Շարունակենք սիրել, քանի որ սերը կերտում է
«Սերը կերտում է» (1 ԿՈՐՆԹ. 8։1)։
1. Իր աշակերտների հետ անցկացրած վերջին գիշերը Հիսուսը ի՞նչ կարևոր բանի մասին խոսեց։
ՀԻՍՈՒՍԸ իր աշակերտների հետ անցկացրած վերջին գիշերը գրեթե 30 անգամ հիշատակեց սիրո մասին։ Նա ընդգծեց, որ իր աշակերտները պետք է «սիրեն միմյանց» (Հովհ. 15։12, 17)։ Աշակերտների միջև սերը այնքան ցայտուն էր լինելու, որ հստակ բնորոշելու էր նրանց որպես Քրիստոսի ճշմարիտ հետևորդների (Հովհ. 13։34, 35)։ Այդ սերը միայն զգացմունք չէ։ Հիսուսը խոսում էր սիրո ամենավեհ տեսակի՝ անձնազոհ սիրո մասին։ Նա ասաց. «Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար։ Դուք իմ ընկերներն եք, եթե կատարեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ» (Հովհ. 15։13, 14)։
2. ա) Աստծու ծառաները ինչո՞վ են հայտնի։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։
2 Եհովայի ներկայիս ծառաների միջև տիրող իսկական, անձնազոհ սերը և անխզելի միությունը վկայում են, որ նրանք Աստծու ժողովուրդն են (1 Հովհ. 3։10, 11)։ Որքա՜ն երջանիկ ենք, որ մեր միջև այնպիսի սեր է տիրում, ինչպիսին որ Քրիստոսը դրսևորեց։ Այդ սերը մենք դրսևորում ենք անկախ այն բանից, թե մարդը որ ազգից կամ ցեղից է, ինչ լեզվով է խոսում կամ ինչ անցյալ ունի։ Սակայն ինչո՞ւ հատկապես մեր օրերում անձնազոհ սիրո կարիք կա։ Եհովայի և Հիսուսի սերը ինչպե՞ս է կերտում ու զորացնում մեզ։ Յուրաքանչյուրս ինչպե՞ս կարող է այդպիսի սեր դրսևորել և դրանով կերտել ուրիշներին (1 Կորնթ. 8։1)։
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՅՍՕՐ ՍԻՐՈ ԿԱՐԻՔ ԿԱ
3. Այս «չափազանց դժվար ժամանակները» ինչպե՞ս են անդրադառնում մարդկանց վրա։
3 Քանի որ ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում», կյանքը «նեղությամբ ու տառապանքով է լի», ուստի զարմանալի չէ, որ շատերը այսօր էմոցիոնալ բնույթի տարբեր խնդիրներ ունեն (Սաղ. 90։10; 2 Տիմոթ. 3։1–5)։ Բազմաթիվ մարդիկ այնպիսի վիճակում են, որ էլ չեն ուզում ապրել։ Ըստ որոշ հաշվարկների՝ ամեն տարի ավելի քան 800 000 մարդ է ինքնասպան լինում, ամեն 40 վայրկյանը մեկ՝ մի մարդ։ Ցավոք, որոշ քրիստոնյաներ, չդիմանալով կյանքի ճնշումներին, նույնպես ինքնասպան են եղել։
4. Աստծու վաղեմի ծառաներից ովքե՞ր են այն աստիճան վհատվել, որ ցանկացել են մեռնել։
4 Աստվածաշնչյան ժամանակներում եղել են դեպքեր, երբ Աստծու հավատարիմ ծառաներից ոմանք իրենց հանգամանքների պատճառով այնքան են վհատվել, որ ցանկացել են մեռնել։ Օրինակ՝ ցավերով խոցված Հոբը հառաչեց. «Ես մերժել եմ կյանքը, հավիտյան չէի ապրի» (Հոբ 7։16; 14։13)։ Իսկ Հովնանը մի պահ այնքան հիասթափվեց, որ ասաց. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, ինձնից վերցրու իմ հոգին, քանի որ մեռնելս ապրելուցս լավ է» (Հովն. 4։3)։ Մի անգամ էլ հավատարիմ Եղիա մարգարեն այնքան հուսահատվեց, որ Եհովայից մահ խնդրեց։ Մարգարեն ասաց. «Բավակա՛ն է։ Ո՛վ Եհովա, ա՛ռ իմ հոգին» (1 Թագ. 19։4)։ Սակայն Եհովան շատ թանկ էր գնահատում իր նվիրված ծառաներին և չէր ուզում, որ նրանք մեռնեին։ Այդ մարդկանց դատապարտելու փոխարեն՝ Եհովան իր սիրով զորացրեց նրանց ու օգնեց դուրս գալ այդ վիճակից։ Նոր ուժերով լցված՝ նրանք շարունակեցին հավատարմորեն ծառայել Աստծուն։
5. Մեր հավատակիցները ինչո՞ւ հատկապես այսօր մեր սիրո կարիքն ունեն։
5 Նույնիսկ եթե մեր քույրերն ու եղբայրները այն աստիճան վհատված չեն, որ ցանկանան մեռնել, նրանցից շատերը սթրես են տանում և մեր սիրո կարիքն ունեն։ Ոմանց հալածում կամ ծաղրում են, մյուսներին էլ աշխատավայրում խիստ քննադատության են ենթարկում կամ չարախոսում են։ Որոշ հավատակիցներ, հնարավոր է, ուժասպառ են եղել արտաժամ աշխատանքի կամ խիստ լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Ոմանց էլ ընտանեկան խնդիրներն են թևաթափ անում, օրինակ՝ ոչ Վկա կողակցի քննադատական վերաբերմունքը։ Այս և նմանատիպ այլ ճնշումների պատճառով մեր հավատակիցներից շատերը ֆիզիկական և էմոցիոնալ առումով հյուծված են։ Ո՞վ կարող է օգնել նրանց, որ չհանձնվեն։
ԹՈՂ ԵՀՈՎԱՅԻ ՍԵՐԸ ԶՈՐԱՑՆԻ ՔԵԶ
6. Եհովայի սերը ինչպե՞ս է զորացնում նրա ծառաներին։
6 Եհովան իր ծառաներին զորացնում է՝ հավաստիացնելով, որ հավերժական սիրով սիրում է նրանց։ Հավատարիմ իսրայելացիները հավանաբար շատ քաջալերվեցին, երբ լսեցին Եհովայի խոսքերը. «Դու թանկ ես իմ աչքերում, ես պատվարժան եմ քեզ համարում ու սիրում եմ քեզ.... Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ» (Ես. 43։4, 5)։ Լինելով Եհովայի ծառա՝ կարող ես համոզված լինել, որ նա ջերմորեն սիրում է քեզ։a Սուրբ Գիրքը հավաստիացնում է. «Քո Աստված Եհովան քո մեջ է, որպես հզոր՝ նա կփրկի։ Նա բերկրությամբ կցնծա քեզնով» (Սոփ. 3։16, 17)։
7. Եհովան ինչպե՞ս է մեզ սիրում (տես հոդվածի սկզբի նկարը)։
7 Ինչ փորձությունների էլ բախվենք, Եհովան խոստանում է զորացնել և մխիթարել մեզ. «Ձեզ գրկած կտանեն ու ծնկների վրա կշոյեն։ Ինչպես որ մարդուն իր մայրն է մխիթարում, այնպես էլ ես կմխիթարեմ ձեզ» (Ես. 66։12, 13)։ Որքա՜ն են ջերմանում մեր սրտերը, երբ պատկերացնում ենք այդ տեսարանը. սիրառատ մայրը իր փոքրիկին գիրկն է առնում կամ ծնկների վրա նստեցրած՝ գուրգուրում։ Եհովան հուզիչ կերպով նկարագրում է, թե որքան ուժգին և ջերմ սիրով է սիրում իր ծառաներին։ Մի վայրկյան անգամ չկասկածես, որ շատ թանկ ու սիրելի ես նրա համար (Երեմ. 31։3)։
8, 9. Քրիստոսի սերը ինչպե՞ս է զորացնում մեզ։
8 Եվս մեկ պատճառ կա, թե ինչու ենք համոզված, որ Եհովան սիրում է մեզ։ Սուրբ Գրքում ասվում է. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։ Իր կյանքը զոհելով մեզ համար՝ Հիսուսը նույնպես փաստեց իր սերը մեր նկատմամբ, և այդ սերը անչափ զորացնում է մեզ։ Աստծու Խոսքը հավաստիացնում է, որ ոչ մի «նեղություն» կամ «վիշտ» չի կարող «բաժանել մեզ Քրիստոսի սիրուց» (Հռոմ. 8։35, 38, 39)։
9 Երբ այնպիսի նեղություններ ենք կրում, որոնք ֆիզիկական, էմոցիոնալ կամ հոգևոր առումով մեզ ուժասպառ են անում, Քրիստոսի սերը կարող է ուժ տալ, որ տոկանք (կարդա 2 Կորնթացիներ 5։14, 15)։ Այդ սերը կարող է զորացնել, որ չհանձնվենք նույնիսկ այնպիսի դժվարությունների բախվելիս, ինչպիսիք են աղետները, հալածանքը, հիասթափությունները կամ մտատանջող հոգսերը։
ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԵՐ ՍԻՐՈ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆ
10, 11. Հավատակիցներին քաջալերելը ո՞ւմ պարտականությունն է։ Բացատրիր։
10 Եհովան իր սերը ցույց է տալիս նաև քրիստոնեական ժողովի միջոցով։ Ի պատասխան այդ սիրուն՝ մենք էլ կարող ենք սիրել մեր եղբայրներին ու քույրերին և զորացնել նրանց ոչ միայն հոգևորապես, այլև էմոցիոնալ առումով (1 Հովհ. 4։19–21)։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց. «Շարունակեք մխիթարել և կերտել միմյանց, ինչպես որ անում եք» (1 Թեսաղ. 5։11)։ Այո՛, ժողովի բոլոր անդամները կարող են ընդօրինակել Եհովային ու Հիսուսին և մխիթարել ու զորացնել միմյանց. դա միայն երեցների պարտականությունը չէ (կարդա Հռոմեացիներ 15։1, 2)։
11 Մեր հավատակիցներից ոմանք, ովքեր տառապում են դեպրեսիայով կամ նման այլ հիվանդություններով, գուցե մասնագիտական օգնության և դեղորայքի կարիք ունենան (Ղուկ. 5։31)։ Երեցները և ժողովի մյուս անդամները համեստորեն ընդունում են այն փաստը, որ իրենք համապատասխան կրթություն չունեն նման մարդկանց մասնագիտական օգնություն ցույց տալու համար։ Սակայն նրանք կարող են «սփոփել վհատված հոգիներին, թիկունք կանգնել թույլերին, համբերատար լինել բոլորի հանդեպ» (1 Թեսաղ. 5։14)։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է սեր, կարեկցանք ու համբերատարություն դրսևորի և իր խոսքերով մխիթարի ու զորացնի վհատվածներին։ Իսկ դու մխիթարում և քաջալերո՞ւմ ես ուրիշներին։ Ի՞նչը քեզ կօգնի, որ դա ավելի լավ անես։
12. Բեր օրինակ, թե ժողովն ինչպես է զորացրել մի վհատված հավատակցի։
12 Մեր սերը ինչպե՞ս կարող է զորացնել նրանց, ովքեր էմոցիոնալ ծանր վիճակում են։ «Երբեմն մտածում եմ ինքնասպան լինելու մասին,— ասում է Եվրոպայում բնակվող մի քույր։— Բայց ես մի լավ «թիմ» ունեմ, որը ինձ զորացնում է։ Իմ ժողովը փրկել է կյանքս։ Եղբայրներն ու քույրերը սիրում են ինձ և միշտ քաջալերում են։ Թեև նրանցից քչերը գիտեն, որ դեպրեսիայով եմ տառապում, սակայն բոլորն էլ միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել։ Իսկ մի ամուսնական զույգ ծնողների պես հոգ է տանում իմ մասին և օրը 24 ժամ պատրաստ է օգնության հասնել»։ Ճիշտ է, ոչ բոլորի հանգամանքները կարող են թույլ տալ ամեն պահի լինել վհատված մարդու կողքին։ Սակայն եթե ինչ-որ ձևով աջակցենք էմոցիոնալ խնդիրներ ունեցողներին, կթեթևացնենք նրանց վիճակը։b
