Արտացոլո՞ւմ ես Եհովայի փառքը
«Մենք.... հայելիների նման, Եհովայի փառքն ենք արտացոլում» (2 ԿՈՐՆԹ. 3։18)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Մեղավոր լինելով հանդերձ՝ ինչպե՞ս կարող ենք փառավորել Եհովային։
Աղոթքն ու քրիստոնեական հանդիպումները ինչպե՞ս են օգնում մեզ արտացոլելու Աստծու փառքը։
Ի՞նչը կօգնի մեզ շարունակելու փառավորել Եհովային։
1, 2. Ինչո՞ւ է խելամիտ մտածել, որ կարող ենք ընդօրինակել Եհովայի հատկությունները։
ԲՈԼՈՐՍ էլ ինչ-որ բանով նման ենք մեր ծնողներին։ Ուստի զարմանալի չէ, երբ տղային ասում են՝ «հորդ պատկերն ես», կամ աղջկան՝ «ոնց որ մայրդ լինես»։ Երեխաները հաճախ անում են այն, ինչ տեսնում են իրենց ծնողներին անելիս։ Ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Կարո՞ղ ենք ընդօրինակել մեր երկնային Հորը՝ Եհովային։ Թեև մենք չենք տեսնում նրան, սակայն նրա ձեռքի գործերին ուշադրություն դարձնելով, նրա Խոսքն ուսումնասիրելով ու դրա շուրջ խորհրդածելով և հատկապես նրա Որդի Հիսուս Քրիստոսի խոսքերի ու գործերի շուրջ խորհելով՝ կարող ենք տեսնել նրա սքանչելի հատկությունները (Հովհ. 1։18; Հռոմ. 1։20)։ Այո՛, հնարավո՛ր է Եհովայի փառքը արտացոլել։
2 Նախքան Ադամին ու Եվային ստեղծելը Աստված վստահ էր, որ մարդիկ կկարողանան կատարել իր կամքը, արտացոլել իր հատկությունները և փառք բերել իրեն (կարդա՛ Ծննդոց 1։26, 27)։ Որպես Աստծուն նվիրված անհատներ՝ մենք պետք է դրսևորենք մեր Ստեղծչի հատկությունները։ Այդպես վարվելով՝ առանձնաշնորհում կունենանք արտացոլելու Աստծու փառքը՝ անկախ մեր մշակույթից, կրթությունից և ազգային պատկանելիությունից։ Ինչո՞ւ։ Որովհետև «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործ. 10։34, 35)։
3. Ի՞նչ են զգում քրիստոնյաները՝ ծառայելով Եհովային։
3 Օծյալ քրիստոնյաները արտացոլում են Եհովայի փառքը։ Պողոս առաքյալը գրեց. «Մինչ մենք բոլորս, չծածկված երեսով, հայելիների նման, Եհովայի փառքն ենք արտացոլում, միևնույն պատկերով փոխակերպվում ենք հետզհետե աճող փառքով» (2 Կորնթ. 3։18)։ Երբ Մովսես մարգարեն իջավ Սինա լեռան վրայից՝ տասը պատվիրանների տախտակները ձեռքին, նրա երեսից լույս էր ճառագում, քանի որ Եհովան խոսել էր նրա հետ (Ելք 34։29, 30)։ Չնայած որ քրիստոնյաների հետ նման բան չի պատահել և նրանց երեսը լույս չի ճառագում, սակայն երբ մարդկանց պատմում են Եհովայի, նրա հատկությունների և հրաշալի նպատակների մասին, նրանց աչքերը փայլում են ուրախությունից։ Այդպիսով օծյալ քրիստոնյաներն ու երկրային կյանքի հույս ունեցող նրանց ընկերակիցները, հնում օգտագործվող փայլեցված մետաղե հայելիների պես, իրենց կյանքում և ծառայության մեջ Եհովայի փառքն են արտացոլում (2 Կորնթ. 4։1)։ Իսկ դու՝ որպես Թագավորության կանոնավոր քարոզիչ, արտացոլո՞ւմ ես Եհովայի փառքը քո վարքով ու գործերով։
ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱՑՈԼԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՓԱՌՔԸ
4, 5. ա) Պողոսի նման՝ ի՞նչ պայքար ենք մղում։ բ) Ի՞նչ ազդեցություն ունի մեղքը մեզ վրա։
4 Լինելով Եհովայի ծառաներ՝ անշուշտ ցանկանում ենք մեր յուրաքանչյուր արարքով փառավորել և պատվել մեր Ստեղծչին։ Սակայն միշտ չէ, որ անում ենք այն, ինչ ուզում ենք անել։ Պողոս առաքյալը, բախվելով այդ նույն խնդրին, ներքին պայքար էր մղում (կարդա՛ Հռոմեացիներ 7։21–25)։ Բացատրելով, թե ինչու ենք ստիպված այդ պայքարը մղել՝ նա գրեց. «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմ. 3։23)։ Այո՛, Ադամից մեղք ժառանգելով՝ մարդկությունն ընկավ մեղքի՝ անգութ թագավորի տիրապետության տակ (Հռոմ. 5։12; 6։12)։
5 Ի՞նչ է մեղքը. ցանկացած բան, որ հակառակ է Եհովայի հատկություններին, ճանապարհներին, չափանիշներին ու կամքին։ Այն խաթարում է Աստծու հետ մարդու փոխհարաբերությունները և թույլ չի տալիս հասնել նպատակակետին, ինչպես որ նետաձիգը կարող է արձակել նետը, սակայն վրիպել նշանակետից։ Մենք մեղք ենք գործում գիտակցաբար կամ սխալմամբ (Թվեր 15։27–31)։ Մեղքը խոր արմատներ է գցել մարդկանց մեջ։ Այն սեպ է խրում նրանց և Ստեղծչի միջև (Սաղ. 51։5; Ես. 59։2; Կող. 1։21)։ Հետևաբար, մարդկության մեծ մասը Եհովայի կամքին ներդաշնակ չի ապրում և չի օգտվում նրա փառքն արտացոլելու անգին հնարավորությունից։ Անկասկած, մեղքն ամենամեծ արատն է, որով ախտահարված է մարդկությունը։
6. Թեև մեղավոր ենք, ինչպե՞ս կարող ենք փառավորել Աստծուն։
6 Չնայած որ մեղավոր հակումներով ենք ծնվել, Եհովան մեզ հույս է պարգևում (Հռոմ. 15։13)։ Մեղքը վերացնելու համար նա միջոց է տվել՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհը։ Եթե հավատ ընծայենք այդ զոհի հանդեպ, այլևս «մեղքի ծառան» չենք լինի, այլ կկարողանանք արտացոլել Եհովայի փառքը (Հռոմ. 5։19; 6։6; Հովհ. 3։16)։ Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ պահպանելը երաշխիք է, որ այժմ կունենանք նրա օրհնությունը, իսկ ապագայում կհասնենք կատարելության ու կվայելենք հավիտենական կյանք։ Աստված համարում է, որ կարող ենք արտացոլել իր փառքը, թեև դեռ մեղավոր ենք. ինչպիսի՜ պատիվ։
ԱՐՏԱՑՈԼԵՆՔ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ
7. Ո՞ր իրողությունը պետք է ընդունենք, որպեսզի արտացոլենք Աստծու փառքը։
7 Եթե ցանկանում ենք արտացոլել Աստծու փառքը, պետք է անկեղծորեն ընդունենք, որ մեղավոր ենք (2 Տար. 6։36)։ Պետք է ճանաչենք մեր մեղավոր հակումները և պայքարենք դրանց դեմ, որպեսզի իսկապես կարողանանք փառավորել Աստծուն։ Օրինակ՝ եթե ընկել ենք պոռնկագրություն դիտելու խայտառակ մեղքի մեջ, պետք է գիտակցենք, որ հոգևոր օգնության կարիք ունենք, ու քայլեր ձեռնարկենք, որ ստանանք այն (Հակ. 5։14, 15)։ Դա առաջին քայլն է, որ հարկավոր է անել, եթե ցանկանում ենք ապրել այնպիսի կյանքով, որը լիարժեք կերպով պատիվ կբերի Աստծուն։ Որպես Եհովայի ծառաներ՝ պետք է շարունակ ինքնաքննություն անենք տեսնելու համար, թե արդյոք համապատասխանում ենք նրա արդար չափանիշներին (Առակ. 28։18; 1 Կորնթ. 10։12)։ Ինչպիսի մեղավոր հակումներ էլ որ ունենանք, պետք է շարունակ սանձենք դրանք, որպեսզի կարողանանք արտացոլել Աստծու փառքը։
8. Թեև կատարյալ չենք, ի՞նչ պետք է անենք։
8 Հիսուսը երբևիցե ապրած միակ մարդն է, որը մինչև մահ երբեք չթերացավ Աստծուն հաճեցնելու և նրա փառքն արտացոլելու հարցում։ Ի տարբերություն նրան՝ մենք կատարյալ չենք։ Այդուհանդերձ, կարող ենք և պետք է ձգտենք ընդօրինակել նրան (1 Պետ. 2։21)։ Եհովան նկատում է մեր ջանքերն ու առաջադիմությունը և օրհնում է իրեն փառավորելու մեր անկեղծ ձգտումը։
9. Ի՞նչ դեր ունի Աստվածաշունչը այն քրիստոնյաների կյանքում, ովքեր ցանկանում են համապատասխանել Աստծու պահանջներին։
9 Եհովայի գրավոր Խոսքն օգնում է մեզ տեսնելու, թե ինչպես կարող ենք ավելի լավ արտացոլել նրա փառքը։ Անչափ կարևոր է խորապես ուսումնասիրել Աստվածաշունչը և խորհելով ընթերցել այն (Սաղ. 1։1–3)։ Ամենօրյա ընթերցանությունը կօգնի մեզ բարելավումներ անելու (կարդա՛ Հակոբոս 1։22–25)։ Աստվածաշնչյան գիտելիքները մեր հավատի հիմքն են և ամրացնում են ծանր մեղք չգործելու ու Եհովային հաճեցնելու մեր վճռականությունը (Սաղ. 119։11, 47, 48)։
10. Աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ լիարժեքորեն ծառայելու Եհովային։
10 Աստծու փառքն արտացոլելու համար պետք է նաև «աղոթքում հարատևենք» (Հռոմ. 12։12)։ Մենք կարող ենք և պետք է աղոթենք, որ Եհովան օգնի մեզ ընդունելի կերպով ծառայելու իրեն։ Դրա համար տեղին կլինի խնդրել, որ տա մեզ սուրբ ոգին, ավելացնի մեր հավատը, զորացնի, որպեսզի կարողանանք դիմադրել փորձություններին, և օգնի «ճշմարտության խոսքը ուղիղ մատուցելու» (2 Տիմոթ. 2։15; Մատթ. 6։13; Ղուկ. 11։13; 17։5)։ Ինչպես երեխան է վստահում իր հորը, այնպես էլ մենք պետք է վստահենք մեր երկնային Հորը՝ Եհովային։ Եթե խնդրենք, որ օգնի մեզ լիարժեքորեն ծառայելու իրեն, կարող ենք համոզված լինել, որ նա այդպես էլ կանի։ Թող երբեք չկարծենք, թե մեր խնդրանքներով անհանգստացնում ենք նրան։ Փոխարենը՝ եկեք միշտ աղոթքով փառաբանենք նրան, շնորհակալություն հայտնենք, խնդրենք, որ առաջնորդի մեզ, հատկապես երբ փորձության մեջ ենք, և օգնի այնպես ծառայելու, որ փառք բերենք նրա սուրբ անվանը (Սաղ. 86։12; Հակ. 1։5–7)։
11. Ինչպե՞ս են ժողովի հանդիպումներն օգնում արտացոլելու Աստծու փառքը։
11 Աստված իր թանկագին գառնուկների խնամքը վստահել է «հավատարիմ և իմաստուն ծառային» (Մատթ. 24։45–47; Սաղ. 100։3)։ Ծառա դասակարգը խորապես հետաքրքրված է նրանով, թե ինչպես են իրենց հավատակիցները արտացոլում Եհովայի փառքը։ Ժողովի հանդիպումները բարեփոխում են մեր քրիստոնեական անձնավորությունը, ինչպես որ դերձակն է ձևափոխում հագուստը, որպեսզի նրանում ավելի գեղեցիկ տեսք ունենանք (Եբր. 10։24, 25)։ Ուստի եկեք ժամանակին գանք հանդիպումներին, քանի որ եթե սովորություն ունենք ուշանալու, կորցնում ենք առնվազն մի քանի հոգևոր «կար», որոնք անհրաժեշտ են որպես Եհովայի ծառա մեր անձնավորությունը գեղեցկացնելու համար։
ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆՔ ԱՍՏԾՈՒՆ
12. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աստծուն։
12 Որպեսզի արտացոլենք Աստծու փառքը, պետք է ընդօրինակենք նրան (Եփես. 5։1)։ Դա անելու կերպերից մեկը տարբեր հարցերի վերաբերյալ նրա տեսակետը որդեգրելն է։ Եթե փորձենք այլ կերպ ապրել, պատիվ չենք բերի Եհովային ու կվնասենք ինքներս մեզ։ Քանի որ մեզ շրջապատող աշխարհը Չարի՝ Բանսարկու Սատանայի ազդեցության տակ է, պետք է ամեն ջանք թափենք, որ ատենք այն, ինչ ատում է Եհովան, և խորապես սիրենք այն, ինչ նա է սիրում (Սաղ. 97։10; 1 Հովհ. 5։19)։ Մենք պետք է մեր սրտում համոզված լինենք, որ ամեն բան Աստծու փառքի համար անելով է միայն, որ կարող ենք պատշաճ ձևով ծառայել նրան (կարդա՛ 1 Կորնթացիներ 10։31)։
13. Ինչո՞ւ պետք է ատենք մեղքը, և դա ինչի՞ կմղի մեզ։
13 Եհովան ատում է մեղքը։ Նույնը պետք է անենք մենք։ Ինչ խոսք, պետք է հնարավորինս հեռու մնանք մեղք գործելուց և չփորձենք մոտենալ մեղքի սահմանագծին՝ տեսնելու, թե որքան կարող ենք մոտ լինել դրան ու մեղք չգործել։ Պետք է զգուշանանք հավատուրացության մեջ ընկնելուց՝ մեղք, որը մեզ անպիտան կդարձնի Աստծուն փառավորելու համար (2 Օրենք 13։6–9)։ Ուստի եկեք ոչ մի առնչություն չունենանք հավատուրացների կամ ցանկացած մեկի հետ, ով պնդում է, թե եղբայր է, բայց անարգում է Աստծուն։ Այդպես պետք է վարվենք, նույնիսկ եթե այդ անհատը մեր ընտանիքի անդամն է (1 Կորնթ. 5։11)։ Անօգուտ է փորձել հավատուրացների կամ Եհովայի կազմակերպությունը քննադատողների փաստարկները հերքել։ Իրականում, հոգևոր առումով վտանգավոր ու սխալ է կարդալ նրանց տեղեկությունները՝ լինի նրանց գրականության մեջ, թե ինտերնետում (կարդա՛ Եսայիա 5։20; Մատթեոս 7։6)։
14. Եթե ձգտում ենք արտացոլել Աստծու փառքը, ո՞ր հատկությունը պետք է ակնառու լինի մեր մեջ և ինչո՞ւ։
14 Մեր երկնային Հորն ընդօրինակելու ակնառու կերպերից մեկը նրա պես սեր դրսևորելն է (1 Հովհ. 4։16–19)։ Մեր միջև եղած սիրով ենք ճանաչվում որպես Հիսուսի աշակերտներ ու Եհովայի ծառաներ (Հովհ. 13։34, 35)։ Թեև ժառանգած մեղքը կարող է երբեմն հիշեցնել իր մասին, պետք է վանենք այն ու միշտ սեր դրսևորենք։ Սեր և ուրիշ աստվածահաճո հատկություններ զարգացնելը հետ կպահի մեզ կոպիտ ու սխալ արարքներից (2 Պետ. 1։5–7)։
15. Սերն ինչպե՞ս է ազդում ուրիշների հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա։
15 Սերը մեր մեջ ցանկություն է առաջացնում բարիք գործելու ուրիշների հանդեպ (Հռոմ. 13։8–10)։ Կողակցի հանդեպ սերը ամուսնական անկողինը զերծ կպահի պղծությունից։ Երեցների հանդեպ սերը՝ զուգակցված նրանց աշխատանքի հանդեպ հարգանքով, կմղի մեզ հնազանդվելու և հպատակվելու նրանց տված առաջնորդությանը։ Իրենց ծնողներին սիրող երեխաները կհնազանդվեն ու կպատվեն նրանց և բացասաբար չեն արտահայտվի նրանց մասին։ Եթե սիրենք մեր մերձավորներին, ստորադաս չենք համարի նրանց ու անհարգալից կերպով չենք խոսի նրանց հետ (Հակ. 3։9)։ Իսկ Աստծու գառներին սիրող երեցները քնքշությամբ կվերաբերվեն նրանց (Գործ. 20։28, 29)։
