2 Տիմոթեոս
3 Իմացիր, որ վերջին օրերում+ չափազանց դժվար ժամանակներ կլինեն. 2 մարդիկ կլինեն եսասեր, փողասեր, պարծենկոտ, գոռոզ, անարգանքով խոսող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, 3 մարդկային ջերմ զգացմունքներից զուրկ,* համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, բարին* չսիրող, 4 դավաճան, համառ, հպարտ, Աստծուն սիրելու փոխարեն հաճույքները սիրող, 5 արտաքուստ աստվածանվեր, բայց իրենց ապրելակերպով հակառակը փաստող:*+ Հեռու մնա այդպիսիներից: 6 Նման մարդկանցից ոմանք խորամանկորեն ընտանիքներ են մտնում և գերում մեղքերի բեռի տակ ընկած թուլակամ կանանց, որոնք տարված են զանազան ցանկություններով, 7 և որոնք, ինչքան էլ սովորում են, երբեք չեն կարողանում ինչպես հարկն է հասկանալ ճշմարտությունը:
8 Եվ ինչպես Հանեսն ու Համբրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ այս մարդիկ են հակառակվում ճշմարտությանը: Նրանց միտքն ամբողջովին ապականված է, և քանի որ հավատի համաձայն չեն վարվում, չունեն Աստծու հավանությունը: 9 Սակայն նրանց հաջողությունը երկար չի տևի, որովհետև նրանց հիմարությունը ակնհայտ կդառնա բոլորին, ինչպես որ այն երկուսինը ակնհայտ դարձավ:+ 10 Իսկ ինչ վերաբերում է քեզ, դու ճշգրտորեն հետևել ես իմ տված ուսուցմանը, ձգտել ես ունենալ նույն ապրելակերպը,+ նույն նպատակը, ինչ ես, ընդօրինակել ես իմ հավատը, համբերատարությունը, սերը և դիմացկունությունը: 11 Դու գիտես իմ հալածանքների ու չարչարանքների մասին, ինչպիսիք կրել եմ Անտիոքում,+ Իկոնիոնում+ և Լյուստրայում:+ Ես կրեցի այդ հալածանքները, բայց Տերն ազատեց ինձ այդ ամենից:+ 12 Իրականում բոլոր նրանք, ովքեր, լինելով Քրիստոս Հիսուսի հետևորդներ, ցանկանում են ապրել աստվածանվեր կյանքով, նույնպես հալածանքներ կկրեն:+ 13 Իսկ չար և խարդախ մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ խաբելով ու խաբվելով:+
14 Բայց դու շարունակիր հետևել քո սովորած բաներին, որոնց ճշմարտացիության մեջ համոզվել ես.+ չէ՞ որ գիտես, թե ումից ես սովորել դրանք: 15 Դու վաղ մանկությունից+ գիտես սուրբ գրքերը,+ որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ և օգնել, որ Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատի շնորհիվ փրկվես:+ 16 Ամբողջ գիրքը* Աստծու ներշնչմամբ է գրված+ և օգտակար է. օգնում է սովորեցնել,+ ցույց տալ սխալը, ուղղել, խրատել Աստծու արդար չափանիշների համաձայն,+ 17 որպեսզի Աստծուն ծառայող մարդը լիովին ունակ և ամբողջովին սպառազինված լինի ամեն բարի գործ անելու համար: