանք:+ 10 Մեր հայրերը մեզ խրատել են կարճ ժամանակ և դա արել են այնպես, ինչպես ճիշտ են համարել: Բայց մեր երկնային Հայրը մեր օգտի համար մեզ միշտ է խրատում, որ սուրբ լինենք, ինչպես նա:+ 11 Ճիշտ է, ոչ մի խրատ տվյալ պահին ուրախություն չի բերում, այլ ցավ է պատճառում,* բայց այն ընդունողները հետո լավ պտուղներ են քաղում՝ ճիշտ են վարվում և խաղաղություն են վայելում:
12 Այսպիսով՝ զորացրեք ուժասպառ ձեռքերն ու թուլացած ծնկները+ 13 և շարունակ ուղիղ ճանապարհով գնացեք,+ որ մարմնի կաղ անդամը չհոդախախտվի, այլ ապաքինվի: 14 Ջանադրաբար ձգտեք խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ+ և սուրբ կյանքով ապրել,*+ քանի որ նա, ով սուրբ չէ, չի տեսնի Տիրոջը: 15 Ուշադիր հետևեք, որ ոչ մեկը չզրկվի Աստծու անզուգական բարությունից, և որ ձեր մեջ չհայտնվի թունավոր բույսի արմատ, որը վնաս կպատճառի ու կպղծի շատերին:+ 16 Նաև ուշադիր եղեք, որ ձեր մեջ չլինի անբարոյական մարդ* կամ սուրբ բաները չգնահատող մեկը, ինչպիսին Եսավն էր, ով, հանուն մի աման կերակուրի, հրաժարվեց առաջնեկության իրավունքից:+ 17 Եվ ինչպես գիտեք, հետո, երբ նա ցանկացավ օրհնություն ստանալ,* մերժվեց, ու թեև փորձեց արցունք թափելով համոզել իր հորը, որ փոխի որոշումը,+ ոչ մի արդյունքի չհասավ:
18 Դուք մոտեցել եք ոչ այն լեռանը, որը հնարավոր էր շոշափել,+ որը բոցավառվում էր կրակով,+ պատված էր թուխ ամպով, թանձր խավարով և մրրիկով,+ 19 և որի շուրջը լսվում էին շեփորի հնչյուններ+ ու ժողովրդի հետ խոսող երկնային ձայն,+ ինչը լսելով՝ մարդիկ աղաչեցին, որ այն այլևս ոչինչ չասի իրենց:+ 20 Նրանց խիստ վախեցրել էր այս հրամանը. «Եթե նույնիսկ մի կենդանի ոտք դնի լեռան վրա, պետք է քարկոծվի»:+ 21 Այդ տեսարանն այնքան ահազդու էր, որ նույնիսկ Մովսեսն ասաց. «Ես ահուդողի մեջ եմ»:+ 22 Դուք Սիոն լեռանն+ եք մոտեցել և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին,+ բյուրավոր* հրեշտակների 23 ողջ բազմությանը,+ Աստծու առաջնեկների ժողովին, որոնց անունները գրված են երկնքում, մոտեցել եք Աստծուն՝ ամենքի Դատավորին,+ արդարներին, որոնք ապրում են սուրբ ոգու առաջնորդությանը ներդաշնակ,+ և որոնք կատարելության են բերվել,+ 24 մոտեցել եք Հիսուսին՝ նոր ուխտի+ միջնորդին,+ և շաղ տրված արյանը, որն ավելի լավ բան է աղաղակում, քան Աբելի արյունը:+
25 Զգույշ եղեք, որ չլինի թե հրաժարվեք լսել* խոսողին, որովհետև եթե երկրի վրա Աստծու հաղորդած նախազգուշացումները լսել չցանկացողները չազատվեցին պատժից, ապա առավել ևս մենք չենք ազատվի, եթե մերժենք երկնքից խոսողին:+ 26 Այն ժամանակ Աստծու ձայնը ցնցեց երկիրը,+ բայց հիմա նա խոստացել է. «Եվս մեկ անգամ ես կցնցեմ ոչ միայն երկիրը, այլև երկինքը»:+ 27 «Եվս մեկ անգամ» արտահայտությունը ցույց է տալիս, որ Աստված վերացնելու է այն, ինչը ցնցվում է տեղից՝ ինչը իր ստեղծածը չէ, որպեսզի մնա այն ամենը, ինչը հնարավոր չէ ցնցել: 28 Հետևաբար, իմանալով, որ ստանալու ենք մի Թագավորություն, որը հնարավոր չէ ցնցել տեղից, եկեք ամեն ինչ անենք, որ Աստված շարունակի անզուգական բարություն դրսևորել մեր հանդեպ, ինչի շնորհիվ կկարողանանք ընդունելի կերպով սուրբ ծառայություն մատուցել նրան՝ աստվածավախությամբ և ակնածանքով. 29 չէ՞ որ մեր Աստվածը սպառող կրակ է:+