1 Թեսաղոնիկեցիներ
5 Եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է Աստծու սահմանած ժամանակներին և ժամանակահատվածներին, կարիք չկա, որ ձեզ ինչ-որ բան գրվի: 2 Դուք շատ լավ գիտեք, որ Եհովայի* օրը+ գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը՝ գիշերով:+ 3 Երբ ասեն՝ «Խաղաղություն է և անվտանգություն», այդ ժամանակ կործանումը հանկարծակի վրա կհասնի մարդկանց,+ ինչպես որ հղի կնոջ ծննդաբերության ցավերն են բռնում, և նրանք ոչ մի կերպ չեն կարողանա խուսափել դրանից: 4 Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը հանկարծակիի բերի ձեզ, ինչպես լուսաբացը՝ գողին, 5 որովհետև դուք բոլորդ լույսի որդիներ եք՝ ցերեկվա որդիներ:+ Այո՛, մենք գիշերվա կամ խավարի որդիներ չենք:+
6 Ուրեմն եկեք չքնենք ուրիշների պես,+ այլ արթուն լինենք+ ու պահպանենք մեր սթափ դատողությունը:+ 7 Քնողները գիշերն են քնած, հարբողները գիշերն են հարբած,+ 8 իսկ մենք, որ ցերեկվա որդիներ ենք, եկեք պահպանենք մեր սթափ դատողությունը, կրենք հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը:+ 9 Չէ՞ որ Աստված ընտրել է մեզ, որ ոչ թե իր ցասումը թափի մեզ վրա, այլ որ փրկվենք+ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, 10 ով մահացավ մեզ համար,+ որպեսզի ողջ լինենք, թե մահանանք,* կարողանանք ապրել նրա հետ միասին:+ 11 Ուստի շարունակեք քաջալերել* ու զորացնել միմյանց,+ ինչպես որ անում եք:
12 Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, հարգեք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են ձեզ համար, առաջնորդում են ձեզ Տիրոջ գործում ու խորհուրդներ են տալիս ձեզ: 13 Նրանց հանդեպ մեծ գնահատանք ու սեր դրսևորեք իրենց կատարած աշխատանքի համար:+ Միմյանց հետ խաղաղություն պահպանեք:+ 14 Նաև հորդորում ենք ձեզ, եղբայրնե՛ր, նախազգուշացում* տվեք կարգազանցներին,*+ սփոփեք վհատվածներին, աջակցեք թույլերին, համբերատար եղեք բոլորի հանդեպ:+ 15 Ոչ մեկդ չարիքի դիմաց չարիքով մի՛ հատուցեք,+ այլ միշտ ձգտեք բարին գործել թե՛ մեկդ մյուսիդ, թե՛ մյուս բոլոր մարդկանց հանդեպ:+
16 Միշտ ուրախ եղեք:+ 17 Միշտ աղոթեք:+ 18 Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք:+ Աստծու կամքն է, որ դուք անեք այս ամենը, քանի որ Քրիստոս Հիսուսի հետևորդն եք: 19 Մի՛ հանգցրեք սուրբ ոգու բորբոքած կրակը:+ 20 Արհամարհանքով մի՛ վերաբերվեք Աստծու ներշնչմամբ տրված պատգամներին:*+ 21 Ստուգեք ամեն ինչ,+ տեսեք՝ ինչն է ճիշտ, և ամուր բռնեք այն: 22 Հեռու մնացեք ամեն վատ բանից:+
23 Թող ինքը՝ խաղաղություն տվող* Աստվածը, ամբողջությամբ սրբագործի* ձեզ՝ իրեն ծառայելու համար: Եղբայրնե՛ր, թող ձեր ոգին, կյանքն* ու մարմինը ամեն ինչում մաքուր ու անարատ մնան մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության ժամանակ:+ 24 Ձեզ կանչողը հավատարիմ է, և նա, անկասկած, հոգ կտանի այդ մասին:
25 Եղբայրնե՛ր, շարունակ աղոթեք մեզ համար:+
26 Ողջունեք բոլոր եղբայրներին ջերմ* համբույրով:
27 Տիրոջ անունով լրջորեն պարտավորեցնում եմ ձեզ, որ այս նամակը կարդաք բոլոր եղբայրների համար:+
28 Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր անզուգական բարությունը դրսևորի ձեր հանդեպ: