Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Սաղմոսներից» (գիրք 2)
ՄԵՆՔ, լինելով Եհովայի ծառաներ, գիտենք, որ փորձություններ կունենաք։ Պողոս առաքյալը գրեց. «Ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթէոս 3։12)։ Եթե տոկանք փորձություններին և հալածանքին, ապա դրանով կփաստենք Եհովայի հանդեպ մեր անարատությունը։ Ի՞նչը կօգնի մեզ այս հարցում։
Սաղմոսների հինգ ժողովածուներից երկրորդը հենց այդ օգնությունն է։ 42–72-րդ սաղմոսները ցույց են տալիս, որ փորձություններին տոկալու համար պետք է լիովին ապավինենք Եհովային ու սովորենք սպասել, մինչև որ նա ազատի։ Այո՛, դա շատ կարևոր է։ «Սաղմոսների» 2–րդ գրքի պատգամը, ինչպեսև Աստծու Խոսքի մյուս գրքերինը, իրոք «կենդանի է եւ զօրաւոր» նաև մեր օրերում (Եբրայեցիս 4։12)։
«ԱՍՏՈՒԱԾ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՊԱՒԷՆ Է ԵՒ ԶՕՐՈՒԹԻՒՆ»
Ղևտացին գտնվում է աքսորում։ Նա տխուր է, որ չի կարող Եհովային երկրպագել նրա տաճարում, ուստի ինքն իրեն մխիթարում է՝ ասելով. «Ինչո՞ւ ես տրտում, ով իմ անձը, եւ շփոթուած ես ինձանում։ Աստուծուն յուսացիր» (Սաղմոս 42։5, 11; 43։5)։ 42–րդ և 43–րդ սաղմոսները միասին կազմում են մեկ բանաստեղծություն՝ բաղկացած երեք տնից, որոնցից յուրաքանչյուրում հանդիպում է այս համարը։ 44–րդ սաղմոսը խնդրանք է Հուդայի համար, ազգ, որը գտնվում է ծանր իրավիճակում. Ասորեստանի բանակը սպառնում է ներխուժել երկիր Եզեկիա թագավորի օրերում։
45–րդ սաղմոսը, որտեղ նկարագրվում է մի թագավորի հարսանիք, մարգարեություն է Մեսիական Թագավորի մասին։ Հաջորդ երեք սաղմոսները Եհովային ներկայացնում են որպես «ապաւէն.... եւ զօրութիւն», «մեծ Թագաւոր.... ամեն երկրի վերայ», «ապաւէն» (Սաղմոս 46։1; 47։2; 48։3)։ Սաղմոս 49–ը գեղեցիկ կերպով ցույց է տալիս, որ ոչ մի մարդ «չէ կարող իր եղբորը փրկել» (Սաղմոս 49։7)։ Երկրորդ ժողովածուի առաջին ութ սաղմոսները վերագրվում են Կորխի որդիներին, իսկ իններորդը՝ 50–րդ սաղմոսը, գրել է Ասափը։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
44։19 — Ո՞րն էր ‘չագալների տեղը’։ Հավանաբար, սաղմոսերգուն նկատի ուներ մարտադաշտ, որտեղ սպանվածների դիակները «չագալների»՝ շնագայլերի կերակուր էին դառնում։
45։13, 14ա — Ո՞վ է «թագաւորի աղջիկը», որը «ներս կ’տարուի թագաւորի մօտ»։ Նա «հավիտենականության Թագավորի»՝ Եհովա Աստծու աղջիկն է (Յայտնութիւն 15։3, ՆԱ)։ Նա ներկայացնում է 144 000 քրիստոնյաների փառավորված ժողովը, որոնց Եհովան որդեգրում է որպես իր զավակներ՝ օծելով իր ոգով (Հռովմայեցիս 8։16)։ Եհովայի այս «աղջիկը»՝ «պատրաստուած ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար», կտարվի փեսայի՝ Մեսիական Թագավորի մոտ (Յայտնութիւն 21։2)։
45։14բ, 15 — Ո՞ւմ են ներկայացնում «աղջիկ ընկերները»։ Նրանք ճշմարիտ երկրպագուների «մեծ բազմությունն» են, որոնք միանում են օծյալ մնացորդին և թիկունք կանգնում նրան։ Քանի որ «մեծ նեղութիւնիցը» կենդանի են դուրս գալիս, նրանք երկրի վրա կլինեն, երբ երկնքում տեղի ունենա Մեսիական Թագավորի ամուսնությունը (Յայտնութիւն 7։9, 13, 14)։ Այդ իրադարձությունը նրանց մեծ ‘ուրախություն և ցնծություն’ կպատճառի։
45։16 — Ի՞նչ իմաստով որդիները կլինեն թագավորի հայրերի տեղ։ Երբ Հիսուսը ծնվեց երկրի վրա, նա ուներ երկրային նախահայրեր։ Նրանք կդառնան նրա որդիները, երբ Հիսուսը նրանց հարություն տա մահացածների միջից իր Հազարամյա Իշխանության ժամանակ։ Այդ որդիներից ոմանք կլինեն նրանց թվում, ովքեր կնշանակվեն որպես «իշխաններ.... ամեն երկրի վերայ»։
50։2 — Ինչո՞ւ է Երուսաղեմը կոչվում ‘գեղեցկության կատարելություն’։ Պատճառը քաղաքի տեսքը չէր։ Երուսաղեմը հրապուրիչ էր այն պատճառով, որ Եհովան օգտագործում էր այդ քաղաքը և նրան օժտել էր փառահեղությամբ՝ այնտեղ դնելով իր տաճարը ու քաղաքը դարձնելով իր օծյալ թագավորների աթոռանիստը։
Դասեր մեզ համար
42։1–3. Ինչպես որ եղջերուն ջուր է փափագում չորային վայրերում, այնպես էլ ղևտացին փափագում էր Եհովային։ Հնարավորություն չունենալով երկրպագելու Աստծուն նրա տաճարում՝ նա անչափ տխրել էր. ղևտացու ‘արտասուքը հաց էր դարձել նրա համար ցերեկ և գիշեր’, այսինքն՝ նա կորցրել էր ախորժակը։ Չպե՞տք է արդյոք խոր գնահատանք զարգացնենք մեր մեջ այն բանի համար, որ կարող ենք հավատակիցների հետ երկրպագել Եհովային։
42։4, 5, 11; 43։3–5. Եթե մեզանից անկախ ինչ–որ պատճառով ժամանակավորապես բաժանված ենք քրիստոնեական ժողովից, ապա կարող ենք ուժ ստանալ՝ հիշելով այն ուրախությունները, որ վայելել ենք հավատակիցների հետ քրիստոնեական հանդիպումների ժամանակ։ Թեև այդ հիշողությունները սկզբում գուցե ուժեղացնեն մենակության ցավը, դրանք նաև կհիշեցնեն մեզ, որ Աստված մեր ապավենն ու ապաստանն է, և որ նեղ վիճակից դուրս գալու համար պետք է սպասենք նրան։
46։1–3. Ինչ չարիք էլ մեզ պատահի, մենք պետք է լիովին վստահ լինենք, որ «Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն»։
50։16–19. Խաբող և չար գործեր անող անհատը իրավունք չունի ներկայացնելու Աստծուն։
50։20. Այստեղ–այնտեղ ուրիշների թերություններից ոգևորված խոսելու փոխարեն՝ մենք պետք է անտեսենք դրանք (Կողոսացիս 3։13)։
«ՈՎ ԻՄ ԱՆՁԸ.... ԼՈՒՌ ՄՏԻԿ ՏՈՒՐ ԱՍՏՈՒԾՈՒՆ»
Սաղմոսների այս խումբը սկսվում է Դավթի սրտանց աղոթքով, որով նա դիմում է Աստծուն Բերսաբեի հետ մեղք գործելուց հետո։ 52–57-րդ սաղմոսները ցույց են տալիս, որ Եհովան նրանց է ազատում, ովքեր իրենց ‘հոգսը’ իր վրա են գցում և փրկության համար իրեն են սպասում։ 58–64-րդ սաղմոսներից երևում է, որ Դավիթն իր բոլոր նեղություններում ապավինում է Եհովային։ Նա երգում է. «Ով իմ անձը, մինակ լուռ մտիկ տուր Աստուծուն. որովհետեւ նորանից է իմ յոյսը» (Սաղմոս 62։5)։
Մտերմությունը մեր Ազատարարի հետ պետք է մղի մեզ ‘սաղմոս ասել նրա անվան փառքին’ (Սաղմոս 66։2)։ 65–րդ սաղմոսում Եհովան գովաբանվում է որպես առատաձեռն Մատակարար, իսկ 67–րդ և 68–րդում, ինչպես նաև 70–րդ և 71–րդում՝ որպես փրկության Աստված, Փրկիչ։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
51։12 — Դավիթը խնդրում էր, որ ո՞ւմ ‘կամավոր հոգին’ ‘հաստատի’՝ նեցուկ լինի իրեն։ Սա չի վերաբերում Դավթին օգնելու Եհովայի պատրաստակամությանը կամ Նրա սուրբ ոգուն։ Դա վերաբերում է Դավթի ոգուն՝ նրա մտքի տրամադրվածությանը։ Դավիթը խնդրում էր, որ Աստված իր սրտում ճիշտն անելու ցանկություն առաջացնի։
53։1 — Աստծուն մերժող անձնավորությունը ի՞նչ իմաստով է ‘անզգամ’։ Այստեղ անզգամությունը չի նշանակում մտավոր պակասություն։ Այդ անհատը անզգամ է բարոյական առումով։ Սա փաստվում է բարոյական անկման վերաբերյալ այն նկարագրությունից, որ տրվում է Սաղմոս 53։1–4-ում։
58։3–5 — Ի՞նչ իմաստով են ամբարիշտները օձի նման։ Ուրիշների մասին նրանց ասած ստերը նման են օձի թույնի։ Նրանք թունավորում են իրենց զոհերի բարի անունը։ «Ինչպէս.... իժ, որ իր ականջը խփում է», ամբարիշտները չեն լսում, երբ իրենց առաջնորդություն են տալիս կամ խրատում են։
58։7 — Ինչպե՞ս են ամբարիշտները ‘հալվում անդադար գնացող ջրի պես’։ Դավիթը հավանաբար ի մտի ուներ Ավետյաց երկրի որոշ հեղեղատների ջրերը։ Հորդառատ անձրևներից հետո այդ հեղեղատներում ջրերի մակարդակը բարձրանում էր, բայց դա երկար չէր տևում. ջրերը արագ–արագ հոսում էին և շուտով անհետանում։ Դավիթն աղոթում էր, որ ամբարիշտներն արագորեն անհետանան։
68։13 — Ի՞նչ իմաստով էին «աղաւնիի թեւերը.... արծաթով պատած, եւ նորանց փետուրները՝ դեղին ոսկիով»։ Կապտամոխրագույն որոշ աղավնիներ ունեն փայլող երփներանգ փետուրներ։ Նրանց փետուրները արևի ոսկեզօծ ճառագայթների տակ մետաղական փայլ են ստանում։ Հավանաբար Դավիթը ռազմի դաշտից վերադարձող հաղթական իսրայելացիներին նմանեցրեց այդպիսի աղավնիների՝ ուժեղ թևերով և փայլուն արտաքինով։ Ինչպես ենթադրում են որոշ աստվածաշնչագետներ, այս նկարագրությունը կարող է նաև վերաբերել որպես ավար վերցված արվեստի գործի։ Ամեն դեպքում, Դավիթը նկատի ուներ թշնամու նկատմամբ տարած այն հաղթանակները, որ Եհովան տվել էր իր ժողովրդին։
68։18 — Ովքե՞ր էին «մարդկանց տեսքով պարգևները» (ՆԱ)։ Դրանք այն մարդիկ էին, որոնք Ավետյաց երկրի նվաճման ժամանակ գերի էին վերցվել։ Այդ մարդիկ հետագայում նշանակվեցին օգնելու ղևտացիներին (Եզրաս 8։20)։
68։30 — Ի՞նչ է նշանակում ‘եղեգի գազանին սաստելու’ խնդրանքը։ Եհովայի թշնամիներին անվանելով գազան՝ Դավիթը Աստծուն խնդրում էր սաստել նրանց կամ թույլ չտալ, որ նրանք վնաս պատճառեն։
69։23 — Ի՞ նչ է նշանակում ‘թշնամու մեջքը [ազդրերը, ՆԱ] դողացնելը’։ Ազդրերի մկանները շատ կարևոր են ծանր աշխատանք կատարելու, օրինակ, ծանր բեռներ բարձրացնելու և տանելու համար։ Թույլ ազդրերը նշանակում են զորության կորուստ։ Դավիթն աղոթում էր, որ իր թշնամիները զրկվեն իրենց զորությունից։
Դասեր մեզ համար
51։1–4, 17. Անպայման չէ, որ մեղք գործելը մեզ հեռացնի Եհովա Աստծուց։ Եթե զղջանք, ապա կարող ենք վստահ լինել, որ նա մեր հանդեպ գթասիրտ կլինի։
51։5, 7–10. Եթե մեղք ենք գործել, ապա կարո՛ղ ենք խնդրել Եհովային, որ ների մեզ, քանի որ անկատարություն ենք ժառանգել։ Նաև պետք է աղոթենք, որ Աստված մեզ մաքրի, վերականգնի, օգնի մեր սրտից հանել մեղավոր հակումները և տա «ուղիղ հոգի»՝ անսասան ոգի։
51։18. Դավթի գործած մեղքը վտանգի տակ դրեց ողջ ազգի բարօրությունը։ Ուստի նա աղոթեց Աստծուն, որ ‘քաղցրություն’, կամ՝ ‘բարեհաճություն’ (ԷԹ, 50։20) ցույց տա Սիոնին։ Երբ լուրջ մեղք ենք գործում, հաճախ դա նախատինք է բերում Եհովայի անվանը և ժողովին։ Մենք պետք է աղոթենք Աստծուն, որ չեզոքացնի մեր կողմից պատճառված վնասը։
52։8. Եթե հնազանդվենք Եհովային ու պատրաստակամորեն ընդունենք նրա խրատը, ապա ‘կանաչած ձիթենու նման կլինենք Աստծու տանը’, այսինքն՝ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ կունենանք և «պտղաբեր» կլինենք նրան մատուցած մեր ծառայության մեջ (Եբրայեցիս 12։5, 6)։
55։4, 5, 12–14, 16–18. Դավթին զգացական մեծ ցավ պատճառեցին նրա որդու՝ Աբիսողոմի կազմակերպած դավադրությունը և վստահելի խորհրդական Աքիտոփելի դավաճանությունը։ Բայց այդ ամենը չթուլացրեց Եհովայի հանդեպ Դավթի վստահությունը։ Մենք չպետք է թույլ տանք, որ զգացական ցավը սասանի մեր վստահությունը Աստծու հանդեպ։
55։22. Ինչպե՞ս ենք մեր հոգսը գցում Եհովայի վրա։ Դա անում ենք՝ 1) մեզ անհանգստություն պատճառող բաների մասին նրան աղոթելով, 2) առաջնորդության և աջակցության համար դիմելով նրա Խոսքին և կազմակերպությանը, 3) ողջամտության սահմաններում անելով հնարավոր ամեն բան՝ իրավիճակը բարելավելու համար (Առակաց 3։5, 6; 11։14; 15։22; Փիլիպպեցիս 4։6, 7)։
56։8. Եհովան ոչ միայն տեղյակ է մեր իրավիճակից, այլև հասկանում է, թե այդ իրավիճակն ինչ զգացական հետևանք է թողնում մեզ վրա։
62։11. Աստված կախյալ չէ զորության արտաքին աղբյուրներից։ Զորության աղբյուր հենց ինքն է։ «Զօրութիւնն Աստուծուն է»։
63։3. Աստծու «ողորմութիւնը [«սիրառատ բարությունը», ՆԱ] լաւ է քան թէ կեանքը», քանի որ առանց դրա կյանքն անիմաստ է ու աննպատակ։ Մենք իմաստություն դրսևորած կլինենք, եթե Եհովայի հետ մտերիմ հարաբերություններ զարգացնենք։
63։6. Գիշերները խորհրդածելու համար գերազանց ժամանակ կարող են լինել, երբ հանդարտություն է տիրում և խանգարող բան չկա։
64։2–4. Բամբասանքը կարող է լրջորեն վնասել անմեղ անհատի բարի անունը։ Մենք չպետք է լսենք բամբասանքը և ոչ էլ տարածենք։
69։4. Խաղաղություն պահպանելու համար երբեմն իմաստուն կլինի, որ ինքներս ‘վճարենք’՝ ներողություն խնդրենք, նույնիսկ եթե համոզված չենք, որ մենք ենք սխալ։
70։1–5. Եհովան լսում է օգնության համար իրեն ուղղված մեր ջերմեռանդ աղոթքները (Ա Թեսաղոնիկեցիս 5։17; Յակոբոս 1։13; Բ Պետրոս 2։9)։ Հնարավոր է՝ նա թույլ տա, որ մեր փորձությունը շարունակվի, բայց Աստված նաև կտա իմաստություն և զորություն, որպեսզի ճիշտ վարվենք այդ իրավիճակում և դիմանանք։ Նա թույլ չի տա, որ մեր կարողությունից վեր փորձվենք (Ա Կորնթացիս 10։13; Եբրայեցիս 10։36; Յակոբոս 1։5–8)։
71։5, 17. Դավթի քաջության և զորության պատճառն այն էր, որ նա մանուկ հասակից, փղշտացի հսկա Գողիաթին հաղթելուց դեռ շատ առաջ, իր հույսը Եհովայի վրա էր դրել (Ա Թագաւորաց 17։34–37)։ Երեխաները պետք է իրենց բոլոր գործերում ապավինեն Եհովային։
«Թող ամեն երկիր լցուի նորա փառքովը»
Սաղմոսների երկրորդ ժողովածուի վերջին երգը՝ Սաղմոս 72–ը, Սողոմոնի իշխանության մասին է։ Այդ երգը նախապատկերում է այն պայմանները, որ կտիրեն Մեսիայի օրոք։ Ի՜նչ սքանչելի օրհնություններ են նկարագրվում այս սաղմոսում՝ խաղաղության շատություն, ցորենի առատություն երկրի վրա, չկա բռնություն և կեղեքում։ Կլինե՞նք նրանց թվում, ովքեր կվայելեն Աստծու Թագավորության այս և մյուս օրհնությունները։ Կլինենք, եթե սաղմոսերգուի պես տրամադրվենք սպասելու Եհովային՝ նրան դարձնելով մեր ապավենն ու զորությունը։
‘Դավթի աղոթքները վերջանում են’ հետևյալ խոսքերով. «Օրհնեալ է Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. որ մինակ նա է հրաշք անող։ Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. ամէն եւ ամէն» (Սաղմոս 72։18–20)։ Եկեք մենք էլ ամբողջ սրտով օրհնենք Եհովային և գովաբանենք նրա փառավոր անունը։
[նկար 9-րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե ում է ներկայացնում «թագաւորի աղջիկը»
[նկար 10-րդ էջի վրա]
Երուսաղեմը կոչվում է ‘գեղեցկության կատարելություն’։ Գիտե՞ս, թե ինչու