Կարտացոլե՞ս Աստծու փառքը
«Մենք.... Տիրոջ փառքն ենք արտացոլում հայելու նման» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ 3։18, ԱՆԹ)։
1. Ի՞նչ տեսավ Մովսեսը, և այնուհետև ի՞նչ տեղի ունեցավ։
ԴԱ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ տեսիլքներից մեկն էր, որ մարդ արարածը երբևէ տեսել էր։ Մենակ՝ Սինա սարի բարձունքում, Մովսեսը ստացավ իր ոչ սովորական խնդրանքի պատասխանը։ Նրան թույլ տրվեց տեսնելու այն, ինչ ոչ մի մարդ երբեք չէր տեսել՝ Եհովայի փառքը։ Իհարկե, Մովսեսը Եհովային չտեսավ ուղղակիորեն. Աստված այնքա՛ն փառահեղ է, որ ոչ մի մարդ չի կարող նրան նայել ու կենդանի մնալ։ Այդ պատճառով Եհովան իր ‘ձեռքով ծածկեց’՝ պաշտպանեց, Մովսեսին, մինչև որ ինքը կանցներ նրա մոտով. այս ամենը ակներևաբար տեղի ունեցավ Եհովային ներկայացնող մի հրեշտակի միջոցով։ Այնուհետև Եհովան Մովսեսին թույլ տվեց տեսնել իր փառքի արտացոլանքը։ Դրանից բացի, Եհովան հրեշտակի միջոցով խոսեց Մովսեսի հետ։ Աստվածաշունչը պատմում է, թե հետո ինչ եղավ. «Երբոր Մովսէսը Սինայ սարիցն իջնում էր, .... իր երեսի մորթը լուսափայլում էր Եհովան իր հետ խօսելիս» (Ելից 33։18–34։7, 29)։
2. Ի՞նչ է գրել Պողոս առաքյալը այն փառքի հետ կապված, որ արտացոլում են քրիստոնյաները։
2 Պատկերացրու, որ դու Մովսեսի հետ այդ սարում ես։ Ի՜նչ հուզիչ է տեսնել Ամենակարողի շլացուցիչ շքեղությունը և լսել նրա խոսքերը։ Ինչպիսի՜ առանձնաշնորհում է Սինա սարից իջնել Մովսեսի՝ Օրենքի ուխտի միջնորդի հետ։ Իսկ գիտե՞ս, որ այսօր ճշմարիտ քրիստոնյաները որոշ հարցերում Աստծու փառքը արտացոլում են ավելի գերազանց ձևով, քան Մովսեսը։ Այս խորիմաստ իրողության մասին խոսել է Պողոս առաքյալը իր նամակներից մեկում։ Նա գրել է, որ օծյալ քրիստոնյաները ‘հայելու նման արտացոլում են Եհովայի փառքը’ (Բ Կորնթացիս 3։7, 8, 18 ԱՆԹ)։ Երկրային հույս ունեցող քրիստոնյաները ինչ–որ իմաստով նույնպես արտացոլում են Աստծու փառքը։
Ինչպես են քրիստոնյաներն արտացոլում Աստծու փառքը
3. Ի՞նչ գիտելիքներ մենք ունենք Եհովայի մասին, որոնք Մովսեսը չէր կարող ունենալ։
3 Ինչպե՞ս կարող ենք Աստծու փառքն արտացոլել։ Մենք չենք տեսել կամ լսել Եհովային, ինչպես որ տեսել և լսել է Մովսեսը։ Սակայն Եհովայի մասին մենք ունենք այնպիսի գիտելիքներ, որոնք Մովսեսը չէր կարող ունենալ։ Հիսուսը Մովսեսի մահից գրեթե 1 500 տարի անց միայն եկավ որպես Մեսիա։ Հետևաբար Մովսեսը չէր կարող իմանալ, թե Օրենքն ինչպես էր կատարվելու Հիսուսի վրա, որը մահացավ, որպեսզի մարդկանց փրկի մեղքի ու մահվան սարսափելի ճիրաններից (Հռովմայեցիս 5։20, 21; Գաղատացիս 3։19)։ Բացի այդ, Մովսեսը կարող էր միայն սահմանափակ պատկերացում ունենալ Եհովայի նպատակի վեհության մասին, որը սերտորեն կապված է Մեսիական Թագավորության ու երկրային Դրախտի հետ, որ այդ Թագավորությունը կբերի։ Այսպիսով՝ մենք Եհովայի փառքը տեսնում ենք ոչ թե մեր ֆիզիկական աչքերով, այլ սուրբգրային ուսմունքների վրա հիմնված հավատի աչքերով։ Նաև, մենք Եհովայի ձայնը լսում ենք ոչ թե հրեշտակների, այլ Աստվածաշնչի, մասնավորապես Ավետարանների միջոցով, որտեղ այնքան հրաշալի կերպով են նկարագրվում Հիսուսի ուսուցումներն ու ծառայությունը։
4. ա) Ինչպե՞ս են օծյալ քրիստոնյաներն արտացոլում Աստծու փառքը։ բ) Երկրային հույս ունեցողներն ինչպե՞ս կարող են արտացոլել Աստծու փառքը։
4 Թեև քրիստոնյաները Աստծու փառքը չեն արտացոլում այնպես, կարծես թե իրենց երեսից ճառագայթներ են արձակվում, այնուհանդերձ նրանց դեմքն ուղղակի փայլում է, երբ մարդկանց պատմում են Եհովայի փառավոր անձնավորության ու նպատակների մասին։ Մեր օրերի վերաբերյալ Եսայիա մարգարեն կանխագուշակեց, որ Աստծու ծառաները «պիտի պատմեն [Եհովայի] փառքը ազգերի մէջ» (Եսայիա 66։19)։ Բացի այդ, Բ Կորնթացիս 4։1, 2 համարներում կարդում ենք. «Այս պաշտօնն ունենալով, ....ամօթալի ծածուկ բաները մերժել ենք. եւ խորամանկութեամբ չենք վարվում։ Եւ Աստուծոյ խօսքն էլ չենք ծռում. այլ ճշմարտութեան յայտնութիւնովը [«ճշմարտութիւնը յայտնելով», ԱԱ] մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստուծոյ առաջին»։ Պողոսի այս խոսքերը նախևառաջ հասցեագրված են օծյալ քրիստոնյաներին, որոնք ‘նոր Ուխտի ծառաներ’ են (Բ Կորնթացիս 3։6, ԱՆԹ)։ Իսկ նրանց ծառայությունը օգուտ է տալիս անհամար մարդկանց, որոնք երկրի վրա հավիտյան ապրելու հույս են ձեռք բերում։ Օծյալները և երկրային հույս ունեցողները արտացոլում են Եհովայի փառքը ոչ միայն նրանով, թե ինչ են ուսուցանում, այլև, թե ինչպես են ապրում։ Մեզ համար, մի կողմից, պատիվ է արտացոլել Բարձրյալ Աստծու փառքը, և, մյուս կողմից, դա անելը մեր պատասխանատվությունն է։
5. Մեր հոգևոր բարգավաճումը ինչի՞ մասին է վկայում։
5 Այսօր, ինչպես կանխագուշակել էր Հիսուսը, Աստծու Թագավորության փառավոր բարի լուրը քարոզվում է ամբողջ աշխարհում (Մատթէոս 24։14)։ Մարդիկ՝ բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից, մեծ խանդավառությամբ են արձագանքում բարի լուրին և իրենց ապրելակերպը փոխում են, որպեսզի կատարեն Աստծու կամքը (Հռովմայեցիս 12։2; Յայտնութիւն 7։9)։ Վաղ քրիստոնյաների պես՝ նրանք չեն կարող չխոսել այն բաների մասին, որ տեսել և լսել են (Գործք 4։20)։ Մեր օրերում ավելի քան վեց միլիոն մարդ արտացոլում է Աստծու փառքը, ինչը երբեք նախկինում այդքան շատ մարդ չէր արել։ Իսկ դու նրանց մե՞ջ ես։ Աստծու ժողովրդի հոգևոր բարգավաճումը համոզիչ կերպով վկայում է, որ Եհովան օրհնում և պաշտպանում է նրան։ Եթե հաշվի առնենք, թե ինչ զորավոր ուժեր են մեր դեմ կանգնած, ապա է՛լ ավելի ակնհայտորեն է երևում, որ Եհովայի ոգին մեզ վրա է։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչո՛ւ է Աստծու սուրբ ոգին մեզ վրա։
Աստծու ժողովրդին հնարավոր չէ լռեցնել
6. Եհովայի կողմը կանգնելու համար ինչո՞ւ են անհրաժեշտ հավատ և քաջություն։
