1 Տիմոթեոս
6 Ստրուկները* թող շարունակեն սրտանց պատվել իրենց տերերին,+ որ մարդիկ չվատաբանեն Աստծու անունը և ուսմունքը:+ 2 Իսկ հավատացյալ տերեր ունեցող ստրուկները թող անհարգալից չվերաբերվեն նրանց, ինչ է թե իրենց եղբայրներն են: Ընդհակառակը, պետք է ավելի մեծ պատրաստակամությամբ ծառայեն, որովհետև իրենց բարեխիղճ ծառայությունը իրենց իսկ հավատակիցների՝ սիրելի եղբայրների համար է:
Շարունակիր սովորեցնել այս ամենը և տալ այս հորդորները: 3 Եթե որևէ մեկը ուրիշ ուսմունք է սովորեցնում և համաձայն չէ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ* խոսքերին+ և այն ուսմունքին, որը Աստծու հանդեպ նվիրվածություն է խրախուսում,+ 4 ուրեմն նա հպարտությամբ է լցված և ոչինչ չի հասկանում:+ Նրա ուշքն ու միտքը բանավեճերն են ու բառերի շուրջ վիճաբանությունները:*+ Նման բաները ծնում են նախանձ, պառակտումներ, զրպարտություն,* չարամիտ կասկածներ, 5 անդադար վեճեր չնչին հարցերի շուրջ: Այդ վեճերը հրահրում են ապականված միտք ունեցող մարդիկ,+ որոնք այլևս չեն հասկանում ճշմարտությունը և կարծում են, թե աստվածանվեր լինելը օգուտ ստանալու միջոց է:+ 6 Այո՛, Աստծուն նվիրված լինելով՝+ մենք իսկապես մեծ օգուտներ ենք ստանում, բայց եթե դրա հետ մեկտեղ գոհանում ենք մեր ունեցածով: 7 Ոչինչ չենք բերել աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել:+ 8 Ուստի եթե ուտելիք և հագուստ* ունենք, դրանցով բավարարվենք:+
9 Բայց նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության ու որոգայթի մեջ,+ տրվում են բազում անմիտ և վնասակար ցանկությունների, որոնք աղետ ու կործանում են բերում:+ 10 Այո՛, ամեն վնասակար բանի արմատը փողասիրությունն է, և դրան տրվելով՝ ոմանք շեղվել են հավատից ու իրենց շատ ցավերով են խոցել:+
11 Բայց դու, Աստծո՛ւ մարդ, փախիր այդ ամենից և ջանադրաբար ձգտիր ճիշտն անել, Աստծուն նվիրված լինել, հավատ ու սեր դրսևորել, դիմանալ դժվարություններին և մեղմություն ցուցաբերել:+ 12 Մղիր հավատի վեհ պատերազմը, ամուր պահիր հավիտենական կյանքի հույսը, որի համար կանչվեցիր և որի մասին հրաշալի վկայություն տվեցիր բազմաթիվ մարդկանց առաջ:
13 Կյանք տվող Աստծու և Քրիստոս Հիսուսի առաջ, ով Պոնտացի Պիղատոսի առջև հրաշալի վկայություն տվեց,+ պատվիրում եմ քեզ, 14 որ անշեղորեն պահես այս պատվիրանները և անմեղադրելի մնաս մինչև այն ժամանակը, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ցույց կտա իր զորությունը:+ 15 Երջանիկ ու միակ Տիրակալը՝ թագավորների Թագավորը և տերերի Տերը, դա կանի նշանակված ժամանակին:+ 16 Նրանց մեջ նա միակն է, ով ունի անմահություն+ և բնակվում է փառահեղ լույսի մեջ,+ որին հնարավոր չէ մոտենալ: Մարդկանցից ոչ ոք չի տեսել նրան և ոչ էլ կարող է տեսնել:+ Թող նրան պատիվ տրվի, և նրա զորությունը հավերժ լինի: Ամեն:
17 Իսկ նրանց, ովքեր ներկայիս աշխարհում* հարուստ են, պատվիրիր, որ գոռոզամիտ չլինեն և իրենց հույսը չդնեն անկայուն հարստության վրա,+ այլ ապավինեն Աստծուն, ով առատորեն տալիս է մեզ ամեն ինչ, որ վայելենք:+ 18 Պատվիրիր, որ բարիք անեն, հարուստ լինեն լավ գործերով և լինեն առատաձեռն, ուրիշներին բաժին հանելու պատրաստ:+ 19 Այդպիսով նրանք մնայուն գանձեր կկուտակեն, այսինքն՝ ամուր հիմք կդնեն ապագայի համար+ և կառչած կլինեն իսկական կյանքին:+
20 Տիմոթեո՛ս, պահպանիր քեզ վստահվածը՝+ հեռու մնալով սուրբ բաները ոտնահարող դատարկ զրույցներից, ինչպես նաև այսպես կոչված «գիտելիքներ» ունեցողների հակասական գաղափարներից:+ 21 Մի քանիսը, այդպիսի գիտելիքներ ի ցույց դնելով, շեղվել են հավատից:
Թող Աստված անզուգական բարություն դրսևորի ձեր հանդեպ: