Եհովան «Փրկիչ» է եղել հնում
«Ով Աստուած, շուտով հասիր ինձ մօտ. դու ես իմ օգնականն ու փրկիչը» (ՍԱՂ. 70։5)։
1, 2. ա) Ե՞րբ են Աստծու երկրպագուները օգնություն խնդրում նրանից։ բ) Ի՞նչ հարց է ծագում, և որտե՞ղ կարող ենք գտնել պատասխանը։
ՄԻ ՔՍԱՆԵՐԵՔԱՄՅԱ ամուսնացած կնոջ ծնողները արձակուրդում լուր են ստանում, որ իրենց դուստրը խորհրդավոր հանգամանքներում անհետացել է. ոստիկանությունը կասկածում է, որ նա սպանվել է։ Նրանք անմիջապես հավաքում են իրերը և ճանապարհ ընկնում տուն՝ ամբողջ ճանապարհին աղաչելով Եհովային օգնել իրենց։ 20–ամյա մի Վկայի մոտ հայտնաբերում են այնպիսի հիվանդություն, որը նրան աստիճանաբար զրկելու է շարժվելու կարողությունից։ Իմանալով այդ մասին՝ նա անմիջապես աղոթում է Եհովային։ Միայնակ մայրը, ով ունի 12–ամյա աղջիկ, չի կարողանում աշխատանք գտնել։ Նա բավականաչափ փող չունի, որպեսզի սնունդ գնի իրենց համար։ Նա ամբողջ սրտով աղոթում է Եհովային։ Այո՛, Աստծու երկրպագուները, երբ դաժան փորձությունների կամ դժվարությունների մեջ են, բնականաբար նրան են դիմում օգնության համար։ Իսկ դու Եհովայից օգնություն խնդրե՞լ ես, երբ խիստ կարիքի մեջ ես եղել։
2 Կարևոր հարց է ծագում. «Իսկապե՞ս հիմքեր ունենք ակնկալելու, որ Եհովան կպատասխանի օգնություն հայցող մեր աղոթքներին»։ Պատասխանը, որը կզորացնի մեր հավատը, գտնում ենք 70–րդ սաղմոսում։ Այս հուզիչ սաղմոսը գրել է Դավիթը՝ Եհովայի հավատարիմ երկրպագուն, որը իր կյանքում բազմաթիվ լուրջ փորձություններ ու դժվարություններ կրեց։ Նա Եհովային ասաց. «Ով Աստուած.... դու ես իմ օգնականն ու փրկիչը» (Սաղ. 70։5)։ Քննելով 70–րդ սաղմոսը՝ կտեսնենք, թե ինչու նեղ ժամանակներում կարող ենք Դավթի պես աղոթել Եհովային և լիովին վստահ լինել, որ նա կլինի մեր «Փրկիչը»։
«Դու ես.... փրկիչը»
3. ա) Ի՞նչ է խնդրում Դավիթը 70–րդ սաղմոսում։ բ) Ի՞նչ վստահություն է արտահայտում նա։
3 70–րդ սաղմոսը սկսվում և ավարտվում է Աստծուն ուղղված աղաչանքներով։ Դավիթը Աստծուց թախանձագին օգնություն է խնդրում (կարդա՛ Սաղմոս 70։1–5)։ Նա աղերսում է Եհովային՝ «շուտ արա որ ինձ փրկես», «շուտով հասիր»։ Դավիթը 2–4 համարներում հինգ խնդրանք է ուղղում Եհովային, որոնցից չորսը սկսվում են «թող» բառով և արտահայտում են ցանկություն, փափագ։ Առաջին երեքը այն մարդկանց մասին են, ովքեր ուզում են սպանել Դավթին։ Նա Եհովային խնդրում է պարտության մատնել իր թշնամիներին և ամոթով թողնել նրանց իրենց չարության համար։ Հաջորդ երկու խնդրանքները, որ գրված են 4–րդ համարում, վերաբերում են Աստծու ժողովրդին։ Դավիթն աղոթում է, որ Եհովային «խնդրողները», այսինքն՝ փնտրողները, ցնծան և Նրան մեծարեն։ Վերջում նա ասում է Եհովային. «Դու ես իմ օգնականն ու փրկիչը»։ Նկատենք, որ Դավիթը չի ասում «թող որ դու լինես....», ինչը կլիներ մեկ այլ խնդրանք։ Փոխարենը՝ նա ասում է «դու ես....»՝ արտահայտելով իր համոզվածությունը։ Դավիթը հավատում է, որ ինքը Աստծուց օգնություն կստանա։
4, 5. Ի՞նչ ենք իմանում Դավթի մասին 70–րդ սաղմոսից, և ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
4 Ի՞նչ ենք իմանում Դավթի մասին 70–րդ սաղմոսից։ Դավիթը չփորձեց ինքնուրույն լուծել իր խնդիրները, երբ բախվեց նենգ թշնամիներին։ Նա վստահ էր, որ Եհովան իր որոշած ժամանակին և իր որոշած ձևով հաշիվ կտեսնի հակառակորդների հետ (Ա Թագ. 26։10)։ Դավիթը շարունակեց լիովին համոզված մնալ, որ Աստված օգնում և ազատում է իրեն փնտրողներին (Եբր. 11։6)։ Նա հավատում էր, որ ճշմարիտ երկրպագուները բոլոր հիմքերն ունեն ուրախ լինելու և Եհովային փառավորելու՝ ուրիշներին պատմելով նրա մեծության մասին (Սաղ. 5։11; 35։27)։
5 Դավթի պես՝ մենք կարող ենք բացարձակապես վստահ լինել, որ Եհովան մեր Օգնականը և մեր «Փրկիչն» է։ Ուստի, երբ ծանր կացության մեջ ենք կամ օգնության խիստ կարիք ունենք, կարո՛ղ ենք աղոթել նրան, որ արագորեն մեզ օգնության հասնի (Սաղ. 71։12)։ Իսկ ինչպե՞ս է Աստված պատասխանում մեր աղոթքներին։ Նախքան այս հարցը քննելը տեսնենք, թե ինչ երեք կերպերով նա օգնեց Դավթին ծանր հանգամանքներում։
Փրկում է հակառակորդներից
6. Որտեղի՞ց Դավիթը գիտեր, որ Եհովան փրկում է արդարին։
6 Դավիթը ներշնչյալ գրություններից գիտեր, որ արդարները կարող են ապավինել Եհովային։ Երբ Եհովան Ջրհեղեղով կործանեց անաստված աշխարհը, նա պահպանեց Նոյի և նրա աստվածավախ ընտանիքի կյանքը (Ծննդ. 7։23)։ Երբ Աստված ծծումբ ու կրակ տեղաց Սոդոմի ու Գոմորի չար բնակիչների վրա, նա օգնեց արդար Ղովտին և նրա երկու աղջիկներին փախչելու և իրենց կյանքը փրկելու (Ծննդ. 19։12–26)։ Իսկ երբ Կարմիր ծովում կործանեց հպարտ փարավոնին և նրա զորքը, Եհովան պաշտպանեց իր ժողովրդին՝ օգնելով նրան խուսափելու սարսափելի վախճանից (Ելից 14։19–28)։ Ուստի զարմանալի չէ, որ Դավիթը մեկ այլ սաղմոսում Եհովային մեծարում է որպես «փրկության Աստծու» (Սաղ. 68։20)։
7–9. ա) Ինչո՞ւ էր Դավիթը համոզված, որ Աստված փրկելու զորություն ունի։ բ) Ո՞ւմ էր Դավիթը համարում իր փրկիչը։
7 Դավիթը նաև անձամբ էր համոզվել, որ Եհովան փրկելու զորություն ունի։ Նա զգացել էր, թե ինչպես են Եհովայի «յաւիտենական բազուկները» ազատում Նրա ծառաներին (Բ Օրին. 33։27)։ Եհովան բազմիցս Դավթին փրկել էր կատաղի թշնամիների ճիրաններից (Սաղ. 18։17–19, 48)։ Ահա մի օրինակ։
8 Երբ իսրայելացի կանայք գովաբանեցին Դավթին ռազմական սխրանքների համար, Սավուղ թագավորն այնքան լցվեց նախանձով, որ երկու անգամ իր սրածայր նիզակը նետեց նրա վրա (Ա Թագ. 18։6–9)։ Երկու դեպքում էլ Դավիթը խույս տվեց։ Արդյո՞ք դա նրան հաջողվեց զուտ այն պատճառով, որ ճարպիկ և հմուտ ռազմիկ էր։ Ո՛չ։ Աստվածաշունչը բացատրում է, որ «Տէրը նորա հետ էր» (կարդա՛ Ա Թագաւորաց 18։11–14)։ Սավուղը ավելի ուշ փորձեց Դավթին սպանել փղշտացիների միջոցով, բայց երբ իր այդ նենգ ծրագիրը ձախողվեց, նա «հասկացաւ, որ Տէրը Դաւիթի հետ է» (Ա Թագ. 18։17–28)։
9 Ըստ Դավթի՝ ո՞վ էր իրեն փրկողը։ 18–րդ սաղմոսի ենթախորագիրն ասում է, որ նա «այս երգի խօսքերն ասեց Տիրոջը այն օրումը, որ Տէրը նորան փրկել էր.... Սաւուղի ձեռքիցը»։ Դավիթն իր զգացմունքներն արտահայտեց երգով՝ ասելով. «[Եհովա], իմ վէմ, եւ իմ բերդ եւ իմ ազատիչ. իմ Աստուած, իմ ամրութիւն, որին ես յուսացած եմ» (Սաղ. 18։2)։ Մի՞թե մեր հավատը չի զորանում, երբ իմանում ենք, որ Եհովան ի վիճակի է ազատելու իր ժողովրդին (Սաղ. 35։10)։
Օգնում է հիվանդության անկողնում
10, 11. Ինչի՞ց կարող ենք եզրակացնել, թե երբ էր Դավիթը հիվանդ։
10 Մի անգամ Դավիթ թագավորը ծանր հիվանդացավ։ 41–րդ սաղմոսում նշվում է այդ մասին։ Որոշ ժամանակ նա գամված էր անկողնուն։ Նրա վիճակն այնքան լուրջ էր, որ թշնամիներից ոմանց թվում էր, թե նա «այլ եւս վեր չի կենալ» (համար 7, 8)։ Ե՞րբ Դավիթը հիվանդացավ։ Այս սաղմոսում նշված հանգամանքներից կարելի է եզրակացնել, որ թագավորը ծանր իրավիճակում էր այն ժամանակ, երբ նրա որդի Աբիսողոմը փորձում էր զավթել գահը (Բ Թագ. 15։6, 13, 14)։
11 Դավիթը հիշատակում է իր ընկերներից մեկի մասին, որին վստահում էր և ում հետ մի ժամանակ հաց էր ուտում։ Բայց այդ ընկերը դավաճանեց նրան (համար 9)։ Սա գուցե մեզ հիշեցնի մի դեպք Դավթի կյանքից։ Թագավորի դեմ Աբիսողոմի բարձրացրած ապստամբության ընթացքում Դավթի վստահելի խորհրդական Աքիտոփելը դավաճանեց նրան ու միացավ Աբիսողոմին (Բ Թագ. 15։31; 16։15)։ Միայն պատկերացրու՝ թուլացած թագավոր՝ հիվանդության անկողնում։ Նա ուժ չունի վեր կենալու. գիտի, որ շրջապատված է դավադիրներով, որոնք ցանկանում են իր մահը՝ իրենց չար ծրագրերը իրագործելու նպատակով (համար 5)։
12, 13. ա) Ինչո՞ւմ էր Դավիթը վստահ։ բ) Ըստ ամենայնի, Եհովան ինչպե՞ս էր զորացրել Դավթին։
12 Դավթի վստահությունը Եհովայի փրկարար զորության հանդեպ երբեք չսասանվեց։ Աստծու ուղղամիտ ծառայի վերաբերյալ, որը հիվանդ է, նա ասաց. «Նեղութեան օրումը Տէրը կ’փրկէ նորան։ Տէրը կ’մխիթարէ նորան տկարութեան անկողնում. դու նորա բոլոր անկողինը կ’փոխես իր հիւանդութեան ժամանակումը» (Սաղ. 41։1, 3)։ Այստեղ դարձյալ նկատում ենք Դավթի վստահությունը, որն արտահայտված է «Տէրը կ’մխիթարէ» խոսքերով։ Նա համոզված էր, որ Եհովան կփրկի իրեն։ Ինչպե՞ս։
13 Դավիթը չէր ակնկալում, որ Աստված հրաշքով կբուժի իրեն։ Նա լիովին վստահ էր, որ Եհովան «կ’մխիթարէ», կամ՝ «ոյժ պիտի տայ» (ԱԱ) իրեն հիվանդության անկողնում։ Անշուշտ, նա դրա կարիքն ուներ։ Բացի այն, որ հիվանդությունից թուլացել էր, Դավիթը նաև շրջապատված էր թշնամիներով, որոնք չար բաներ էին ասում իր մասին (համար 5, 6)։ Եհովան, ըստ ամենայնի, զորացրել էր նրան՝ հիշեցնելով մխիթարական մտքեր։ Հետաքրքիր է, որ Դավիթն ասաց. «Իմ անարատության համար դու աջակցեցիր ինձ» (համար 12, ՆԱ)։ Նրան նաև զորացնում էր խորհրդածությունն այն բանի շուրջ, որ չնայած ինքը տկար է, և չնայած իր թշնամիները վատ բաներ են ասում իր մասին, Եհովան իրեն համարում է անարատ մարդ։ Դավիթը, ի վերջո, ապաքինվեց։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ Եհովան կարող է նեցուկ լինել իր հիվանդ ծառաներին (2 Կորնթ. 1։3)։
Ապահովում է անհրաժեշտ միջոցներով
14, 15. Դավիթը և նրա մարդիկ ե՞րբ խիստ կարիքի մեջ հայտնվեցին և ի՞նչ օգնություն ստացան։
14 Դավիթը Իսրայելի թագավոր դառնալուց հետո վայելում էր լավագույն սնունդն ու ըմպելիքը և նույնիսկ կարող էր հրավիրել շատերին՝ իր հետ մեկ սեղանի շուրջ ճաշակելու այդ բարիքներից (Բ Թագ. 9։10)։ Սակայն Դավիթը նաև գիտեր, թե ինչ է նշանակում կարիքի մեջ լինել։ Երբ նրա որդի Աբիսողոմը ապստամբություն կազմակերպեց և փորձեց զավթել գահը, Դավիթը մի քանի նվիրված աջակիցների հետ հեռացավ Երուսաղեմից։ Նրանք փախան Գաղաադի երկիր, որն ընկած էր Հորդանան գետից արևելք (Բ Թագ. 17։22, 24)։ Լինելով փախուստի մեջ՝ թագավորը և նրա մարդիկ շուտով սննդի, ըմպելիքի և հանգստի խիստ կարիք զգացին։ Մարդկանցից բավական հեռու լինելով՝ ինչպե՞ս կարող էին նրանք իրենց այդ կարիքները հոգալ։
15 Դավիթը և նրա մարդիկ, վերջիվերջո, եկան Մանայիմ քաղաքը։ Նրանք այնտեղ հանդիպեցին երեք խիզախ մարդկանց՝ Սոբիին, Մաքիրին և Բերզելիին։ Այդ մարդիկ պատրաստ էին վտանգելու իրենց կյանքը, որպեսզի օգնեն Աստծու կողմից նշանակված թագավորին։ Նրանք գիտեին, որ եթե Աբիսողոմը թագավորությունը իր ձեռքը վերցնի, ապա, անկասկած, խստորեն կպատժի Դավթին աջակցած յուրաքանչյուր մարդու։ Հասկանալով Դավթի և նրա հետ լինողների ծանր վիճակը՝ այդ երեք նվիրված հպատակները բերեցին անհրաժեշտ բոլոր բաները, որոնց մեջ կային անկողիններ, ցորեն, գարի, հեղի, բակլա, ոսպ, մեղր, կարագ և ոչխարներ (կարդա՛ Բ Թագաւորաց 17։27–29)։ Սոբիի, Մաքիրի և Բերզելիի արտասովոր նվիրվածությունը և հյուրասիրությունը Դավթի սիրտը երախտագիտությամբ լցրեցին։ Անկասկած, նա երբեք չէր մոռանա նրանց արածը։
16. Ի վերջո, ո՞վ Դավթին և նրա մարդկանց ապահովեց անհրաժեշտ միջոցներով։
16 Սակայն, ի վերջո, ո՞վ Դավթին և նրա մարդկանց ապահովեց անհրաժեշտ միջոցներով։ Դավիթը համոզված էր, որ Եհովան հոգ է տանում իր ժողովրդի մասին։ Աստված, անշուշտ, կարող է իր ծառաներին մղել, որ օգնության ձեռք մեկնեն կարիքի մեջ եղող հավատակցին։ Խորհրդածելով Գաղաադի երկրում տեղի ունեցած դեպքերի շուրջ՝ Դավիթը, անկասկած, այդ մարդկանց ցուցաբերած բարության մեջ տեսավ Եհովայի սիրառատ հոգատարությունը։ Կյանքի վերջում նա գրեց. «Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին [այդ թվում նաև իրեն] երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ» (Սաղ. 37։25)։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ Եհովայի ձեռքը երբեք կարճ չէ (Առակ. 10։3)։
«Եհովան գիտի, թե ինչպես.... մարդկանց ազատի»
17. Ի՞նչ է Եհովան բազմիցս փաստել։