ԻՆՉՊԵ՞Ս ԶՈՐԱՑՆԵՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ
13. Ուրիշներին զորացնելու համար ի՞նչ պետք է անենք։
13 Ուշադիր լսիր (Հակ. 1։19)։ Մարդուն ուշադիր լսելն ու ցավակից լինելը սիրո դրսևորում է։ Զրույցի ընթացքում կարող ես նրբանկատորեն հարցեր տալ՝ փորձելով հասկանալ, թե դիմացինդ ինչ է զգում։ Այդպես կկարողանաս կարեկցել ու զորացնել նրան։ Թող դեմքիդ արտահայտությունից երևա, որ անկեղծորեն հետաքրքրված ես իրենով։ Եթե հավատակիցդ շատ մանրամասն է պատմում, թե ինչ է զգում, համբերատար եղիր և մի՛ ընդհատիր։ Եթե համբերությամբ լսես, ամենայն հավանականությամբ կհասկանաս նրա զգացումները։ Այդպես կշահես հավատակցիդ վստահությունը, և նա ավելի հակված կլինի լսելու քեզ, երբ փորձես զորացնել իրեն։ Եթե նա տեսնի, որ իսկապես ուզում ես օգնել, քո հոգատարությունը նրան շատ կմխիթարի։
14. Ինչո՞ւ չպետք է քննադատենք մարդուն։
14 Մի՛ քննադատիր։ Եթե դեպրեսիայով տառապող մարդը մտածի, թե քննադատում ես իրեն, դա կարող է ավելի ծանրացնել նրա վիճակը, և նրան օգնելու քո անկեղծ ջանքերը ջուրը կընկնեն։ «Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է, բայց իմաստունների լեզուն բուժում է» (Առակ. 12։18)։ Իհարկե, ոչ ոք չի ուզում ցավ պատճառող խոսքեր ասել ու «խոցել» ընկճված մարդուն։ Սակայն եթե նույնիսկ միտումնավոր չենք անում դա, միևնույն է, խոր ցավ ենք պատճառում նրան։ Եթե ուզում ենք քաջալերել ու զորացնել մարդուն, պետք է մեզ դնենք նրա տեղը և կարեկից լինենք (Մատթ. 7։12)։
15. Ո՞րն է ուրիշներին մխիթարելու ամենաարդյունավետ գործիքը։
15 Մխիթարիր Աստծու Խոսքով (կարդա Հռոմեացիներ 15։4, 5)։ Ոչինչ չի կարող այնպես մխիթարել, ինչպես Աստվածաշունչը, չէ՞ որ այն «տոկունություն և մխիթարություն տվող» Աստծու Խոսքն է։ Բացի այդ, մեր ձեռքի տակ կան Սուրբ Գրքի ուսումնասիրության համար նախատեսված բազմաթիվ ձեռնարկներ, որոնցից է «Փնտրտուքների ուղեցույցը»։ Այն կօգնի սուրբգրային քաջալերական մտքեր գտնել տարբեր իրավիճակների համար։ Այդպես լավ պատրաստված կլինենք և կկարողանանք ավելի արդյունավետ կերպով օգնել վհատվածներին։
16. Դեպրեսիայով տառապող հավատակցին քաջալերելու համար ի՞նչ հատկություններ պետք է դրսևորենք։
16 Ջերմություն ու մեղմություն դրսևորիր։ Այդպես ցույց կտաս քո սերը, երբ քաջալերում ու զորացնում ես ուրիշին։ Եհովան «գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածն» է. նա խորապես կարեկցում է իր ծառաներին (կարդա 2 Կորնթացիներ 1։3–6; Ղուկ. 1։78; Հռոմ. 15։13)։ Պողոս առաքյալը այս առումով հիանալի օրինակ է թողել։ Նա գրել է. «Մենք քնքշորեն էինք վարվում ձեզ հետ, ինչպես որ կերակրող մայրն է քնքշորեն խնամում իր երեխաներին։ Ուստի ջերմ զգացմունքներ ունենալով ձեր հանդեպ՝ մենք ուրախ էինք ձեզ ոչ միայն հայտնելու Աստծու բարի լուրը, այլև տալու մեր հոգիները, որովհետև դուք սիրելի դարձաք մեզ» (1 Թեսաղ. 2։7, 8)։ Եթե ջերմ մարդ լինենք, հնարավոր է՝ Եհովան մեր միջոցով պատասխանի վհատված հավատակցի աղոթքներին։
17. Հավատակիցների մասին հավասարակշռված տեսակետ ունենալը ինչպե՞ս կօգնի քաջալերել նրանց։
17 Հավատակիցներից կատարելություն մի՛ ակնկալիր։ Հավասարակշռված տեսակետ ունեցիր նրանց մասին։ Անիրական է կարծել, թե եղբայրներդ ու քույրերդ սխալներ չեն անի։ Այդպես մտածելով՝ միայն կհիասթափվես (Ժող. 7։21, 22)։ Հիշիր, որ Եհովան իրատես է իր ակնկալիքների մեջ։ Եթե ընդօրինակենք նրան, պատրաստ կլինենք հաշտվել ուրիշների անկատարության հետ (Եփես. 4։2, 32)։ Նրանց մեջ այնպիսի զգացում մի՛ արթնացրու, թե քրիստոնեական կյանքում կամ ծառայության մեջ բավականաչափ ջանքեր չեն թափում։ Փոխարենը՝ առիթներ փնտրիր, որ գովես նրանց այն ամենի համար, ինչ անում են։ Այդպես կքաջալերես նրանց։ Անկեղծ գովասանքը կարող է թևեր տալ մարդուն և օգնել, որ նա «ուրախանալու պատճառ ունենա»՝ նայելով ի՛ր կատարած ծառայությանը։ Ուստի եկեք մեր հավատակիցներին չհամեմատենք իրար հետ, քանի որ դա կարող է վհատեցնել նրանց (Գաղ. 6։4)։
18. Ինչո՞ւ պետք է մեր սիրով կերտենք ու զորացնենք ուրիշներին։
18 Եհովան ու Հիսուսը անչափ թանկ են գնահատում իրենց յուրաքանչյուր գառնուկին։ Չէ՞ որ Եհովան նրանց իր Որդու արյամբ է գնել (Գաղ. 2։20)։ Մենք շատ ենք սիրում մեր թանկագին հավատակիցներին և ուզում ենք ջերմ ու հոգատար լինել նրանց հանդեպ։ Որպեսզի թարմության աղբյուր լինենք նրանց համար, «եկեք հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն է բերում և նպաստում է միմյանց կերտելուն» (Հռոմ. 14։19)։ Բոլորս էլ բաղձանքով սպասում ենք այն ժամանակներին, երբ կգա նոր աշխարհը, և վհատության բոլոր պատճառները՝ հիվանդությունները, պատերազմները, մահը, հալածանքը, ընտանեկան վեճերը և հիասթափությունները, անցյալի գիրկը կանցնեն։ Իսկ Հազարամյակի վերջում մարդկությունը կհասնի կատարելության։ Նրանց, ովքեր հավատարիմ կմնան վերջնական փորձության ժամանակ, Եհովան կորդեգրի որպես իր երկրային զավակներ։ Վերջապես մարդիկ «կունենան Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։21)։ Թող որ բոլորս սիրենք իրար և այդպես կերտենք ու զորացնենք միմյանց՝ օգնելով հասնել այդ ուրախալի ժամանակներին։
a Տես «Մոտեցիր Եհովային» գրքի 24-րդ գլուխը։
b Ինքնասպանության եզրին կանգնած մարդկանց օգնելու համար տես «Արթնացե՛ք» պարբերագրում տպագրված «Երբ էլ չես ուզում ապրել» հոդվածը (2012, հունվար), ինչպես նաև «Ինչո՞ւ արժե ապրել. երեք հիմնավոր պատճառ» (2014, ապրիլ) և «Արժե՛ ապրել» (2001, հոկտեմբերի 22, անգլ., ռուս.) հոդվածաշարերը։