6 Պատկերացրու՝ քեզ կանչել են դատարան՝ վկայություն տալու անողորմ հանցագործի դեմ։ Դու գիտես, որ այդ հանցագործը ուժեղ կազմակերպություն ունի և կդիմի ցանկացած միջոցի, որ քեզ թույլ չտա մերկացնելու իրեն։ Նրա դեմ վկայություն տալու համար քեզանից կպահանջվի քաջություն, ինչպես նաև վստահություն այն հարցում, որ իշխանությունները կապահովեն քո անձնական անվտանգությունը։ Մենք նմանատիպ իրավիճակում ենք։ Եհովայի ու նրա նպատակների օգտին վկայություն տալով՝ մենք վկայություն ենք տալիս ընդդեմ Բանսարկու Սատանայի և մերկացնում ենք նրան որպես մարդասպանի և ստախոսի, որը մոլորեցնում է բովանդակ աշխարհը (Յովհաննէս 8։44; Յայտնութիւն 12։9)։ Քեզանից հավատ և քաջություն է պահանջվում, մի կողմից, Եհովայի կողմը կանգնելու, և, մյուս կողմից, Սատանային դեմ լինելու համար։
7. Որքանո՞վ է Սատանան զորավոր, և ի՞նչ է նա փորձում անել։
7 Եհովան, անշուշտ, Բարձրյալն է։ Նա զորությամբ անսահմանորեն գերազանցում է Սատանային։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան ոչ միայն ի վիճակի է, այլև ցանկանում է պաշտպանել մեզ, եթե մենք նվիրվածությամբ ծառայենք նրան (Բ Մնացորդաց 16։9)։ Այդուհանդերձ, Սատանան իշխում է թե՛ դևերի և թե՛ Աստծուց օտարացած մարդկության վրա (Մատթէոս 12։24, 26; Յովհաննէս 14։30)։ Վտարված լինելով դեպի երկրի մերձակայքը և ‘մեծ բարկությամբ’ լցված՝ Սատանան դաժանորեն հալածում է Եհովայի ծառաներին և իր իշխանության տակ գտնվող աշխարհի միջոցով փորձում է փակել բարի լուրը քարոզողների բերանը (Յայտնութիւն 12։7–9, 12, 17)։ Ինչպե՞ս է նա դա անում։ Առնվազն երեք միջոցներով։
8, 9. Սատանան ինչպե՞ս է մարդկանց մեջ սեր առաջացնում այնպիսի բաների հանդեպ, որոնք շեղում են նրանց ուշադրությունը Աստծուց, և ինչո՞ւ մենք պետք է զգույշ լինենք ընկերակցության հարցում։
8 Միջոցներից մեկը, որով Սատանան փորձում է շեղել մեր ուշադրությունը, կյանքի հոգսերն են։ Այս վերջին օրերում մարդիկ սիրում են փողը, եսասեր են և հաճույքների ետևից են ընկնում։ Նրանք Աստծուն չեն սիրում (Բ Տիմոթէոս 3։1–4)։ Կլանված լինելով առօրյա հոգսերով՝ մարդկանց մեծամասնությունը ուշադրություն չի դարձնում մեր բերած բարի լուրին։ Աստվածաշնչյան ճշմարտությունները պարզապես չեն հետաքրքրում նրանց (Մատթէոս 24։37–39)։ Նման տրամադրվածությունը կարող է վարակիչ լինել ու մեզ գցել հոգևոր նիրհի մեջ։ Եթե թույլ տանք, որ մեր մեջ սեր առաջանա նյութականի և հաճույքների հանդեպ, ապա սերը Աստծու հանդեպ աստիճանաբար կսառչի (Մատթէոս 24։12)։
9 Այդ իսկ պատճառով քրիստոնյաները զգույշ են այն հարցում, թե ում հետ են ընկերակցում։ «Իմաստունների հետ վարուողը [«քալողը», ԱԱ] իմաստուն կ’դառնայ,— գրեց Սողոմոն թագավորը.— բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։ Թող որ մենք քայլենք նրանց հետ, ովքեր արտացոլում են Աստծու փառքը։ Որքա՜ն հաճելի է նրանց հետ քայլելը։ Երբ մեր հոգևոր եղբայրների և քույրերի հետ մասնակցում ենք ժողովի հանդիպումներին և հավաքվում ենք այլ առիթներով, մենք քաջալերվում ենք՝ տեսնելով նրանց սերը, հավատը, ուրախությունը և իմաստությունը։ Այսպիսի բարերար ընկերակցությունը ամրացնում է մեր վճռականությունը՝ շարունակելու ծառայել Աստծուն։
10. Ի՞նչ կերպերով է Սատանան ծաղրում Աստծու փառքն արտացոլողներին։
10 Երկրորդ միջոցը, որով Սատանան փորձում է ստիպել քրիստոնյաներին չարտացոլել Աստծու փառքը, ծաղրանքն է։ Սա մեզ համար զարմանալի չպիտի լինի։ Երկրի վրա իր ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը ծաղրանքի ենթարկվեց. նրա վրա ծիծաղեցին, նրան հեգնեցին, ծաղրեցին, նախատեցին և նույնիսկ նրա վրա թքեցին (Մարկոս 5։40; Ղուկաս 16։14 ԱՆԹ; 18։32)։ Վաղ քրիստոնյաները նույնպես ծաղրուծանակի ենթարկվեցին (Գործք 2։13; 17։32)։ Նույն բանը տեղի է ունենում Եհովայի ժամանակակից ծառաների հետ։ Ինչպես Պետրոս առաքյալն է ասում, նրանց պիտակելու էին սուտ մարգարեներ անունով։ Նա կանխագուշակեց. «Յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին։ Եւ կ’ասեն. Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի.... ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ» (Բ Պետրոս 3։3, 4)։ Աստծու ծառաներին ծաղրում են՝ ասելով, որ նրանք իրականությունից հեռու են։ Աստվածաշնչի բարոյական չափանիշները հնաոճ են համարվում։ Շատերի համար մեր քարոզչության պատգամը հիմարություն է (Ա Կորնթացիս 1։18, 19)։ Լինելով քրիստոնյաներ՝ մենք ծաղրանքի ենք ենթարկվում դպրոցում, աշխատավայրում ու երբեմն նույնիսկ ընտանիքում։ Բայց մենք անսասան ենք մնում և մեր քարոզչությամբ շարունակում ենք արտացոլել Աստծու փառքը՝ Հիսուսի պես գիտենալով, որ Աստծու Խոսքը ճշմարտություն է (Յովհաննէս 17։17)։
11. Ինչպե՞ս է Սատանան հալածանքի միջոցով փորձում լռեցնել քրիստոնյաներին։
11 Երրորդ միջոցը, որ Սատանան օգտագործում է մեզ լռեցնելու համար, հակառակությունն ու հալածանքն է։ Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Ձեզ նեղութեան կ’մատնեն. եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք» (Մատթէոս 24։9)։ Իսկապես, լինելով Եհովայի վկաներ՝ մենք աշխարհի շատ մասերում դաժան հալածանքների ենք ենթարկվում։ Մենք գիտենք Եհովայի կողմից վաղուց ասված այն մարգարեության մասին, որ ատելություն, կամ՝ թշնամություն կլինի Աստծուն ծառայողների և Սատանային ծառայողների միջև (Ծննդոց 3։15)։ Նաև գիտենք, որ փորձությունների ներքո անարատություն պահելով՝ վկայում ենք Եհովայի տիեզերական գերիշխանության արդարացիության մասին։ Այս բանն իմանալն այնպես է մեզ զորացնում, որ մենք կարող ենք նույնիսկ ամենածանր դժվարություններին դիմանալ։ Ոչ մի հալածանք երբեք չի կարող մշտապես լռեցնել մեզ, եթե շարունակենք վճռականորեն տրամադրված լինել արտացոլելու Աստծու փառքը։
12. Ինչո՞ւ պետք է ուրախ լինենք՝ հավատարիմ մնալով Սատանայի հակառակության ներքո։
12 Դիմադրո՞ւմ ես աշխարհի հրապույրներին և փաստո՞ւմ ես արդյոք, որ հավատարիմ ես՝ չնայած ծաղրանքին ու հալածանքին։ Եթե այո, ուրեմն ուրախանալու պատճառ ունես։ Հիսուսը իր ապագա հետևորդներին հավաստիացրեց. «Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։ Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային» (Մատթէոս 5։11, 12)։ Քո տոկունությունը վկայում է, որ Եհովայի զորավոր սուրբ ոգին քեզ վրա է և ուժ է տալիս, որ արտացոլես Աստծու փառքը (Բ Կորնթացիս 12։9)։
Տոկունությունը Եհովայից է
13. Ո՞րն է հիմնական շարժառիթը, թե ինչու ենք տոկում քրիստոնեական ծառայության մեջ։
13 Հիմնական շարժառիթը, թե ինչու ենք տոկում ծառայության մեջ, այն է, որ մենք սիրում ենք Եհովային և հաճույքով ենք արտացոլում նրա փառքը։ Մարդիկ հակված են ընդօրինակելու նրանց, ում սիրում և հարգում են։ Ուրիշ ոչ ոք արժանի չէ ընդօրինակման այնպես, ինչպես որ Եհովա Աստված։ Իր իսկ մեծ սիրուց մղված՝ նա երկիր ուղարկեց իր Որդուն, որպեսզի վերջինս վկայություն տա ճշմարտության մասին և փրկի հնազանդ մարդկանց (Յովհաննէս 3։16; 18։37)։ Աստծու պես՝ մենք ցանկանում ենք, որ բոլոր մարդիկ զղջան ու փրկվեն. ահա թե ինչու ենք քարոզում նրանց (Բ Պետրոս 3։9)։ Այս ցանկությունը՝ Աստծուն ընդօրինակելու վճռականության հետ մեկտեղ, մղում է մեզ հաստատակամորեն շարունակել արտացոլել նրա փառքը մեր ծառայության մեջ։
14. Ինչպե՞ս է Եհովան զորացնում մեզ, որպեսզի մեր ծառայության մեջ տոկանք։
14 Այդուհանդերձ, վերջին հաշվով Եհովայի տված զորությամբ է, որ տոկում ենք քրիստոնեական ծառայության մեջ։ Նա մեզ նեցուկ է կանգնում և ամրացնում է իր ոգու, կազմակերպության և Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Եհովան տոկունություն է տալիս նրանց, ովքեր ուզում են արտացոլել իր փառքը։ Նա պատասխանում է մեր աղոթքներին և իմաստություն է տալիս փորձությունները հաղթահարելու համար (Հռովմայեցիս 15։5, ՆԱ; Յակոբոս 1։5)։ Ավելին, Եհովան թույլ չի տալիս, որ մեր ուժերից վեր փորձության ենթարկվենք։ Եթե վստահենք Եհովային, ապա նա ելք կպատրաստի, որպեսզի կարողանանք շարունակել արտացոլել նրա փառքը (Ա Կորնթացիս 10։13)։
15. Ի՞նչն է մեզ օգնում տոկալու։
15 Ծառայության մեջ տոկալով՝ մենք փաստում ենք, որ Աստծու ոգին մեզ վրա է։ Լուսաբանենք։ Ենթադրենք, ինչ–որ մեկը խնդրում է քեզ, որ տնից տուն անվճար հաց բաժանես մարդկանց։ Քեզ ասել են, որ այդ գործը պետք է անես քո սեփական միջոցների և ժամանակի հաշվին։ Հացը բաժանելով՝ շուտով հայտնաբերում ես, որ շատ քիչ մարդիկ են ցանկանում հաց վերցնել. ոմանք նույնիսկ խոչընդոտում են քեզ։ Ի՞նչ ես կարծում, կշարունակե՞ս ամսեամիս, տարեցտարի զբաղվել այդ հանձնարարությունը կատարելով։ Հավանաբար, ոչ։ Ըստ ամենայնի, դու մեծ ջանքեր ես թափել, որպեսզի բարի լուրը տարեցտարի և նույնիսկ տասնամյակներ շարունակ տարածես քո սեփական միջոցների և ժամանակի հաշվին։ Իսկ ինչո՞ւ ես դու այդպիսի զոհողություններ արել։ Մի՞թե պատճառն այն չէ, որ դու սիրում ես Եհովային, և որ նա իր ոգու միջոցով օրհնել է քո ջանքերը՝ օգնելով քեզ տոկալու։ Անկասկա՛ծ։
