Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Աբդիա», «Յովնան» և «Միքիա» գրքերից
«ԱԲԴԻԱՅԻ տեսիլքը» (Աբդիա 1)։ Այս խոսքերով է սկսվում Աստվածաշնչի «Աբդիա» գիրքը։ Մարգարեն իր անունը կրող գիրքը գրել է մ.թ.ա. 607–ին, և իր մասին, բացի անունից, ուրիշ ոչինչ չի հայտնում։ Իսկ սրանից ավելի քան երկու դար առաջ Հովնան մարգարեն գրեց մի գիրք, որտեղ անկեղծորեն պատմում է այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել իր հետ՝ Աստծուց ստացած հանձնարարությունը կատարելու հետ կապված։ Միքիան մարգարեացել է 60 տարի մ.թ.ա. 777–ից մինչև մ.թ.ա. 717 թվականը (Աբդիայից առաջ, բայց Հովնանից հետո)։ Մարգարեն իր մասին ընդամենն ասում է, որ «մօրստացի [Մորաստ գյուղից]» է, և որ Եհովայի խոսքը «եղաւ» իրեն «Յուդայի Յովաթամ, Աքազ եւ Եզեկիա թագաւորների օրերին» (Միքիա 1։1)։ Միքիան իր խոսքն ընդգծելու նպատակով օգտագործում է գյուղական կյանքից վերցված օրինակներ, ինչը վկայում է, որ նա այդ կյանքին քաջածանոթ է եղել։
ԵԴՈՎՄԸ «ԲՆԱՋԻՆՋ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՀԱՎԻՏՅԱՆ»
Եդովմի մասին Աբդիան ասում է. «Եղբօրդ Յակոբի անիրաւութեան համար քեզ ամօթը պիտի ծածկէ, եւ դու բնաջինջ պիտի լինես յաւիտեան»։ Մարգարեի մտքում դեռևս թարմ են եդովմացիների բռնությունները Հակոբի որդիների՝ իսրայելացիների նկատմամբ։ Մ.թ.ա. 607–ին, երբ բաբելոնացիները ավերեցին Երուսաղեմը, եդովմացիները «հանդեպ էին կանգնել», այսինքն՝ մի կողմ էին քաշվել և միացել երկիր ներխուժած «օտարներին» (Աբդիա 10, 11)։
Սակայն Հակոբի տունը վերականգնվելու է։ Աբդիայի մարգարեության մեջ նշվում է. «Սիօն սարի վերայ փրկուածներ կ’լինեն, եւ նա սրբութիւն է լինելու» (Աբդիա 17)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
5–8 — Ինչո՞ւ է Եդովմի կործանումը համեմատվում գիշերային ավազակների և «կթողների»՝ խաղող հավաքողների գալստյան հետ։ Եթե գողեր գային Եդովմ, նրանք կվերցնեին միայն իրենց ուզածը։ Իսկ եթե բերքը հավաքողներ գային, ապա նրանք իրենցից հետո մնացորդներ կթողնեին։ Երբ Եդովմը կործանվի, թշնամիները ամենուրեք կորոնեն նրա գանձերը, և նա ամբողջովին կթալանվի «[իր] դաշնակիցների»՝ բաբելոնացիների կողմից (Երեմիա 49։9, 10)։
10 — Ինչպե՞ս Եդովմը «բնաջինջ եղավ հավիտյան»։ Մարգարեության համաձայն՝ Եդովմը՝ որպես ազգ, իր կառավարությամբ, ժողովրդով և տարածքով հանդերձ դադարեց գոյություն ունենալուց։ Մ.թ.ա. վեցերորդ դարի կեսերին Բաբելոնի Նաբոնիդ թագավորը նվաճեց Եդովմը։ Մ.թ.ա. չորրորդ դարում Եդովմի տարածքում ապրում էին նաբաթեացիները։ Եդովմացիները ստիպված էին բնակություն հաստատել Հուդայի հարավում՝ Նեգևում, որը հետագայում ստացավ Իդումեա անունը։ Այն բանից հետո, երբ հռոմեացիներն ավերեցին Երուսաղեմը (70 թ.), եդովմացիներն անհետացան պատմության թատերաբեմից։
Դասեր մեզ համար
3, 4. Եդովմացիները ապրում էին մի տարածքում, որտեղ բարձր լեռներ և խոր կիրճեր շատ կային, ինչը ռազմավարական առումով անչափ բարենպաստ էր նրանց համար։ Ուստի նրանք գուցե մեծամտաբար կարծում էին, թե իրենք ապահովված են վտանգներից։ Սակայն Եհովայի դատաստանից հնարավոր չէ խուսափել։
8, 9, 15. Երբ «Տիրոջ [Եհովայի] օրը» գա, մարդկային իմաստությունը և զորությունը չեն կարող պաշտպանություն լինել (Երեմիա 49։7, 22)։
12–14. Եդովմացիներին պատահածը լավ դաս է նրանց համար, ովքեր ուրախանում են Աստծու ծառաների դժվարություններով։ Եհովան մատների արանքով չի նայում իր ժողովրդի հանդեպ նման վերաբերմունքին։
17–20. Հակոբի որդիների հետ կապված վերականգնման մասին այս մարգարեությունը սկսեց կատարվել, երբ մնացորդը մ.թ.ա. 537–ին Բաբելոնից վերադարձավ Երուսաղեմ։ Եհովայի խոսքը միշտ կատարվում է։ Մենք կարող ենք լիովին վստահել նրա խոստումներին։
«ՆԻՆՈՒԷՆ ՊԻՏԻ ԿՈՐԾԱՆՈՒԻ»
Փոխանակ ենթարկվելու Աստծու պատվերին՝ «գնալ Նինվե մեծ քաղաքը և քարոզել նրա դեմ»՝ Հովնանը փախչում է հակառակ ուղղությամբ։ «Մի մեծ քամի հանելով ծովի վրա» և օգտագործելով «մի մեծ ձուկ»՝ Եհովան երկրորդ անգամ է Հովնանին ուղարկում Ասորեստանի մայրաքաղաք (Յովնան 1։2, 4, 17; 3։1, 2)։
Մարգարեն մտնում է Նինվե և սկսում քարոզել. «Դեռ քառասուն օր կայ, եւ Նինուէն պիտի կործանուի» (Յովնան 3։4)։ Քարոզչության արդյունքը անսպասելի է լինում Հովնանի համար, և նա «զայրանում» է։ Եհովան «մի դդմենու» միջոցով Հովնանին ողորմածություն է սովորեցնում (Յովնան 4։1, 6)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
3։3 — Իսկապե՞ս Նինվե քաղաքի շրջագիծը «երեք օրվա ճանապարհի» չափ էր։ Այո։ Հին ժամանակներում Նինվեն, հավանաբար, ընդգրկում էր այլ բնակավայրեր՝ սկսած հյուսիսում գտնվող Քորսաբադից մինչև հարավ՝ Նիմրուդ։ Ուստի Նինվե քաղաքի շրջագիծը (բոլոր բնակավայրերը ներառյալ) կազմում է 100 կիլոմետր։
3։4 — Արդյո՞ք Հովնանը պետք է Ասորեստանի լեզուն սովորեր, որպեսզի կարողանար քարոզել նինվեցիներին։ Հնարավոր է՝ Հովնանն արդեն գիտեր այդ լեզուն, կամ էլ Աստված նրան օժտեց այդ լեզվով խոսելու ունակությամբ։ Մի հավանականություն էլ այն է, որ նա իր կարճ պատգամը հաղորդել է եբրայերենով, իսկ ինչ–որ մեկը թարգմանել է։ Այս դեպքում նրա խոսքերը թերևս շատ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրած կլինեին։
Դասեր մեզ համար
1։1–3. Եթե անհատը գիտակցաբար այլ գործեր է պլանավորում, որպեսզի խուսափի Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին լիովին մասնակցելուց, ապա դա վկայում է նրա սխալ շարժառիթների մասին։ Նա, ով այդպես է վարվում, այսպես ասած, փախչում է Աստծու կողմից տրված հանձնարարությունից։
1։1, 2; 3։10. Եհովայի ողորմությունը չի դրսևորվում միայն մեկ ազգի, ռասայի կամ մարդկանց որոշակի խմբի հանդեպ։ «Բարի է Տէրը ամենի համար. եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է» (Սաղմոս 145։9)։
1։17; 2։10. Այն, որ Հովնանը երեք օր և երեք գիշեր գտնվում էր մի մեծ ձկան մեջ, մարգարեաբար մատնացույց է անում Հիսուսի մահն ու հարությունը (Մատթեոս 12։39, 40; 16։21)։
1։17; 2։10; 4։6. Եհովան փրկեց Հովնանին փոթորկոտ ծովում խեղդվելուց։ Նա նաև «հրամայեց մի դդմենու», և «նա վեր ելաւ Յովնանի վերայ որ շուք անէ նորա գլխին վերայ, որ նորան ազատէ իր տառապանքիցը»։ Եհովայի ներկայիս երկրպագուները կարող են վստահ լինել, որ իրենց Աստվածը իր ողորմությամբ, այսինքն՝ սիրառատ բարությամբ կպահպանի ու կազատի իրենց (Սաղմոս 13։5; 40։11)։
2։1, 2, 9, 10. Եհովան լսում է իր ծառաների աղոթքները և ուշադրություն է դարձնում նրանց աղերսանքներին (Սաղմոս 120։1; 130։1, 2)։
3։8, 10. Ճշմարիտ Աստվածը «զղջաց», այսինքն՝ փոխեց իր միտքը և «չ’արաւ» այն չարիքը, որ ասել էր։ Ինչո՞ւ։ Որովհետև նինվեցիները «ետ դառան իրանց չար ճանապարհիցը»։ Նմանապես այսօր Աստված կարող է իր դատաստանը ետ պահել, եթե մեղավորը անկեղծորեն զղջում է։
4։1–4. Ոչ մի մարդ չի կարող ստիպել Աստծուն, որ նա սահման դնի իր ողորմության վրա։ Մենք պետք է զգույշ լինենք, որ չքննադատենք Եհովայի ողորմած ուղիները։
4։11. Եհովան ինչպես որ վարվեց 120 000 նինվեցիների հետ, այնպես էլ այսօր համբերում է, որ Թագավորության բարի լուրը քարոզվի ամբողջ աշխարհում, քանի որ նա խղճում է նրանց, ովքեր «չեն հասկանում իրանց աջ ու ձախ ձեռքը»։ Չպե՞տք է արդյոք խղճանք մեր տարածքում ապրող մարդկանց և եռանդորեն մասնակցենք Թագավորության քարոզչության ու աշակերտներ պատրաստելու գործին (2 Պետրոս 3։9)։
«ԼԱՅՆԱՑՐՈՒ ԿՆՏՈՒԹԻՒՆԴ»
Միքիան մերկացնում է Իսրայելի և Հուդայի մեղքերը, մարգարեանում է նրանց մայրաքաղաքների կործանման մասին և խոստանում է վերականգնում։ Սամարիան դառնալու է «դաշտի քարակույտ»։ Կռապաշտության պատճառով Իսրայելն ու Հուդան արժանի են «կնտության»՝ ճաղատ լինելու, այսինքն՝ խայտառակվելու։ Նրանց կնտությունը լայնանալու է «արծիւի [կնտության] պէս», որովհետև նրանք գերության են տարվելու. այստեղ «արծիվ» ասելով նկատի է առնվում թերևս գիշակեր թռչնի մի տեսակ, որն իր գլխին ընդամենը մի քանի աղվամազ ունի։ Եհովան խոստանում է. «Անպատճառ պիտի ժողովեմ ձեզ ամենիդ, ով Յակոբ» (Միքիա 1։6, 16; 2։12)։ Կաշառակեր առաջնորդների և մեղավոր մարգարեների պատճառով Երուսաղեմը նույնպես «ավերակների դեզեր կդառնա»։ Բայցևայնպես, Եհովան «ժողովուելու» է իր ժողովրդին։ «Բեթլեհեմ Եփրաթայից» դուրս է գալու նա, ով «իշխան պիտի լինի Իսրայելում» (Միքիա 3։12; 4։12; 5։2)։
Մի՞թե Եհովան անարդար է վարվում Իսրայելի հանդեպ։ Մի՞թե նրա պահանջները չափազանց ծանր են։ Ո՛չ։ Եհովան իր երկրպագուներից ընդամենը ուզում է, որ նրանք իրավունք՝ արդարություն անեն, սիրեն բարությունը և համեստորեն քայլեն իրենց Աստծու հետ (Միքիա 6։8, ՆԱ)։ Այնինչ Միքիայի ժամանակակիցներն այնքան են այլասերվել, որ «նորանց լաւագոյնը փուշի նման է, ուղիղը փշեղեն ցանգից վատ» է. նրանք ցավ ու վնաս են պատճառում յուրաքանչյուր մարդու, ով անցնում է իրենց մոտով։ Սակայն մարգարեն հարցնում է. «Ո՞վ է, Աստվա՛ծ, քեզ նման»։ Եհովան կրկին ողորմություն ցույց կտա իր ժողովրդի հանդեպ և «նրանց բոլոր մեղքերը կգցի ծովի խորքերը» (Միքիա 7։4, 18, 19)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
2։12 — Ե՞րբ կատարվեց «Իսրայելի մնացորդին հավաքելու» մասին մարգարեությունը։ Առաջին կատարումը եղավ մ.թ.ա. 537–ին, երբ հրեա մնացորդը բաբելոնյան գերությունից վերադարձավ հայրենիք։ Մեր ժամանակներում մարգարեությունը կատարվում է «Աստծու Իսրայելի» վրա (Գաղատացիներ 6։16)։ 1919–ից սկսած՝ օծյալ քրիստոնյաները հավաքվել են «ինչպէս մի հօտ իր փարախի մէջ»։ Նրանց է միացել «ուրիշ ոչխարների» «մեծ բազմությունը», հատկապես 1935–ից հետո։ Օծյալների ձայնը ավելի բարձր է դարձել այդ «բազմութեան» շնորհիվ (Հայտնություն 7։9; Հովհաննես 10։16)։ Նրանք միասին եռանդորեն առաջ են տանում ճշմարիտ երկրպագությունը։
4։1–4 — «Վերջին օրերում» ինչպե՞ս է Եհովան «շատ ժողովուրդների մեջ դատաստան անում և զորավոր ազգերին հանդիմանում»։ «Շատ ժողովուրդներ» և «զորավոր ազգեր» արտահայտությունները չեն վերաբերում ազգերին կամ քաղաքական կառույցներին։ Դրանք վերաբերում են այն անհատներին, ովքեր դուրս են եկել բոլոր ազգերից և դարձել են Եհովայի երկրպագուներ։ Եհովան նրանց նկատմամբ դատաստան է անում և նրանց հանդիմանում է հոգևորապես։
Դասեր մեզ համար
1։6, 9; 3։12; 5։2. Սամարիան ավերվեց ասորեստանցիների կողմից. դա տեղի ունեցավ Միքիայի օրերում՝ մ.թ.ա. 740–ին (Դ Թագաւորաց 17։5, 6)։ Եզեկիայի օրոք ասորեստանցիները հասան մինչև Երուսաղեմ (Դ Թագաւորաց 18։13)։ Մ.թ.ա. 607–ին բաբելոնացիները քաղաքը կրակի մատնեցին (Բ Մնացորդաց 36։19)։ Մեսիան ծնվեց «Բեթլեհեմ Եփրաթայում», ինչով և կատարվեց մարգարեությունը (Մատթեոս 2։3–6)։ Եհովայի մարգարեական խոսքը միշտ կատարվում է։
2։1, 2. Որքա՜ն վտանգավոր կլինի մեզ համար ասել, թե ծառայում ենք Աստծուն, երբ իրականում նախևառաջ ձգտում ենք հարստության և ոչ թե փնտրում ենք «թագավորությունը և նրա արդարությունը» (Մատթեոս 6։33; 1 Տիմոթեոս 6։9, 10)։
3։1–3, 5. Եհովան ակնկալում է, որ իր ժողովրդի մեջ պատասխանատու դիրք ունեցողները արդարությամբ գործեն։
3։4. Եթե ուզում ենք, որ Եհովան պատասխանի մեր աղոթքներին, ուրեմն չպետք է շարունակաբար մեղք գործենք կամ ապրենք երկակի կյանքով։
3։8. Բարի լուրը քարոզելու հանձնարարությունը, որի մեջ մտնում են նաև դատաստանական պատգամներ հաղորդելը, կարող ենք կատարել միայն Եհովայի սուրբ ոգու զորությամբ։
5։5. Մեսիայի մասին մարգարեությունը վստահեցնում է մեզ, որ երբ թշնամիները հարձակվեն Աստծու ժողովրդի վրա, «եօթը [այս թիվը խորհրդանշում է լրիվություն] հովիւ եւ ութ իշխան մարդ», այսինքն՝ մեծ թվով ընդունակ և շնորհալի մարդիկ կստանձնեն Եհովայի ժողովրդի առաջնորդությունը։
5։7, 8. Այսօր շատերի համար օծյալ քրիստոնյաները «Տիրոջ կողմից եկած ցօղին պէս» են, այսինքն՝ օրհնություն՝ Աստծու կողմից։ Դա այդպես է, քանի որ Աստված նրանց միջոցով հռչակում է Թագավորության մասին լուրը։ «Ուրիշ ոչխարները» ակտիվորեն օգնում են օծյալներին մարդկանց հոգևոր թարմություն բերելու գործում (Հովհաննես 10։16)։ Ինչպիսի՜ պատիվ է մասնակցել այդ գործին, որն իսկապես թարմացնում է մարդկանց։
6։3, 4. Մենք պետք է ընդօրինակենք Եհովա Աստծուն և լինենք բարի ու կարեկից նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր դժվարահաճ են ու վիճասեր, կամ ովքեր հոգևորապես թույլ են։
7։7. Իրերի այս ամբարիշտ համակարգում մենք զանազան խնդիրներ ենք ունենում, բայց չպիտի ընկճվենք։ Միքիայի պես՝ պետք է «սպասենք և հուսանք մեր Աստծուն»։
7։18, 19. Քանի որ Եհովան պատրաստ է ներելու մեր սխալները, մենք էլ պետք է պատրաստ լինենք ներելու մեր դեմ մեղանչողների սխալները։
Շարունակիր «գնալ Եհովայի անունով»
Նրանք, ովքեր պայքարում են Աստծու և նրա ժողովրդի դեմ, «բնաջինջ պիտի լինեն հավիտյան» (Աբդիա 10)։ Սակայն Եհովան մեզ վրա չի բարկանա, եթե լսենք նրա նախազգուշացումները ու «ետ դառնանք չար ճանապարհից» (Յովնան 3։10)։ «Վերջին օրերում» ճշմարիտ երկրպագությունը բարձր է կանգնած կեղծ կրոնից, իսկ հնազանդ մարդիկ «հոսելով նրա մոտ են գալիս» (Միքիա 4։1; 2 Տիմոթեոս 3։1)։ Թող որ վճռական լինենք «գնալու մեր Եհովա Աստծու անունով հավիտյանս հավիտենից» (Միքիա 4։5)։
Ի՜նչ արժեքավոր դասեր ենք քաղում Աստվածաշնչի «Աբդիա», «Յովնան» և «Միքիա» գրքերից։ Թեև դրանք գրվել են ավելի քան 2 500 տարի առաջ, նրանց հաղորդած լուրը «կենդանի է և զորեղ» նաև այսօր (Եբրայեցիներ 4։12)։
[նկար 13–րդ էջի վրա]
Աբդիան մարգարեացավ. «[Եդովմը] պիտի բնաջինջ լինի հավիտյան»
[նկար 15–րդ էջի վրա]
Միքիան սպասեց Եհովային։ Դու էլ կարող ես սպասել
[նկար 16–րդ էջի վրա]
Մենք պետք է թանկ գնահատենք քարոզչական գործին մասնակցելու առանձնաշնորհումը