‘Կհասնե՞ն’ ձեզ Եհովայի օրհնությունները
«Այս բոլոր օրհնութիւնները քեզ վերայ կ’գան քեզ կ’հասնեն, եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին լսես» (Բ Օրինաց 28։2)։
1. Ինչի՞ց էր կախված իսրայելացիների՝ օրհնություն կամ անեծք ստանալը։
ԳՐԵԹԵ 40 տարի անապատում թափառելուց հետո իսրայելացիները ճամբար դրեցին Մովաբի դաշտերում։ Նրանց առջև սփռված էր Ավետյաց երկիրը։ Մովսեսն այդ ժամանակ գրում էր «Երկրորդ Օրինաց» գիրքը, որն իր մեջ պարունակում է մի շարք օրհնություններ և անեծքներ։ Եթե իսրայելացիները հնազանդվեին և ‘Եհովա Աստծո ձայնին լսեին’, ապա օրհնությունները ‘հասնելու’ էին նրանց։ Եհովան սիրում էր նրանց որպես իր ‘սեփական ժողովրդի’ և ցանկանում էր իր ուժը գործադրել նրանց օգտին։ Բայց եթե ժողովուրդը չլսեր, ապա միայն ու միայն անեծքներ էին նրանց հասնելու (Բ Օրինաց 8։10–14; 26։18; 28։2, 15)։
2. Ի՞նչ են նշանակում Բ Օրինաց 28։2–ում «լսես» և «կ’հասնեն» թարգմանված եբրայերեն բայերը։
2 Բ Օրինաց 28։2–ում «լսես» թարգմանված եբրայերեն բայը արտահայտում է շարունակական գործողություն։ Եհովայի ծառաները ոչ թե պարզապես ժամանակ առ ժամանակ, այլ միշտ պետք է լսեն նրան։ Միայն այդ դեպքում Աստծո օրհնությունը ‘կհասնի’ նրանց։ «Կ’հասնեն» թարգմանված եբրայերեն բայը բացատրվում է որպես որսորդությանը վերաբերող բառ, որը շատ հաճախ նշանակում է «բռնել», «վրա հասնել»։
3. Ինչպե՞ս կարող ենք նմանվել Հեսուին, և ինչո՞ւ է դա խիստ կարևոր։
3 Իսրայելացի առաջնորդ Հեսուն ընտրեց Եհովային լսելը և այդ պատճառով էլ օրհնություններ ստացավ։ Հեսուն ասաց. «Ընտրեցէք այսօր ձեզ համար, թե ո՞րն էք պաշտելու.... բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու»։ Լսելով նրա խոսքերը՝ ժողովուրդը պատասխանեց. «Քաւ լիցի որ մենք Եհովային թողենք եւ ուրիշ աստուածներ պաշտենք» (Յեսու 24։15, 16)։ Շնորհիվ իր գերազանց դիրքորոշման՝ նա իր սերնդակիցների մեջ այն քչերից էր, ովքեր պատիվ ունեցան մտնելու Ավետյաց երկիր։ Այսօր մենք կանգնած ենք շատ ու շատ ավելի գերազանց Ավետյաց երկրի՝ դրախտային երկրի շեմին, որտեղ օրհնությունները Հեսուի օրերում եղածից շատ ավելի ճոխ կլինեն բոլոր նրանց համար, ովքեր վայելում են Աստծո հավանությունը։ «Կ’հասնե՞ն» արդյոք նման օրհնությունները ձեզ։ «Կ’հասնեն», եթե միշտ լսեք Եհովային։ Որպեսզի է՛լ ավելի վճռական դառնանք այս հարցում, եկեք քննարկենք հին Իսրայելի պատմությունը, ինչպես նաև մի քանի մարդկանց ուսանելի օրինակները (Հռովմայեցիս 15։4)։
Օրհնությո՞ւն, թե՞ անեծք
4. Ի պատասխան Սողոմոնի աղոթքին՝ ինչո՞վ Աստված օժտեց նրան, և ի՞նչ մտայնություն է հարկավոր ունենալ նման օրհնությունների վերաբերյալ։
4 Սողոմոնի թագավորության օրոք գրեթե ամեն ժամանակ իսրայելացիները Եհովայից չտեսնված օրհնություններ էին ստանում։ Նրանք ապահով էին և ունեին ամեն տեսակի բարիքներ (Գ Թագաւորաց 4։25)։ Սողոմոնը մեծ հռչակ էր վայելում իր հարստությամբ, թեև դրա մասին չէր խնդրել Աստծուն։ Դրա փոխարեն, երբ դեռ երիտասարդ ու անփորձ էր, նա աղոթել էր Աստծուն հնազանդ սիրտ ունենալու համար. խնդրանք, որին Եհովան պատասխանեց՝ օժտելով նրան իմաստությամբ և հասկացողությամբ։ Դա հնարավորություն տվեց Սողոմոնին ժողովրդի դատը արդարացիորեն վարել՝ զանազանելով բարին չարից։ Չնայած Աստված նրան տվել էր նաև հարստություն և փառք, բայց Սողոմոնը, լինելով երիտասարդ, հոգևոր հարստության գերազանց արժեքն էր բարձր գնահատում (Գ Թագաւորաց 3։9–13)։ Անկախ այն բանից՝ նյութապես հարուստ ենք, թե՝ ոչ, կարող ենք անչափ երախտապարտ լինել, որ Եհովայի հավանությունն ունենք և հոգևորապես հարուստ ենք։
5. Ի՞նչ պատահեց, երբ Իսրայելի և Հուդայի բնակիչները դադարեցին Եհովային լսել։
5 Իսրայելացիները չգնահատեցին Եհովայի տված օրհնությունները։ Քանի որ նրանք դադարեցին լսել Եհովային, կանխագուշակված անեծքները հասան նրանց։ Հետևանքը եղավ այն, որ թշնամիները նվաճեցին Իսրայելն ու Հուդան և գերի տարան բնակիչներին (Բ Օրինաց 28։36; Դ Թագաւորաց 17։22, 23; Բ Մնացորդաց 36։17–20)։ Արդյո՞ք այդ չարչարանքներից Աստծո ժողովուրդը դաս քաղեց, այն է՝ հասկացա՞վ, որ Աստված օրհնում է միայն նրանց, ովքեր ամեն ժամանակ լսում են իրեն։ Մ.թ.ա. 537–ին հայրենիք վերադարձած հրեաները հնարավորություն ունեին ցույց տալու, թե ունեն արդյոք «իմաստուն սիրտ» և գիտակցում են, որ հարկավոր է ամեն ժամանակ լսել Աստծուն (Սաղմոս 90։12)։
6. ա) Ինչո՞ւ Եհովան Անգեին ու Զաքարիային ուղարկեց մարգարեանալու իր ժողովրդին։ բ) Ի՞նչ սկզբունք է արտահայտված Աստծո՝ Անգեի միջոցով փոխանցված խոսքերում։
6 Հայրենադարձ հրեաները զոհասեղան շինեցին և սկսեցին Երուսաղեմի տաճարի շինարարությունը։ Բայց երբ մեծ հակառակություն ծագեց, նրանց եռանդը թուլացավ, և շինարարությունը կանգ առավ (Եզրաս 3։1–3, 10; 4։1–4, 23, 24)։ Նրանք նաև սկսեցին առաջնահերթ ուշադրություն հատկացնել անձնական հարմարակեցությանը։ Ուստի Աստված ուղարկեց Անգե և Զաքարիա մարգարեներին՝ բորբոքելու իր ժողովրդի՝ ճշմարիտ երկրպագության համար ունեցած եռանդը։ Անգեի միջոցով Եհովան ասաց. «Ձեզ համար ժամանա՞կ է արդեօք, որ ձեր ձեղունազարդ տներումը բնակուէք, իսկ այս [երկրպագության] տունը աւերակ մնայ.... Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին։ Սերմել էք շատ, բայց բերել էք քիչ, կերել էք, բայց չէք կշտացել.... Եւ վարձկանը վարձի համար գործում է ծակուած քսակով» (Անգէ 1։4–6)։ Հոգևոր շահերը հանուն նյութական բարեկեցության զոհելով՝ չենք կարող ստանալ Եհովայի օրհնությունը (Ղուկաս 12։15–21)։
7. Ինչո՞ւ էր Եհովան հրեաներին ասել. «Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին»։
7 Ամբողջությամբ տարված լինելով օրվա հոգսերով՝ հրեաները մոռացել էին, որ Աստծո օրհնությունները՝ անձրևներն ու պտղաբեր եղանակները, կլինեին միայն այն դեպքում, եթե հնազանդություն ցուցաբերեին նրա հանդեպ ոչ միայն հանդարտ պայմաններում, այլև հակառակության ժամանակ (Անգէ 1։9–11)։ Որքա՜ն ժամանակահարմար էր հետևյալ կոչը. «Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին» (Անգէ 1։7)։ Այլ խոսքով՝ Եհովան կարծես թե ասում էր նրանց. «Խորհեցե՛ք։ Տեսե՛ք, թե ինչ կապ գոյություն ունի ձեր՝ դաշտերում ապարդյուն աշխատելու և իմ երկրպագության տան անմխիթար վիճակի միջև»։ Եհովայի մարգարեների ներշնչված խոսքերը հասան մարդկանց սրտերին, որովհետև ժողովուրդը կրկին սկսեց տաճարի շինարարությունը, որն ավարտվեց մ.թ.ա. 515–ին։
8. Մաղաքիայի օրերում ի՞նչ կոչ արեց Եհովան հրեաներին և ինչո՞ւ։
8 Ավելի ուշ՝ Մաղաքիա մարգարեի օրերում, հրեաները կրկին սկսեցին հոգևոր առումով տարուբերվել մինչև այն աստիճան, որ նույնիսկ անընդունելի զոհաբերություններ էին անում Աստծուն (Մաղաքիա 1։6–8)։ Եհովան նրանց կոչ արեց իրենց բերքի տասներորդ մասը բերել իր գանձատունը և փորձել իրեն՝ տեսնելու, թե արդյոք ինքը չի բացի երկնքի պատուհանները և չի թափի օրհնություններ, մինչև որ էլ տեղ չլինի (Մաղաքիա 3։10)։ Որքա՜ն անմիտ էին հրեաները, որ ծանր աշխատում էին հենց այն բաների համար, ինչն Աստված ինքը առատորեն կտար, եթե միայն ամեն ժամանակ լսեին իր ձայնին (Բ Մնացորդաց 31։10)։
9. Ո՞ր երեք անհատների օրինակներն ենք քննարկելու, որոնց մասին գրված է Աստվածաշնչում։
9 Բացի իսրայել ազգի պատմությունից, Աստվածաշնչում խոսվում է նաև շատ անհատների մասին, որոնք ստացել են օրհնություններ կամ անեծքներ՝ կախված այն բանից՝ շարունակ լսել են Եհովային, թե՝ ոչ։ Եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել երեք անձնավորություններից՝ Բոոսից, Նաբաղից և Աննայից։ Այդ կապակցությամբ գուցե ցանկանաք կարդալ «Հռութ» գիրքը, ինչպես նաև Ա Թագաւորաց 1։1–2։21; 25։2–42-ը։
Բոոսը լսեց Աստծուն
10. Ի՞նչ ընդհանրություններ ունեին Բոոսն ու Նաբաղը։
10 Թեև Բոոսն ու Նաբաղը ժամանակակիցներ չէին, նրանք որոշ ընդհանուր բաներ ունեին։ Օրինակ՝ երկուսն էլ ապրում էին Հուդայում։ Նրանք հարուստ հողատերեր էին, և երկուսն էլ հնարավորություն ունեին ողորմածություն հանդես բերել կարիքավոր մարդու հանդեպ։ Բայց այսքանով նրանց ընդհանրությունները վերջանում են։
11. Ինչպե՞ս Բոոսը ցույց տվեց, որ ամեն ժամանակ լսում է Եհովային։
11 Բոոսն ապրում էր Իսրայելի դատավորների ժամանակներում։ Նա հարգանքով էր մարդկանց հետ վարվում և իր հնձվորների հարգանքն էր վայելում (Հռութ 2։4)։ Հնազանդվելով Օրենքին՝ Բոոսը հետևում էր, որ իր դաշտում ընկած հասկերը թողնվեին խեղճերի և աղքատների համար (Ղեւտացոց 19։9, 10)։ Ինչպե՞ս վարվեց Բոոսը, երբ իմացավ Հռութի և Նոեմիի մասին ու տեսավ, թե ինչ ժրաջանությամբ է Հռութը հոգ տանում իր տարեց սկեսրոջ մասին։ Նա Հռութին առանձնահատուկ ուշադրության արժանացրեց և իր մարդկանց պատվիրեց, որ չարգելեն նրան՝ դաշտում հասկ հավաքելու։ Իր խոսքերով և սիրով լի գործերով Բոոսը ցույց տվեց, որ ինքը հոգևոր անձնավորություն է և լսում է Եհովային։ Հետևաբար նա Աստծո բարեհաճությանն արժանացավ (Ղեւտացոց 19։18; Հռութ 2։5–16)։
12, 13. ա) Ինչպե՞ս Բոոսը խոր հարգանք դրսևորեց Եհովայի՝ ազգականության պարտավորության մասին օրենքի առնչությամբ։ բ) Ինչպե՞ս Աստված օրհնեց Բոոսին։
12 Ամենավառ ապացույցը, որ Բոոսը ամեն ժամանակ լսում էր Աստծուն այն էր, թե ինչպիսի անշահախնդրությամբ նա կատարեց Աստծո՝ ազգականության պարտավորության մասին օրենքը։ Բոոսն ամեն ինչ արեց, որպեսզի իր բարեկամի՝ Նոեմիի հանգուցյալ ամուսնու՝ Ելիմելեքի ժառանգությունը մնար վերջինիս ընտանիքին։ Ըստ ‘տագրության պարտավորության’՝ այրին պետք է ամուսնանար իր հանգուցյալ ամուսնու առավել մոտիկ հարազատի հետ, որպեսզի այդ ամուսնությունից ծնված որդին շարունակեր մահացած ամուսնու ժառանգական գիծը (Բ Օրինաց 25։5–10; Ղեւտացոց 25։47–49)։ Հռութը պատրաստ էր ամուսնանալ Նոեմիի փոխարեն, որն անցել էր արդեն որդեծնության տարիքը։ Երբ Ելիմելեքի ամենամոտ արյունակից բարեկամը մերժեց օգնել Նոեմիին, Բոոսը Հռութին կնության առավ։ Նրանց որդի Ովբեդը համարվեց Նոեմիի սերունդ և Ելիմելեքի օրինական ժառանգորդ (Հռութ 2։19, 20; 4։1, 6, 9, 13–16)։
13 Բոոսը մեծ օրհնությունների արժանացավ Աստծո օրենքին անշահախնդրորեն հնազանդվելու համար։ Իրենց որդու միջոցով նրանք պատիվ ունեցան դառնալու Հիսուս Քրիստոսի նախածնողները (Հռութ 2։12; 4։13, 21; Մատթէոս 1։1, 5, 6)։ Բոոսի անեսասեր վարվելակերպից սովորում ենք, որ օրհնությունները ‘հասնում’ են նրանց, ովքեր սեր են ցուցաբերում ուրիշների հանդեպ և գործում են Աստծո պահանջներին համապատասխան։
Նաբաղը չլսեց
14. Ինչպիսի՞ մարդ էր Նաբաղը։
14 Ի տարբերություն Բոոսի՝ Նաբաղը չլսեց Եհովային։ Նա ոտնահարեց Աստծո հետևյալ օրենքը. «Քո ընկերին սիրես քո անձի պէս» (Ղեւտացոց 19։18)։ Նաբաղը հոգևորապես չէր մտածում. նա «խստաբարոյ եւ չարագործ էր»։ Նույնիսկ նրա ծառաներն էին նրան համարում «չար մարդ»։ Նրա Նաբաղ անվան իմաստն իսկ համապատասխանում էր նրա ինչպիսի մարդ լինելուն, այն է՝ «անզգամ» կամ «հիմար» (Ա Թագաւորաց 25։3, 17, 25)։ Եվ այսպես՝ ինչպե՞ս վարվեց Նաբաղը, երբ հնարավորություն ունեցավ բարություն ցուցաբերելու օգնության կարիք ունեցող Դավիթի՝ Աստծո օծյալի հանդեպ (Ա Թագաւորաց 16։13)։
15. Ինչպե՞ս Նաբաղը վարվեց Դավիթի հետ, և այս առումով ինչպե՞ս էր Աբիգեան տարբերվում իր ամուսնուց։
15 Գտնվելով Նաբաղի հոտերի հարևանությամբ՝ Դավիթն իր մարդկանց հետ, առանց որևէ վճարի, այդ հոտերը պաշտպանում էր ասպատակիչներից։ «Նորանք մեզ համար պարիսպ էին գիշերն էլ ցերեկն էլ»,— ասաց Նաբաղի հովիվներից մեկը։ Այդուհանդերձ երբ Դավիթի մարդիկ Նաբաղից սննդամթերք խնդրեցին, վերջինս «նորանց դուրս արաւ» և դատարկաձեռն ետ ուղարկեց (Ա Թագաւորաց 25։2–16)։ Սակայն Նաբաղի կինը՝ Աբիգեան, անհապաղ գործի անցավ՝ սննդամթերք հասցնելու Դավիթին։ Զայրացած Դավիթը ուր որ է ոչնչացնելու էր Նաբաղին իր մարդկանց հետ միասին։ Աբիգեայի արարքը, այսպիսով, շատերի կյանքը փրկեց, իսկ Դավիթին արգելեց արյունապարտ դառնալու։ Բայց Նաբաղի ագահությունն ու կոպտությունը անցել էին ամեն չափ ու սահման։ Մոտ տասը օր անց «Տէրը զարկեց Նաբաղին որ մեռաւ» (Ա Թագաւորաց 25։18–38)։
16. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Բոոսին և խուսափել Նաբաղի ճանապարհներից։
16 Ինչպիսի՜ հակադրություն կար Բոոսի և Նաբաղի միջև։ Մերժելով Նաբաղի պես կոպիտ և եսասիրաբար վարվելը՝ եկեք ընդօրինակենք Բոոսի բարությունն ու անշահախնդրությունը (Եբրայեցիս 13։16)։ Դա կարող ենք անել՝ հետևելով Պողոս առաքյալի խորհրդին. «Քանի դեռ ժամանակ կայ, բարին գործենք բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ» (Գաղատացիս 6։10)։ Այսօր Հիսուսի «այլ ոչխարները»՝ երկրային հույս ունեցող քրիստոնյաները, պատիվ ունեն բարին անելու Եհովայի օծյալներին՝ 144 000–ի մնացորդին, որի անդամներին երկնային անմահ կյանք կշնորհվի (Յովհաննէս 10։16; Ա Կորնթացիս 15։50–53; Յայտնութիւն 14։1, 4)։ Այդ սիրով լի գործերը Հիսուսն ընդունում է որպես անձամբ իր համար կատարված, և, այդպիսի բարի գործեր անելով, կարժանանանք Եհովայի առատ օրհնություններին (Մատթէոս 25։34–40; Ա Յովհաննէս 3։18)։
Աննայի փորձություններն ու օրհնությունները
17. Ի՞նչ փորձություններ էր դիմագրավում Աննան, և ինչպիսի՞ տրամադրվածություն ուներ նա։
