Հասկանանք ու գնահատենք Մեծ Մովսեսի դերը
«Եհովա Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե վեր կկացնի ձեզ համար։ Դուք պետք է լսեք նրան» (ԳՈՐԾ. 3։22)։
1. Ի՞նչ ազդեցություն է թողել Հիսուս Քրիստոսը։
ԵՐԿՈՒ հազար տարի առաջ մի տղա երեխա ծնվեց։ Նրա ծնունդը այնքան նշանակալից էր, որ հրեշտակները սկսեցին գովաբանել Աստծուն, ինչին ականատես եղան մի քանի հովիվներ (Ղուկ. 2։8–14)։ Երեսուն տարի անց այդ երեխան, որն արդեն չափահաս էր դարձել, սկսեց մի հատուկ ծառայություն, որը տևեց ընդամենը երեքուկես տարի, բայց լիովին փոխեց պատմության ընթացքը։ 19–րդ դարի նշանավոր պատմաբան Ֆիլիպ Շաֆը այդ երիտասարդի մասին ասաց. «Նա անձամբ ոչ մի տող չի գրել, բայց շատերին է մղել գրելու իր մասին։ Նա քարոզների, ելույթների, քննարկումների, գիտական գրքերի, արվեստի գործերի ու փառաբանական երգերի համար ավելի շատ նյութ է տվել, քան հին ու նոր ժամանակների մեծ մարդկանց ամբողջ բանակը»։ Այդ նշանավոր երիտասարդը, իհարկե, Հիսուս Քրիստոսն էր։
2. Ի՞նչ է Հովհաննես առաքյալը ասել Հիսուսի և նրա ծառայության մասին։
2 Հովհաննես առաքյալն իր Ավետարանում գրեց Հիսուսի ծառայության մասին և վերջում ասաց. «Իրականում ուրիշ շատ բաներ էլ կան, որոնք Հիսուսն արեց, և որոնք եթե ամենայն մանրամասնությամբ երբևէ գրի առնվեին, կարծում եմ, որ աշխարհն իսկ չէր կարողանա այդ գրված գրքերը պարունակել» (Հովհ. 21։25)։ Առաքյալը հասկանում էր, որ կարող է գրել միայն մի փոքր մասը այն ամենի, ինչ Հիսուսը ասել և արել էր իրադարձություններով հարուստ այդ երեքուկես տարում։ Այդուհանդերձ, այն ամենը, ինչ գրել է Հովհաննեսը, անգնահատելի է։
3. Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ հասկանալ Աստծու նպատակի մեջ Հիսուսի ունեցած դերը։
3 Բացի չորս Ավետարաններից, Աստվածաշնչի ուրիշ գրքերում ևս կարևոր մանրամասներ կան Հիսուսի կյանքի մասին, որոնք կարող են ամրացնել մեր հավատը։ Օրինակ՝ այն, ինչ Աստվածաշունչն ասում է Քրիստոսից առաջ ապրած որոշ հավատարիմ մարդկանց մասին, օգնում է մեզ ավելի լավ հասկանալու Աստծու նպատակի մեջ նրա ունեցած դերը։ Անդրադառնանք այդ մարդկանցից մի քանիսին։
Հավատարիմ մարդիկ, ովքեր նախապատկերում էին Քրիստոսին
4, 5. Ովքե՞ր են նախապատկերել Հիսուսին և ինչպե՞ս։
4 Հովհաննեսը և մյուս ավետարանագիրները մատնանշում են, որ Մովսեսը, Դավիթը և Սողոմոնը նախապատկերում են Քրիստոսին՝ որպես Աստծու Օծյալի և ապագա Թագավորի։ Ինչի՞ց է երևում, որ Աստծու այս վաղեմի ծառաները նախապատկերում են Հիսուսին, և ի՞նչ կարող ենք սովորել նրանց մասին եղած արձանագրություններից։