17 Դավիթը Եհովայի՝ աստվածաշնչյան ժամանակների բազմաթիվ երկրպագուներից ընդամենը մեկն էր, ով զգացել էր նրա փրկարար բազկի զորությունը։ Դավթի օրերից ի վեր՝ Աստված բազմիցս փաստել է, որ ճշմարիտ են այն խոսքերը, որ Պետրոս առաքյալը ներշնչանքով գրեց. «Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (2 Պետ. 2։9)։ Քննենք ևս երկու օրինակ։
18. Ինչպե՞ս Եհովան ազատեց իր ժողովրդին Եզեկիայի օրերում։
18 Մ.թ.ա. 8–րդ դարում Ասորեստանի հզոր բանակը ներխուժեց Հուդա և շրջապատեց Երուսաղեմը։ Այդ ժամանակ Եզեկիա թագավորը աղոթեց. «Ով [Եհովա] մեր Աստուած, մեզ ազատիր.... որ երկրի ամեն թագաւորութիւններն իմանան, որ միայն դու կաս Եհովայ» (Ես. 37։20)։ Եզեկիայի գլխավոր մտահոգությունը Եհովայի անունը և հեղինակությունն էր։ Աստված պատասխանեց այդ սրտաբուխ աղոթքին։ Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում հրեշտակը սպանեց 185 000 ասորեստանցու՝ այդպիսով ազատելով Եհովայի հավատարիմ ծառաներին (Ես. 37։32, 36)։
19. Ի՞նչ նախազգուշացման ականջ դրեցին առաջին դարի քրիստոնյաները, որի շնորհիվ փրկվեցին կործանումից։
19 Մահվանից ընդամենը մի քանի օր առաջ Հիսուսը Հրեաստանում ապրող իր աշակերտներին տվեց մի մարգարեություն–նախազգուշացում։ Եթե նրանք ականջ դնեին դրան, ապա օգուտներ կստանային (կարդա՛ Ղուկաս 21։20–22)։ Տասնամյակներ անցան, և մ.թ. 66–ին հրեաների ապստամբության պատճառով հռոմեական բանակը եկավ Երուսաղեմի վրա։ Կեստիոս Գալլոսի լեգեոնները կարողացան տաճարի պարսպի տակը փորել, բայց հետո անսպասելիորեն հետ քաշվեցին։ Հասկանալով, որ դա իրենց հնարավորություն է տալիս փրկվելու այն կործանումից, որի մասին մարգարեացել էր Հիսուսը՝ հավատարիմ քրիստոնյաները փախան լեռները։ Հռոմեական զորքերը վերադարձան մ.թ. 70–ին։ Այս անգամ նրանք հետ չքաշվեցին և Երուսաղեմը հիմնահատակ ավերեցին։ Այն քրիստոնյաները, ովքեր ականջ դրեցին Հիսուսի նախազգուշացմանը, սարսափելի կործանումից փրկվեցին (Ղուկ. 19։41–44)։
20. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեր «Փրկիչն» է։
20 Մեր հավատը զորանում է, երբ խորհրդածում ենք այն իրողության շուրջ, որ Եհովան օգնում է իր ժողովրդին։ Այն, ինչ նա արել է անցյալում, մեզ հիմք է տալիս վստահելու նրան։ Անկախ նրանից, թե ինչ դժվարություններ ունենք այժմ, կամ թե ինչ կպատահի ապագայում՝ մենք նույնպես կարող ենք լիովին վստահ լինել, որ Եհովան մեր «Փրկիչն» է։ Ինչպե՞ս է Եհովան մեզ փրկում։ Իսկ ի՞նչ արեց Եհովան հոդվածի սկզբում հիշատակված անհատների համար։ Ինչպե՞ս դեպքերն ընթացան նրանց պարագայում։ Սա կիմանանք հաջորդ հոդվածից։
Հիշո՞ւմ եք
• 70–րդ սաղմոսն ինչո՞ւմ է մեզ վստահեցնում։
• Ինչպիսի՞ օգնություն ստացավ Դավիթը հիվանդ ժամանակ։
• Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Եհովան կարող է իր ժողովրդին փրկել հակառակորդներից։
[նկար 6–րդ էջի վրա]
Եհովան պատասխանեց Եզեկիայի աղոթքին