16. Սեր դրսևորելը ինչպե՞ս կօգնի մեզ ծառայության մեջ։
16 Սերը պետք է ակնհայտ լինի նաև մեր ծառայության մեջ։ Եհովայի հանդեպ խոր սերը թույլ չի տա, որ մարդկանց անտարբերության կամ բացասական արձագանքի պատճառով վհատվենք։ Փոխարենը՝ կշարունակենք քարոզել բարի լուրը։ Սերը կմղի մեզ լավ նախապատրաստվելու և ջանք թափելու, որ արդյունավետ լինենք ծառայության մեջ։ Եթե իսկապես սիրում ենք Աստծուն ու մեր մերձավորին, քարոզչական աշխատանքը ոչ թե պարտականություն կամ լոկ գործ կհամարենք, այլ մեծ առանձնաշնորհում, որը հարկավոր է ուրախությամբ կատարել (Մատթ. 10։7)։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՓԱՌԱՎՈՐԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ
17. Ինչո՞ւ է օգտակար գիտակցել, որ մեղավոր ենք։
17 Աշխարհն ընդհանուր առմամբ չի գիտակցում, թե որքան լուրջ բան է մեղքը, սակայն մենք գիտակցում ենք։ Այդ պատճառով հասկանում ենք, որ պետք է պայքարենք մեղավոր հակումների դեմ։ Եթե ընդունենք, որ մեղավոր ենք, կմարզենք մեր խիղճը, ինչն էլ կմղի մեզ ճիշտ կերպով վարվելու, երբ մեր մտքում ու սրտում մեղք գործելու ցանկություն առաջանա (Հռոմ. 7։22, 23)։ Ճիշտ է, մենք տկար ենք, բայց Աստված կարող է զորացնել մեզ, որ ցանկացած իրավիճակում ճիշտն անենք (2 Կորնթ. 12։10)։
18, 19. ա) Ի՞նչն է օգնում մեզ ոգեղեն չար ուժերի դեմ պայքարում հաջողության հասնելու։ բ) Ի՞նչ պետք է վճռենք անել։
18 Եթե ուզում ենք փառավորել Եհովային, պետք է նաև պայքարենք ոգեղեն չար ուժերի դեմ։ Աստծու տված հոգևոր սպառազինությունը օգնում է մեզ, որ այդ պայքարում հաջողության հասնենք (Եփես. 6։11–13)։ Սատանան անդադար փորձում է Եհովայից խլել այն փառքը, որին միայն Նա է արժանի։ Նաև շարունակ ջանք է գործադրում, որ խզի Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Սակայն միլիոնավոր անկատար տղամարդիկ, կանայք ու երեխաներ պահում են իրենց անարատությունը ու փառավորում Աստծուն։ Ինչպիսի՜ հարված Բանսարկուին։ Եկեք, ուրեմն, շարունակենք փառաբանել Եհովային, ինչպես երկնային արարածները, որ բացականչում են. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին» (Հայտն. 4։11)։
19 Թող որ վճռենք շարունակ փառավորել Եհովային, ինչ էլ որ լինի։ Անկասկած, նա ուրախանում է, որ այդքան շատ հավատարիմներ իրենց լավագույնն են անում, որ ընդօրինակեն իրեն ու արտացոլեն իր փառքը (Առակ. 27։11)։ Թող որ ունենանք Դավթի զգացումները, որը երգեց. «Իմ ողջ սրտով գովերգում եմ քեզ, ո՛վ իմ Աստված Եհովա, ես կփառաբանեմ քո անունը հավիտյան» (Սաղ. 86։12)։ Որքա՜ն ենք փափագում այն օրվան, երբ կատարելապես կարտացոլենք Եհովայի փառքը ու կկարողանանք հավիտյան փառաբանել նրան։ Հնազանդ մարդկության համար դա իրականություն կդառնա։ Իսկ դու այժմ արտացոլո՞ւմ ես Եհովա Աստծու փառքը՝ հույս ունենալով այդպես վարվել ողջ հավիտենության ընթացքում։
[նկարներ 27-րդ էջի վրա]
Այս կերպերով արտացոլո՞ւմ ես Եհովայի փառքը