5 Մովսեսի մասին Աստվածաշունչն ասում է, որ նա մարգարե էր, միջնորդ և ազատարար։ Նույնը կարելի է ասել Հիսուսի մասին։ Դավիթը հովիվ էր և թագավոր, որը հաղթեց Իսրայելի թշնամիներին։ Հիսուսը հոգևոր հովիվ է և հաղթող թագավոր (Եզեկ. 37։24, 25)։ Սողոմոնը, քանի դեռ հավատարիմ էր, իմաստուն ղեկավար էր, և նրա օրոք Իսրայելում խաղաղություն էր տիրում (Գ Թագ. 4։25, 29)։ Նմանապես, Հիսուսը շատ իմաստուն է և կոչվում է «Խաղաղութեան իշխան» (Ես. 9։6)։ Հստակ է, որ Քրիստոսը նման է այս մարդկանց, բայց Աստծու նպատակի իրականացման մեջ նրա դերը շատ ավելի մեծ է։ Նախ տեսնենք, թե ինչով է Հիսուսը նման Մովսեսին։ Դա մեզ կօգնի ավելի լավ հասկանալու և գնահատելու նրա դերը։
Մովսեսը՝ Հիսուսի նախապատկեր
6. Ինչպե՞ս Պետրոսը ցույց տվեց, որ հարկավոր է լսել Հիսուսին։
6 Մ.թ. 33–ի Պենտեկոստեից կարճ ժամանակ անց Պետրոս առաքյալը մեջբերեց Մովսեսի կողմից ասված մի մարգարեություն, որը կատարվել էր Հիսուս Քրիստոսի վրա։ Այդ ժամանակ առաքյալը կանգնած էր տաճարում հավաքված մի բազմության առաջ։ Մինչ այդ նա և Հովհաննեսը բուժել էին մի մուրացկանի, որը ի ծնե կաղ էր։ Ժողովուրդը «զարմանքից իրեն կորցրել էր» ու վազել տեսնելու, թե ինչ է կատարվում։ Պետրոսը բացատրեց, որ այդ հրաշքը Եհովայի սուրբ ոգու գործողության արդյունքն է Քրիստոսի միջոցով՝ մեջբերելով Եբրայերեն Գրություններից. «Մովսեսն ասաց. «Եհովա Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե վեր կկացնի ձեզ համար։ Դուք պետք է լսեք նրան ամեն ինչում, որ նա կասի ձեզ» (Գործ. 3։11, 22, 23; կարդա՛ Բ Օրինաց 18։15, 18, 19)։
7. Ինչո՞ւ էր հավանական, որ Պետրոսի ունկնդիրները հասկանային նրա խոսքերը Մովսեսից ավելի մեծ մարգարեի վերաբերյալ։
7 Մովսեսի այս խոսքերը հավանաբար ծանոթ էին Պետրոսի ունկնդիրներին։ Նրանք հրեաներ էին ու շատ էին հարգում Մովսեսին (Բ Օրին. 34։10)։ Նրանք բաղձանքով սպասում էին նրանից ավելի մեծ մարգարեի գալստյանը։ Այդ մարգարեն չէր լինելու պարզապես մեսիա՝ Աստծու օծյալ, ինչպիսին որ Մովսեսն էր, այլ նա լինելու էր այն Մեսիան, որը «Աստծու Քրիստոսն» էր, Եհովայի «Ընտրյալը» (Ղուկ. 23։35; Եբր. 11։26)։
Զուգահեռներ՝ Հիսուսի և Մովսեսի միջև
8. Հիսուսի կյանքը ինչո՞վ է նման Մովսեսի կյանքին։
8 Հիսուսի երկրային կյանքը որոշ առումներով նման է Մովսեսի կյանքին։ Օրինակ՝ նրանց երկուսի ծնողներն էլ կարողացան դաժան կառավարիչների ձեռքից փրկել նրանց, երբ նրանք մանուկ էին (Ելից 1։22–2։10; Մատթ. 2։7–14)։ Բացի այդ, երկուսն էլ «Եգիպտոսից կանչվեցին»։ Ովսեե մարգարեն գրեց. «Երբոր մանուկ էր Իսրայէլը, ես սիրում էի նորան, եւ Եգիպտոսից կանչեցի իմ որդին» (Ովս. 11։1)։ Ովսեեի խոսքերը մատնացույց էին անում այն ժամանակը, երբ Իսրայել ազգը Աստծու նշանակած ղեկավարի՝ Մովսեսի առաջնորդությամբ դուրս եկավ Եգիպտոսից (Ելից 4։22, 23; 12։29–37)։ Սակայն նրա խոսքերը նաև մարգարեություն էին։ Դրա կատարումն այն էր, որ Հովսեփն ու Մարիամը Հերովդես թագավորի մահից հետո Հիսուսի հետ վերադարձան Եգիպտոսից (Մատթ. 2։15, 19–23)։
9. ա) Ի՞նչ հրաշքներ են արել Մովսեսը և Հիսուսը։ բ) Ուրիշ ի՞նչ նմանություններ կան Հիսուսի և Մովսեսի միջև (տե՛ս «Ուրիշ նմանություններ Հիսուսի և Մովսեսի միջև» շրջանակը, էջ 26)։
9 Թե՛ Մովսեսը և թե՛ Հիսուսը հրաշքներ գործեցին, ինչը ցույց է տալիս, որ Եհովան աջակցում էր նրանց։ Մովսեսը առաջինն է, որի մասին գրված է, որ հրաշքներ է գործել, օրինակ, կապված ջրի հետ (Ելից 4։1–9)։ Այսպես, նրա հրամանով Նեղոս գետի ջրերը և եղեգնաշատ լճերը վերածվեցին արյան, Կարմիր ծովը կիսվեց, անապատում ժայռից հորդելով ջուր դուրս եկավ (Ելից 7։19–21; 14։21; 17։5–7)։ Հիսուսն էլ ջրի հետ կապված հրաշքներ արեց։ Նրա հենց առաջին հրաշքը այն էր, որ հարսանեկան խնջույքի ժամանակ ջուրը գինի դարձրեց (Հովհ. 2։1–11)։ Հետագայում նա հանդարտեցրեց մոլեգնած Գալիլեայի ծովը։ Իսկ մի անգամ էլ նույնիսկ քայլեց ջրի վրայով (Մատթ. 8։23–27; 14։23–25)։ Մովսեսի ու Հիսուսի՝ Մեծ Մովսեսի միջև ուրիշ նմանություններ էլ կան, որոնք բերված են 26–րդ էջի շրջանակում։
Բարձր գնահատիր Քրիստոսին՝ Մարգարեին
10. Ո՞վ կարող է կոչվել իսկական մարգարե, և ինչո՞ւ է Մովսեսը այդպիսի մարգարե։
10 Մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե մարգարեն նա է, ով պարզապես կանխագուշակում է ապագան։ Բայց մարգարեն միայն դա չի անում։ Իսկական մարգարեն Եհովայի խոսնակն է, մի մարդ, ով հռչակում է «Աստծու մեծամեծ բաների մասին» (Գործ. 2։11, 16, 17)։ Այլ բաների թվում, նա ասում է, թե ինչ է լինելու ապագայում, հայտնում է Եհովայի նպատակին վերաբերող որոշ մանրամասներ կամ էլ հայտարարում նրա դատաստանները։ Մովսեսն այդպիսի մարգարե էր։ Նա կանխագուշակեց Եգիպտոսի վրա գալիք տասը պատուհասներից յուրաքանչյուրը։ Մովսեսի միջոցով Սինայի մոտ կնքվեց Օրենքի ուխտը։ Նաև նա ժողովրդին սովորեցրեց Աստծու կամքը։ Բայց Մովսեսից ավելի մեծ մարգարե պիտի գար։
11. Ինչպե՞ս է Հիսուսը ավելի մեծ մարգարե, քան Մովսեսը։
11 Մ.թ.ա. առաջին դարում Զաքարիան գործեց որպես մարգարե՝ բացահայտելով Աստծու նպատակը իր որդու՝ Հովհաննեսի առնչությամբ (Ղուկ. 1։76)։ Հովհաննես Մկրտիչը հայտարարեց երկար սպասված, Մովսեսից ավելի մեծ մարգարեի՝ Հիսուս Քրիստոսի գալուստը (Հովհ. 1։23–36)։ Որպես մարգարե՝ Հիսուսը շատ բաներ կանխագուշակեց, օրինակ՝ իր մահը և այն, թե ինչպես, որտեղ և ում ձեռքով է ինքը սպանվելու (Մատթ. 20։17–19)։ Ի զարմանս իր ունկնդիրների՝ Քրիստոսը նաև մարգարեացավ, որ Երուսաղեմը և տաճարը կործանվելու են (Մարկ. 13։1, 2)։ Նրա մարգարեությունները կատարվում են նաև մե՛ր օրերում (Մատթ. 24։3–41)։
12. ա) Ինչպե՞ս Հիսուսը համաշխարհային քարոզչական գործի հիմք դրեց։ բ)Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի օրինակին։
12 Մարգարե լինելուց բացի, Հիսուսը նաև քարոզիչ էր և ուսուցիչ։ Նա քարոզում էր Աստծու Թագավորության բարի լուրը։ Ոչ ոք նրա պես համարձակորեն չէր խոսում (Ղուկ. 4։16–21, 43)։ Որպես ուսուցիչ՝ Քրիստոսը չուներ իր հավասարը։ «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը»,— ասացին նրա ունկնդիրներից ոմանք (Հովհ. 7։46)։ Հիսուսը մեծ եռանդով էր տարածում բարի լուրը և նույն ոգով վարակեց իր հետևորդներին։ Դրանով նա հիմք դրեց մի համաշխարհային քարոզչական և ուսուցողական գործի, որը շարունակվում է մինչ օրս (Մատթ. 28։18–20; Գործ. 5։42)։ Անցած տարի Քրիստոսի յոթ միլիոն հետևորդներ 1 500 000 000 ժամ են տրամադրել բարի լուրը տարածելուն և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելուն։ Իսկ դու հնարավորինս մասնակցո՞ւմ ես քարոզչական գործին։
13. Ի՞նչը մեզ կօգնի «արթուն մնալու»։
13 Անհերքելի է, որ Եհովան կատարեց Մովսեսի նման մեկ ուրիշ մարգարե վեր կացնելու մասին մարգարեությունը։ Այս բանն իմանալը ինչպե՞ս է անդրադառնում քեզ վրա։ Լցվո՞ւմ ես ավելի մեծ վստահությամբ, որ մոտ ապագային վերաբերող սուրբգրային մարգարեությունները իրականանալու են։ Մեծ Մովսեսի օրինակի շուրջ խորհրդածելը օգնում է մեզ «արթուն մնալու և պահպանելու մեր զգոնությունը», մինչ սպասում ենք այս չար համակարգի վախճանին (1 Թեսաղ. 5։2, 6)։
Բարձր գնահատիր Քրիստոսին՝ Միջնորդին
14. Ինչպե՞ս Մովսեսը դարձավ միջնորդ Աստծու և իսրայելացիների միջև։
14 Մովսեսի պես՝ Հիսուսը միջնորդ էր։ Միջնորդը երկու կողմերին հնարավորություն է տալիս միմյանց հետ առնչվելու։ Եհովան Մովսեսին օգտագործեց որպես միջնորդ՝ իսրայելացիներին Օրենքի ուխտը տալու համար։ Եթե Հակոբի որդիները հնազանդվեին Աստծու օրենքներին, նրանք կդառնային Նրա սեփականությունը, Նրա ժողովը (Ելից 19։3–8)։ Այդ ուխտը ուժի մեջ մնաց մ.թ.ա. 1513 թ.–ից մինչև մ.թ. առաջին դարը։
15. Ինչպե՞ս է Հիսուսը Մովսեսից ավելի մեծ միջնորդ։
15 Մ.թ. 33–ին Եհովան ավելի լավ ուխտ կնքեց նոր Իսրայելի՝ «Աստծու Իսրայելի» հետ, որի մեջ մտնում էին օծյալ քրիստոնյաները։ Այն ի վերջո դարձավ համաշխարհային ժողով (Գաղ. 6։16)։ Այն ուխտը, որի միջնորդը Մովսեսն էր, պարունակում էր օրենքներ, որոնք Աստված գրել էր քարի վրա։ Բայց այն ուխտը, որի միջնորդը Հիսուսն է, գերազանցում է նախորդին։ Այս ուխտի օրենքները Աստված գրել է մարդկանց սրտերում (կարդա՛ 1 Տիմոթեոս 2։5; Եբրայեցիներ 8։10)։ Այդպիսով՝ «Աստծու Իսրայելը» այժմ Աստծու հատուկ սեփականությունն է՝ մի «ազգ, որը [Մեսիական Թագավորության] պտուղներն է բերում» (Մատթ. 21։43)։ Այդ հոգևոր ազգի անդամները նոր ուխտի մասնակիցներ են։ Սակայն այդ ուխտից միայն նրանք չեն օգուտներ քաղում։ Անհամար մարդիկ, այդ թվում նաև նրանք, ովքեր ննջել են մահվան քնով, հավիտենական օրհնություններ կստանան՝ շնորհիվ այդ գերազանց ուխտի։
Բարձր գնահատիր Քրիստոսին՝ Ազատարարին
16. ա) Ինչպե՞ս Եհովան Մովսեսի միջոցով ազատեց Իսրայելին։ բ) Ըստ Ելից 14։13–ի՝ ո՞վ է իրականում փրկողը։
16 Իսրայելացիները պատրաստվում էին դուրս գալու Եգիպտոսից։ Սակայն նրանց առաջնեկներին մեծ վտանգ էր սպառնում։ Աստծու հրեշտակը անցնելու էր ամբողջ Եգիպտոսով, որպեսզի սպանի բոլոր առաջնեկներին։ Բայց Եհովան Մովսեսին ասաց, որ եթե իսրայելացիները Պասեքի գառան արյունից վերցնեն և քսեն իրենց տան դռան շեմքի վերնամասին և կողափայտերին, նրանց առաջնեկները կփրկվեն (Ելից 12։1–13, 21–23)։ Աստված Մովսեսի միջոցով փրկեց իսրայելացի առաջնեկներին։ Հետո վտանգավոր իրավիճակում հայտնվեց ամբողջ ազգը. մի կողմից՝ Կարմիր ծովն էր, մյուս կողմից՝ իսրայելացիներին հետապնդող եգիպտացիների ռազմակառքերը։ Եվ դարձյալ Եհովան նրանց փրկեց Մովսեսի միջոցով, ով, հրաշք գործելով, երկու մասի բաժանեց ծովը (Ելից 14։13, 21)։
17, 18. Ինչպե՞ս է Հիսուսը ավելի մեծ ազատարար, քան Մովսեսը։
17 Ինչ խոսք, Եհովայի այս ազատարար գործերը մեծ են։ Բայց այն ազատագրումը, որ նա տվեց Հիսուսի միջոցով, շատ ավելի մեծ է։ Հիսուսի միջոցո՛վ են հնազանդ մարդիկ ազատվում մեղքի ծառայությունից (Հռոմ. 5։12, 18)։ Սա «հավիտենական ազատագրում» է (Եբր. 9։11, 12)։ «Հիսուս» անունը նշանակում է «Եհովան փրկություն է»։ Նա՝ որպես մեր Ազատարար, կամ՝ Փրկիչ, ոչ միայն ազատում է մեզ անցյալի մեղքերից, այլև ավելի լավ ապագայի հույս է տալիս։ Ազատելով իր հետևորդներին մեղքի ծառայությունից՝ Հիսուսը փրկում է նրանց Աստծու բարկությունից և օգնում է մտերիմ փոխհարաբերություններ հաստատելու նրա հետ (Մատթ. 1։21)։
18 Մեղքից ազատագրվելն ավելին է նշանակում։ Համապատասխան ժամանակին մարդիկ կազատվեն նաև մեղքի ծանր հետևանքներից՝ հիվանդությունից և մահից։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչ է դա նշանակում, հիշենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Հիսուսը գնում էր Հայրոսի տուն, որի 12–ամյա աղջիկը նոր էր մահացել։ Հիսուսը հավաստիացրեց Հայրոսին. «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛, և նա կփրկվի» (Ղուկ. 8։41, 42, 49, 50)։ Այդպես էլ եղավ. աղջիկը հարություն առավ։ Միայն պատկերացրո՛ւ նրա ծնողների ուրախությունը։ Նման ուրախություն մենք կզգանք այն ժամանակ, երբ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում, [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան»՝ հարություն կառնեն (Հովհ. 5։28, 29)։ Իրո՛ք, Հիսուսը մեր Փրկիչն է՝ Ազատարարը (կարդա՛ Գործեր 5։31; Տիտոս 1։4; Հայտն. 