Հովհաննես
15 «Ես ճշմարիտ խաղողենին եմ, իսկ իմ Հայրը մշակն է: 2 Նա կտրում է ինձ վրա եղող ամեն ճյուղ, որը պտուղ չի տալիս, իսկ այն ճյուղը, որը պտուղ է տալիս, նա մաքրում է,* որ ավելի շատ պտուղ տա:+ 3 Դուք արդեն մաքուր եք իմ խոսքի շնորհիվ:+ 4 Միավորված մնացեք ինձ հետ, և ես էլ միավորված կմնամ ձեզ հետ: Ինչպես որ ճյուղը չի կարող պտուղ տալ, եթե չմնա խաղողենու վրա, այնպես էլ դուք չեք կարող պտուղ տալ, եթե ինձ հետ միավորված չմնաք:+ 5 Ես խաղողենին եմ, իսկ դուք ճյուղերն եք: Եթե մեկը միավորված է մնում ինձ հետ, և ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս.+ առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել: 6 Իսկ եթե որևէ մեկը միավորված չի մնում ինձ հետ, կտրված ճյուղի պես է, որը դեն է նետվում և չորանում է: Այդպիսի ճյուղերը մարդիկ հավաքում են ու գցում կրակի մեջ, և դրանք այրվում են: 7 Եթե դուք միավորված մնաք ինձ հետ, և իմ խոսքերը մնան ձեր սրտում, ապա ինչ էլ որ ցանկանաք, խնդրե՛ք, և կտրվի ձեզ:+ 8 Իմ Հայրը փառավորվում է, երբ դուք շատ պտուղ եք բերում և ապացուցում եք, որ իմ աշակերտներն եք:+ 9 Ինչպես Հայրը սիրեց ինձ,+ այնպես էլ ես ձեզ սիրեցի. եղեք այնպիսին, որ ես ձեզ միշտ սիրեմ:* 10 Եթե իմ պատվիրանները պահեք, ես ձեզ միշտ կսիրեմ, ինչպես որ ես եմ պահում Հոր պատվիրանները, և նա երբեք չի դադարում ինձ սիրելուց:
11 Այս խոսքերն ասացի ձեզ, որ դուք էլ լիարժեքորեն զգաք այն ուրախությունը, որը ես ունեմ:+ 12 Սա է իմ պատվիրանը. սիրեք իրար այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի:+ 13 Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքը* տալիս է իր ընկերների համար:+ 14 Դուք իմ ընկերներն եք, եթե կատարում եք այն, ինչ պատվիրում եմ ձեզ:+ 15 Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, քանի որ ծառան չգիտի, թե ինչ է անում իր տերը: Ես ձեզ ընկերներ կոչեցի, որովհետև այն ամենը, ինչ Հորիցս լսել եմ, հայտնել եմ ձեզ: 16 Դո՛ւք չեք ընտրել ինձ, այլ ես եմ ձեզ ընտրել և հանձնարարել, որ գնաք ու պտուղ բերեք՝ մնայուն պտուղ, և որ ինչ էլ խնդրեք Հորից իմ անունով, տա ձեզ:+
17 Այս ամենը պատվիրում եմ ձեզ, որպեսզի սիրեք իրար:+ 18 Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ նախ ինձ է ատել:+ 19 Եթե աշխարհի մաս կազմեիք, աշխարհը կսիրեր ձեզ, որովհետև իրենը կլինեիք: Բայց դուք աշխարհի մաս չեք կազմում,+ քանի որ ես ձեզ ընտրեցի և առանձնացրի աշխարհից: Դրա համար էլ աշխարհը ատում է ձեզ:+ 20 Հիշեք իմ ասած խոսքը. «Ծառան մեծ չէ իր տիրոջից»: Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն,+ եթե իմ խոսքին հնազանդվեցին, ձեր խոսքին էլ կհնազանդվեն: 21 Սակայն ձեզ հետ այդպես կվարվեն իմ անվան պատճառով, քանի որ չեն ճանաչում Նրան, ով ուղարկել է ինձ:+ 22 Եթե ես չգայի և նրանց հետ չխոսեի, նրանք ոչ մի մեղք չէին ունենա:+ Բայց հիմա նրանք արդարացում չունեն իրենց մեղքի համար:+ 23 Ով ատում է ինձ, ատում է նաև իմ Հորը:+ 24 Եթե ես նրանց աչքի առաջ արած չլինեի այնպիսի գործեր, ինչպիսիք ուրիշ ոչ ոք չի արել, նրանք մեղք չէին ունենա,+ սակայն նրանք տեսան և, միևնույն է, ատեցին ինձ էլ, իմ Հորն էլ: 25 Բայց դա եղավ նրա համար, որ կատարվի իրենց Օրենքում գրված այս խոսքը. «Առանց պատճառի ատեցին ինձ»:+ 26 Ես Հոր մոտից կուղարկեմ օգնականին,* այսինքն՝ ճշմարտության ոգին,+ որը Հորից է: Երբ նա գա, կվկայի իմ մասին:+ 27 Դուք նույնպես կվկայեք իմ մասին,+ քանի որ սկզբից ևեթ ինձ հետ եք եղել»: