«Ես ձեզ հետ ե՛մ»
«Տիրոջ դեսպան[ը].... ասեց.... Ես ձեզ հետ եմ, ասում է Տէրը» (ԱՆԳԷ 1։13)։
1. Մարգարեական նշանակություն ունեցող ի՞նչ զուգահեռ անցկացրեց Հիսուսը մեր օրերի հետ։
ՄԵՆՔ ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում։ Աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը փաստում է, որ 1914 թ.–ից սկսվել է «Տիրոջ օրը» (Յայտնութիւն 1։10, ՆԱ)։ Դու, ամենայն հավանականությամբ, քաջածանոթ ես այդ մարգարեություններին, ուստիև գիտես, որ իշխանության անցած ‘մարդու Որդու օրերը’ Հիսուսը համեմատել է Նոյի ու Ղովտի օրերի հետ (Ղուկաս 17։26, 28)։ Փաստորեն, Աստվածաշունչը մեր և նրանց ժամանակների միջև զուգահեռ է անցկացնում, որը մարգարեական նշանակություն ունի։ Հետաքրքրական է նաև, որ Գրությունները զուգահեռ են տանում մեկ այլ ժամանակաշրջանի հետ ևս, ու տեղին կլինի խորությամբ ուսումնասիրել դա։
2. Ի՞նչ հանձնարարություն էր տվել Եհովան Անգեին ու Զաքարիային։
2 Խոսենք այն իրավիճակի մասին, որ տիրում էր հրեա մարգարեներ Անգեի ու Զաքարիայի օրերում։ Ի՞նչ պատգամ էին հաղորդում նրանք, որն արդիական է նաև Եհովայի ժամանակակից ծառաների համար։ Անգեն ու Զաքարիան ‘Տիրոջ դեսպաններն’ էին և նրա պատգամն էին հաղորդում Բաբելոնի գերությունից վերադարձած հրեաներին։ Աստված այդ երկու անհատներին հանձնարարել էր հավաստիացնել իսրայելացիներին, որ կօգնի նրանց վերականգնել իր տաճարը (Անգէ 1։13; Զաքարիա 4։8, 9)։ Թեև այս մարգարեների անունները կրող գրքերը փոքրածավալ են, սակայն դրանք ընդգրկվել են Սուրբ Գրությունների մեջ։ Իսկ Սուրբ Գրությունները «Աստծու ներշնչումով են գրված» (ԱՆԹ, ծնթ.) և «օգտակար [են] վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար» (Բ Տիմոթէոս 3։16)։
Մեծ նշանակություն՝ մեզ համար
3, 4. Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրեն Անգեի ու Զաքարիայի մարգարեությունները։
3 Ինչ խոսք, Անգեի ու Զաքարիայի մարգարեությունները օգուտ բերեցին այն օրերում ապրող հրեաներին։ Նաև դրանք իրականացան։ Այդ դեպքում ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ մեզ համար նույնպես մեծ նշանակություն ունեն նրանց գրքերում արձանագրված տեղեկությունները։ Պատասխանը կարելի է գտնել Եբրայեցիս 12։26–29 համարներում։ Այնտեղ Պողոս առաքյալը մեջբերում է Անգէ 2։6–ը, որում խոսվում է ‘երկինքն ու երկիրը շարժելու’ մասին։ Դրա հետևանքով «տակնիվեր պիտի [արվի] թագաւորութիւնների աթոռը, եւ պիտի [կորցվի] ազգաց թագաւորութիւնների զօրութիւնը» (Անգէ 2։22)։
4 Անգեի խոսքերը մեջբերելիս Պողոսը ցույց էր տալիս, թե ինչ պետք է տեղի ունենա «ազգաց թագաւորութիւնների» հետ ապագայում։ Առաքյալը նաև նշում էր, որ օծյալ քրիստոնյաներին սպասող «անսասանելի» (ԱՆԹ) Թագավորությունը անհամեմատ ավելի գերազանց է (Եբրայեցիս 12։28)։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ մ. թ. առաջին դարում, երբ գրվեց «Եբրայեցիս» գիրքը, Անգեի ու Զաքարիայի մարգարեությունները ապագայում դեռ պետք է կատարվեին։ Քանի որ երկրի վրա դեռևս մնացել են օծյալ քրիստոնյաներ, որոնք Հիսուսի Մեսիական Թագավորության ժառանգակիցներն են, այդ մարգարեությունները արդիական են նաև մեր օրերում։
5, 6. Եհովան ինչո՞ւ Անգեին ու Զաքարիային հանձնարարեց իր պատգամը հաղորդել հրեաներին։
5 Որպեսզի կարողանանք որոշակի պատկերացում կազմել այդ մարգարեների ժամանակաշրջանի մասին, դիմենք Աստվածաշնչի «Եզրաս» գրքի օգնությանը։ Մ. թ. ա. 537 թ.–ին հրեաները վերադարձան Բաբելոնի գերությունից։ Իսկ մ. թ. ա. 536 թ.–ին Զորաբաբել իշխանի և Հեսու քահանայապետի գլխավորությամբ գցվեց նոր տաճարի հիմքը (Եզրաս 3։8–13; 5։1)։ Թեև դա մեծ ուրախության պատճառ դարձավ, սակայն կարճ ժամանակ անց հրեաներին համակեց վախը։ «Այն երկրի ժողովուրդը», որ թշնամաբար էր տրամադրված հրեաների հանդեպ, «թուլացնում էր Յուդայի ժողովրդի ձեռքերը եւ խափանում էր նրանց շինելուց» (Եզրաս 4։4)։ Այդ թշնամիները, մասնավորապես սամարացիները, կեղծ մեղադրանքներ ուղղեցին հրեաների դեմ։ Նրանց հաջողվեց համոզել Պարսից արքային արգելել տաճարի շինարարությունը (Եզրաս 4։10–21)։
6 Այս ամենի հետևանքով իսրայելացիների սկզբնական եռանդը կորավ։ Նրանք սկսեցին հետապնդել իրենց անձնական շահերը։ Ուստի մ.թ.ա. 520 թ.–ին՝ 16 տարի անց այն իրադարձությունից, երբ հրեաները գցեցին տաճարի հիմքը, Եհովան հանձնարարեց Անգե և Զաքարիա մարգարեներին հորդորել ժողովրդին շարունակելու շինարարությունը (Անգէ 1։1; Զաքարիա 1։1)։ Աստծու պատգամաբերների կողմից քաջալերվելով՝ նրանք պարզ տեսան, որ Եհովան սատար է կանգնում իրենց, վերսկսեցին տաճարի շինարարությունը և մ.թ.ա. 515 թ.–ին ավարտին հասցրին այն (Եզրաս 6։14, 15)։
7. Աստվածաշունչը ի՞նչ զուգահեռ է անցկացնում Անգեի ու Զաքարիայի ժամանակների և մեր օրերի միջև։
7 Գիտե՞ս, թե ինչ նշանակություն ունի այս ամենը մեզ համար։ Մեզ նույնպես մի կարևոր գործ է վստահված, այն է՝ քարոզել Թագավորության բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Այդ գործին մեծ նշանակություն տրվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ինչպես որ հնում հրեաները ազատագրվեցին Բաբելոնի գերությունից, այնպես էլ Եհովայի ժամանակակից ժողովուրդը ազատագրվեց Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության կապանքներից։ Աստծու օծյալները սկսեցին ջանադրաբար քարոզել և ուսուցանել Աստվածաշունչը, ինչպես նաև մարդկանց ուղղել դեպի ճշմարիտ կրոն։ Այդ գործը ավելի մեծ չափերով շարունակվում է նաև այսօր, և դու թերևս մասնակցում ես դրան։ Հիմա է Թագավորության լուրը քարոզելու ժամանակը, քանի որ այս չար համակարգի վախճանը չափազանց մոտ է։ Աստծու այս հանձնարարությունը պետք է կատարել այնքան, մինչև որ նա միջամտի մարդկանց գործերին, և վրա հասնի մեծ նեղությունը (Մատթէոս 24։21)։ Այդ ժամանակ չարիքը երկրի վրայից կվերանա, և ճշմարիտ երկրպագությունը ծաղկունք կապրի ողջ աշխարհում։
8. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված սատար կկանգնի մեր գործին։
8 Ինչպես երևում է վերոհիշյալ մարգարեություններից, մենք կարող ենք վստահ լինել, որ եթե շարունակենք ամբողջ սրտով կատարել Եհովայի գործը, նա սատար կկանգնի ու կօրհնի մեզ։ Չնայած ոմանք ձգտել են ճնշել Աստծու ծառաներին և արգելել նրանց քարոզչական գործունեությունը, ոչ մի կառավարություն ի զորու չի եղել կանգնեցնելու բարի լուրի տարածումը։ Բավական է միայն խորհել այն մասին, թե Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր ինչպես է Եհովան օրհնել Թագավորության գործը և ընդարձակել իր երկրպագուների շարքերը։ Այնուամենայնիվ, մենք դեռ շատ գործ ունենք անելու։
9. Երուսաղեմում ստեղծված ո՞ր իրավիճակին պետք է ուշադրություն դարձնենք և ինչո՞ւ։
9 Անգեի ու Զաքարիայի կատարած ծառայությունը ինչպե՞ս կարող է ավելացնել մեր եռանդը քարոզելու և ուսուցանելու գործում։ Խորհենք այն դասերի շուրջ, որ պիտի քաղենք Աստվածաշնչի այս երկու գրքերից։ Օրինակ՝ քննարկենք, թե ինչը կօգներ Աստծու ժողովրդին շարունակելու տաճարի շինարարությունը։ Ինչպես արդեն ասացինք, Բաբելոնից Երուսաղեմ վերադարձած հրեաները չշարունակեցին իրենց գործը և տաճարի հիմքը գցելուց հետո նահանջեցին։ Ի՞նչ սխալ վերաբերմունք սկսեցին դրսևորել նրանք։ Եվ ի՞նչ կարող ենք սովորել դրանից։
Փոխենք մեր վերաբերմունքը
10. Ի՞նչ սխալ վերաբերմունք սկսեցին դրսևորել հրեաները, և ինչի՞ դա հանգեցրեց։
10 Հրեաներն ասում էին. «Ժամանակը չէ եկել» (Անգէ 1։2)։ Մինչդեռ երբ մ.թ.ա. 536 թ.–ին նրանք սկսեցին տաճարի շինարարությունը, նման բան չէին ասում։ Պարզապես հրեաները հետագայում թույլ տվեցին, որ շրջակա ժողովուրդների հակառակությունը և կառավարության միջամտությունը ազդեն իրենց վրա։ Նրանք սկսեցին ավելի մեծ կարևորություն տալ հարմարավետ կյանքին։ Ուստի Եհովան, համեմատելով իր անավարտ տաճարը բարձրորակ փայտանյութով զարդարված նրանց տների հետ, հարցրեց. «Ձեզ համար ժամանա՞կ է արդէօք, որ ձեր ձեղունազարդ տներումը բնակուէք, իսկ այս տունը աւերակ մնայ» (Անգէ 1։4)։
11. Եհովան ինչո՞ւ անհրաժեշտ համարեց խորհուրդ տալ Անգեի օրերում ապրող հրեաներին։
11 Այո՛, հրեաները սկսել էին առաջնահերթություն տալ այլ բաների։ Այժմ նրանք իրենց ողջ ուժերը կենտրոնացրել էին ոչ թե Եհովայի տված հանձնարարությունը կատարելու, այլ իրենց շահերն առաջ տանելու և իրենց տները կառուցելու վրա։ Աստծու տան շինարարությունը ետին պլան էր մղվել։ Ուստի, համաձայն Անգէ 1։5–ի (ԷԹ), Եհովան քաջալերեց հրեաներին ‘իրենց սիրտը դարձնել դեպի իրենց ճանապարհները’։ Եհովան նրանց խորհուրդ տվեց խորհել իրենց արարքների շուրջ և մտածել դրանց վատ հետևանքների մասին, որոնց պատճառը տաճարի շինարարությունը առաջին տեղում չդնելն էր։
12, 13. Ըստ Անգէ 1։6 համարի՝ ի՞նչ վիճակում էին գտնվում հրեաները։
12 Դժվար չէ պատկերացնել, որ սխալ առաջնահերթություններ դնելով՝ հրեաները վնաս էին հասցնում իրենք իրենց։ Ահա թե ինչ է ասում Աստված Անգէ 1։6–ում. «Սերմել էք շատ, բայց բերել էք քիչ, կերել էք, բայց չէք կշտացել, խմեցիք, բայց ծարաւը չ’հանգցրիք, հագնուեցաք, բայց չ’տաքացաք. եւ վարձկանը վարձի համար գործում է ծակուած քսակով»։
13 Թեև հրեաները գտնվում էին այն երկրում, որն Աստված էր պարգևել իրենց, սակայն երկիրը բավականաչափ բերք չէր տալիս։ Եհովան նրանց չէր օրհնում, ինչպես որ ժամանակին նախազգուշացրել էր (Բ Օրինաց 28։38–48)։ Հրեաները շատ էին սերմում, բայց քիչ էին ստանում, ուտում էին, բայց չէին կշտանում։ Նրանք տաք հագուստ չունեին։ Թվում էր, թե նրանց քսակը ծակված էր, քանի որ վաստակված գումարը զուր տեղն էր ծախսվում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել «խմեցիք, բայց ծարաւը չ’հանգցրիք» արտահայտության մասին։ Սա ևս մի վկայությունն էր այն բանի, որ Աստված այլևս չէր օրհնում հրեաներին։ Որքան գինի էլ որ նրանք պատրաստեին, այն բավարար չէր լինի ծարավը հագեցնելու համար։
14, 15. Ի՞նչ ենք սովորում Անգէ 1։6–ից։
14 Բնականաբար, հրեաների սխալը հարմարավետ տուն ունենալը չէր, այլ դրան առաջնային նշանակություն տալը։ Դեռևս Բաբելոնի գերությունից բավական ժամանակ առաջ Ամովս մարգարեն Իսրայելի հարուստներին նախատել էր այն բանի համար, որ նրանք առաջնահերթություն էին տալիս իրենց ‘փղոսկրյա տներին ու անկողիններին’ (Ամովս 3։15; 6։4)։ Հրեաների գեղեցիկ տներն ու կահույքը հավիտյան չմնաց, այլ դարձավ նրանց թշնամիների ավարը։ Սակայն 70–ամյա գերությունից հետո հրեաներից շատերը այդպես էլ դաս չքաղեցին դրանից։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Տեղին կլինի, որ մեզանից յուրաքանչյուրը անկեղծորեն հարցնի ինքն իրեն. «Որքա՞ն կարևորություն եմ տալիս իմ տանը և հարմարություններին։ Արդյոք չե՞մ ցանկանում լրացուցիչ կրթություն ստանալ և փայլուն կարիերա ստեղծել, չնայած որ դրա համար գուցե տարիներ պահանջվեն, և բավականաչափ ժամանակ չկարողանամ տրամադրել հոգևոր գործունեությանը» (Ղուկաս 12։20, 21; Ա Տիմոթէոս 6։17–19)։
15 Անգէ 1։6–ում գրված խոսքերը պետք է հիշեցնեն մեզ այն մասին, որ Աստծու օրհնության կարիքն ունենք. մի բան, որ հնում ապրած հրեաները կորցրել էին՝ ի վնաս իրենց։ Առանց Եհովայի օրհնության՝ անխուսափելիորեն հոգևորապես կվնասվենք՝ լինենք հարուստ թե աղքատ (Մատթէոս 25։34–40; Բ Կորնթացիս 9։8 ՆԱ, 9–12)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ստանալ նրա օրհնությունը։
Եհովան օգնում է սուրբ ոգու միջոցով
16–18. Զաքարիա 4։6 խոսքը ի՞նչ նշանակություն ուներ մարգարեի օրերում։
16 Անգէի ժամանակակից Զաքարիա մարգարեն ցույց տվեց, թե ինչի միջոցով է Եհովան հնում ոգեշնչել և օրհնել իրեն նվիրված անհատներին։ Աստված նույն միջոցը կօգտագործի քեզ օրհնելու համար։ Ահա թե ինչ ենք կարդում Զաքարիա 4։6–ում. «Ոչ թէ զօրութիւնով, եւ ոչ թէ ոյժով, այլ իմ հոգովը, ասում է Զօրաց Տէրը»։ Թերևս հաճախ ես լսել կամ ընթերցել աստվածաշնչյան այս համարը։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչ նշանակություն է այն ունեցել Անգեի ու Զաքարիայի օրերում ապրող հրեաների համար, և հետևաբար ինչ նշանակություն ունի քեզ համար։
17 Հիշենք, որ Անգեի ու Զաքարիայի հաղորդած լուրը հրաշալի արդյունք բերեց։ Այդ մարգարեների խոսքերը ամրապնդեցին հավատարիմ հրեաներին։ Անգեն սկսեց մարգարեանալ մ.թ.ա. 520 թ. վեցերորդ ամսում, իսկ Զաքարիան՝ նույն տարվա ութերորդ ամսում (Զաքարիա 1։1)։ Եվ, ինչպես երևում է Անգէ 2։18 խոսքից, արդեն իններորդ ամսում հրեաները մեծ եռանդով վերսկսեցին տաճարի շինարարությունը։ Նրանք քաջալերվեցին և գործի անցան՝ հնազանդվելով Եհովային և վստահ լինելով, որ նա կաջակցի իրենց։ Այսպիսով՝ Զաքարիա 4։6–ը ցույց է տալիս, որ Աստված սատար է կանգնում իր ժողովրդին։
18 Մ.թ.ա. 537 թ.–ին հայրենադարձ հրեաները բանակ չունեին։ Եհովա՛ն պաշտպանեց նրանց տունդարձի ճանապարհին։ Նրա սուրբ ոգի՛ն առաջնորդեց հրեաներին, երբ տեղ հասնելուց կարճ ժամանակ անց վերջիններս նախաձեռնեցին տաճարի շինարարությունը։ Ուստի եթե նրանք վերստին ամբողջ սրտով կատարեին այդ գործը, Եհովան իր ոգու միջոցով նորից սատար կկանգներ նրանց։
19. Աստծու ոգու շնորհիվ ո՞ւմ հակառակությունը հնարավոր եղավ հաղթահարել։
19 Եհովան ութ տեսիլք տվեց Զաքարիային՝ վստահեցնելով, որ կլինի հրեաների հետ, եթե նրանք հավատարմորեն ավարտին հասցնեն տաճարի շինարարությունը։ Ինչպես երևում է չորրորդ տեսիլքից (գլուխ 3), Սատանան ակտիվորեն ընդդիմանում էր հրեաներին, որոնք ջանք էին թափում վերակառուցելու տաճարը (Զաքարիա 3։1)։ Նրան, անկասկած, հաճելի չէր լինի տեսնել, թե ինչպես է Հեսու քահանայապետը նորակառույց տաճարում ծառայություն մատուցում Աստծու ժողովրդի համար։ Չնայած Սատանայի հակառակությանը՝ Եհովան իր ոգով վերացրեց բոլոր խոչընդոտները և ուժ տվեց հրեաներին ավարտելու շինարարությունը։
20. Սուրբ ոգին ինչպե՞ս օգնեց հրեաներին կատարել Աստծու կամքը։
20 Պետական պաշտոնյաների հակառակությունը կարծես անհաղթահարելի մի սար լիներ հրեաների համար, քանի որ նրանց հաջողվեց դադարեցնել շինարարությունը։ Սակայն Եհովան խոստացավ, որ կվերացնի այդ թվացյալ ‘սարը’ և ‘դաշտի’ կվերածի այն (Զաքարիա 4։7)։ Եվ նա կատարեց իր խոստումը։ Դարեհ I արքայի կարգադրությամբ փնտրտուքներ արվեցին, և արդյունքում հայտնաբերվեց Կյուրոսի հիշատակարանը, որտեղ հրեաներին իրավունք էր տրվում վերականգնելու տաճարը։ Ուստի Դարեհը վերացրեց արգելքը ու հրաման տվեց, որ արքայական գանձարանից գումար հատկացվի նրանց՝ շինարարական աշխատանքների ծախսերը փակելու համար։ Ի՜նչ անհավատալի փոփոխություն։ Մի՞թե այդ հարցում մեծ դեր չխաղաց Աստծու ոգին։ Վստահաբար խաղաց։ Տաճարի շինարարությունն ավարտվեց մ.թ.ա. 515 թ.–ին՝ Դարեհ I–ի գահակալության վեցերորդ տարում (Եզրաս 6։1, 15)։
21. ա) Հնում Աստված ինչպե՞ս ‘շարժեց բոլոր ազգերը’, և ինչպե՞ս հավաքվեց «ազգերի ցանկալիքը»։ բ) Ինչպե՞ս է այդ մարգարեությունն իրականանում մեր օրերում։
21 Անգէ 2։5–ում հրեաներին հիշեցում էր տրվում այն ուխտի մասին, որ Աստված կապել էր նրանց հետ Սինա լեռան մոտ։ Այդ ժամանակ լեռը «սաստիկ դողում էր» (Ելից 19։18)։ Ինչպես նկարագրվում է նույն գլխի 6–րդ և 7–րդ համարներում, Անգեի ու Զաքարիայի օրոք Եհովան կրկին ‘շարժելու’ էր երկիրը։ Պարսկական տերության մեջ անկայուն իրավիճակ էր ստեղծվելու, բայց տաճարի շինարարությունը, միևնույն է, շարունակվելու էր և ավարտին էր հասցվելու։ Վերջիվերջո, հրեաների հետ միասին այդ երկրպագության վայրում Եհովային փառաբանելու էին նաև այլազգիները՝ «բոլոր ազգերի ցանկալիքը»։ Այսօր Աստված մեծ չափերով է ‘շարժում բոլոր ազգերը’ մեր քարոզչական ծառայության միջոցով։ Շնորհիվ դրա՝ հավաքվում է «բոլոր ազգերի ցանկալիքը» և օծյալ մնացորդի հետ միասնաբար երկրպագություն մատուցում Եհովային։ Իրոք, օծյալ քրիստոնյաները և ուրիշ ոչխարները ներկայումս փառքով են լցնում Աստծու տունը։ Այդ ճշմարիտ քրիստոնյաները հավատով սպասում են այն ժամանակվան, երբ Եհովան «կ’շարժ[ի] երկինքն ու երկիրը» մեկ այլ իմաստով՝ որպեսզի ‘տակնուվրա անի թագավորությունների աթոռը, և կորցնի ազգերի թագավորությունների զորությունը’ (Անգէ 2։22)։
22. Ինչպե՞ս է Աստված ‘շարժում’ ազգերը, և ի՞նչ արդյունքով։ Ի՞նչ պետք է տեղի ունենա ապագայում։
22 Անգեի խոսքերը հիշեցնում են մեզ այն հեղաշրջման մասին, որ տեղի է ունեցել խորհրդանշական ‘երկնքում, երկրում, ծովում և ցամաքում’։ Նախ՝ Սատանան և նրա դևերը գցվել են երկրի մերձակայքը (Յայտնութիւն 12։7–12)։ Բացի այդ, Աստծու օծյալների առաջնորդությամբ կատարվող քարոզչական գործը, անկասկած, ‘շարժել’ է այս համակարգի խորհրդանշական երկիրը (Յայտնութիւն 11։18)։ «Բոլոր ազգերի ցանկալիքը»՝ մեծ բազմությունը, միացել է հոգևոր Իսրայելին և նրա հետ ծառայում է Եհովային (Յայտնութիւն 7։9, 10)։ Նրանք միասնաբար քարոզում են բարի լուրն այն մասին, որ շուտով՝ Արմագեդոնի ժամանակ, Աստված ‘կշարժի ազգերը’։ Դրա շնորհիվ ճշմարիտ երկրպագությունը կտարածվի աշխարհով մեկ՝ հասնելով իր ամբողջական վիճակին։
Հիշո՞ւմ եք
• Ե՞րբ են ծառայել Անգեն ու Զաքարիան և ինչպիսի՞ հանգամանքներում։
• Ինչպե՞ս կարող ես կիրառել այն, ինչ հայտնում էին Անգեն ու Զաքարիան։
• Ինչո՞վ է, ըստ քեզ, քաջալերական Զաքարիա 4։6 խոսքը։
[նկարներ 20-րդ էջի վրա]
Անգեի և Զաքարիայի մարգարեությունները հավաստիացնում են, որ Աստված սատար է կանգնում մեզ
[նկար 23-րդ էջի վրա]
«Ձեզ համար ժամանա՞կ է արդէօք, որ ձեր ձեղունազարդ տներումը բնակուէք, իսկ այս տունը աւերակ մնայ»
[նկար 24-րդ էջի վրա]
Եհովայի ժողովրդի ծառայության շնորհիվ հավաքվում է «ազգերի ցանկալիքը»