Գործեր, որ կհիշվեն
16. Եթե ծառայության մեջ տոկանք, ապա ի՞նչ կարող է դա նշանակել մեզ համար և մեզ լսողների համար։
16 Նոր ուխտի հետ կապված ծառայությունը թանկագին նվեր է (Բ Կորնթացիս 4։7)։ Նման ձևով, «ուրիշ ոչխարների» կողմից ամբողջ աշխարհում արվող քրիստոնեական ծառայությունը մեծ գանձ է։ Շարունակելով տոկալ քո ծառայության մեջ՝ դու, ինչպես Պողոսը գրեց Տիմոթեոսին, «քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ» (Ա Տիմոթէոս 4։16)։ Միայն պատկերացրու, թե դա ինչ է նշանակում։ Այն բարի լուրը, որ քարոզում ես, մարդկանց հնարավորություն է տալիս ապրելու հավիտյան։ Դու կարող ես ամուր բարեկամական կապեր հաստատել նրանց հետ, ում օգնում ես հոգևորապես։ Պատկերացրու, թե ի՜նչ ուրախություն կլինի հավիտյան ապրել Դրախտում նրանց հետ, ում օգնել ես սովորել Աստծու մասին։ Անշուշտ, նրանք երբեք չեն մոռանա, թե ի՜նչ ջանքեր ես թափել իրենց համար։ Այո՛, դու բավարարվածության խոր զգացում կունենաս։
17. Ինչո՞ւ կարելի է ասել, որ մենք ապրում ենք պատմության մի եզակի փուլում։
17 Դու ապրում ես մարդկության պատմության մի եզակի փուլում։ Բարի լուրը այլևս երբեք չի քարոզվի մի աշխարհում, որն օտարացած է Աստծուց։ Նոյը այդպիսի աշխարհում էր ապրում, և նա տեսավ, թե ինչպես այդ աշխարհը անհետացավ։ Ըստ ամենայնի, նա որքա՜ն ուրախ էր՝ իմանալով, որ տապան շինելով կատարել է Աստծու կամքը, ինչի շնորհիվ էլ և՛ ինքը փրկվեց, և՛ իր ընտանիքը (Եբրայեցիս 11։7)։ Դու նույնպես կարող ես այդպիսի ուրախություն ունենալ։ Խորհիր, թե ինչ զգացումներ կունենաս նոր աշխարհում, երբ հիշես այս վերջին օրերում քո կատարած գործերը՝ գիտենալով, որ հնարավոր ամեն բան արել ես հանուն Թագավորության շահերի։
18. Ի՞նչ հավաստիացում և քաջալերանք է Եհովան տալիս իր ծառաներին։
18 Ուրեմն, եկեք շարունակենք արտացոլել Աստծու փառքը։ Մենք հավիտյան կհիշենք այն գործերը, որ անում ենք հանուն Թագավորության։ Եհովան նույնպես հիշում է մեր գործերը։ Աստվածաշնչում ահա այսպիսի քաջալերական խոսքեր են գրված. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք։ Եւ փափաքում ենք որ ձեզանից ամեն մէկը նոյն ջանքը ցոյց տայ, որ յոյսը հաստատ մնայ մինչեւ վերջը։ Որ հիւանդամիտ չ’լինիք [«Չենք ուզում, որ դուք ծուլանաք», ԷԹ]. այլ նմանող լինիք հաւատքով եւ երկայնմտութիւնով խոստմունքները ժառանգողներին» (Եբրայեցիս 6։10–12)։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչպե՞ս են քրիստոնյաներն արտացոլում Աստծու փառքը։
• Ի՞նչ միջոցների է դիմում Սատանան՝ փորձելով լռեցնել Աստծու ժողովրդին։
• Ի՞նչն է վկայում, որ Աստծու ոգին մեզ վրա է։
[նկար 15–րդ էջի վրա]
Մովսեսի դեմքը փառք էր արտացոլում
[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Մեր ծառայությամբ արտացոլում ենք Աստծու փառքը