7։10)։
19, 20. ա) Ինչո՞ւ է օգտակար խորհրդածել Հիսուսի՝ որպես Մեծ Մովսեսի, դերի շուրջ։ բ) Ի՞նչ կքննարկենք հաջորդ հոդվածում։
19 Մենք գիտենք, որ կարող ենք օգնել մարդկանց օգուտներ քաղելու Հիսուսի փրկարար գործերից։ Այս բանի իմացությունը մղում է մեզ մասնակցելու քարոզչական և ուսուցողական գործին (Ես. 61։1–3)։ Մեծ Մովսեսի ունեցած դերի շուրջ խորհրդածելը մեզ կլցնի էլ ավելի մեծ վստահությամբ, որ նա իր հետևորդներին կփրկի, երբ գա ամբարիշտների հետ դատաստան տեսնելու (Մատթ. 25։31–34, 41, 46; Հայտն. 7։9, 14)։
20 Այո՛, Հիսուսը Մեծ Մովսեսն է։ Նա արեց այնպիսի հրաշքներ, որոնք Մովսեսը երբեք չէր կարող անել։ Քրիստոս մարգարեի ասածները և Քրիստոս միջնորդի գործերը չափազանց կարևոր են ամբողջ մարդկության համար։ Որպես Ազատարար՝ նա ոչ թե ժամանակավոր, այլ հավիտենական ազատագրում է բերում հնազանդ մարդկանց։ Ուրիշ բաներ էլ կարող ենք սովորել Հիսուսի մասին՝ քննելով վաղեմի հավատարիմների կյանքը։ Հաջորդ հոդվածում կխոսենք, թե ինչու կարող ենք ասել, որ նա Մեծ Դավիթը և Մեծ Սողոմոնն է։
Կարո՞ղ ես բացատրել
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը Մովսեսից ավելի մեծ
• մարգարե է,
• միջնորդ է,
• ազատարար է։
[շրջանակ/ նկար 26–րդ էջի վրա]
ՈՒՐԻՇ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հիսուսի և Մովսեսի միջև
◻ Երկուսն էլ հրաժարվեցին բարձր դիրքից, որպեսզի ծառայեն Եհովային և նրա ժողովրդին (2 Կորնթ. 8։9; Փիլիպ. 2։5–8; Եբր. 11։24–26)։
◻ Երկուսն էլ ծառայեցին որպես օծյալներ, կամ՝ «քրիստոսներ» (Մարկ. 14։61, 62; Հովհ. 4։25, 26; Եբր. 11։26)։
◻ Երկուսն էլ եկան Եհովայի անունով (Ելից 3։13–16; Հովհ. 5։43; 17։4, 6, 26)։
◻ Երկուսն էլ հեզ էին (Թուոց 12։3; Մատթ. 11։28–30)։
◻ Երկուսն էլ կերակրեցին բազմությունների (Ելից 16։12; Հովհ. 6։48–51)։
◻ Երկուսն էլ ծառայեցին որպես դատավոր և օրենսդիր (Ելից 18։13; Մաղ. 4։4; Հովհ. 5։22, 23; 15։10)։
◻ Երկուսն էլ նշանակվեցին Աստծու տան վրա (Թուոց 12։7; Եբր. 3։2–6)։
◻ Երկուսի մասին էլ ասվում է, որ Եհովայի հավատարիմ վկաներ են (Եբր. 11։24–29; 12։1; Հայտն. 1։5)։
◻ Մովսեսի և Հիսուսի մահից հետո Աստված վերցրեց նրանց մարմինները (Բ Օրին. 34։5, 6; Ղուկ. 24։1–3; Գործ. 2։31; 1 Կորնթ. 15։50; Հուդա 9)։