17 Եհովայի օրհնությունները ‘հասան’ նաև աստվածապաշտ Աննային։ Նա իր ղևտացի ամուսնու՝ Եղկանայի հետ ապրում էր լեռնային շրջանում՝ Եփրեմում։ Եղկանան մեկ ուրիշ կին էլ ուներ՝ Փենանան։ Օրենքով թույլատրված և կարգավորված էր նման իրավունքը։ Աննան ամուլ էր, ինչը նախատինք էր համարվում իսրայելուհու համար, իսկ Փենանան մի քանի երեխա ուներ։ (Ա Թագաւորաց 1։1–3; Ա Մնացորդաց 6։16, 33, 34)։ Փոխանակ Աննային մխիթարելու՝ Փենանան ոչ սիրալիր կերպով էր վարվում նրա հանդեպ, ինչն այնպես էր վշտացնում Աննային, որ լաց էր լինում և հաց չէր ուտում։ Նման վերաբերմունքը շարունակվում էր «տարուց տարի»՝ ամեն անգամ, երբ ընտանիքով գնում էին Սելով, որտեղ Եհովայի տունն էր գտնվում (Ա Թագաւորաց 1։4–8)։ Որքա՜ն անսիրտ էր Փենանան, և ինչպիսի՜ փորձություն էր դա Աննայի համար։ Բայց Աննան երբեք չէր մեղադրում Եհովային և չէր մնում տանը, երբ իր ամուսինը գնում էր Սելով։ Այդ պատճառով էլ մեծ օրհնություն էր սպասում նրան։
18. Ի՞նչ օրինակ է թողել Աննան։
18 Աննան հրաշալի օրինակ է թողել Եհովայի ներկայիս ծառաների համար, հատկապես նրանց, ում վիրավորել են ուրիշների կծու դիտողությունները։ Նման պարագաներում մեկուսանալը խնդրի լուծում չէ (Առակաց 18։1, Արևմտ. Աստ., տող. ծան.)։ Աննան թույլ չտվեց, որ փորձությունները թուլացնեին իր ցանկությունը՝ լինելու այնտեղ, որտեղ Աստծո Խոսքն էր ուսուցանվում, և նրա ժողովուրդն էր հավաքվում երկրպագության։ Դա նպաստեց նրա հոգևորապես ամուր մնալուն։ Նա հոգևո՛ր անձնավորություն էր, և այդ հատկությունը բացահայտվում է իր այն գեղեցիկ աղոթքում, որը գրված է Ա Թագաւորաց 2։1–10-ում։a
19. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր գնահատանքը հոգևորի հանդեպ։
19 Մենք՝ Եհովայի ներկայիս ծառաներս, չենք երկրպագում նրան խորանում։ Այդուհանդերձ կարող ենք, ինչպես Աննան, մեր գնահատանքը ցուցաբերել հոգևորի հանդեպ։ Օրինակ՝ հոգևոր արժեքների հանդեպ կարող ենք մեր երախտագիտությունը ցույց տալ՝ միշտ ներկա լինելով քրիստոնեական հանդիպումներին և համաժողովներին։ Եկեք այս հնարավորություններն օգտագործենք՝ քաջալերելու մեկմեկու Եհովային տրվող մեր երկրպագության մեջ։ Նա մեզ առանձնաշնորհել է «առանց երկիւղի ծառայել [իր] առաջ, սրբութեամբ եւ արդարութեամբ» (Ղուկաս 1։74, 75; Եբրայեցիս 10։24, 25)։
20, 21. Ինչպե՞ս Աննան վարձատրվեց Աստծուն նվիրված լինելու համար։
20 Եհովան տեսավ, թե Աննան որքան նվիրված է իրեն, և առատորեն վարձատրեց նրան։ Երբ հերթական անգամ ընտանիքով Սելով էին գնացել, Աննան արտասվելով ջերմեռանդորեն աղոթեց Աստծուն և խոստացավ. «Ով Զօրաց Տէր, եթէ քո աղախինի նեղութեանը նայես եւ ինձ յիշես, եւ քո աղախինին չ’մոռանալով՝ քո աղախինին արու զաւակ տաս, ես նորան Տիրոջը կ’նուիրեմ իր կեանքի բոլոր օրերումը» (Ա Թագաւորաց 1։9–11)։ Աստված լսեց Աննայի աղերսանքը և նրան օրհնեց՝ մի որդի տվեց, որի անունը Սամուել դրեցին։ Երբ նա կաթից կտրվեց, Աննան նրան տարավ Սելով՝ խորանում ծառայելու (Ա Թագաւորաց 1։20, 24–28)։
21 Աննան ապացուցեց իր սերը Աստծո հանդեպ և կատարեց Սամուելի հետ կապված իր խոստումը։ Պատկերացրե՜ք նրա և Եղկանայի ուրախությունը, որ իրենց թանկագին որդին ծառայում է Եհովայի խորանում։ Բազմաթիվ քրիստոնյա ծնողներ նման ուրախություն են ապրում և օրհնություններ ունենում, քանի որ իրենց որդիները կամ դստրերը ծառայում են որպես լիաժամ ռահվիրաներ, Բեթելի ընտանիքի անդամներ կամ էլ պատվում են Եհովային ծառայության այլ ձևով։
Ամեն ժամանակ լսե՛ք Եհովային
22, 23. ա) Ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ, եթե ամեն ժամանակ ‘լսում ենք Եհովայի ձայնին’։ բ) Ինչի՞ մասին է քննարկվելու հաջորդ հոդվածում։
22 Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել, եթե ամեն ժամանակ լսենք Եհովային։ Մենք կարող ենք վստահ լինել, որ հոգևորապես կհարստանանք, սակայն պետք է սրտանց սիրենք Աստծուն և գործով ցույց տանք, որ նրա նվիրված ծառաներն ենք։ Նույնիսկ եթե նման ընթացք բռնելը նշանակում է, որ խիստ հալածանքներ պիտի կրենք, Եհովայի օրհնություններն, անշուշտ, ‘կհասնեն’ մեզ և հաճախ մեր պատկերացրածից շատ ավելին կլինեն (Սաղմոս 37։4; Եբրայեցիս 6։10)։
23 Շատ օրհնություններ են սպասում Աստծո ժողովրդին ապագայում։ «Մեծ բազմութիւնը» վերապրելու է ‘մեծ նեղությունը’ և վայելելու է Աստծո նոր աշխարհում կյանքի ուրախությունները, քանի որ հնազանդորեն լսում է Եհովային (Յայտնութիւն 7։9–14; Բ Պետրոս 3։13)։ Այնտեղ Եհովան լիովին բավարարելու է իր ժողովրդի բարի ցանկությունները (Սաղմոս 145։16)։ Սակայն, ինչպես հաջորդ հոդվածում կտեսնենք, նույնիսկ այսօր նրանք, ովքեր ամեն ժամանակ ‘լսում են Եհովայի ձայնին’, օրհնվում են ‘վերևից իջած ամեն բարի շնորհով և ամեն կատարյալ պարգևով’ (Յակոբոս 1։17)։
[ծանոթագրություն]
a Աննայի խոսքերը որոշակիորեն նման են կույս Մարիամի խոսքերին, որոնք նա ասաց այն բանից հետո, երբ իմացավ, որ դառնալու է Մեսիայի մայրը (Ղուկաս 1։46–55)։
Հիշո՞ւմ եք
• Աստծո օրհնությունների վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել Իսրայելի պատմությունից։
• Ինչո՞վ էին իրարից տարբերվում Բոոսն ու Նաբաղը։
• Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աննային։
• Ինչո՞ւ պիտի ամեն ժամանակ ‘լսենք Եհովայի ձայնին’։
[նկար 10–րդ էջի վրա]
Սողոմոն թագավորը աղոթեց հնազանդ սիրտ ունենալու համար, և Եհովան նրան իմաստություն տվեց
[նկար 12–րդ էջի վրա]
Բոոսը հարգանքով և բարությամբ էր վերաբերվում մարդկանց
[նկար 15–րդ էջի վրա]
Աննան մեծապես օրհնվեց Եհովային ապավինելու համար